Մամլո հաղորդագրություններ

Դուշանբեում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը

17.09.2021

ևս 2 լուսանկար



Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական քայլեր կիրականացվեն:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունից Հայաստան է վերադարձել լավ տպավորություններով: «Մեր երկու կառավարությունների գործունեությունը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ դա շատ լավ նրբերանգ է, որը հնարավորություն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողությունները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի` Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

← Վերադառնալ