Մամլո հաղորդագրություններ

Կմեկնարկի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը

24.09.2021

ևս 11 լուսանկար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: «Երեկ իրականացվել է 6221 թեստավորում, որից դրական դեպքերի թիվը կազմում է 906-ը: Ցավոք, երեկ արձանագրվել է 16 մահ: Այս պահին ՔՈՎԻԴ-ով պացիենտների բուժման համար 18 բժշկական կազմակերպություններում ծավալված է 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը: Ընդհանուր մեր մահճակալային կարողությունների կարելի է ասել 85 տոկոսն արդեն ծավալված է, որն այս պահին ծառայում է ՔՈՎԻԴ պացիենտների բուժման համար: Մենք առաջիկայում աշնան հետ կապված այլ հիվանդություններով ևս ունենք հիվանդացության աճ, ինչը բնական է, ուստի լարվածությունն ընդհանուր առմամբ առողջապահական համակարգի վրա բավական մեծ է»,-ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև պատվաստումների ցուցանիշները. «Մենք վերջին երկու օրերին շեշտակի աճ ունենք օրական պատվաստումների թվի: Երեկ չէ առաջին օրն իրականացրել ենք 9924 պատվաստում, երեկ՝ 8440: Սա խոսում է նրա մասին, որ մեր քաղաքացիների մոտ բավական մեծ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման առումով: Եվ սա բնական է, որովհետև ընդհանուր առմամբ իրականացված արդեն իսկ 385503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չունենք, պատվաստումներն արդյունավետ են, անվտանգ են և պաշտպանում են մեզ ՔՈՎԻԴ-ով պայմանավորված մահերից և առողջությանը ծանր վնաս հասցնելուց: Ներկայացնեմ նաև ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ քանիսն են կազմում պատվաստված քաղաքացիները: Այս պահին մենք ունենք 11470 քաղաքացի, ովքեր ունեն դրական ՔՈՎԻԴ թեստի պատախան: Այսինքն ակտիվ դեպքերի թիվն է սա, և ընդամենը 286-ն են, որ պատվաստված քաղաքացիների են: Սա, իհարկե, շատ բնական է, պատվաստումը, այո, 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այն շեշտակի նվազում է, բայց ամենակարևոր նպատակը այն է, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև: Ընդհանուր առմամբ հոսպիտալացված 2006 քաղաքացիներից ընդամենը 38-ն է պատվաստված: Այս քաղաքացիներն էլ, նորից եմ կրկնում, հիվանդությունը տանում են շատ ավելի թեթև, այս քաղաքացիների մեծ մասը հոսպիտալացված է, որովհետև ունի քրոնիկ բազմաթիվ այլ խնդիրներ»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վերլուծությամբ, եթե համադրում ենք թվերը, կարող ենք ասել, որ պատվաստանյութը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակվածությունից և ավելի շատ տոկոսով պաշտպանում է հոսպիտալացումից: Սա է իրական պատկերը»: Վարչապետն անդրադարձել է նաև հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումներին. «Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի հրամանը, որով պատվաստում չունեցող քաղաքացիները ստիպված կլինեն ամիսը 2 անգամ ՊՇՌ հետազոտության արդյունքներ ներկայացնել աշխատանքի ներկայանալու համար: Այս թեմայի վերաբերյալ քննարկումները շատ են: Քանի որ ՊՇՌ թեստը վճարովի ծառայություն է, հարցադրում է արվում, թե ինչպե՞ս կարելի է մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ֆինանսական ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսն անելու անհրաժեշտությունը և կարիքը չունեն: Պետությունը, կառավարությունը, հոգում է, որ այդ բոլոր մարդիկ, մեր սիրելի հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Այսինքն՝ քաղաքացին ինքն է ընտրում ծախս անե՞լ, թե՞ չանել: Այստեղ քաղաքացիների համար լրացուցիչ ծախս սահմանելու մասին որևէ խոսք լինել չի կարող: Կրկին ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 300 հազար պատվաստումներից մենք չունենք որևէ հիշատակման արժանի բարդություն: Ինչու եմ ասում հիշատակման արժանի, որովհետև, այո, կարող է մարդու ջերմությունը բարձրանալ, ինչպես բոլոր պատվաստումների դեպքում»:

Կառավարության ղեկավարը ընդգծել է նաև, որ կառավարության ներկայացուցիչներն առաջիններից են եղել, որ պատվաստվել են. «Դահլիճում նստած մարդիկ, եթե չունեն հակացուցում, բոլորը պատվաստված են: Այսպիսով՝ կառավարությունը քաղաքացիների համար որևէ կարգ սահմանելիս, նախ ինքն է այդ կարգը պահպանում: Սա շատ կարևոր արձանագրում է: Ես ինքս պատվաստված եմ, մեր ընտանիքի անդամները պատվաստված են: Եվ եթե զգանք, որ կարիք կա կրկին պատվաստվելու, մենք դա պետք է անպայման անենք: Սա մի պրոցես է, որով պետք է անցնենք: Մեր երկրի պատվաստման ցուցանիշերը ցածր են, այդ թվում տարածաշրջանային առումով»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ երկիրը պատվաստանյութերի դեֆիցիտ չպետք է ունենա: «Առողջապահության նախարարությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել, որպեսզի մենք բնականոն այս ուղղությամբ աշխատենք: Իհարկե, շատ ուրախալի է, որ ակտիվություն կա, և մեր հայրենակիցներին կոչ եմ անում, որ բոլորը պատվաստվեն, որովհետև դա շատ կարևոր է մեր երկրում համաճարակային իրավիճակը հսկողության տակ պահելու համար, առողջապահական համակարգը լրացուցիչ չծանրաբեռնելու առումով և, իհարկե, մեր երկրի տնտեսական բնականոն կյանքը շարունակելու համար: Ցավոք, կորոնավիրուսը շատ բացասական ազդեցություն է ունենում նաև տնտեսության վրա, եթե մենք չենք կարողանում այն վերահսկողության տակ պահել: Հիմա, ըստ էության, մենք եզրային վիճակում ենք, և կրկին կոչ եմ անում բոլորին, որպեսզի հակահամաճարակային կանոնները պահեն, առաջին հերթին խոսքը գնում է պատվաստումների մասին»,-ասել է վարչապետը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրը հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը և սահմանել նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման առանձնահատկությունները: Ըստ այդմ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի, այդ թվում Բագրուշատի թունելի, կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը սահմանվել է որպես առաջնահերթություն, հաստատվել ներդրումային ծրագիրը՝ նախատեսելով ծրագրի շրջանակում ձեռքբերվող շինարարական աշխատանքների նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև կարգավորել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի օտարման գործընթացի հետ կապված առանձնահատկությունները։ Մասնավորապես, հաշվի առնելով ներդրումային ծրագրի կարևորությունը և ռազմավարական նշանակությունը երկրի սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային զարգացման համար, ինչպես նաև հաշվի առնելով մրցույթի ծավալները և միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվելու հավանականությունը՝ առաջարկվում է ներդրումային ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգը կազմակերպել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների միջազգային ուղեցույցով սահմանված աշխատանքների ձեռքբերման համար նախատեսված նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման փաստաթղթերի օրինակելի ձևաչափերի հիման վրա։

Ըստ հիմնավորման՝ Հյուսիս-հարավը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն: Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման համար մինչ օրս վարկային պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ: Հյուսիս-հարավ ծրագրի ներկա փուլում շինարարական աշխատանքները ընթանում են հյուսիսային ուղղությամբ, ուստի անհրաժեշտություն է առաջացել ուշադրությունը կենտրոնացնել հարավային ուղղության (Տրանշ 4) վրա: Ծրագրի առաջնահերթությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինիս իրականացումը հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի հարավային շրջանների անվտանգությունը, ապահովել ճանապարհային անվտանգության պահանջվող մակարդակը, նպաստել հարավային շրջանների տնտեսական զարգացմանը և որպես արդյունք՝ նշված մարզերի բնակչության կենսամակարդակի բարելավմանը:

Որոշմամբ նախատեսվում է իրականացնել II տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ և դրանց հետ կապված այլ գործողությունները: Նախագծողի կողմից նախապատրաստված նախահաշվի համաձայն՝ ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 474.3 մլրդ ՀՀ դրամ:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով տրվում է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի արդեն շինարարական գործընթացի մեկնարկի փուլ: «Հիմա մենք մրցութային փաթեթներն ենք պատրաստելու և հայտարարելու ենք միջազգային մրցույթ, որից հետո հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի: Ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք ընդհանուր առմամբ, ճիշտ է՝ հիմա ծրագիր-4-ը Սիսիան-Քաջարան հատվածն է, բայց մենք Սիսիան-Ագարակ հատվածը դիտում ենք որպես մեկ ամբողջություն»,-ասել է կառավարության ղեկավարը և փոխվարչապետ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել, թե Քաջարան-Ագարակ հատվածի հետ կապված ե՞րբ են այդ փուլը մտնելու:

Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Քաջարան-Ագարակ հատվածի իրականացումը շատ ավելի հեշտ է, ներգրավված են նաև ֆինանսական միջոցներ: «Առավել բարդը Քաջարանի թունելի հատվածն է, որին ևս առանձին պիտի անդրադառնանք: Այսինքն՝ երկու հատվածի համար, այն է՝ Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ, կտանք մրցույթի մեկնարկը, զուգահեռ նաև կսկսենք գործընթաց՝ Քաջարանի թունելի համար ֆինանսական միջոցների հստակեցման և այդ աշխատանքների մեկնարկը նույնպես տալու ուղղությամբ»,-ասել է փոխվարչապետը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հաջորդը Թալին-Գյումրի հատվածն է, որտեղ հիմա ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացնում: «Մենք պլանավորել էինք, որ 2020 թվականին Գյումրի-Թալին հատվածի մի ուղղությունը պիտի շահագործման հանձնվեր, բայց կորոնավիրուսի համավարակի հետ կապված ծրագիրն իրականացնող մեր օտարերկրյա գործընկերները չկարողացան ժամանել»: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրել է, որ գործընկերներին տրված վերջնաժամկետը հոկտեմբերի 20-նն է. «Կարծում եմ՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ կունենանք մեկ ուղղությամբ բացված Թալին-Գյումրի ճանապարհահատվածը»:

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է ծրագիր 4-ի կարևորությունը՝ այն համարելով երրորդ հանրապետության պատմության ամենամասշտաբային շինարարական նախագիծը: «Սա շատ լուրջ մարտահրավեր է, և պետք է խնդիրը պատվով կատարենք: Սա նոր որակ կբերի մեր տնտեսությանը, մեր հաղորդակցությանը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր տնտեսական կապերի ամրապնդմանը: Դա նաև որոշակի հետաքրքրություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու այդ նախագծերի շրջանակներում: Իհարկե, եթե հարցը դիտարկում ենք ավելի լայն համատեքստում, տարածաշրջանային բոլոր տնտեսական կոմունիկացիաների բացման համատեքստում այս ծրագիրը բոլորովին ուրիշ մասշտաբ և նշանակություն է ստանում: Եվ հույս ունեմ, որ մենք սա իսկապես պատշաճ մակարդակով և ժամկետներում կիրականացնենք»,- ասել է վարչապետը:

Կպարզեցվի և կավտոմատացվի հիպոթեկային վարկի եկամտային հարկի վերադարձման գործընթացը

Հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման գործընթացն ավտոմատացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Նախատեսվում է հստակեցնել հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հետ կապված կարգավորումները։ Ներկայումս հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձն իրականացվում է վարկառու ֆիզիկական անձանց կողմից թղթային եղանակով հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի, անհրաժեշտ փաստաթղթերի (տեղեկանքների) հիման վրա։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձի համար հիպոթեկային վարկի վարկառու և համավարկառու հանդիսացող անձանց կողմից եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2022 թ. հունվարի 1-ից:

Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, երբ դիմում են առաջին անգամ եկամտային հարկի վերադարձման համար, ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթերը՝ վարկային պայմանագիրը, սեփականության իրավունքը վկայող փաստաթուղթը և այլն: «Դրանից հետո ամեն եռամսյակի արդյունքներով հաջորդ ամիս ներկայացնում են եկամտային հարկը վերադարձնելու դիմումներ, և դիմումների սպասարկումը գործող կարգավորումների համաձայն՝ այն տևում է 15 աշխատանքային օր: Արդյունքում՝ առաջանում են բազմաթիվ դժվարություններ և դժգոհություններ: Մենք փոխում ենք համակարգը: Առաջին անգամ դիմելու դեպքում կրկին նույն գործընթացն է լինելու՝ նույն փաստաթղթերն են ներկայացնելու, մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրամադրվելու է օգտանուն և գաղտնաբառ, որի միջոցով վերջինս անձնական գրասենյակ է ունենալու: Արդեն ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձնական գրասենյակում ինքաշխատ եղանակով 2 տվյալ է գեներացվելու՝ ԱՔՌԱ համակարգի միջոցով վարկի վճարված տոկոսների և վճարված եկամտահարկի վերաբերյալ: Ինքնաշխատ եղանակավ նաև դիմում է գեներացվելու, որը բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է հարկային մարմին: Եվ գործող 15 օրվա փոխարեն 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվի վրա»,-ասել է ՊԵԿ նախագահը:

Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 3200 երեխաների ամառային հանգիստը կազմակերպվել է Ծաղկաձորում և Հանքավանում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (որպես ԲԳԿ) հատկացված 13,440 հազար դրամ գումարը բաշխել ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին` ըստ փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների: Ըստ հիմնավորման, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովվելու նպատակով հատկացվել է 13,440 հազար դրամ գումար, սակայն մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն փաստացի կատարված ծախսերը կազմում են 14,699.8 հազար դրամ` ամփոփված հաշվարկները կցվում են: Չբավարարող 1,259.8 հազար դրամն առաջարկվում է վերաբաշխել պետբյուջեով նախարարության հատկացված միջոցների առաջացած տնտեսումներից:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյան մանրամասներ է ներկայացրել իրականացված ծրագրի վերաբերյալ: Ըստ այդմ, Հանքավանում և Ծաղկաձորում կազմակերպվել է ծրագրի շահառու ընտանիքների 3200 երեխայի հանգիստ: Ըստ փոխնախարարի՝ երեխաների տեղափուխումն իրականացվել է բարձրակարգ տրանսպորտային միջոցներով և այդ նպատակով մարզպետարանները գնել են համապատասխան ծառայություններ: «Սա մեծ ծրագրի վերջին միջոցառումն է, որով ամփոփում ենք 3200 երեխաների հանգիստի կազմակերպումը: Այս ծրագիրն իրականացվել է կառավարության, Ձեր նախաձեռնությամբ հատկացված միջոցների շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Ծրագիրը, կարելի է ասել, հաջող է իրականացվել: Մասնավորապես, կորոնավիրուսի հետ կապված՝ երեխաները նախօրոք թեստավորվել են, թեստավորվել և պատվաստվել է ճամբարների աշխատակազմերի ճնշող մեմասնությունը: Եվ այդ 40 օրվա ընթացքում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել»,-ասել է Վաչե Տերտերյանը: Փոխնախարարի խոսքով՝ այս տարի ճամբարներում իրականացվել են նաև թեմատիկ ուղղվածության աշխատանքներ՝ հաղորդակցման, բանավեճի հմտություններ, հայրենասիրություն, ժողովրդավարական արժեքներ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ծրագրին, նշել է. «Մենք այս ծրագիրը հաստատելուց առաջ շատ երկար քննարկում էինք ունեցել: Այդ քննարկումն ուներ մի քանի կոմպոնենտ: Առաջին կոմպոնենտն այն էր, որ երբ երեխաների, զոհված զինվորների, հաշմանդամություն ունեցող զինվորների և սոցիալապես անապահով խավի երեխաների համար պետական ծրագիր է իրականացվում, ուրեմն պետք է ամեն ինչ հնարավորինս ամենաբարձր մակարդակով լինի՝ սկսած տեղափոխումից, վերջացրած պայմաններով: Հաջորդ կարևոր բաղադրիչը նա էր, որ անպայման այդ միջոցառումը պետք է ունենա կրթական, հոգեբանական կոմպոնենտ, որպեսզի բոլոր այդ երեխաները հնարավորինս դրական լիցքեր ստացած վերադառնան իրենց ընտանիքներ, կրթության և այլն: Այս նրբությունը ես շեշտում եմ առանձնահատուկ և ուրախ եմ, որ, այո՛, այդ պարամետրերով է ծրագիրն իրականացվել:

Հաջորդ նրբությունը. երբ հակահամաճարակային կանոնները պահվում են, փաստորեն կարելի է կորոնավիրուսի տարածումը կանխարգելել: Դա շատ հիշարժան օրինակ է, փաստորեն, 3000 երեխայի շփման արդյունքում կորոնավիրուսի ոչ մի դեպք չենք ունեցել այդ միջավայրում: Սա նշանակում է, որ հակահամահաճարակային կանոնները պահպանելով, որոշակի ջանք գործադրելով՝ արդյունք կունենանք»:

«Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մանկավարժները կստանան դրամական պարգևներ՝ յուրաքանյուրը 500.000 դրամ

«Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրում» միջոցառման իրականացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատահարմար է գտել 2021 թվականի միջոցառման շրջանակում «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: Նախատեսվում է պարգևատրել շուրջ 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանյուրին 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը)։ 2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել է 58 մանկավարժ ՝դյուրակիր համակարգիչներով։ Մանկավարժներին դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին՝ սեփական աշխատանքի արդյունքում ձեռքբերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ։

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխել 15,606.1 հազար դրամ: Վերաբաշխվող գումարները նախատեսվում է ուղղել կապիտալ ծախսերի, մասնավորապես՝ Եղվարդի N 1 ավագ դպրոցի սանհանգույցների ոչ բարվոք վիճակի և դասասենյակների մանրահատակի վերանորոգմանը և Երևանի Ա. Երզնկյանի N 118 ավագ դպրոցի ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը:

Գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ՝ կիրառման ընթացքում առաջացած խնդիրները հստակեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է, մասնավորապես՝ տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման կազմակերպչական աշխատանքները սկսելու համար սահմանել նոր ժամկետ` պայմանագրի ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ: Դա հնարավորություն կընձեռնի մինչև թափուր տեղ առաջանալը ընտրել նոր տնօրեն և խուսափել ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հանգամանքից, իսկ այլ պատճառներով տնօրենի տեղի թափուր տեղ առաջանալու դեպքում` երեք ամսվա ընթացքում հայտարարվում է մրցույթ: Որոշմամբ առավել հստակ է սահմանվել խորհրդի լիազորությունները և մրցույթի անցկացման աշխատանքների կազմակերպումը, սահմանվել է նաև լիազոր մարմնի ներկայացուցչի և զանգվածային լրատվական միջոցների մասնակցության ապահովման ու նրանց լիազորությունները: Սահմանվել է նաև, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, ով հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայներ:

 Աշխատանք փնտրողներն այսուհետ կարող են առցանց եղանակով հաշվառվել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում

Աշխատանք փնտրող անձանց կողմից Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում առցանց հաշվառվելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ զբաղվածության տարածքային կենտրոնում սահմանված կարգով հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձը ներկայացնում է մի շարք փաստաթղթերի բնօրինակները: Որոշմամբ առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան աշխատանք փնտրող անձանց նաև առցանց եղանակով հաշվառվելու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում՝ ներկայացնելով հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները՝ Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջի (https://socservice.am) կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-request.am) միջոցով:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ սահմանելով կենսաթոշակը, ինչպես նաև խնամքի նպաստն Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության նոր ժամկետ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը (սահմանված էր 2021 թվականի հոկտեմբերի 1-ը)։ 

 

← Վերադառնալ