ևս 3 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
Ողջունելով վրաց գործընկերոջը՝ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Բաթում քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ և զորակցություն հայտնել Վրաստանի կառավարությանը, վրաց ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին, որ չնայած այդ արտակարգ իրավիճակին՝ չի չեղարկել իր այցը Հայաստան:
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին զորակցության խոսքերի համար:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին արձանագրել են, որ երկկողմ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը: