Մամլո հաղորդագրություններ
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մեկնարկին և կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընթացքին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանրապետությունում Ոստիկանության պարեկային ծառայութան գործունեության մեկնարկին և կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընթացքին:
Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի հուլիսի 8-ի հերթական նիստի աշխատանքները:
Մինչ օրակարգին անդրադառնալը, ուզում եմ ընդգծել, որ երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության կյանքում, մասնավորապես՝ մայրաքաղաք Երևանի կյանքում. սկսել է իր գործունեությունը Ոստիկանության պարեկային ծառայությունը, որն սկզբունքորեն նոր տիպի և բնույթի ոստիկանություն է, ընդ որում բառիս թե՛ բովանդակային, թե՛ մարդկային ռեսուրսի իմաստով: Ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոստիկաններ: Ուզում եմ ընդգծել, որ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, ովքեր նախկինում ոստիկանությունում չեն աշխատել, այսինքն՝ ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից, և նաև 30 տոկոսը մեր այն ոստիկաններն են, ովքեր իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն, և մենք ունենանք նոր կարգի ոստիկանություն: Ոստիկանության պարեկային ծառայությունը ինչո՞ւ է բնույթով նոր: Նախ ուզում եմ ընդգծել, որ հիմա, մասնավորապես, մայրաքաղաք Երևանում ճանապարհային ոստիկանությունը հուլիսի 7-ից դադարեցրել է իր ծառայությունը: Հիմա կա միայն ճանապարհային ոստիկանության հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի, և այն քաղաքացիների հետ իրավակարգի պահպանության առումով, ըստ էության, չի հաղորդակցվելու: Պարեկային ծառայությունն իրականացնում է և՛ ճանապարհային ոստիկանությունից մեզ ծանոթ գործառույթները, և՛ պարեկապահակակետային ծառայության մեզ ծանոթ գործառույթները, նաև հանցագործությունների կանխման, նախականխման, բացահայտման գործում ունի որոշակի գործառույթ, և ընդհանրապես՝ իրավակարգի, հասարակական կարգի պահապանության առումով ունի գործառույթ: Ուզում եմ ընդգծել, որ այս բարեփոխումը մենք ծրագրել էինք դեռևս 2019 թվականին, 2020 թվականին կայացվեցին որոշումներ, այդ որոշումների կայացումը զուգորդվեց և զուգորդվում է նաև որոշակի բարդություններով: Ուզում եմ ասել, որ սա մեր շատ մանրամասն, մինչև վերջին դետալը պլանավորված բարեփոխումներից է, բայց, այնուամենայնիվ, կյանքը միշտ իր հետ բերում է չնախատեսված իրադարձություններ, մասնավորապես՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք մատակարարումների հետ կապված մենք խնդիրներ ունեցանք, և այդ մատակարարումները լրումին դեռ չեն հասել: Բայց նաև այս օրինակը ցույց է տալիս, որ ցանկացած բարեփոխման համար ի վերջո շատ կարևոր և առանցքային նշանակություն ունի քաղաքական կամքը, որովհետև միշտ էլ կան հանգամանքներ, որոնք խանգարում են բարեփոխման պրոցեսին, միշտ էլ կան փաստարկներ, որ գուցե չարժի դա անել, բայց ի վերջո որևէ բարեփոխում առանց քաղաքական կամքի հնարավոր չէ իրականացնել:
Ուզում եմ ընդգծել, որ մենք մեր ժողովրդից ստացել ենք մանդատ՝ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումներ, իհարկե, ավելի մտածված բարեփոխումներ, որոնց պոզիտիվ արդյունքը կլինի մաքսիմալ կանխատեսելի:
Պարեկային ծառայության ներդրման գործընթացը պիտի անպայմանորեն շարունակվի: Առաջիկայում, նախկինում իմ տված հանձնարարականների ժամկետներում, մենք պետք է իրականացնենք Շիրակի և Լոռու մարզի Պարեկային ծառայության անձնակազմի ընդունելության քննություններ: Եվ այն, ինչ պայմանավորվել ենք, այն, ինչ հանձնարարել եմ, ամեն ինչ ժամկետներում պետք է իրականացվի:
Մինչ այդ ես ուզում եմ ընդգծել, որ այս ծրագիրը մենք իրականացրել ենք մեր միջազգային գործընկերների աջակցությամբ: Այդ առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը, Համաշխարհային բանկին գործընթացին աջակցելու համար, և այդ աջակցությունը շարունակական է: Ուզում եմ նաև մեր մի շարք գործընկերներին շնորհակալություն հայտնել, որոնք հետևողականորեն առաջ են տարել այս օրակարգը՝ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանին, Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին, Արդարադատության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության խորհրդական Ամալյա Հովսեփյանին, ով ամենօրյա ռեժիմով աշխատել է այս թեմայի վրա, Ոստիկանության ակադեմիայի պետ Մուշեղ Բաբայանին, նաև Ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանին: Եվ ուզում եմ համոզմունք հայտնել, որ մեր գործընկերները, գերատեսչությունները կրկնակի ոգևորությամբ կլծվեն գործի շարունակությանը: Ուզում եմ նաև ընդգծել, որ երբ այս գործընթացն սկսվել էր, շատ էր զուգակցվում լուրերի տարածմամբ, թե ի վերջո տեղի չի ունենալու, Պարեկային ծառայությունը չի ստեղծվելու և այլն, որպեսզի պրոցեսի շուրջ թերահավատություն ձևավորվի, բայց, փառք Աստծո, մենք հասցրեցինք և գործարկեցինք պրոցեսը: Պարզ է, առաջին օրերից ծառայության արդյունքներն ամփոփվում են, ի հայտ են գալիս որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք լուծման գործընթացի մեջ են: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք մատակարարումներ մեր նախատեսված ժամկետներից մի փոքր ուշանում են, բայց ես համոզված եմ, որ մենք արագ այդ խնդիրները կկարգավորենք, և գործընթացը լիարժեք առաջ կտանենք: Այս հարցերը, իհարկե, առաջիկայում նաև աշխատանքային մակարդակում կքննարկենք, որպեսզի վերլուծենք մինչև այժմ մեր ունեցած փորձառությունը և առաջիկա անելիքները:
Հաջորդ թեման, որին ուզում եմ անդրադառնալ համաճարակային վիճակն է Հայաստանի Հանրապետությունում, պատվաստումների հետ կապված իրավիճակը: Տիկին Ավանեսյան, ի՞նչ ունենք այս կապակցությամբ: Խնդրում եմ վերջին տեղեկատվությունը տվեք:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, թույլ տվեք հակիրճ ներկայացնել համաճարակային իրավիճակը, այնուհետև՝ զեկուցել պատվաստման գործընթացի վերաբերյալ: Հիվանդացության երեկվա թվերը. ունեցել ենք 186 գրանցված նոր դրական դեպք, իհարկե, նաև իրականացրել ենք ավելի մեծ թվով թեստավորում՝ 5093: Մենք նկատում ենք թվերի մի փոքր աճ, և վերարտադրողության ցուցանիշի աճ, ինչը մեզ ևս մեկ անգամ «կարմիր լույսով» զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնենք պատվաստումների գործընթացն արագացնելու վրա:
Պարոն վարչապետ, այսօրվա դրությամբ մենք արդեն 97711 պատվաստում ենք իրականացրել: Երեկ ունեցել ենք 5416 պատվաստում մեկ օրվա կտրվածքով, որը բավական լավ ցուցանիշ է, և մենք աճի այս տեմպը պիտի պահպանենք: Եթե կաճի 2-3 շաբաթ առաջ մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն իսկ նկատելի է աճի տեմպը, և այս տեմպը շարունակելով՝ մենք պիտի պատվաստումային ցուցանիշների առումով հստակ մեր ճիշտ դիրքն ունենանք տարածաշրջանում: Պատվաստումների ցուցանիշի աճը, իհարկե, կապված է նաև առաջին պատվաստումը ստանալու հետ, ինչը խոսում է պատվաստումների նկատմամբ քաղաքացիների մոտ նախ վստահության մեծացման: Երկրորդը՝ առկա երեք պատվաստանյութներն էլ բաց են բոլորի համար, և ցանկացող անձինք կարող են ազատությամբ ընտրել, թե որ պատվաստանյութով են ուզում պատվաստվել:
Մենք տանում ենք աշխատանքներ և ակտիվ, ամենօրյա ռեժիմով աշխատում ենք պատվաստանյութների ևս լրացուցիչ այլ տարբերակներ Հայաստան ներկրելու առումով, բայց ամենակարևոր փաստն այն է, որ մենք ունենք առկայություն և պիտի նորից քաղաքացիների համար նշեմ, որ դրանք անվճար են, հասանելի են, արդյունավետ են, և կարող է ցանկացած անձ մոտենալ իր պոլիկլինիկա կամ իր նախընտրած պոլիկլինիկա կամ շարժական կետ և 10 րոպեի ընթացքում ստանալ պատվաստումը և անցնել իր ընթացիկ գործերին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ շնորհակալ եմ: Շատ կարևոր է, որ մենք փաստորեն երեկ ունեցանք մեկ օրվա պատվաստման մեզ համար ռեկորդային ցուցանիշ, ինչը կարևոր է: Ուզում եմ ասել, որ մենք երբ առաջին անգամ խորհրդակցություն ենք արել այս թեմայով, ասել ենք, որ նպատակ ունենք հասնել օրը 3000 ցուցանիշի, բայց այդ 3000-ին մենք շատ արագ հասանք, հետո օրը 4000 հասանք, հիմա 5000-ը հատել ենք: Ես ուզում եմ պայմանավորվենք, որ այս ցուցանիշը չպիտի նվազի, այլ պետք է շարունակաբար, առնվազն նույն մակարդակով մնա, որովհետև եթե նույն մակարդակով մնա, ապա մենք մոտավորապես մեր դրած պլանային ցուցանիշը մինչև տարվա վերջ կարողանում ենք իրագործել: Բայց ամեն դեպքում մենք պետք է ծավալները մեծացնենք, մանավանդ, որ այո, ակնհայտ է, որ և՛ Հայաստանում, և՛ ընդհանրապես աշխարհում պատվաստումների հետ կապված վստահությունը մեծանում է: Մեր դռնփակ խորհրդակցություններից մեկի ժամանակ պարոն Ավինյանը շատ լավ միտք արտահայտեց, և ես ուզում եմ այդ միտքը բարձրաձայնել: Տեսեք՝ մենք 97711 պատվաստման դեպքից չունենք որևէ այնպիսի բարդություն, որը կարող էր դառնալ քննարկման առարկա: Այսինքն, պարոն Ավինյանի ասածը կարող է մի քիչ կոպիտ հնչել, բայց 97711 պատվաստման դեպքերից մենք չունենք ոչ մի մահվան դեպք: Բայց կորոնավիրուսի 97711 դեպքից մենք ունենք մինիմում 2000 մահվան դեպք: Այսինքն՝ սա շատ կարևոր արձանագրում է: 97711 պատվաստվողից ոչ ոք չի մահացել, և համոզված ենք, որ զուտ պատվաստման պատճառով չի մահանա, բայց կորոնավիրուսով վարակվածից 97711 մենք 2000 մահվան դեպք մինիմում ունենում ենք: Եվ սա շատ կարևոր արձանագրում և ցուցանիշ է: Եվ այս գիտակցումը և այս կարգախոսը պետք է ամեն օր լինի մարդկանց աչքի առաջ, որպեսզի նրանք իսկապես պրոցեսին վերաբերվեն ոչ միայն որպես անհատական, այլ նաև՝ հանրային պատասխանատվություն: Եվ այստեղ կառավարությունը և գերատեսչությունները նաև անելիք ունեն: Կառավարության նիստից հետո, սրա հետ կապված կտամ հանձնարարական: Շատ լավ: Եթե ավելացնելու բան կա, թեմաների վերաբերյալ: Համեցեք պարոն Սինանյան:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան - Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մեր պատվաստումները շատ պահանջված են նաև այլ երկրների քաղաքացիների կողմից, որի արդյունքում, մանավանդ՝ կենտրոնի պոլիկլինկաներում և պատվաստման կենտրոններում կուտակումներ են առաջանում, որի արդյունքում 10 րոպեի ժամկետը հաճախ չենք կարողանում ապահովել, մանավանդ ՝ մեր տարեց քաղաքացիների համար: Չե՞նք կարող արտոնյալ կարգով գոնե մեր տարեցներին արագ ընդունենք, որպեսզի չսպասեն այլ երկրի քաղաքացիենրի հերթին:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյան – Իրապես մեր քաղաքականությունը պատվաստումային գործընթացներն իրականացնելու մեծ արձագանք է գտել, և մենք հետևում ենք այն սկզբունքին, որ պաշտպանված ենք մենք, եթե պաշտպանված են բոլորը: Եվ ինչքան շատ անձինք, անկախ քաղաքացիությունից, պատվաստված լինեն, այնքան և՛ մեր քաղաքացիներն են պաշտպանված, և՛ մեր տնտեսական գործթառույթները կարող են նորմալ ընթանալ:
Եվ այո, արտասահմանցի շատ քաղաքացիներ գալիս են Հայաստան պատվաստվելու նպատակով: Մենք երեկ որոշում ենք կայացրել, որ պոլիկլինիկաներն այսուհետ կսպասարկեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և այստեղ կացության իրավունքով բնակվողներին, իսկ արտասահմանից ժամանած անձինք կարող են պատվաստվել շարժական կետերում, որոնք բացօթյա տարածքներում են, և այդ հերթերի խնդիրը հուսով ենք կվերանա: Եվ սա ևս մեկ անգամ շեշտում, թե ինչքան կարևոր է, որ երկրում առկա են պատվաստանյութերը, պետությունն ամեն ջանք թափել է դրանք ապահովելու և անվճար կերպով քաղաքացիներին տրամադրելու համար: Եվ ես գուցե նաև պիտի նշեմ, որ մեր քաղաքացիները տեսնելով օտարերկրացիների բուռն ռեակցիան, ևս պետք է ոգևորվեն, գնահատեն և ավելի հակված լինեն օգտվելու այդ բարիքից:
Եթե կարելի է, մի փոքր ավելացում էլ անեմ. մենք, իհարկե, պարոն վարչապետ, պիտի նշենք նաև քովիդի վարակի հեռահար ազդեցությունն առողջության վրա, որի վերաբերյալ մենք անընդհատ այդ տեղեկատվությունը փոխանցում ենք քաղաքացիներին: Այո՛, պետությունը վճարում է, ամեն ջանք թափում է, բուժում է, բայց անգամ բուժման պարագայում մենք ունենում ենք հիվանդացության, ընդհանուր առողջական վիճակի վատթարացում, ուստի պատվաստումներն այն անվտանգ, արդյունավետ միջոցներն են, որպեսզի մեզ պաշտպանեն ոչ միայն մահից, այլ նաև առողջ մնալու հնարավորություն տան:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Եվ քանի որ թեման այդքան զարգացավ, ուղղակի մի դիտարկում, որի մեջ մի քիչ զավեշտալի էֆեկտ կա: Ես այսօր ահազանգ եմ ստացել, որ նաև պոլիկլինիկաներում հերթեր են գոյանում, և այսպես ասած սոցիալական հեռավորությունը և հերթերի կարգը շատ հաճախ չի պահվում: Դրան էլ է պետք ուշադրություն դարձնել, որովհետև շատ ցավալի կլինի, եթե պատվաստումների շուրջ աժիոտաժի ֆոնին մենք ունենանք քովիդի դեպքերի աճ այն պատճառով, որ հակահամաճարակային կանոնները հենց բժշկական հաստատություններում չեն պահպանվում: Խնդրում եմ սրա վրա նույնպես ուշադրություն դարձնել: