Մամլո հաղորդագրություններ

Կարևոր է, որպեսզի ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ. վարչապետը՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին

08.04.2021

ևս 1 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Մենք գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ, և կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել իրար հետ: Արդեն համատեղ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ծրագրեր ենք իրականացրել, և շատ կարևոր է նաև այն որոշումը, որ մենք կայացրեցինք՝ կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիր իրականացնելու հետ:

Ըստ էության, երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այս ծրագիրը մինչև այժմ Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի, համեմատելի ծրագիր է, եթե ոչ մի փոքր էլ ավելի:

Նաև լավ առիթ է, որպեսզի Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով և տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել, և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ:

Նախագահ Արայիկ Հարությունյան – Շնորհակալություն պարոն վարչապետ: Մեծարգո վարչապետ, ուզում եմ ֆիքսել, կրկնել, հիշել, որ այո, մենք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ հետպատերազմյան ժամանակահատվածում, այս ծանր սոցիալական իրավիճակում, ամենօրյա ռեժիմով ենք աշխատել: Մեզ հաջողվել է ոչ միայն լուծել առաջին կարևոր սոցիալական ծրագրերը, այլ նաև հստակ մշակել մեր անելիքները՝ ուղղված ապագային:

Այդ առումով նշեմ, որ բավարարված եմ նրանով, ինչ մենք միասին քննարկել ենք, որն արդեն փաստաթղթավորվում և զուգահեռ կյանքի է կոչվում: Նաև ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական դաշտում, մանավանդ, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որտեղ մեր անելիքները պետք է լինեն ոչ միայն համաձայնեցված, այլ նույն ճանապարհով:

Այդ համատեքստում մենք էլ ենք կարևորում Ձեր այցելությունը Մոսկվա և այստեղ Ռուսաստանի Դաշնության դերը, մանավանդ Ռուսաստանի նախագահի դերը խաղաղություն կնքելու առումով և հետպատերազմյան ժամանակահատվածում Ղարաբաղի անդորրը պահպանելու առումով անգնահատելի է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարևոր է նաև արձանագրել, որ ռուսաստանյան խաղաղապահներն այսօր անվտանգության և կայունության ապահովման հիմնական գործող անձինք են: Այդ առումով, խաղաղապահների գործունեությունը, իհարկե, պետք է արձանագրել, որ շատ արդյունավետ է և պետք է հույս ունենալ, նաև համոզված եմ, որ նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի:

 

← Վերադառնալ