Մամլո հաղորդագրություններ
Հայաստանում կստեղծվի երկարաժամկետ մրցունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում
ևս 4 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու և պետբյուջերում ու նախկինում ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Ըստ այդմ՝ առաջարկվում է ֆոնդի կանոնադրական կապիտալում նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով ներդնել 4 մլրդ 733 մլն 720 հազար դրամ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և ընկերության օգտին տեղաբաշխելու միջոցով։ Հիմնավորման համաձայն՝ 2021 թ. հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիա» (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են ՀՀ-ում ստեղծել ազգային ավիաընկերություն: Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար ֆոնդը պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,733,720,000 դրամ, իսկ «Էյր Արաբիա» ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով: Ավիաընկերության կառավարումն իրականացնելու է «Էյր Արաբիան»:
Նոր ազգային ավիաընկերության ստեղծումը մեծապես կնպաստի երկրում արագ աճ գրանցող զբոսաշրջության և հարակից ոլորտների ներուժի օգտագործմանը, ինչպես նաև տնտեսական ակտիվությանը՝ ՀՀ քաղաքացիներին ապահովելով հուսալի, որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության հնարավորությամբ:
Հարցը ներկայացրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը՝ նշելով, որ այն կյանքի է կոչում ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին ՀՀ կառավարության դեռ որոշ ժամանակ առաջ տրված խոստումը։ «Կարևորում ենք այն հանգամանքը, որ գործարքն իրականացրել ենք հաշվարկի, պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում և ստացել ենք առավելագույնս կենսունակ մոդել։ Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը կարող էր տեսականորեն դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը։ Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն արդեն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, այն է՝ «Էյր Արաբիա» ընկերության մոդելի մոտ 20 տարվա դրական փորձը։ Սա, կարծում եմ, առաջին անգամ մեզ հնարավորություն է տալիս ունենալ երկարաժամկետ մրցունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող»,- ասել է Դավիթ Փափազյանը՝ հավելելով, որ նման գործընկերոջ հետ համատեղ հաջողված ծրագիրն ավիափոխադրության ոլորտի նման բարդ ոլորտում, նպաստելու է նաև Հայաստանը գործարարների համար գրավիչ, ներդրումների համար ապահով երկիր դարձնելուն:
Ֆոնդի գործադիր տնօրենն ընդգծել է ազգային ավիափոխադրող ստեղծելու կարևորությունը հատկապես տնտեսության զարգացմանը նպաստելու առումով. «Ցանկացած բիզնես նախաձեռնության հաջողության գրավականը մրցունակ բիզնես մոդելն է։ Ընկերությունը չի ունենալու ոչ մի պետական արտոնություն։ Այսպիսով, գործի ենք դնում մեզ համար առաջնային թիրախների իրականացումը, այն է՝ մրցունակ, շահութաբեր, երկարաժամկետ կտրվածքում կենսունակ ընկերություն ստեղծելը, որը կլինի պետության համար եկամուտի աղբյուր, կստեղծի աշխատատեղեր, կընդլայնվի և կստեղծի տնտեսական շոշափելի արդյունք»։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռևս 2018-ին իրենք կարևորել են ՀՀ-ում հայկական ավիաընկերությունների ստեղծման և զարգացման նպատակը, և այդ առումով կառավարությունը որոշակի դերակատարում պետք է ունենա: «Այս որոշումն արտահայտում է ՀՀ կառավարության հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը, ինչը չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունում այլ հայկական ավիաընկերություններ չպետք է լինեն և չեն կարող լինել: Տվյալ դեպքում, ՀՀ կառավարությունը պայմանավորվածություն ունենալով «Էյր Արաբիա» ընկերության (դուստր ընկերության) հետ, հետևյալ գործողությունն է արվում՝ յուրաքանչյուրը ներդնում է 10 մլն դոլար: Մենք այսպիսի գործընկերությունը կարևոր ենք համարում, քանի որ «Էյր Արաբիան» ունի ավիաընկերություն ստեղծելու և զարգացնելու փորձառություն: Մենք, ըստ էության, այս համատեղ ներդրմամբ հրավիրում ենք «Էյր Արաբիա» ընկերությանը, որպեսզի նաև մեզ հետ հիմնադրի և կառավարի ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա»: Այստեղ հարց կա ազգային փոխադրող հասկացության հետ կապված. մեր օրենսդրությամբ ազգային փոխադրող հասկացությունը կարող է օգտագործել յուրաքանչյուր ընկերություն, ով գրանցված է ՀՀ-ում՝ որպես հայկական ընկերություն, և այս իրավիճակը մենք շարունակելու ենք պահպանել: Ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու և գործելու է մրցակցային հավասար դաշտում: Այստեղ միակ տարբերությունն այն է, որ կառավարությունը ներդրում է անում: Ես գիտեմ, որ պրոցեսի հետ կապված որոշակի կասկածներ, մտավախություններ, տարընթերցումներ կան՝ մանավանդ հաշվի առնելով, որ այս ոլորտում ունենք, մեղմ ասած, տհաճ հիշողություններ: Բայց կարծում եմ, որ մենք պետք է այս ճանապարհով գնանք՝ գիտակցելով նաև, որ այստեղ ունենք որոշակի ռիսկեր, ինչպես ցանկացած ներդրման պարագայում: Կարծում ենք, որ ստեղծել ենք բավարար պայմաններ, որպեսզի այդ ռիսկերը լինեն կառավարելի»,- ասել է վարչապետը և նշել, որ պետք է հստակ երաշխիքներ ստեղծվեն նաև ավիաընկերության հանձնառությունը՝ 2022 թվականի գարնանից կանոնավոր չվերթներ իրականացնելու, հստակ կատարվի:
Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ծրագրի իրականացման գործում և հույս հայտնել, որ ավիաընկերությունն իսկապես կդառնա հպարտության առարկա կառավարության, Հայաստանի Հանրապետության համար և լոկոմոտիվի դեր կկատարի այս ոլորտում նոր ներդրումների ներգրավման հարցում:
Գործադիրը կսուբսիդավորի կամ կփոխհատուցի աշնանացան ցորենի սերմերի գինը
«ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թ. պետական աջակցության» ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության, ինչպես նաև սակավաջրության հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով։ Ծրագրի շրջանակում 2021 թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած մատակարարների կողմից ծրագրով նախատեսված ՀՀ բոլոր մարզերում իրականացվելու են աշնանացան ցորենի սերմացուի վաճառք: Մարզերից ստացված նախնական տեղեկատվությամբ պահանջարկը կազմում է 4 700 000 կգ աշնանացան ցորենի սերմացու, որի արդյունքում կիրականացվի շուրջ 13 429 հա ցանքս: Ծրագրով սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը, որի համար անհրաժեշտ է 329.0 մլն դրամ գումար: Պահանջվող գումարն առաջարկվում է տրամադրել մի շարք միջոցառումներով նախատեսված չօգտագործված ֆինանսական միջոցներից:
Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ծրագիրն առաջին անգամ գործարկվել է անցած տարի. 4200 տոննա ցորեն է ցանվել 15 հազար հեկտարի վրա: Նախարարն ընդհանուր առմամբ դրական և հաջողված է համարել ծրագրի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրեցինք, որ շատ դեպքերում մեր գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները ֆինանսական խնայողություններ անելու պատճառով ոչ թե բարձրորակ սերմացու են ցանում, այլ ուղղակի իրենց նախորդ բերքից ստացած կամ շուկայից գնած սովորական ցորենը կամ հացահատիկը, ինչը ի սկզբանե արդեն որևէ արդյունավետություն չի խոստանում: Այս ծրագիրը ստեղծեցինք հետևյալ նկատառումներով. քաղաքացուն ասում ենք` ենթադրենք դուք 70 դրամ եք տալիս սովորական ցորեն գնելու և այն որպես սերմ օգտագործելու համար, մենք ձեր այդ գումարին լրացուցիչ ավելացնում ենք այնքան, որպեսզի դուք կարողանաք լիցենզավորված սերմ գնել»:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարության պատասխանատվությունն է գյուղացիներին իրոք սերտիֆիկացված սերմերով ապահովելն ու երաշխավորելը. «Ես ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ մի պատմություն է եղել Հայաստանում, երբ պետական ծրագրով իբր սերտիֆիկացված սերմ է ցանվել, բայց արդյունքում գյուղացիները հայտնվել են մեծ պարտքերի տակ, մի քանի քրեական գործեր են հարուցվել, որոնք չեմ բացառում, որ մինչև հիմա էլ քննվում են: Այնպես որ, այստեղ մեր տեսչական, մաքսային և վերահսկողական լիազորություն ունեցող բոլոր մարմինները պետք է հստակ կարողանան ապահովել, որ առաջարկվող սերտիֆիկացված սերմացուի անվան տակ վաճառվող սերմերը իրոք սերտիֆիկացված լինեն»:
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ այս ծրագրով փորձ է արվում աջակցել գյուղացիական տնտեսություններին. «Ուզում եմ նաև հիշեցնել, երբ մենք ծրագիրը սկսել ենք, նախապես հայտարարել ենք, որ այն ժամանակավոր է լինելու: Մենք պարզապես փորձ ենք անում աջակցել մեր գյուղացիական տնտեսություններին, որ իրենք սեփական օրինակով տեսնեն, թե այդ մի քանի դրամ ավելի ծախսելը գործնականում ինչքան անգամ ավելի եկամուտ կարող է բերել»: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է նաև գյուղատնտեսության ապահովագրության համակարգի կարևորությունն ու դրա զարգացման անհրաժեշտությունը:
Կառավարությունը կփոխհատուցի մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ոռոգման ջրի վարձավճարը
Կառավարությունը հաստատել է մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը ավելի է 2-3 անգամ: Ծրագրի շրջանակում կանխատեսվող կաթիլային, անձրևացման համակարգ ներդրողները 22 հազ. հա հողատարածքի համար կօգտագործեն շուրջ 88.5 մլն մ3 ջուր, որի արդյունքում ոռոգման ջրի ծախսը կնվազի 2-3 անգամ: Արդյունքում՝ հնարավորություն կտրվի այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր, կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ այն նախընտրական խոստումներից է: «Մենք ունենք նաև պետական ծրագիր կաթիլային ոռոգման համակարգին անցնելու աջակցման, որի շրջանակում քաղաքացին վարկ է ստանում 0 տոկոսով: Այս գործընթացը շատ կարևոր է, և մենք պետք է իրականացնեք: Պետք է արձանագրենք՝ ոռոգման այն մեթոդը, որն այսօր Հայաստանում լայնորեն օտագործվում է, ապագա չունի, որովհետև ջրային ռեսուրսները գնալով ավելի են թանկանալու, կլիմայի փոփոխությունների բերումով դառնալու են ավելի պահանջված և ենթադրաբար երաշտներն առաջիկայում ավելի են տեսանելի լինելու: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ ավանդական ոռոգման ձևերն ապագա չունեն և հետևաբար ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ամբողջ հանրապետությունն անցնի կաթիլային ոռոգման»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ դրան զուգընթաց անհրաժեշտ է նաև խթանել ինտեսիվ գյուղատնտեսության զարգացումը:
Ընդգծելով կաթիլային ոռոգման համակարգի կարևորությունը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն շատ լավ հնարավորություն է գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար. «Քաղաքացիները հնարավորություն ունեն այս ծրագրի շրջանակում մինչև ոռոգման հաջորդ սեզոնի մեկնարկն անցնել կաթիլային ոռոգման կամ անձրևացման համակարգի, այդ թվում՝ պետական աջակցության միջոցով, և 2022 թվականի ոռոգման սեզոնի մեկնարկից մինչև 2027 թվականը ոչ մի լումա, դրամ չվճարել ոռոգման համար»:
Վարչապետն անդրադարձել է նաև տնամերձ հողամասերի մշակման հարցին. «Մեր քաղաքացիները տնամերձ այգիները շատ մեծ մասով չեն դիտարկում որպես եկամտի պոտենցիալ աղբյուր: Գործնականում այստեղ նույնպես մենք որոշակի մտածողության փոփոխության կարիք ունենք: Խորհրդակցելով, թե ինչպես կարող ենք փոխել այս իրավիճակը, մի այսպիսի գաղափար է հղացել՝ իրականացնել պետական ծրագիր. այն քաղաքացիները, որոնք կհամաձայնվեն իրենց այգու հողատարածքը մաքրել չսերտիֆիկացված ծառերից, ապա կառավարությունը փոխարենը կտա սերտիֆիկացված տնկի, եթե իրենք կունենան նաև կաթիլային ոռոգման համակարգ: Ես համապատասխան հանձնարականը տվել եմ արդեն և հույս ունեմ, որ առաջիկայում կքննարկենք նաև այդ ծրագիրը»:
Գործադիրն ընդունել է մեկ այլ որոշում՝ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում մինչև 2021 թ. ապրիլի 1-ը ծրագրին դիմած, վարկավորված, սակայն հավաստագիր չստացած տնտեսավարողների համար հավաստագրի առկայության նախապայմանը հոկտեմբերի 15-ից հետո ֆինանսական կառույցների կողմից չկիրառելու անհրաժեշտությամբ։ Ըստ հիմնավորման՝ 2019 թ-ից իրականացվող ծրագրի նկատմամբ հանրապետությունում ձևավորվել է բավականին մեծ հետաքրքրվածություն, որն արտահայտվում է շահառուների մեծ թվով։ Մինչև 2021 թ. հունիսի 30-ը ծրագրի շրջանակում տրամադրվել է 62825 միավոր վարկ՝ շուրջ 151.2 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 11.2 մլրդ դրամ: Ներկայումս առկա են շուրջ հազար տնտեսավարողներ, որոնք դիմել են մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը, վարկավորվել են, սակայն հավաստագիր չեն ստացել։ Վերջիններս մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը ֆինանսական կառույցներին հավաստագիր չներկայացնելու դեպքում կդադարեն համարվել ծրագրի շահառու, և նրանց վարկի տոկոսադրույքի նկատմամբ կկիրառվի վերահաշվարկ:
Կընդլայնվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շահառուների շրջանակը. պարզեցվել և հստակեցվել են ընթացակարգի պայմաններն և դրույթները
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը, պայմաններն և դրույթները հստակեցնելու ու պարզեցնելու նպատակով: Նախատեսվում է նաև ընդլայնել ծրագրերի շահառուների շրջանակը: Ծրագրերը մեկնարկել են 2020 թ. հուլիսի 1-ին։ Մասնավորապես, իրականացվում են հետևյալ նպատակային ծրագրերը՝միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն), կանխավճարի ապահովագրության ծրագիր (հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար), երեխայի ծննդյան աջակցության ծրագիր (հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն)։ Վերոնշյալ նպատակային ծրագրերի ընթացակարգերը խիստ սահմանափակում են շահառուների շրջանակը, ինչի արդյունքում շահառուները, բավարարելով ծրագրերով սահմանված պահանջներին (հիմնական պայմաններին), չեն ընդգրկվում ծրագրերում։ Հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան, մասնավորապես, առաջարկվող փոփոխություներից մեկով հստակեցվում է, որ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում աջակցության չափը հաշվարկվում է դիմելու օրվա դրությամբ առկա մնացորդային մայր գումարի հիման վրա։ Գործնականում լինում են դեպքեր, երբ երեխայի ծնվելուց հետո, շահառուն մի քանի ամիս սպասում է, որպեսզի բավարարի 12 ամիս հիփոթեքային վարկի մարումներ ունենալու պայմանին, այնուհետ դիմում է երեխայի ծննդյան աջակցության ծրագրում ընդգրկվելու համար (բայց մինչև երեխայի 1 տարին լրանալը)։ Սակայն, այդ ընթացքում շահառուն հիփոթեքային վարկի գծով կատարում է վաղաժամ մարումներ, որի արդյունքում երեխայի ծննդյան ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդային մայր գումարն էապես տարբերվում է դիմելու օրվա դրությամբ վարկի մնացորդային մայր գումարից։ Նույնիսկ հնարավոր են դեպքեր, երբ երեխայի ծննդյան ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդային մայր գումարի հիման վրա հաշվարկված աջակցության չափը գերազանցի դիմելու օրվա դրությամբ վարկի մնացորդային մայր գումարին: Նոր լրացվող՝ 27-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանվում է երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության հաշվարկման մեխանիզմը։
Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է երկարաձգել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման և միևնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջև առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Նախագծի նախապատրաստման համար հիմք է հանդիսացել նաև ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը, ինչպես նաև գործնականում օրենքի կիրառության ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներ լուծելու նպատակ: Մասնավորապես, միջին մասնագիտական ծրագրով վարժարաններում և այլ ուսումնական հաստատություններում ուսանող կամ արդեն իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիներին ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրելու անհրաժեշտություն կա։ Միաժամանակ, 2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված ներկայումս աշխատանքներ են տարվում հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման արդիականացված ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման նպատակով տեխնիկական առաջադրանք մշակելու, ինչպես նաև պայամանգիր կնքելու իրավունք շնորհելու համար գնման ընթացակարգի մրցույթ հայտարարելու ուղղությամբ։ Օրինագծերով նախատեսվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։ Նախագծերով առաջարկվում է նաև բուժհաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը, կամ շարժելու ունակությունը ժամականավորապես կորցրած անձանց համար սահմանել անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների (մասնավորապես հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ)դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում։ Ընդ որում, անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու համար ընտրվել է քաղաքացու փոխարեն դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների նեղ շրջանակ (միայն մերձավոր ազգականներ կամ բժշկական հաստատության ղեկավարի գրություն)՝ անձը հաստատող փաստաթուղթն այլ նպատակով օգտագործելու հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։ Նախագծերով առաջարկվող մյուս փոփոխությունը պայմանավորված է պրակտիկայում առկա այն խնդրով, որ ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում (նույնականացման քարտում) որպես ծննդավայր որևէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս: Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը: Այս դիրքորոշման ձևավորման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հաշվի առնելով միջազգային չափանիշները, ցանկացած այնպիսի դեպքում, երբ «ծննդյան վայրը» դաշտում կոնկրետ պետություն նշելը խնդրահարույց է կամ որևէ այլ հիմնավոր կամ ակնհայտ պատճառով նպատակահարմար չէ, պետությունները քաղաքացիների անձնագրում նշում են միայն անձի ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը` հիմք ընդունելով այդ փաստը հավաստող փաստաթուղթը (ծննդյան վկայական, օտարերկրյա անձնագիր, այլ փաստաթուղթ): Արդյունքում, առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ ևս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է, ինչն էլ հիմք է հանդիսացել սույն հոդվածով նախատեսվող օրենսդրական փոփոխության համար։ Նախագծերով առաջարկվող այլ փոփոխություններով լուծումներ են նախատեսվում իրավակիրառ պրակտիկան և գործող օրենսդրությունը համապատասխանեցնելուն: Մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը իրավակիրառ պրակտիկայում վերադարձվում է ոչ թե համեմատելուց անմիջապես հետո, ինչպես նշված է գործող օրենքում, այլ հին անձնագիրը նորով փոխարինելիս` այն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում մուտքագրվելուց հետո ճանաչվում է անվավեր, դակվում է և վերադարձվում է քաղաքացուն վերջինիս ցանկությամբ միայն նոր անձնագիրը տրամադրելու հետ միաժամանակ: Միաժամանակ, այս փոփոխությամբ քաղաքացուն անվավեր ճանաչված և դակված անձնագիրը չի վերադարձվում, եթե այն կեղծ է եղել կամ ձեռք է բերվել ՀՀ օրենսդրության խախտմամբ: Բացի այդ, նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը:
Հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝տրանսֆերային գնագոյացման կարգավորումների լիարժեք և արդյունավետ ներդրման, ինչպես նաև վերջիններիս կիրառման համար համապատասխան իրավական կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ակնկալվում է, որ սույն նախագիծը կնպաստի տրանսֆերային գնագոյացման կարգավորումների համապատասխանեցմանը միջազգային մոտեցումներին, հարկային հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը, հարկ վճարող-հարկային մարմին հարաբերության թափանցիկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև կկանխի հարկվող բազայի քայքայման և շահույթի տեղաշարժի փորձերը: Նախագծով ակնկալվում է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ուղղությամբ ՀՀ ՊԵԿ կողմից իրականացվող վարչարարության բարելավումը: Նախագիծը կխթանի նաև փոխկապակցված հարկ վճարողների միջև միջսահմանային գործարքների պայմանների, դրանց դիմաց ստացված եկամուտների և առաջացված հարկվող բազայի ճշգրիտ ներկայացմանը և հարկմանը: Հստակեցվել է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման շրջանակը, մասնավորապես հստակեցվել է մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ տրանսֆերային գնագոյացման կիրառման առանձնահատկությունները։ Այս հստակեցումը կարևոր նշանակություն ունի համաչափ հարկային վարչարարություն իրականացնելու տեսանկյունից, քանի որ դուստր կազմակերպությունների և մշտական հաստատությունների միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող անձանց միջև ստեղծվում էր խտրական մոտեցում։ Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման համար կարևորագույն բաղադրիչ է փոխկապակցված անձինք համարվելու չափանիշների համակարգը, ինչը ամբողջությամբ վերանայվել է։ Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրումն անմիջականորեն պայմանավորված են հարկ վճարողների կողմից հարկային կարգապահության դրսևորման բարձր մակարդակի հետ, սակայն օրենսգրքով սահմանված չեն հարկային կարգապահության մակարդակի աճը խրախուսող մեխանիզմներ։ Այս առումով, նախագծով նախատեսվում է բարձր հարկային կարգապահություն ցուցաբերելու դեպքում հարկային պատասխանատվության ավելի մեղմ միջոցներ։ Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման տեսանկյունից հատկապես կարևոր են տեղեկատվության աղբյուրները, ինչպես նաև հարկային մարմնի կողմից վերջիններիս ձեռքբերման հնարավորությունները։ Նախագծում հստակեցվել են արժանահավատ տեղեկատվություն հանդիսացող աղբյուրները, ինչպես նաև տեղեկությունների ներկայացման եռաստիճան համակարգը։ Նախագծով նախատեսվող մի խումբ փոփոխություններ էլ առնչվում են հարկային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի սահմանմանը։
Կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն Գլոբալ Ֆորումի անդամ երկրների միջև վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն հարցման հիման վրա հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման համար և կապահովվի Գլոբալ Ֆորումի շրջանակներում ՀՀ-ի կողմից հարկային հարցերում համապատասխանող երկրի կարգավիճակ և բավարար գնահատական ստանալը։
Կկարգավորվեն զբաղվածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները
Հավանության է արժանացել 2021 թվականի մայիսի 28-ին Մինսկում ստորագրված ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը» վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Փաստաթղթի նպատակն է ընդհանուր աշխատաշուկայի ձևավորման խոչընդոտների վերացման միասնական մոտեցումների մշակման հարցում համաձայնագրի կողմ հանդիսացող ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացումը, աշխատանքի շուկայում իրականացվող միջոցառումների, ծրագրերի և ծառայությունների արդյունավետության բարձրացման ոլորտում համագործակցությունն ու փոխօգնությունը։ Համաձայնագիրը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու և աշխատանքային գործունեություն իրականացնելու ազատության իրավունքների ապահովմանը, բնակչության զբաղվածությանը և գործազրկության մակարդակի նվազեցմանը։
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ի կատարումն «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության: Կառավարության համապատասխան որոշման համաձայն, ՀՀ կադաստրի կոմիտեն և ՀՀ ոստիկանությունը հարկային մարմնին են ներկայացնում անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի, անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների, ինչպես նաև շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից շարժական գույքի, դրանց սեփականատերերի, շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, դրանց փոփոխությունների մասին տեղեկությունները: Արձանագրությամբ նախատեսվող ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով պահանջվող տեղեկությունների փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ է լրացումներ և փոփոխություններ նախատեսելով՝ արձանագրությամբ սահմանված լրացուցիչ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ՀՀ հարկային մարմնին տրամադրելը:
Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին 267,441.2 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ՝ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2020 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2021-ին՝ 678 ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում կառուցվում է դեղերի արտադրության նոր գործարան
Գործադիրի որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի «Արփիմեդ» ՍՊԸ-ն: Ներմուծվող սարքավորումներն ընկերություն օգտագործելու է առողջապահության ոլորտում։ Ծրագրի շրջանակում դեղերի արտադրության համար նախատեսվում է ստեղծել նոր արտադրական տարածքներ։ Ներկայումս ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում կառուցվում է նոր գործարան։ Արդեն իսկ իրականացվել է 1.6 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 1.5 մլրդ դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների իրականացման և նոր սարքավորումների ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 48 նոր աշխատատեղ` մինչև 212,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 599 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ։
Կառավարությունը բավարարել է «Նոր փրոջեկտս» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է խանութների համար նախատեսված կահույքի արտադրության համար։ Ընկերությունը հանդիսանում է Կարպիզա, Ջեոքս և Հենդերսոն համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարարը՝ ԵՄ-ում, ԱՊՀ-ում, Միջին Արևելքում և ասիական երկրներում: Արդեն իսկ իրականացվել է 235 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում, որի արդյունքում ստեղծվել է անհրաժեշտ արդի սարքավորումներով հագեցած կահույքի արտադրամաս և 70 աշխատատեղ՝ 318,000 ՀՀ դրամ ամսական միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 100 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ` մինչև 482,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոս և ավելին նախատեսվում է արտահանել ԵՄ, ԵԱՏՄ և այլ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 22.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.8 մլն դրամ:
Փոփոխություն՝ Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգում
Կառավարությունը փոփոխություն է կատարել Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգում, համաձայն որի, այն մարզիկը ով տարկետված է զինվորական ծառայությունից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն մինչև վերջինիս 26 տարին լրանալը և ով տվյալ տարկետման ժամանակահատվածում կունենա կարգով սահմանված նոր նվաճումներ և հետևաբար ձեռք կբերի զինվորական ծառայությունից ազատման բացառիկ իրավունք՝ իր դիմումի համաձայն և ԿԳՄՍՆ համաձայնությամբ և ներկայացմամբ, կառավարության որոշմամբ կազատվի զինվորական ծառայությունից մինչև 26 տարին լրանալը, նվաճումն ապահովելուն հաջորդող զորակոչի ընթացքում: Ըստ հիմնավորման՝ խնդիրն այն է, որ մարզիկներին տարկետումը տրամադրվում է մինչև վերջիններիս 26 տարին լրանալու օրը և դեպքեր են լինում (օրինակ՝ սույն թվականի դեկտեմբերին ծանրամարտի աշխարհի առաջնություն), երբ մարզիկի 26 տարին լրանալու օրը լինում է մրցաշարին մոտ և վերջինիս անձնագրի վավերականությունը չի բավարարում մրցաշարին մասնակցելու համար, իսկ հերթական զորակոչի ժամկետը լինում է մրցաշարից հետո (տվյալ դեպքում հունվար-փետրվար ամիսներին) և ստացվում է, որ այն մարզիկը ով տվյալ զորակոչին ազատվելու է զինվորական ծառայությունից հնարավորություն չի ունենում մասնակցելու մրցաշարին:
Այլ որոշումներ. Վերին Գետաշեն համայնքում կկառուցվի 44-օրյա ռազմական գործողություններին մասնակցած և զոհված համայնքի բնակիչների հիշատակին նվիրված զբոսայգի և փառքի անկյուն
Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին» որոշում: Ըստ այդմ նախատեսվում է ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և շահագործումից դուրս գրված, կազմաքանդված ԲՌԴՄ-2ՌԽ զրահատեխնիկան՝ որպես մետաղի ջարդոն հաշվարկված 2.505.755 դրամ մնացորդային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքին՝ 44-օրյա ռազմական գործողություններին մասնակցած և զոհված համայնքի բնակիչներին նվիրված զբոսայգու տարածքում տեղադրելու նպատակով: Վերին Գետաշեն համայնքում ներկայումս տեղի են ունենում 44-օրյա ռազմական գործողություններին մասնակցած և զոհված համայնքի բնակիչների հիշատակին նվիրված զբոսայգու և փառքի անկյան կառուցման շինարարական աշխատանքներ:
Գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ ոստիկանությանը՝ հոկտեմբերի 17-ին Գյումրի, Գորիս, Մեղրի, Տեղ ու Տաթև, Դիլիջան համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար։ 149 ընտրատեղամասերի ընտրություններին մասնակցող ընտրողների թիվը, ըստ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, 165276 է: Ըստ այդմ նախատեսվում է՝ Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի վեց համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման ծախսերի կատարման համար ֆինանսական միջոցների ապահովում՝ ՀՀ ոստիկանությանը հատկացնելով 48.161,426 հազար դրամ: