Մամլո հաղորդագրություններ

«Կարևորում ենք ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը». Նիկոլ Փաշինյան

21.05.2021

ևս 3 լուսանկար



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Պետությունների հարգելի ղեկավարներ,

Նիստի հարգելի մասնակիցներ,

ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ այս տարվա առաջին նիստում, և ցանկանում եմ մաղթել բոլորիս բովանդակալից և արգասաբեր աշխատանք:

Ուրախ եմ մեր նիստին ողջունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Աբիշի Նազարբաևին:

Ցանկանում եմ նաև անկեղծորեն ողջունել Եվրասիական միության դիտորդ պետությունների ղեկավարներին՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրոմոնի Միրզիյոևին և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին:

Նիստի հարգելի մասնակիցներ,

այսօրվա հանդիպման օրակարգի շրջանակում կցանկանայի անդրադառնալ որոշ հարցերի, որոնք, մեր տեսանկյունից, կարևոր նշանակություն ունեն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար:

Մենք մեծապես կարևորում ենք Միության համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային պայմանագրի շրջանակում համաձայնեցվեն ոչ միայն Միության ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագների ձևավորման մոտեցումները, այլև սահմանվեն երրորդ երկրներից, ներքին սպառման համար, գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա:

Կարևոր է շարունակել աշխատանքը փոխադարձ առևտրում խոչընդոտներն ու սահմանափակումները հայտնաբերելու և վերացնելու ուղղությամբ: Այս աշխատանքը, առանց չափազանցության, իրականացվում է մեր Միության գոյության ողջ ընթացքում: Չնայած ապրանքների և ծառայությունների լիարժեք միասնական շուկա ստեղծման ճանապարհին դիրքորոշումներում առկա տարբերություններին և որոշ օբյեկտիվ դժվարություններին՝ մենք շարունակում ենք կառուցողական լուծումներ որոնել, որոնք արտացոլված են զեկույցում:

Ժամանակի պահանջներին և մարտահրավերներին հարմարվելու գործիք ենք համարում Միության անդամ երկրների 2021-2022թթ․ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշերի հետևողական իրականացումը:

Մեր երկրների տնտեսությունների վերականգնման տեմպերը մեծապես որոշվելու են սույն փաստաթղթում ամրագրված հիմնական դրույթների իրագործման արդյունավետությամբ, ներառյալ ձեռնարկատիրական ակտիվության վերականգնման և Միության ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնման համար նպաստավոր պայմանների ձևավորումը: Կարծում եմ՝ այս տեսակետը կիսում են նաև մեր մյուս գործընկերները:

Համաձայնեցված արտաքին առևտրային քաղաքականություն վարելու համար միասնական մոտեցումների ձևավորումը, որը կհամապատասխանի յուրաքանչյուր անդամ պետության և ողջ Միության շահերին, եվրասիական տնտեսական ինտեգրման ապահովման առանցքային բաղադրիչն է:

Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը ցույց են տվել իրենց պահանջված լինելը:
Այս տեսանկյունից հերթական անգամ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` շարունակելու եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարի հանրահռչակման և դրա միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի և նպատակաուղղված ու հետևողական աշխատանքի իրականացումը:

Կարևոր ենք համարում Միության և նրա անդամների շահերը միջազգային առևտրում երաշխավորող իրավական դաշտի ստեղծման ուղղությամբ աշխատանքի շարունակումը:

Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը առողջապահության ոլորտում Միության անդամ պետությունների միջև համագործակցության հետագա խորացմանը` ուղղված բնակչության առողջության բարելավմանը, հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործում փոխգործակցության և կոլեկտիվ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում Միության անդամ պետությունների ընդհանուր շահերի պաշտպանությանը:

Այս համատեքստում կցանկանայի նշել Միության անդամ պետությունների՝ ռազմավարական կարևոր նշանակության դեղամիջոցներով և բժշկական կիրառման դեղագործական նյութերով ապահովվածության մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի մշակման կարևորությունը, որոնց արտադրությունը պետք է ապահովվի Միությունում:

Վստահ եմ, որ մեր երկրների հետագա համատեղ և համաձայնեցված գործողությունները՝ առողջապահության և դեղագործական արտադրության բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ, դրական արդյունքներ կունենան:

Կարծում եմ, որ այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է մշակել ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ՝ այդ խնդիրներում ավելի ակտիվ ներգրավելով պետական ռեսուրսները և ԵԱՏՄ զարգացման վերազգային ինստիտուտները, այդ թվում՝ Մասնագիտացված ներդրումային ֆոնդերի ստեղծման միջոցով:

Բացի այդ, կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ մարդկային կապիտալի ամրապնդումը և տեխնոլոգիական զարգացումը մեր տնտեսությունների կայուն տնտեսական աճի առանցքային գործոններից են: Այս առումով անվիճելի է Միությունում մարդկային կապիտալի կուտակման կարևորությունը՝ ավելի հուսալի նորարարական էկոհամակարգ ստեղծելու նպատակով, այդ թվում կրթության և գիտանորարարական գործունեության մեջ ինտեգրման գործընթացների խորացման հաշվին:

Հաշվի առնելով, որ ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ կրթության ոլորտում կարգավորիչ գործիքները սահմանափակ են, առաջարկում եմ ուսումնասիրել ԵԱՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ակադեմիական մոբիլության հարթակի ստեղծման հարցը:

Ելույթումս կցանկանայի անդրադառնալ նաև Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն ունեցող՝ Միության թվային օրակարգի թեմային: Այս կապակցությամբ կցանկանայի նշել այս տարվա հուլիսի 1-ից արդյունաբերական շահագործման մեջ դրվող ԵԱՏՄ առաջին համատեղ թվային նախագիծը՝ «Աշխատանք առանց սահմանների» միասնականացված որոնողական համակարգը»: Այս նախագծի շնորհիվ Միության քաղաքացիների համար կստեղծվեն աշխատանքի նոր հնարավորություններ՝ ինչպես իրենց տարածքում, այնպես էլ «հնգյակի» երկրների տարածքում: Գործատուների համար կմեծանա աշխատակազմի որոնողական հարթակների ցանկը: Իսկ անդամ երկրների համար կներդրվեն Միության աշխատաշուկայի զարգացման ժամանակակից և արդյունավետ թվային գործիքներ:

Հարգելի գործընկերներ,

Ամփոփելով թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ կատարված աշխատանքի համար: Համավարակի հետևանքով առաջացած ցնցումներից հետո տնտեսությունների վերականգնման դինամիկան և տևողությունը մեծապես կախված են լինելու համագործակցության՝ նոր պայմաններին համապատասխան մեխանիզմների և գործիքների մշակման գործընթացում սերտ փոխգործակցելու պատրաստակամությունից:

Վստահ եմ, որ ԵԱՏՄ հարթակում հավասար և փոխշահավետ երկխոսության, համաձայնեցված և համակարգված գործողությունների արդյունքը երկար սպասեցնել չի տա:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

 

 

← Վերադառնալ