Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր ձևավորված կառավարության առաջիկա անելիքներին

06.08.2021

ևս 12 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է նոր ձևավորված կառավարության առաջիկա անելիքներին. «Այսօր նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է: Կառավարությունը, ըստ էության, ձևավորված է: Չի նշանակված միայն արտաքին գործերի նախարարը: Ես ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս հաջողություն մաղթել մեր երկրի կառավարման գործում:

Առաջիկայում պետք է զբաղվենք կառավարության ծրագրի և ծրագրի իրականացման միջոցառումների գործողությունների ցանկը հաստատելու գործով: Մեր ծրագիրը, բնականաբար, պիտի հենված լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների վրա:

Ուզում եմ այս սեգմենտի վրա մեր ուշադրությունն առանձնահատուկ հրավիրել, որովհետև նախընտրական քարոզարշավը, սովորաբար և առավել ևս՝ այս նախընտրական քարոզարշավը, կենդանի գործընթաց է: Եվ այս նախընտրական քարոզարշավի ամենակարևոր առանձնահատկությունը, կարծում եմ այն է, որ իսկապես կենդանի երկխոսություն ստացվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Մենք կառավարության ծրագիրը կազմելիս պետք է ոչ միայն ուսումնասիրենք կամ հենվենք այն գրավոր փաստաթղթերի վրա, որոնք ընդունվել են մինչև նախընտրական քարոզարշավը, այլ նաև այն խոստումների վրա կամ այն ըմբռնման վրա, որ ձևավորվել է քաղաքացիների հետ կենդանի շփման ընթացքում:

Այս առումով՝ մեզ կարևոր աշխատանք է սպասվում: Իհարկե, առաջիկայում պիտի կենտրոնանանք այդ խնդրի լուծման վրա: Ե՛վ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ պայմաններում պիտի մի քանի քննարկումներ ունենանք, քանի որ մինչև օգոստոսի 23-ը ժամանակ ունենք՝ այն ներկայացնելու Ազգային ժողով: Եվ առաջիկայում սա մեզ համար պիտի լինի առաջնահերթություն»:

Եվրասիական հիմնադրամի կողմից տրամադրվող 3 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի շրջանակում Հայաստանում կիրականացվեն COVID-19-ի դեմ պայքարի աշխատանքներ

Կառավարությունը հավանություն է տվել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրի իրականացման համար որպես դրամաշնորհ կհատկացվի 3 մլն ԱՄՆ դոլար։ Նախատեսվող միջոցառումները կնպաստեն COVID-19-ի բռնկման ռազմավարական պատրաստվածության և հակազդման գործընթացին, առողջապահական համակարգի, մասնավորապես՝ կորոնավիրուսի հայտնաբերման և ախտորոշման, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի ծառայությունների կարողությունների հզորացմանը: Ծրագրի նպատակն է բժշկական ծառայությունների տրամադրման շարունակականության, ինչպես նաև հիվանդության տարածման սպառնալիքին արագ հակադարձելու կարողության ապահովումը` հաշվի առնելով նաև կորոնավիրուսի հնարավոր ալիքային ընթացքը և սեզոնային սրացումները:

Ծրագրով նախատեսված 3 բաղադրիչների շրջանակում նախատեսվում է իրականացնել, մասնավորապես՝ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղերի արդիականացում: Ըստ հիմնավորման՝ ՀՎԿԱԿ-ի մարզային տասը մասնաճյուղից հինգը՝ Շիրակը, Լոռին, Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը, արդեն իսկ վերակառուցվել, կառուցվել և հագեցվել են լաբորատոր սարքավորումներով: Նախատեսվում է վարակիչ հիվանդությունների դեպքերի վարման համակարգի հզորացում, մասնավորապես՝ ՀՀ Լոռու մարզում ինֆեկցիոն հիվանդությունների ծառայության ենթակառուցվածքի բարելավում: Կբարելավվեն Վանաձորում ինֆեկցիոն ծառայությունների համար նախատեսված շենքային պայմանները՝ կկառուցվի նոր մասնաշենք՝ 30 մահճակալի համար: Բացի այդ, ծրագրի շրջանակում նախատեսվում է հանրային իրազեկության բարձրացում, մասնավորապես՝ հանրային իրազեկման ռազմավարության մշակում, տեղեկատվական բազմազան հարթակների օգտագործում հանրային իրազեկման նպատակով։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ երեկվա դրությամբ կատարվել է 6492 թեստավորում, որից դրական է եղել 303-ը: «Ցավոք, մենք գրանցել ենք 4 մահ, ունեցել ենք 208 առողջացում: Ինչպես նկատում ենք՝ ավելացել են թեստավորման ծավալները: Դրական դեպքերի թիվը դանդաղ, բայց նույնպես աճ է գրանցում: Ըստ այդմ՝ մենք նորից փորձում ենք ուժեղացնել, հորդորել, ուշադրությունը սևեռել փակ տարածքներում կանոնների պահպանման ռեժիմի հաստատման վրա, քանի որ առաջիկայում մեզ սպասվում է ուսումնական նոր տարվա մեկնարկը, և ամեն բան պետք է անենք վարակի աճը զսպելու համար: Բայց ինչպես գիտենք՝ վարակի կանխարգելման ամենագործուն միջոցը՝ պատվաստումն է»,-ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել նաև պատվաստման գործընթացից. «Այս պահի դրությամբ իրականացրել ենք 190 036 պատվաստում, որից 6188-ը՝ երեկ: Ինչպես տեսնում ենք՝ պատվաստման տեմպի բավական լավ առաջընթաց ունենք: Սա, իհարկե, ուրախալի է, բայց պիտի շարունակական աշխատենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում պատվաստումները ողջ երկրում իրականացնելու, քանի որ կարճ ժամանակի ընթացքում արված պատվաստումներն ավելացնում են դրա արդյունավետությունը»:

Նախարարը հայտնել է նաև, որ 30 նմուշառված դեպքերից 25-ում եղել է դելտա շտամի, իսկ 5-ում՝ բրիտանական շտամի առկայություն: «Մեկ անգամ ևս հորդորում եմ՝ շատ ավելի զգոն լինել, որովհետև այս շտամն աչքի է ընկնում տարածելիության բարձր մակարդակով, ինչը բերում է նաև հիվանդացության աճի: Պետք է հնարավորինս խուսափել: Ցավոք, տարածաշրջանում գրանցվող նաև հոսպիտալացման մեծ դժվարություններից, ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին օր առաջ պատվաստվել: Դրանք անվճար են, արդյունավետ և հասանելի»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը ներկայացրել է նաև վարչապետի հանձնարարությամբ իրականացված վիճակագրությունը. «Հուլիսի 15-ից վարում ենք առանձին վիճակագրություն, քանի որ այդ ամսաթվից է գործում Հայաստանի Հանրապետությունում 10 օր լինելու պայմանը, ինչը թույլ է տվել առանձնացնել վիճակագրությունը: Տեղեկացնեմ, որ հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ պատվաստվել է 58 108 անձ, որոնցից 56 010-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, միայն 2096-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ: Սա ցույց է տալիս, որ այո՛, օտարերկրյա քաղաքացիները ևս պատվաստվում են, բայց այն շատ փոքր համամասնություն ունի ընդհանուր պատվաստվումների վիճակագրության մեջ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վիճակագրությունն անհրաժեշտ է առանձին իրականացնել և թվերը հրապարակելիս հենվել ՀՀ քաղաքացիների պատվաստումների թվի վրա: «Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ այս պահին մեր կարիքների հետ կապված պատվաստանյութերի խնդիր չունենք և առաջիկա մատակարարումներն էլ պլանավորվում ենք այնպես, որպեսզի ծրագիրն իրականացնենք և կարողանանք պատվաստումների էական աճ ունենալ»,-ասել է վարչապետը:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ անցած կիրակի ստացել են պատվաստանյութի խմբաքանակ: «Այս պահին առաջիկայում ակնկալում ենք չինական «Սինոֆարմ» ընկերության մատակարարումը: Պայմանագիրն արդեն իսկ կնքված է: Նվիրատվության խոստումների համար որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ տեխնիկական որոշ հարցեր ճշգրտելու համար: Մոտակա ժամանակներում ևս կստանանք որոշակի խմբաքանակ և բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ մատակարարումների ընթացքը անխափան ապահովելու համար»,-ասել է նախարարը:


Օրենսդրական նախաձեռնություններ. կկարգավորեն ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի հիմնական նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրոնային ծառայության հասկացության սահմանման հստակեցումն է, էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնների սահմանումը, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի հաշվարկելու և վճարելու կարգավորումների նախատեսումն է: Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը: Նախատեսվում է կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով` հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը, ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում, այդ թվում` մասնակի, կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ, ԱԱՀ գումարներ վճարելու և ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Բացի այդ, առաջարկվում է ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով կառավարության կողմից սահմանել հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի գծով լրացուցիչ հարկային մուտքերի ապահովում:

«Մենք նախագծել ենք համապատասխան էլեկտրոնային ծրագրի տեխնիկական առաջադրանքը, որը հնարավորություն է տալու առանց որևէ բարդության՝ էլեկտրոնային եղանակով գրանցվել հարկային մարմնում և ներկայացնել համապատասխան հաշվարկը: Այս եղանակով պոտենցիալ հարկ վճարողների հետ բանակցություններ են եղել մինչ այս փուլը, ու նրանց հետ համաձայնեցված է այդ էլեկտրոնային ծրագրի բոլոր բաղադրիչները»,-ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ այս փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2022-ի հունվարի 1-ից:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ մինչ այդ պետք է հասցնել ունենալ էլեկտրոնային ծրագիրը, որպեսզի հաջորդ տարվանից նման գործարքներ կատարող ընկերությունները՝ Google-ը, Facebook-ը և նմանատիպ ընկերությունները, օնլայն ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք հնարավորություն ունենան ավելացված արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունները հայտարարագրել ու վճարել:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքն էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները հարկելու մասին է, ինչպես անում են աշխարհի առաջատար երկրները: «Հարցը հետևյալն է՝ Facebook, Google ու ընդհանրապես ինտերնետային դաշտում, եթե, օրինակ բացում ենք նաև օտարերկրյա կայքեր, տեսնում ենք, որ այդ կայքերում հայկական ընկերությունների գովազդներ են տեղադրված: Բնականաբար, այդ ընկերությունները դրա համար վճարում են: Եթե նմանատիպ գործարքներ տեղի են ունենում Հայաստանում գրանցված ընկերությունների դեպքում, առաջանում են հարկային պարտավորություններ՝ ծառայությունը մատուցողի համար: Խնդիր ունենք, որ այս հարթակներում այդ գովազդներից մենք հարկեր չենք կարողանում գեներացնել: Հիմնական խնդիրը մեխանիզմի մեջ է, թե ինչպես հաշվառել այդ գործընթացը»,- ասել է վարչապետը:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ խոսքը բացառապես վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայություններին, կազմակերպությունների դեպքում հարցը կարգավորված է: Կառավարությունը սահմանելու է էլեկտրոնային ծառայությունների ցանկը, որոնք այս հարկման պարտականության տակ են ընկնում:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին նշել է, որ այս կարգավորումը ուղղված է ոչ միայն լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելուն, այլև մրցակցային պայմանները հավասարեցնելուն. «Մեր հաշվարկներով մոտավորապես ամենաքիչը 20 մլրդ դրամ լրացուցիչ հարկ կհավաքվի»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ դա դինամիկ զարգացող ոլորտ է և Հայաստանում էլ այդ ծառայությունների մատուցման, ծառայություններից օգտվողների շրջանակն էականորեն ավելանում է: Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև տաքիսների շուկայի կարգավորման հարցին, որը կառավարության օրակարգում է: «Դա ևս թեմա է, որին պետք է անպայման անդրադառնանք: Այստեղ պետք է երկու խնդիր առաձնացնենք՝ հարկեր-տուրքեր հատվածը պետք է առանձին քննարկենք, որակի ստանդարտի հարցը՝ առանձին: Մեր նպատակադրումը հետևյալն է՝ ունենալ այնպիսի մի մեխանիզմ, որ իսկապես անհատի հետ պետությունը հնարավորինս քիչ գործ ունենա»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ տաքսի ծառայությունների որակի կարգավորումները պետք է սկսել օդանավակայանից՝ հետագայում փուլային եղանակով տարածելով մայրաքաղաքի և նաև ամբողջ հանրապետության վրա:

Հավանության է արժանացել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու, ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ օրենքով ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակում՝ սահմանված կարգին համապատասխան: 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը եղել է 226.21 մլն մ3, 2020թ. նույն ժամանակահատվածի 351.98 մլն մ3 համեմատ՝ թերլցվածությունը կազմել է 125.77 մլն մ3: Շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել է պլանավորածից շուտ ջրի բացթողումներ: Սևանա լճից 2021թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10 օր շուտ և այդ ընթացքում արդեն իրականացվել է 19 մլն մ3 ջրառ: Նկատի ունենալով վերոգրյալը՝ Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներից չնախատեսված ջրալրում իրականացնելու պատճառով 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 մլն մ3 ջրի դեֆիցիտը:

Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող հինգ ջրօգտագործողների ընկերություննեի պայմանագրերով հաստատված 31.4 հազ հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում Հրազդան գետի ջրատվությունն 2021թ. ամբողջ ոռոգման ժամանակահատվածում պլանավորվել է շուրջ 170 մլն մ3 (վերջին 4 տարիների միջին ջրատվությունը կազմում է 190.8 մլն մ3 ), սակայն ինչպես փաստացի իրավիճակը այնպես էլ գետերի բազմամյա ջրագրության տվյալները վկայում են, որ նման տարում գետից հնարավոր կլինի վերցնել ընհամենը 116 մլն մ3 ջուր, որը նախատեսվածից պակաս կլինի շուրջ 54 մլն մ3 - ով և կառաջացնի դեֆիցիտ: Չոր եղանակով պայմանավորված բույսի ջրապահանջը ջրի նկատմամբ ավելացել շուրջ 20%-ով, կրճատվել է նաև ջրման ռեժիմը/տևողությունը: Միաժամանակ նախորդ տարիների փորձից ելնելով՝ 2020թ. կազմել է 2.94 հազ.հա, Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ նախատեսվել է լրացուցիչ 3-4 հազ. հա աշնանացանի ջրապահովվածություն: Ըստ այդմ՝ օրինագծով առաջարկվում է փոխել սահմանված ոռոգման նպատակով լճից 2021 թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 245 մլն մ3:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքտում անդրադարձել է երկու հարցի. «Առաջին հարցը հետևյալն է. սկսած մարտ ամսից մեր պետական իսնտիտուտներն ինձ զեկուցում են, այդ թվում գրավոր, որ այս տարի մենք ունենալու ենք Սևանի աննախադեպ բարձր մակարդակ: Երկրորդ՝ ոռոգման սեզոնի վերաբերյալ խորդհրդակցություն եմ անցկացրել դեռևս մեկ ամիս առաջ: Այն ժամանակ այս պրոբլեմները մենք քննարկել ենք և եզրակացություններ ենք արել, ես տվել եմ համապատասխան հանձնարականներ: Հիմա այսօր կարդում եմ, որ օրենքով նախատեսված 170 մլն մ3 արդեն առաջիկա օրերին կսպառվի, և լրացուցիչ պահանջը կլինի 75 մլն մ3: Այդ կանխատեսումներն անում են այն նույն պետական մարմինները, որոնք 2, 4 ամիս առաջ ուրիշ բան էին կանխատեսում: Ով կարող է այս երկու հարցի պատասխանը տալ: Նախ, որ այն ժամանակ զեկուցում էինք, որ Սևանա լճում ունենալու ենք աննախադեպ բարձր մակարդակ, այն ժամանակ չգիտեի՞նք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու և այլն: Եվ երկրորդ ՝ ինչու է հուլիսին կայացրած որոշումը իրականություն դառնում վերջին պահին՝ առանց պատշաճ հանրային քննարկումների»:

Ի պատասխան շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, մասնավորապես նշել է, որ կանխատեսելի էր այս տարի աննախադեպ բարձր ջերմային ֆոնը, բայց որ այսչափ շոգ ամառ կլիներ` կանխատեսելի չէր. «Եվ 12 օր առաջ, այսինքն՝ հունիսի 5-ի փոխարեն ավանդաբար առաջին ջրառն իրականացվել է մայիսի 25-ին: Դրան նաև գումարվեց աննախադեպ շոգերի պատճառով սակավաջրության ընդհանուր ֆոնը հանրապետությունում»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ տեղեկացրել է, որ որոշման նախագիծը ուշ է ներկայացվել, քանի որ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ. «Հաշվի առնելով, որ Սևանա լճից յուրաքանչյուր, նույնիսկ 1մլն մ3 վերցնելը ցավոտ թեմա է բոլորիս համար, բազմաթիվ գործընկերների հետ լուրջ քննարկումներ են ծավալվել, և այս թվին հասնելու խնդիր կար, այսինքն՝ արդյոք այս չափաքանակն է պետք: Օրենքում դրվում է ոչ թե այդքան, այլ մինչև 75 մլն մ3: Իհարկե, կարևոր են նաև եղանակային պայմանները, բայց գործընկերների հետ փորձելու ենք ամեն ինչ անել, այնպես կառավարել, որ այդ թվին չհասնենք»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինայնը նշել է, որ կանխատեսումների հետ կապված լուրջ պրոբլեմներ են առկա գրեթե բոլոր ոլորտներում. «Եվ երբ մենք ասում ենք կառավարման որակ, դա հետևյալն է՝ յուրաքանչյուրն իր տված կանխատեսման իրականություն դառնալու համար պետք է կրի պատասխանատվություն: Եվ սա պետք է լինի մեր գործելակերպը և գործելաոճը»:

Վարչապետն անդրադարձել է նաև այս որոշումների արդյունքում էներգետիկ համակարգում լրացուցիչ եկամուտների գեներացման հարցին և նշել. «Կարծում եմ՝ պետք է ստուգել, թե նախկինում այս նպատակով կուտակված գումարներն ինչպես են ծախսվել, թող Պետական վերահսկողական ծառայությունը զբաղվի դրանով: Ստուգում արեք և զեկուցեք, թե քանի անգամ է այս կարգի որոշում կայացվել և ինչպես են այդ գումարները բաշխվել: Եվ եթե մենք ուզում ենք, որ գումարը կոնկրետ նպատակային օգտագործվի՝ ոռոգման համակարգի կամ ջրային համակարգի բարելավման վրա, պետք է դա օրենքում հատուկ գրենք: Եթե ոչ, ապա այդ գումարները գեներացվելու են ցանցում և սակագների հետագա վերանայման ընթացքում հաշվի է առնվելու ի շահ, ի օգուտ սպառողների»:

Հավանություն է տրվել «Անշարժ գույքի գնահատման գործունության մասին» ՀՀ օերնքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ հիմնավորման՝ ներկայումս «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է միայն ՀՀ տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա: Առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել ՀՀ տարածքում իրականացվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների, քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտների գնահատման գործունեության վրա: Առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման պարտադիր դեպքերը՝ որպես գնահատման պարտադիր դեպքեր սահմանելով նաև, մասնավորապես, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման դեպքերում՝ բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի օտարման դեպքերի, գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում: Շուկայական գնահատման գործունեության ոլորտում առաջարկվող փոփոխությունների արդյունքում կընդլանվի շուկայական գնահատման ոլորտը, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների իրականացման համար կապահովվեն անհրաժեշտ տվյալներ, կբարձրանա ՀՀ անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների որակը, կներդրվի գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ինստիտուտը։


Այլ որոշումներ. Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի Լևոն Հայրապետյանի անվամբ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, 1991-2018 թվականների Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի հիմնադիր Լևոն Հայրապետյանի անվամբ անվանակոչելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ կարևորելով վաստակաշատ մանկավարժ Լևոն Հայրապետյանի ներդրած մեծ ավանդը սպորտի, մասնավորապես, սամբո մարզաձևի զարգացման, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցի անվանակոչումը Լևոն Հայրապետյանի անվամբ նրա երկար տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատական է:

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը: Հիմնավորման համաձայն՝ Արցախի Հանրապետությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկա իրավիճակը և ակնկալվող կադրային պահանջարկը, մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու, Երևանի՝ կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը: Մասնավորապես, համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հիմնավորումների՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և վիրավորում ստացած, ինչպես նաև 2021թ. առաջին եռամսյակում վաղաժամկետ զորացրվող և 2021/2022 ու 2022/2023 ուսումնական տարիների ընթացքում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-սպաների թվաքանակով պայմանավորված` առաջիկայում ՀՀ զինված ուժերում առաջանալու է բժիշկսպաների թվաքանակի նվազում: Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախորդ տարվա համեմատ ինտերնատուրային հատկացվող տեղերը ավելացրել է 17-ով:

← Վերադառնալ