Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը
ևս 5 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» հայտնի կադրերին, 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման վիճակագրությանը:
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թթ. ծրագիրը: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հանրապետությունում ավելացնել այգիների տարածքները, բարելավել տնկիների և արտադրված արտադրանքի որակը, բարձրացնել ճյուղի ինտենսիվացման մակարդակը, արդյունավետ օգտագործել հողային և ջրային ռեսուրսները, կանխարգելել բնակլիմայական աղետներից վնասները, ավելացնել արտադրվող արտադրանքի, ինչպես նաև ոչ ավանդական բարձր ավելացված արժեք ձևավորող գյուղատնտեսական արտադրանքի ծավալները և արտաքին շուկայում բարելավել մրցակցային դիրքերը։ Ծրագրում միավորվել են ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության, ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման և Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրերը: Ավելացվել է ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման և ջրավազանների կառուցման համար անհրաժեշտ մատչելի ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման հնարավորությունը: Ճշգրտվել են նաև 1 հա-ի վրա կատարվող ծախսերը, սահմանվել են ծրագրի շրջանակում թույլատրելի տարածքների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը, հստակեցվել է ծրագրի շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և բովանդակությունը։ Ծրագրի նպատակն է` պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ինտենսիվ այգեգործության՝ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ջրավազանների կառուցման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Ծրագրով նախատեսվում է տարեկան հիմնել 500 հա ինտենսիվ այգի, որի համար ներդրումների միջին չափը գնահատվում է շուրջ 15 մլրդ դրամ (1 հա այգեհիմնման ծախսը կարկտապաշտպան ցանցով միջինը կազմում է 29,8 մլն դրամ)։ Արդյունքում ՀՀ-ում արտադրվող պտղի և հատապտղի ծավալները տարեկան կավելանան շուրջ 11,5 հազար տոննայով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ պտղաբուծությամբ, խաղողագործությամբ և հատապտուղների արտադրությամբ զբաղվում են հանրապետության 10 մարզերի շուրջ 60․5 հազար տնտեսավարողներ, ընդ որում մեկ տնտեսության բաժին է ընկնում 0.1 - 200 հա։ Այգետարածքների մասնատվածության և փոքր չափերի պատճառով ցածր է մշակության աշխատանքների արդյունավետությունը, որի արդյունքում էլ բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ճյուղի շահութաբերությունը: ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում 2020 թ.-ին 53 տնտեսավարողի կողմից հիմնվել է 518.6 հա ինտենսիվ այգի, ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2 տնտեսավարողի կողմից կարկտապաշտպան ցանց է ներդրվել 14.5 հա-ի վրա, իսկ Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրերի շրջանակում 14 տնտեսավարողի կողմից ոռոգման արդիական համակարգ է ներդրվել 239.4 հա-ի վրա։
Խթանվում է Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը
Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման նպատակով: Որոշումը կնպաստի նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեության խթանմանը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի 1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9 տոկոսով: ՀՀ-ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, վերագործարկման պարագայում կստեղծվի 300-350 նոր աշխատատեղ: Միաժամանակ, որոշմամբ առաջարկվող արտահանման հավաստագրերի նախատեսումը բխում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթներից, համաձայն որոնց ահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար ՀՀ կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու հավաստագրեր, որոնց տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով և չափով։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականին հանրապետությունում կաշվի արտադրություն իրականացրել է 39 ընկերություն: 2020 թ. արտադրության ծավալները կազմել են 126.6 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 7.7 անգամ աճ 2019թ. նկատմամբ, իրացումը կազմել է 201.1 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 13.8 անգամ աճ 2019թ. նկատմամբ:
Գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ավելացնել դատավորների թվաքանակը
Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և ՀՀ սնանկության դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը, վերաբաշխում կատարել պետբյուջեի օրենքում և փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ դատարանների գերծանրաբեռնվածությունը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացման հիմնական խոչընդոտներից է: Վերաքննության կարգով բողոքարկվող գործերի քանակական, ինչպես նաև անավարտ գործերի տարեկան աստիճանական աճի պայմաններում շարունակում է անփոփոխ մնալ դատավորների թվաքանակը: Մասնավորապես՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայում գործում է 5 դատական կազմ (դատարանի նախագահ և 15 դատավոր), որը Դատական օրենսգրքով տվյալ դատարանի համար սահմանված դատավորների թվակազմի նվազագույն շեմն է: 2019 թ. ընթացքում ստացվել է 6360 վերաքննիչ բողոք, ընդ որում, 2018 թ.-ից փոխանցվել է 808 անավարտ գործ, ընդհանուր առմամբ՝ 7168 գործ, որից ավարտվել է 6674 գործ, անավարտ է մնացել՝ 494 գործ: 2020 թ. ընթացքում ստացվել է 6417 վերաքննիչ բողոք, ընդ որում, 2019 թ.-ից փոխանցվել է 790 անավարտ գործ, ընդհանուր առմամբ՝ 7207 գործ, որից ավարտվել է 6651 գործ, անավարտ է մնացել՝ 556 գործ:
Այսպիսով՝ դատարանների ընդհանուր ծանրաբեռնվածության թեթևացման և գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ավելացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական և ՀՀ սննակության դատարաններում դատավորների թվաքանակը։ Ներկայումս նախատեսվում է ավելացնել 4 դատավոր ՀՀ սննակության դատարանում և 3-ական դատավորներ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական դատարաններում։ Դատավորների թվակազմի ավելացումը նախատեսված է նաև Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությամբ:
Կառավարությունը սահմանել է Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը: Հիմնավորման համաձայն՝ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» որոշմամբ, որպես ռազմավարական նպատակ, առանձնացվել է «Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրումը», և որի շրջանակում որպես առանձին ռազմավարական գործողություն հստակեցվել է սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) ներդնումն ու գործարկումը: Այսպիսով, կատարված փոփոխություններով նախատեսվել են իրավական հիմքեր՝ պետական մարմինների և սնանկության վարույթի մասնակիցների, այդ թվում՝ սնանկության գործով կառավարչի միջև տեղեկատվություն ստանալու, տվյալներ փոխանակելու և հարցումներ իրականացնելու կարգն արդյունավետ լուծումներով և չափանիշներով միասնական իրավական ակտով սահմանելու համար: Այսպիսով՝ որոշմամբ սահմանվել են Սնանկության գործով կառավարչի և պետական մարմինների, մասնավորապես՝ Կադաստրի կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Սոցիալական ապահովության ծառայության, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստր կատարվող հարցումները և դրանց իրականացման կարգը:
Արտոնություններ են տրամադրվել արևային կայանների կառուցման հերթական ներդրումային ծրագրերին
Կառավարության որոշմամբ «Ա-Ս Էներջի» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: 2017 թվականին հիմնադրված ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է երեք 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանների կառուցման և շահագործման համար՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում։ Տարեկան արտադրվելու է շուրջ 9.6 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որն ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին։ Ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 1.6 մլրդ դրամ։ Ներդրումների իրականացումը սկսվել է 2019 թվականին և նախատեսվում է ավարտել սույն թվականի երրորդ եռամսյակում։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի շուրջ 230 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում երեք տարվա ընթացքում ընկերությունում կստեղծվի 4 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով:
Գործադիրը բավարարել է «Բարի արև» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է երեք 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանների կառուցման և շահագործման համար՝ ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտի մարզերում։ Ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 4.7 մլրդ դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը տարեկան կկազմի 871 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 718 մլն դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 67 մլն դրամ:
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված՝ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի ֆինանսավորման համաձայնագրում փոփոխության ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի շրջանակում փոխառության գումարը կազմում է 11 մլն ԱՄՆ դոլար, իսկ դրամաշնորհը` 0.35 մլն ԱՄՆ դոլար։ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի նպատակն է բարելավել ընտրված առավել աղքատ գյուղական տարածքների բնակչության սոցիալ տնտեսական վիճակը՝ նրանց համար ապահովելով կայուն զբաղվածության հնարավորություն և եկամուտների աճ: Այն բաղկացած է 4 բաղադրիչներից` գյուղական ֆինանսավորում, գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածք, ֆերմերների իրազեկում և աջակցություն, արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում:
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս վնասվածք ստացած Մարտիրոս Քոչարյանի հետազոտությունը և բուժումը Անգլիայում իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 23,907.6 հազար դրամ, որը ներառում է բժշկական հաստատության կողմից տրամադրված հետազոտման և բուժման համար անհրաժեշտ ծախսերի, կեցության և ճանապարհածախսի հաշվարկը:
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքն՝ շտապ օգնության 12 մեքենաները, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Արցախի Հանրապետությունը և մի շարք կազմակերպությունների: Որոշումը կնպաստի բնակչությանը շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 285,953.6 հազար դրամ` «Նաիրիտ-գործարան» ՓԲԸ-ում հրավտանգ նյութերի նկատմամբ 24 ժամ հսկողություն իրականացման համար ծառայությունների գնման նպատակով: