Մամլո հաղորդագրություններ

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տիգրան Ուրիխանյանին

23.06.2021

ևս 1 լուսանկար



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ:

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ:

Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Ուրիխանյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ հետևյալ տրամաբանությամբ. կցանկանայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և այն մասին, թե, Ձեր ընկալմամբ, ինչ պիտի անենք մենք, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն և ավելի հասանելի: Որովհետև փորձն ի՞նչ է ցույց տալիս՝ որ ամեն դեպքում քաղաքական շրջանակներում, արտախորհրդարանական ուժերի շրջանակում և, ընդհանրապես, բոլոր քաղաքական ուժերը միշտ գեներացնում են որոշակի արժեքավոր քաղաքական բովանդակություն, որը շատ հաճախ, աղմուկի պատճառով մնում է աննկատ, և դրանից տուժում ենք բոլորս: Եվ, հետևաբար, խնդիրը հետևյալն է՝ ինչպե՞ս անել, որ այն մտքերը, այն գաղափարներն ու առաջարկները, որոնք արժանի են ուշադրության, որոնք արժանի են քննարկման և առավել ևս, որոնք արժանի են իրագործման գործնական կյանքում, դրանք չկորչեն քաղաքական աղմուկի մեջ, և մենք ավելի հասու և հասանելի լինենք այդ գաղափարներին: Շնորհակալ եմ:

Տիգրան Ուրիխանյան - Որպես մարդ և կուսակցության ներկայացուցիչ, որն առաջիններից էր բարդ իրավիճակում հայտարարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ, այն է՝ համեմատաբար ավելի հանգիստ և սահուն անցման շրջան ապահովելու համար, հայտնի իրավիճակի բերմամբ, իհարկե, պիտի, այնուամենայնիվ, ունեցած արդյունքով հանդերձ, արձանագրեմ, որ մեր այդ մեր նպատակին մենք հասանք, եթե կարելի է այդպես ասել:

Ցավոք, մենք հիմա ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունում ընդամենը 12164 ընտրողի ձայն: Բայց ունենք այն, ինչ ունենք: Խորհրդարանում աշխատելիս մենք ունեցել ենք հնարավորություն՝ քննադատելու ձեզ, ձեր իշխանությունը, քննադատելու նաև ընտրարշավին նախորդող ժամանակաշրջանում, ու ըստ էության, այն, ինչ արձանագրվեց ընտրողի քվեով, հավանաբար նաև նշանակում է, որ կառավարությունն ինքն է որոշելու՝ այսուհետ լսել մեր ձայնը, մեր ասելիքը, մեր քննադատությունը կամ առաջարկները: Որովհետև մեր քննադատությունը, իհարկե, շատուշատ ժամանակ, եթե ոչ միշտ, տարբերվել է այլ քննադատություններից հենց բովանդակությամբ, առաջարկներով, հարցադրումներով և այլն: Ուստի, եթե կառավարությունը նպատակահարմար գտնի ականջալուր լինել, դա էլ կդառնա հենց, իմ կարծիքով, այն հնարավորությունը, որը կբերի էլ ավելի արդյունավետ փոխգործակցության, եթե այդպիսինը կարող է լինել, եթե ոչ՝ առնվազն ժողովրդի, երկրի համար նպաստավոր վիճակի հասնելու:

Ի՞նչ ենք մենք ցանկանում: Մենք ցանկանում ենք, իհարկե, որպեսզի մարդիկ թևակոխեն հարատև կայունության ընթացք: Դրա պատասխանատուն, իհարկե, բոլոր ժամանակների իշխանությունն է: Եթե այդպես լինի, բնականաբար, լավ հասկանալով, որ մենք դեռևս լուրջ և ծանր խնդիրների լուծման առջև ենք կանգնելու ամբողջ երկրով հանդերձ, և՛ հասարակությամբ, և՛ ժողովրդով:

Ունեմ անձնական կարծիք, որ մարդկանց մեծամասնությանն առանձնապես չի էլ հետաքրքրում, թե ովքեր են պատասխանատու իրենց այս կամ այն ոլորտի կազմակերպման համար կամ իշխանության համար առանձնակի տեղեկացվածության իմաստով, չեն էլ հետաքրքրվում: Մարդիկ ուղղակի ուզում են ապրել կայուն կյանքով, մարդիկ ուզում են ապրել, իհարկե, սոցիալապես ապահովված կյանքով: Առավել ևս՝ առանց պատերազմի, առանց ցնցումների:

Եթե մենք մեր երկրում մեր առաջարկներով, այդ թվում՝ նախընտրական շրջանում հնչեցրած ծրագրային դրույթներով, կարող ենք նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, դա մեզ համար կլինի գոհացուցիչ: Ես, իհարկե, խոսում եմ «Ալյանս» կուսակցության անունից, որովհետև մենք ձևավորեցինք հուշագրի հիման վրա միասնական նախընտրական ցուցակ՝ 2 կուսակցություններից և մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչների կազմից բաղկացած: Բայց վստահ եմ, որ կարծիքս կիսում են նաև մյուս գործընկերները, ովքեր մեզ հետ մասնակցել են կամ վստահ եմ՝ շատերը, ովքեր այդ թվում մեզ հետ չեն մասնակցել, բայց առնվազն բանակցել են: Իսկ ո՞ւմ ձեռնտու չէ Հայաստանի Հանրապետության մեջ կայուն զարգացման ընթացքը: Շնորհակալ եմ:

Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ