Մամլո հաղորդագրություններ

Վիլնյուսում Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

04.10.2021

ևս 10 լուսանկար



Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ:

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմերով հանդիպման ընթացքում:

Լիտվայի վարչապետը կարևորել է Նիկոլ Փաշինյանի այցը Վիլնյուս և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացմանը: Ինգրիդա Շիմոնիտեն ողջունել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված վերջին տարիների քայլերը և նշել, որ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ երկկողմ փոխգործակցության շրջանակում իր երկրի կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին: Տիկին Շիմոնիտեն հիացմունքով է արտահայտվել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին և ընդգծել դրանց ժողովրդավարական սկզբունքներին և բարձր չափանիշներին համապատասախանության փաստը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը ստացել է ժողովրդի լիարժեք մանդատը` ավելի լայն թափով առաջ մղելու բարեփոխումները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-լիտվական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և Լիտվայի հետ փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով: Վարչապետը նշել է երկու երկրների գործարարների միջև կապերի ընդլայնմանը միտված ծրագրերը և համոզմունք հայտնել, որ Երևանի և Վիլնյուսի միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումը նոր ազդակ կհաղորդի զբոսաշրջության ոլորտում ընդլայնման և առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել լիտվական կողմին մեր երկրին կորոնավիրուսի դեմ 50 հազար դեղաչափ պատվաստանյութ տրամադրելու համար և նշել, որ միայն համատեղ ջանքերով կլինի արդյունավետ պայքարել համավարակի դեմ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Լիտվայի հետ սերտ գործակցությունը և հավելել, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության ամրապնդման հաստատակամ քայլերը:

Կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացների վերաբերյալ և կարևորել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովումը:

Հանդիպման արդյունքներով վարչապետեր Փաշինյանի և Շիմոնիտեի ներկայությամբ Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխգործակցության մասին համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը:

← Վերադառնալ