Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունն Արցախի բնակչությանը տրամադրել է ընդհանուր 83 մլրդ դրամ աջակցություն. Նիկոլ Փաշինյանն այդ հարցում կարևորել է տրամաբանության փոփոխությունը՝ վերականգնման ծրագրերն արդեն պետք է փոխարինվեն զարգացման ծրագրերով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը վերաբաշխում և փոփոխություններ է կատարել 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել Արցախի բնակչության 2021թ. հուլիս ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հուլիս ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար:
Հիմնավորման համաձայն՝ ստացվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի համապատասխան գրությունը աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հանգեցրել է Արցախի կառավարության բյուջետային եկամուտների, ինչպես նաև Արցախի բնակչության եկամուտների նվազեցմանը: Որոշմամբ առաջարկվում է նախատեսել 1,204,550,0 հազ. դրամ: Այդ գումարը Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ հուլիս ամսվա բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորման համար: Նախատեսվում է նաև տրամադրել միջպետական վարկ Արցախի Հանրապետությանը 7,584,511.3 հազար դրամի չափով՝ Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված հուլիս ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս որոշմամբ մենք Արցախին հատկացնում ենք ևս 8.7 մլրդ դրամ: Այս ընթացքում՝ նոյեմբերի 9-ից հետո, իրականացվել է շուրջ 14 ծրագիր: Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ծախսվել է 53 մլրդ դրամ։ Ուզում եմ հիշեցնել, թե Արցախի մեր հայրենակիցներին աջակցության ինչ միջոցառումներ են իրականացվել։ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչներին հյուրընկալած անձանց աջակցություն. այս ծրագրից օգտվել է 3300 շահառու, ծախսվել է 1 մլրդ 654 մլն դրամ։ Արցախում անշարժ գույք կորցրած բնակիչներին հյուրընկալած անձանց աջակցություն ծրագրով 450 հյուրընկալող է օգտվել, ծախսվել է 196 մլն դրամ։ Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության ծրագիր. սա 4 ամիս 68,000 դրամի աջակցության ծրագիրն է, օգտվել է 109,000 շահառու, ընդհանուր ծախսը կազմվել է 30 մլրդ դրամ։ Հյուրատների աջակցություն ծրագիրն ենք իրականացրել, որոնք հյուրընկալել են արցախցիներին՝ 21 հյուրատուն, աջակցության ծրագրի ծավալը կազմել է 162 մլն դրամ։ Վնաս կրած ֆիզիզկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագիր. ծախսվել է շուրջ 10 մլրդ դրամ: Այս ծրագրերը ընթացքի մեջ են։ Ունենք նաև ավարտված ծրագրեր. Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագիր, օգտվել է 100,000 շահառու և ծախսվել է 7.3 մլրդ դրամ։ Արցախի մինչև 5 տարեկան երեխաներին աջակցության ծրագիր, յուրաքանչյուրին 20,000 դրամ՝ ամանորյա նվերի կարգով, ծախսվել է 277 մլն դրամ։ Արցախի կենսաթոշակառուների և նպաստառուների աջակցության ծրագիր. ծախսվել է 940 մլն դրամ։ Արցախի կոմունալ ծախսերի վճարման ծրագիր, այսինքն՝ արցախցիների բոլոր կոմունալ ծախսերը վճարել ենք, ծախսվել է 1մլրդ դրամ։ Հաջորդը՝ Արցախի բնակչության կապի և կոմունալ ծախսերի վճարում, ծախսվել է 4,6 մլրդ դրամ։ Արցախի պետական աշխատողների վարձատրության գծով ծախսվել է 3 մլրդ 100 մլն դրամ և Արցախի տնտեսությանը աջակցություն ծրագրով ծախսվել է 1 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ մենք ընդունել ենք շուրջ 74 մլրդ դրամի աջակցման ծրագրեր, գումարվում է նաև այս 9 մլրդն: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Արցախին մեր աջակցության փաթեթը կազմում է արդեն 83 մլրդ դրամ, որից 52 մլրդ այս պահի դրությամբ ծախսվել է։ Իմ թվարկված ծրագրերից մի մասն ընթացքի մեջ է, մյուս մասը՝ ավարտվել է»:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցությունը Արցախի մեր հայրենակիցներին: «Բայց նաև այստեղ տրամաբանությունը որոշակի փոփոխության պետք է ենթարկվի՝ արդեն վերականգնման ծրագրերը փոխարինվեն զարգացման ծրագրերով, որպեսզի Արցախի տնտեսությունը սկսի աշխատել, աշխատանքի շուկան և ընդհանրապես տնտեսական հարաբերությունները վերականգնվեն և Արցախում գումարներ գեներացվեն, և մեր աջակցությունը ծախսվի զարգացման ծրագրերի վրա»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը։
Աշխատանքներ են իրականացվում միջազգային մրցաշարերին լավագույնս նախապատրասվելու ուղղությամբ. վարչապետի պաշտոնակատարը հանձնարարականներ է տվել
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում հանրապետությունում գործող մազադպրոցներում և ՀՀ հավաքական թիմերում մարզվող մարզիկները մարզվում են համեմատաբար հին մարզագույքով, որոնք չեն կարող համանման լինել այլ զարգացած երկրներում մարզվող մարզիկների մարզագույքին: Ծանրամարտի ՀՀ բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց և կանանց հավաքական թիմերի մարզիկների ամենօրյա մարզումները ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի չափորոշիչներին համապատասխան մարզագույքով իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ ֆինանսական ներդրումների: ՀՀ հավաքական թիմերին համապատասխան ծանրաձողերով (5 տղամարդկանց և 2 կանանց) ապահովելու համար նախատեսվում է թույլատրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային անհրաժեշտ գույքը ձեռք բերել հրատապ մեկ անձից գնման ձևով: Որոշման ընդունման արդյունքում ՀՀ պետբյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա. կնազեցվեն մի շարք միջոցառումների գումարները: Արդյունքում ձևավորվել է «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային մարզագույքով ապահովում» միջոցառումը, որին կհատկացվի 38,775.6 հազ. դրամ գումար, ինչպես նաև 8,420.0 հազար դրամով ավելացվել է «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման գումարը:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով հարցը զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին, նշել է, որ դրա հետ կապված մի քանի հարցեր կան: «Առաջին հարցը ծագել էր, երբ ես հանդիպում էի մեր ծանրամարտի հավաքականի մարզիչների և մարզիկների հետ: Ինձ համար անակնկալ կերպով իմացա, որ մեր ծանրամարտիկները միջազգային ստանդարտներին համապատասխան ծանրաձողեր չունեն: Այսինքն՝ պարապում են ոչ ստանդարցաված ծանրաձողերով: Սա առաջին հարցն էր, որը մենք ստանձնեցինք լուծել: Մեր այդ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 27-ին, իսկ այսօր 2021 թվականի հուլիսի 1-ն է, և եթե ճիշտ եմ հիշում, օլիմպիադան տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսին: Առաջին հարցս՝ ինչու է 2 ամիս անց, այս որոշումը կայացվում, և հետևաբար՝ ծանրաձողերը երբ կլինեն տեղում: Երկրորդ հարցը՝ ես խոստացել էի, որ կլինի 20 լրակազմ ծանրաձող, իսկ որոշման նախագծում 7 լրակազմ ծանրաձող հատկացնելու մասին: Գիտեք, սա ավելի ճիշտ ոչ թե հարց է, այլ ուզում եմ պայմանավորվենք, որ ընդհարապես նման գործելակերպը ես չեմ հանդուրժելու: Այսինքն՝ եթե ասել եմ 20-ը պետք է լինի, ուրեմն պետք է լինի 20-ը, մնացած հարցերը… Կառավարությունը, նախարարությունը, աշխատակազմը նրա համար են, որ այդ հարցի լուծումները գտնեն:
Հիմա ես ինչքան հասկանում եմ, հավանականություն կա, որ այս ծանրաձողերը օլիմպիադայից հետո՞ են Հայաստանի Հանրապետություն հասնելու: Եկեք երկար չքննարկենք, հիմա կապահովեք, որպեսզի 20 ծանրաձողն օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է որոշման նախագիծն արագ վերաձևակերպել և համապատասխանեցնել իր հանձնարականաներին. «Եվ պայմանավորվում ենք, որ սա վերջին դեպքն է, երբ մենք այսպիս իրավիճակի ենք բախվում, և սա վերաբերում է բոլոր գերատեսչություններին և պաշտոնյաներին: Իմ հանձնարարականների իրագործումը պետք է սկսել այն պահից, երբ դա հնչում է: Այսինքն՝ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է մի բան իմանա, որ իմ հանձնարարականը անհետաձգելի գործ է՝ եթե ես հանձնարարեցի, ուրեմն դա իր համար առաջնահերթություն է»:
Միջազգային համագործակցություն. Լատվիայի և Լեհաստանի հետ կստորագրվեն առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագրեր
Հավանությանն է արժանացել «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ: Այն հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի շրջանակում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ-ին ստացվել են 1446 ռեադմսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին, իսկ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ստացվել են 803 ռեադմսիոն հայցեր՝ 1647 անձանց մասին։ Հարկ է նշել, որ Լատվիայի Հանրապետությունից դեռևս ռեադմիսիոն հայցեր չեն ստացվել։
Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» 2013 թ. ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրության ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ Լեհաստանի Հանրապետությունից 2014-2019 թթ-ին ստացվել են 91 ռեադմիսիոն հայցեր՝ 130 անձանց վերաբերյալ։
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի թիվ 15 փոփոխությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 91,800,980.41 ԱՄՆ դոլար: 2021 թվականի մայիսի 12-ին ստորագրվել է թիվ 15 փոփոխությունը, որով նախատեսվում է լրացուցիչ 8,200,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքային ծառայությունների, ինչպիսիք են էներգիան և ջուրը, բարելավման աջակցության ծրագրերին։ Հերթական փոփոխությամբ նախատեսվում է նաև երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը միչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը։
Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի թիվ 10 փոփոխությունը հաստատելու մասին» Հանրապետութան նախագահի հրամանագրի նախագիծը: Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 12,940,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով մինչև 64,340,443 ԱՄՆ դոլարի՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով: Փոփոխությամբ ավելացվում է նաև Հայաստանի Հանրապետության ներդրումը՝ 7,929,286 ԱՄՆ դոլարից դարձնելով 11,047,369 ԱՄՆ դոլար։ Հատկացվող միջոցները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների գործարկմանը, կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև: Փոփոխությամբ նաև նախատեսվում է երկարաձգել համաձայնագրի իրականացման ժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը:
Կսահմանվեն գիտական արդյունքի միջազգային մակարդակի պահանջներ՝ գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. նախատեսվող կարգավորումները կնպաստեն գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը: Որոշմամբ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կսահմանվեն գիտական արդյունքի միջազգային մակարդակի պահանջներ: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2021 թ. մայիսի 13-ի համապատասխան որոշմամբ 2022 թ. հունվարի 1-ից սկսած պետբյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի աշխատավարձն աստիճանական կավելանա՝ հասնելով հանրապետության մասշտաբով պետական համակարգում համեմատելի և համադրելի արժեքների: Հաշվի առնելով, որ համապատասխան կարգավորումը նախատեսված է այն գիտական կազմակերպությունների համար, որոնք գիտական կադրերի որակավորումն իրականացրել են սահմանված ամսաթվից առավելագույնը մեկ տարի առաջ՝ առաջարկվում է գիտական կադրերի որակավորման անցկացման ժամկետը «յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ»-ի փոխարեն սահմանել «առնվազն 5 տարին մեկ անգամ»: Արդյունքում գիտական կազմակերպությունները կարող են իրականացնել գիտական անձնակազմի կամավոր արտահերթ ատեստավորում, ինչն էլ հնարավորություն կտա արտահերթ ատեստավորում անցած գիտական կադրերին վարձատրվելու վերոնշյալ որոշմամբ սահմանված բազային նվազագույն աշխատավարձի համապատասխան դրույքաչափերով:
Տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ
Գործադիրը հավանություն է տվել ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունմամբ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հնարավորություն է տրվում տեղեկացումը կամ անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկումն իրականացնել նաև համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով։ Ընդ որում, օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթի պահանջին, համաձայն որի՝ ծանուցման ենթակա գործունեության իրականացման պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը պաշտոնապես հրապարակելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո: Միաժամանակ, նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից ներմուծման և արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների մասով պատշաճ ծանուցումն իրականացնել միայն համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով։ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացը կիրականացվի համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով։
Կառավարությունը բավարարել է «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է զուգագուլպաների արտադրության համար։ «Ալեքս տեքստիլ»-ը շուտով շահագործման կհանձնի գերհզոր և ժամանակակից սարաքվորումներով հագեցած զուգագուլպայի արտադրամաս, որը հնարավորություն կտա ստեղծելու 80 նոր աշխատատեղ՝ 167,000 դրամ միջին աշխատավարձով։ Ըստ նախնական տվյալների՝ մինչև 2024 թ. նախատեսվում է արտադրել շուրջ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում, 80%-ը՝ արտահանել միջազգային շուկա, որից 50%-ը՝ Ռուսաստանի Դաշնություն, իսկ 30%-ը՝ ԵՄ երկրներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.1 մլրդ դրամի ներդրում հումք և նյութերի, ինչպես նաև հավելյալ 1.2 մլրդ դրամ նոր սարքավորումների ձեռքբերման համար: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ:
Այլ որոշումներ
Կառավարությունն ընդունել է որոշում՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում 300 մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել միայն 206 մանկատան շրջանավարտներ։ Միաժամանակ, բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ստացած մանկատան շրջանավարտներից շուրջ 60 շահառուներ, որոնք բնակարանի գնման վկայագիր են ստացել մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը և մինչև օրս չեն հասցրել բնակարանի գնման վկայագիր ստանալուց հետո անհրաժեշտ գործընթացները ավարտին հասցնել: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի N 812-Ն որոշման 2-րդ կետը՝ հնարավորություն տալով մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը բնակարանի գնման վկայագիր ստացած շահառուներին բնակարանը ընտրելու և գնման գործընթացը ավարտին հասցնելու համար։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը: Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թ. նոյեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի գործունեության և օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Վերջինիս համապատսխան կետում հստակ ներկայացված չեն շտապ և անհետաձգելի բժշկական օգնության նպատակով իրականացվող թռիչքները, ինչի հետևանքով առաջանում են խնդրահարույց իրավիճակներ՝ կապված տվյալ թռիչքների առաջնահերության հետ: Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի բժշկական օգնության նպատակներով իրականացնել օդային փոխադրումներ՝ առանց պահանջվող թույլտվության: Արդյունքում՝կսահմանվի բժշկական օգնության նպատակով իրականացվող թռիչքների գերակայությունը, ինչպես նաև ՀՀ կողմից սահմանված պահանջները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշերին: