Մամլո հաղորդագրություններ

Պարեկային ոստիկանությունն իր աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան

24.06.2021

ևս 12 լուսանկար



ՀՀ ոստիկանության Պարեկային նոր ծառայության առաջիկա մեկնարկին ընդառաջ՝ ապագա պարեկային ծառայողների, Պարեկային ծառայության ղեկավար կազմի թեկնածուների ուսումնական գործընթացի ամփոփման և դրա արդյունքներին ծանոթանալու նպատակով փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի, ՀՀ ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության ղեկավար կազմի ուղեկցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության կրթահամալիր:

ՀՀ ոստիկանության, ինչպես նաև կրթահամալիրի ղեկավար կազմը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել Պարեկային ծառայության թեկնածուների ուսումնական պրոցեսի կազմակերպման պայմանները և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները, որին, բացի կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, ներգրավված են եղել նաև մրցութային կարգով ընտրված դասախոսներ և ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ:

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով պարեկային ծառայողներին, նշել է. «Պարեկային ոստիկանության հարգելի ծառայողներ, նախ ուզում եմ շնորհավորել ձեզ ուսումնառությունն ավարտելու առիթով և շնորհավորել մեզ բոլորիս, որովհետև թևակոխում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների մի շատ կարևոր փուլ: Շատ շուտով Հայաստանի Հանրապետությունում ի հայտ է գալու նոր ծառայություն՝ Պարեկային ոստիկանություն, որը համոզված եմ՝ իր որակով, աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը և մեր երկրում իրավակարգի ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների այս գործընթացին և ուզում եմ հույս հայտնել նաև, որ ձեզնից յուրաքանչյուրը եկել է առաքելության զգացողությամբ ու այդ առաքելությունը լիարժեք, բարձր մակարդակով ի կատար կածվի: Շնորհավորում եմ»:

Այնուհետև խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Պարեկային ծառայության գործարկման ուղղությամբ կատարված աշխատանքները և ծառայության հաջող մեկնարկն ապահովելու համար առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:

Խորհրդակցության սկզբում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու մեր ձեռնարկած ամենակարևոր բարեփոխումներից մեկի՝ Պարեկային ոստիկանության ներդրման հետ կապված մեր ընթացիկ գործերի վիճակն ու անելիքները: Պետք է արձանագրել, որ սա չափազանց կարևոր բարեփոխում է մեզ համար, որն ունի կարևոր քաղաքական նշանակություն: Այն ունի նաև կարևոր նշանակություն մեր երկրում իրավակարգի պահպանությունը և պաշտպանությունը նոր որակի բարձրացնելու ուղղությամբ: Խնդիրը ոչ միայն այն է, որ մենք ինչպես և նախատեսել ենք՝ առաջին փուլով մայրաքաղաք Երևանում ամբողջացնենք ծրագրի իրագործումը, այլև պլանավորվածի համաձայն՝ շարունակենք գործընթացը Հայաստանի Հանրապետության մարզերով և հասցնենք տրամաբանական ավարտին: Իհարկե, հասկանալի է, որ այս ծավալի ու բովանդակության բարեփոխումներն ուղեկցվում են որոշակի դժվարություններով և պիտի արձանագրենք, թե ուր ենք հասել ու առաջիկայում ինչ պետք է անենք, որ մեր անելիքները հնարավորինս համապատասխանեցնենք նախանշված ժամկետներին»:

 

← Վերադառնալ