Մամլո հաղորդագրություններ
«Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է». Նիկոլ Փաշինյանի ելույթը Կազանում
ևս 11 լուսանկար
Շարունակվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, որտեղ ընթանում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները։ Ապրիլի 30-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նշենք, որ նեղ կազմով հանդիպումը կայացել էր ապրիլի 29-ին։
Ընդլայնված նիստի մասնակիցներն են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Մասնակցում են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլահ Արիպովը և Մոլդովայի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Աուրելի Չոկոն (առցանց ձևաչափով) և հրավիրյալ երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները՝ Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզադը և Թուրքմենստանի փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը, ներկայացվել է Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսի վիդեոուղերձը։
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,
Ցանկանում եմ, առաջին հերթին, անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի կազմակերպվածության բարձր մակարդակի և ավանդական հյուրընկալության համար:
Գնահատանքի խոսք եմ ցանկանում հղել նաև Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Նուրգալիևի Միննիխանովին՝ ջերմ ընդունելության համար։
Սրտանց ողջունում եմ Եվրասիական տնտեսական միության դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարներին՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովին և Մոլդովայի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Աուրելի Վալերիանի Չոկոյին, որը մասնակցում է մեր հանդիպմանը առցանց ռեժիմով։
Ուրախ եմ նաև ողջունել Տաջիկստանի կառավարության ղեկավար Կոխիր Ռասուլզոդային և Թուրքմենստանի փոխվարչապետ Սերդար Գուրբանգուլիի Բերդիմուհամեդովին:
Բարեկամներ,
Երեկ, նեղ կազմով, մենք արդեն մտքերի մանրակրկիտ փոխանակում ունեցանք այսօրվա օրակարգի առանցքային հարցերի շուրջ։ Կցանկանայի հակիրճ անդրադառնալ մեր տեսանկյունից, Միության համար ակտուալ որոշ հարցերի:
ԵԱՏՄ գործունեությունը, որը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ պետությունների տնտեսական համագործակցության՝ որակապես նոր հիմքով զարգացմանը, այսօր առաջ է ընթանում նոր գլոբալ մարտահրավերների ֆոնին, որոնք էապես չեզոքացնում են միջպետական ինտեգրման էֆեկտները։ Դա և՛ համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներն են, և՛ ողջ համաշխարհային տնտեսության՝ ժամանակային առումով համընկած կամ անմիջապես հաջորդած վերափոխումը, որտեղ բարձր տեխնոլոգիաները գնալով ավելի պահանջված են դառնում:
Միության՝ այս պայմաններին հարմարվելու տեսանկյունից առաջին պլան է մղվում այն ոլորտների համալիր ուսումնասիրության և բացահայտման անհրաժեշտությունը, որոնք գործնական համագործակցության ամենամեծ պաշարն ունեն: Մասնավորապես, նոր պայմանները բացահայտեցին առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում համագործակցության պահանջը:
Իհարկե, 2020 թվականը վերհանեց մի շարք նոր խնդիրներ, որոնց կարգավորմանն ուղղված լուծումները վերաբերում էին այնպիսի հարցերի, ինչպիսիք են ներքին շուկայի գործունեությունը, զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանման և ներմուծման կանոնակարգումը:
Հարկ է Միության ինտեգրացիոն ներուժի հետագա բացահայտման պրիզմայով դիտարկել նաև տիեզերքի գծով միջպետական ծրագիրը, որը մենք երեկ քննարկում էինք: Վստահ եմ, որ այս ուղղությամբ համակարգված աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա:
Նիստի հարգելի մասնակիցներ,
Ինտեգրման արդիական խնդիրների լուծման տեսանկյունից կցանկանայի առանձնացնել այսօր դիտարկվող փաստաթուղթը՝ մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ արձանագրել, որ արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է: Գործնականում անիրագործելի է ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծումը` առանց այդ ուղղությամբ համակարգված քաղաքականության մշակման: Կարևոր ենք համարում արդյունաբերական համագործակցության խորացմանն ու ազգային արդյունաբերական քաղաքականությունների համակարգմանը միտված աշխատանքների շարունակումը:
Անկասկած, մենք նաև շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Փաստաթղթի հիմնական դրույթների հետևողական իրագործումը կնպաստի ընդհանուր առմամբ ողջ արդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը:
Փաստաթղթի ամենակարևոր ուղենիշերից է արդյունաբերության նորարարական զարգացման և թվային փոխակերպման համատեղ խթանումը: Հաշվի առնելով փոփոխվող տնտեսական կոնյունկտուրան` տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակին անցումը որոշիչ նշանակություն է ձեռք բերում: Թվային փոխակերպումը շարունակում է մնալ ինտեգրման հիմնասյուներից մեկը: Մենք ավանդաբար այն տեսակետին ենք, որ անհրաժեշտ է հետայսու ևս խորացնել համագործակցությունն այս ուղղությամբ:
Վստահ եմ, որ Ռազմավարական ուղղությունների իրագործումը հեռանկարում թույլ կտա մեզ հասնել համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության և, այլ միջոցառումների հետ համատեղ, կծառայի Միությունում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը:
Հարգելի գործընկերներ,
Ամփոփելով կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար և ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունն ու անփոփոխ վճռականությունը` գործադրելու անհրաժեշտ բոլոր ջանքերը տնտեսական համագործակցության ոլորտների հետագա ընդլայնման և Միության ինտեգրման ներուժի հետևողական բացահայտման համար:
Շնորհակալություն ուշադրության համար»:
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկել են օրակարգային հարցերը, ներառյալ զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանումը կանոնակարգող միջոցների միավորումը, ԵԱՏՄ գյուղարտադրանքի շուկայի՝ բույսերի վտանգավոր վիրուսներից պաշտպանության միջոցները, Ղազախստանում արտադրվող և ԵԱՏՄ մյուս երկրներ տեղափոխման ենթակա ապրանքների համար սերիական արտադրանքի սերտիֆիկատի կիրառման ժամկետների երկարաձգումը: Ի գիտություն է ընդունվել էլեկտրոնային առևտրի զարգացման մասին զեկույցը: Հաստատվել են մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է եղել տիեզերական ծառայությունների ոլորտում համագործակցության հեռանկարներին։
Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել են Հուշագիր փոխգործակցության մասին և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը:
Նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլում։