Մամլո հաղորդագրություններ

ՎԶԵԲ՝ 2020թ. ներդրումային պորտֆելը Հայաստանում եղել է ամենամեծը. Վարչապետը տեսազանգ է ունեցել ՎԶԵԲ նախագահի հետ

09.04.2021

ևս 1 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ:

Շնորհավորելով Օդիլ Ռենո-Բասոյին ՎԶԵԲ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ գործընկերությունը, որի արդյունավետության մասին են վկայում ֆինանսական շուկայի, ՓՄՁ, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում հաջող իրականացվող ծրագրերը: Ցանկանում եմ ընդգծել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև շարունակական երկխոսության կարևորությունը՝ մեր երկրում կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու, ներդրումային միջավայրը բարելավելու և մրցունակ դարձնելու համատեքստում»:

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ ներդրումային պորտֆելի ծավալը կազմել է 160 մլն եվրո, որը տարեկան ամենամեծ փաթեթն է գործընկերության ողջ ժամանակահատվածի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներկայացրել դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության գործողությունները: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը որևէ ջանք չի խնայում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Արցախում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց և պակաս կարևոր չէ միջազգային հանրության, ֆինանսական կառույցների արձագանքը հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ՎԶԵԲ նախագահի ուշադրությունը հրավիրել է ավելի ինտենսիվ համագործակցության վրա:

ՎԶԵԲ նախագահը նշել է, որ բանկը կարևորում է Հայաստանի հետ հուսալի գործընկերությունը և հետաքրքրված է ենթակառուցվածքների, էներգետիկայի, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների զարգացմանն ուղղված համագործակցության խորացմամբ, նոր ծրագրերի ֆինանսավորմամբ: Օդիլ Ռենո-Բասոն արդյունավետ է համարել ՀՀ ֆինանսների նախարարության հետ աշխատանքը, որն ամուր հիմք է երկրի հետ գործընկերության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունները հաջող կյանքի կոչելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հետագա ծրագրերի շուրջ: Երկուստեք կարևորվել է մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման ուղղությամբ համագործակցությունը: ՎԶԵԲ նախագահը կարևորել է կանանց տնտեսական ակտիվության խթանմանը միտված նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը տարբեր, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտում, ինչը աղքատության հաղթահարման և տնտեսական բարեկեցության կարևոր գործիքներից է:

Արծարծվել են նաև ենթակառուցվածքային ծրագրերին, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ նշելով, որ կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերաբացումը հեռանկարային կարող է լինել համատեղ ծրագրերի համար:

Վարչապետը վերահաստատել է ՀՀ աջակցությունը ՎԶԵԲ-ի 5-ամյա ռազմավարությանը, որի առաջնահերթությունները համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին, և հավելել, որ մեր երկիրն ուրախ կլինի հյուրընկալել ՎԶԵԲ 2024թ. տարեկան հավաքը, որի վերաբերյալ որոշումն արդեն կայացված է:


 

← Վերադառնալ