Մամլո հաղորդագրություններ
Մեր օրակարգում հարցերի հարցը Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրն է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն է:
Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ կառավարությունում: Սա տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մեր առաջին պաշտոնական հանդիպումն է, և շատ կարևոր է, որ ձևակերպենք առաջիկա անելիքները: Մենք իրար հետ շատ դժվար ճանապարհ ենք անցել, նկատի ունեմ՝ Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովուրդը: Եվ ծանր փորձության օրերին մեր ժողովրդին առաջնորդելու բեռն ու պատիվը մեր ուսերին է ընկած, և մենք պարտավոր ենք մեր առաքելությունը պատվով կատարել:
Իհարկե մենք, նաև՝ դուք էլ հիմա մի փոքր ավելի շատ, ես էլ նախընտրական շրջանում և դրանից առաջ, շատ ենք խոսել տեղի ունեցածի հանգամանքների մասին: Եվ դեռ կան հանգամանքներ, որոնց, իհարկե, անդրադառնալու առիթ կունենանք: Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ նաև նախընտրական շրջանում ես հստակ ձևակերպել եմ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունը, և կարևոր է, որ կարողանանք ձևակերպել այնպիսի ֆորմատ ու այնպես կազմակերպել աշխատանքը, որ այդ աշխատանքը լինի վստահելի, որովհետև շատ կարևոր հարցերի պատասխաններ պետք է ձևակերպվեն:
Բայց նաև կարևոր եմ համարում արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո մենք միասին բավականին լուրջ ջանքեր ենք գործադրել Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար: Այս ընթացքում երևի տասնյակ աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, մի մասը լուսաբանվել է, մյուս մասը չի լուսաբանվել: Եվ ես, անկեղծ ասած, շատ գոհ եմ մեր գործակցության մակարդակից, այն որոշումները, որ մինչև հիմա իրագործվել են, կարծում եմ՝ բավականին արդյունավետ են:
Հույս ունեմ՝ Արցախի մեր հայրենակիցները զգում են այդ որոշումների արդյունավետությունը, բայց, իհարկե, առաջիկայում ռազմավարական ծրագրեր կան քննարկելու, ես նկատի ունեմ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում: Իհարկե, մեր օրակարգում հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը: Եվ պետք է արձանագրենք, որ նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ էության, արձանագրելով այդ օրակարգը, որպես աշխատանքային օրակարգ: Եվ մենք, պետք է այստեղ նույնպես մեր անելիքները ճշգրտենք, նոր իրադրության մեջ փորձենք որոշակի ռազմավարություն որդեգրել և մեր նպատակներին հասնելու ուղիները մատնանշել:
Կրկին ողջունում եմ Ձեզ, համոզված եմ, որ այսօր քննարկումների արդյունքում նոր լիցք կտանք այն ծրագրերին, որոնք արդեն իրականացվում են, և կձևակերպենք առաջիկա նախագծերը:
Արայիկ Հարությունյան - Մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստանալու և ապագայում Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկը շարունակելու առումով: Համոզված եմ՝ այն ծրագրերը, որ քննարկել ենք, բերելու են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Պետք է համախմբենք հայությունն Արցախի շուրջ: Իհարկե, տարիների, տասնամյակների ընթացքում հայությունը միշտ եղել է Արցախի կողքին, միշտ աջակցել է, բայց այսօր ավելին՝ քան երբևէ, անհրաժեշտ է մեծ համախմբվածություն, և այդ դա մեզ հաջողվելու է:
Ուզում եմ միանշանակ արձանագրել այն, որ այսօր սոցիալ-տնտեսական առումով խնդիրները կարգավորվում են և սոցիալական այն ծրագրերը, որոնք իրականացրել է Հայաստանի կառավարությունը, միանշանակ Արցախը հանել է շոկային վիճակից: Այսօր սոցիալական քաղաքականությունը թույլ է տալիս վստահ հայտարարել, որ չկա ընտանիք, որը չի եղել ուշադրության կենտրոնում, և միանշանակ այդ ամենը միայն ու միայն Հայաստանի կառավարության կողմից հատկացված գումարների շնորհիվ: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարներն արդեն իսկ սկսել են ուղղվել բնակարանաշինությանը և ենթակառուցվածքների զարգացմանը: Այսօր Արցախը մի մեծ շինհարթակ է: Ծրագրերը պետք է շարունակել և առաջին հերթին՝ բնակարանաշինությունը, որը մեր գլխավոր խնդիրն է: Այսօր Արցախում բնակարանների խնդիրն այնքան խիստ է, որ օրը մեկ բնակարան կառուցելն էլ քիչ է: Մեր ծրագրերն իրականացնելու համար պետք է հասնենք նրան, որ առնվազն օրը մինչև 4-5 բնակարան կառուցենք: Այդ ծրագիրն ենք ուզում ներկայացնել հայությանը, որպեսզի ամեն մի հայ առաջիկա տարիներին մասնակցի բնակարանաշինության ծրագրերին:
Բայց, իհարկե, Արցախի ամենակարևոր խնդիրը անվտանգային, կարգավիճակի խնդիրն է: Եվ, բարեբախտաբար, կարգավիճակի առումով սկզբունքն ինչպիսին եղել է մինչ պատերազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից օրակարգային փոփոխություն չի կրել: Մենք պետք է ձգտենք, որ դա մնա օրակարգում: Ձեր բոլոր հայտարարությունները, մեր հայտարարությունները, որ Արցախի անկախության ճանապարհը քննարկման ենթակա չէ, վկայում է այն մասին, որ պետք է շարունակենք մեր պայքարը: Իսկ անվտանգության առումով, ուզում եմ վստահեցնել, որ Պաշտպանության բանակի և խաղաղապահ ուժերի կողմից իրավիճակը համատեղ վերահսկվում է: Իրականում բարդ է աշխարհագրությունը, բայց, բարեբախտաբար, որևէ լուրջ մտահոգող խնդիր չի եղել: Այսօր ընթանում է բերքահավաք, որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա: Ընթանում են նաև ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները հենց այսօրվա շփման գծի երկայնքով:
Մենք ունենք համատեղ քննարկելու ծրագրեր՝ վերականգնելու այն, ինչ կորցրել ենք, ինչը շատ ծանր և երկար աշխատանք է պահանջում:
Մեծարգո պարոն վարչապետ, ուզում եմ նորից հաջողություն մաղթել՝ այն մեծ պատասխանատվությունը, որ ստանձնել եք շատ բարդ ժամանակահատվածում՝ պատվով կատարելու համար: