Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը հանդես է եկել գնման ընթացակարգերի բողոքարկման համակարգը բարելավելու օրենսդրական նախաձեռնությամբ

18.08.2021

ևս 5 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել Կառավարության ծրագրին, որը Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում կներկայացվի Ազգային ժողով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության ծրագիրը՝ նշելով, որ այն հիմնված է 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա: Վարչապետի ամբողջական ելույթի սղագրությունը տե՛ս ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում:

Կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաղադրիչները՝

1. Անվտանգություն և արտաքին քաղաքականություն (արտաքին քաղաքականություն, ղարաբաղյան հիմնախնդիր, պաշտպանության ոլորտ, զինված ուժերի բարեփոխումներ, սփյուռքի հետ կապեր)

2. Տնտեսություն (մշակող արդյունաբերություն, կայուն զարգացում և կանաչ տնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, որակի ենթակառուցվածք, քաղաքաշինություն, բնական ռեսուրսների կայուն կառավարում)

3. Ենթակառուցվածքների զարգացում (տրանսպորտ, ճանապարհաշինություն, ջրային տնտեսություն, էներգետիկա)

4. Մարդկային կապիտալի զարգացում (ժողովրդագրություն, միգրացիա, կրթություն, գիտություն, առողջապահություն, աշխատանք և սոցիալական պաշտպանություն, երիտասարդություն, սպորտ, մշակույթ, շրջակա միջավայրի պահպանություն)

5. Իրավունք և արդարադատություն (ընտրական իրավունք. ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, դատաիրավական բարեփոխումներ, ոստիկանության բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներ).

6. Ինստիտուցիոնալ զարգացում (ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում, պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ, հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում, ինստիտուտների և գործառույթների արդիականացում, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք, տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, պետական գույքի արդյունավետ կառավարում, հարկաբյուջետային քաղաքականություն, հարկային և մաքսային վարչարարություն, պետական ծախսեր):

Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:


Գործադիրն առաջարկում է լավարկել գնման ընթացակարգերի բողոքարկման համակարգը

Կառավարությունը որոշում է ընդունել «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին:

Նախագծերի մշակումն իրականացվել է գնումների համակարգի բարեփոխումների 3-րդ փուլի շրջանակում: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի կանոնակարգել գնումների ընթացակարգերին վերաբերող 2 հարց: Առաջինը գնումների բողոքարկման համակարգում փոփոխությունն է՝ այն Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բողոքարկման ընթացակարգերին համապատասխանեցնելու նպատակով: Երկրորդ հարցը վերաբերում է առ այսօր Հայաստանում գոյություն ունեցող, զուգահեռաբար գործող գնումների անցկացման ազգային ընթացակարգերի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հատկացրած միջոցների շրջանակում կամ սահմաններում հատուկ այդ կազմակերպությունների սահմանած կանոններով իրականացվող ընթացակարգերի միասնականացմանը:

Գործող կարգավորման համաձայն՝ գնման ընթացակարգի արդյունքները կարող են բողոքարկվել արտադատական և դատական կարգով: Բողոք ներկայացնելու հնարավորություն ունի ցանկացած անձ: Կատարված ախտորոշումները ցույց են տալիս, որ արտադատական բողոքարկման համակարգն արդյունավետ չէ այն տեսակետից, որ կայացվող որոշումները ՀՀ օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց են, միմյանց հակասող, ինչի հետևանքով կամ դրանք բողոքարկվում են դատարաններում, կամ գնման ընթացակարգերը հայտարարվում են չկայացած: Խնդրահարույց է նաև բողոք ներկայացնելու հնարավորություն ունեցող անձանց լայն շրջանակը: Գործող արտադատական բողոքարկման համակարգը ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից խնդրահարույց է գնահատվել նաև ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների կողմից: Առաջարկվող կարգավորումների շրջանակում ձևավորվելիք բողոքարկման համակարգի մոդելը քննարկվել է վերջիններիս հետ և համարվել է ընդունելի լուծում:

Որպես արդյունք՝ ակնկալվում է ինստիտուցիոնալ և կիրառելիության տեսակետից ունենալ բողոքարկման արդյունավետ համակարգ, ինչպես նաև արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում գնումներն իրականացնել ազգային ընթացակարգերով:

← Վերադառնալ