Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը նախատեսում է հանրապետությունում ներդնել միջպետական, հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման նոր համակարգ
ևս 6 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ միջպետական, հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման նոր համակարգի ներդրման նպատակով: Որոշման նպատակներից է ճանապարհների պահպանման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար լրացուցիչ պահանջների սահմանումը, երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված նոր կարգավորումներ նախատեսելը, սպասարկման ընթացակարգի հետ կապված կարգավորումների հստակեցումը, ինչպես նաև 2022 թվականին կնքվելիք՝ ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արժեքների հաշվարկի բանաձևի սահմանումը:
Մասնավորապես, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հսկողության նոր համակարգը թույլ կտա ճանապարհների հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Բջջային հավելվածը միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների պատասխանատուին հնարավորություն կտա հսկողական գործառույթներն իրականացնել թվային հարթակում։ Թվային հարթակի օգնությամբ ինֆորմացիայի հավաքագրումը, մշակումը և պահպանումը կլինի առավել համակարգված, կհեշտանա հաշվետվողականությունը, ավելի քիչ ժամանակ կծախսվի թերություններն արձանագրելու և այդ մասին սպասարկող կազմակերպություններին տեղեկացնելու, ինչպես նաև թերության վերացման վերաբերյալ սպասարկող կազմակերպություններից տեղեկություն ստանալու վրա։ Ճանապարհային ցանցի կառավարման բջջային հավելվածը, որ կներբեռնվի սմարթֆոնների վրա, հնարավորություն կտա տեսնել և պահպանել սպասարկող կազմակերպության ինժեներների հետագիծը պատվիրատուի կողմից դիտարկումներ կատարելիս։ Հաշվի առնելով, որ ծրագիրը նորույթ է, ինչպես կապալառուների, այնպես էլ պատասխանատուի մասնագետների համար, ուստի միջև վերջինիս վերջնական ներդրումը նախատեսվում է 2022 թ. ընթացքում ծրագիրը փորձարկել սպասարկող կազմակերպությունների հետ: Նշված հանգամանքով պայմանավորված առաջարկվում է ճանապարհների կառավարման նոր համակարգը ներդնել 2023թ. հունվարի 1 -ից:
Նախատեսվում է ավելացնել կոմբինացված ճանապարհային մեքենաների քանակի պահանջը՝ սահմանելով, որ պահպանվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 40 կմ համար անհրաժեշտ է 1 միավոր տեխնիկա: Որոշմամբ հստակեցվում են ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման ընթացակարգի հետ կապված որոշ կարգավորումներ, մասնավորապես. հստակեցվում է ճանապարհների սպասարկման աշխատանքներն իրականացնող կապալառուն՝ տվյալ ճանապարհի հիմնանորոգման, նորոգման, վերակառուցման, կառուցման աշխատանքների ընթացքում: Արդյունքում՝ 2010-2021թթ. գնաճին համապատասխան կբարձրանան ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման աշխատանքների արժեքները, ինչը հնարավորություն կտա լրացուցիչ պահանջներ սահմանել՝ ապահովելով սպասարկման աշխատանքների շարունակական բարեփոխումները:
Գործադիրը շարունակում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովումը. 2018-2020 թթ. իրականացվել է ավելի քան 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր
Կառավարության որոշմամբ 532,121.5 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, խոսքը 24 համայնքներից ստացված 27 ծրագրերի մասին է. ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 6 մլն դրամ, որից 532 մլն դրամը կհատկացվի պետբյուջեից:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է սուբվենցիոն ծրագրերի իրականցման կարևորությունն ու նշել. «2018 թվականին մենք քաղաքական որոշում կայացրեցինք, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է դառնան մեր տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիքը: Սուբվենցիոն ծրագրերի էությունը հետևյալն է, որ մենք համայնքներին առաջարկում ենք ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման և այլ ծրագրեր և կապիտալ ներդումներ: Կառավարությունը քննարկում և հավանություն է տալիս այդ ծրագրերին և իրականացնում է համալիր ֆինանսավորում՝ ըստ բովանդակության: Տարբեր տոկոսներով է իրականացնում համաֆինանսավորումը: Եվ այսօր մենք հերթական չափաքանակն ենք հատկացնում 9 մարզի՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու և վճարելու համար: Ուզում եմ հիշեցնել, որ մենք նախկինում Սյունիքի մարզին առանձին վճարումներ իրականացրել ենք. բացի սուբվենցիոն ծրագրերից, նաև նախորդ շրջանում 1 մլրդ դրամ ենք հատկացրել՝ մարզի դիմակայունությունը բարձրացնելու նպատակով: Նաև վերջերս ևս 500 մլն դրամի հատկացում արեցինք, որը նույնպես պետք է հաշվի առնել այս ընդհանուր ծրագրերի իրականացման պրոցեսում»:
Վարչապետն անդրադարձել է 2018-2020 թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերին և ընդգծել, որ թվերը բավականին խոսուն են: «Եվ այսպես՝ 2018-2020 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բոլոր մարզերում իրականացվել է 1193 ծրագիր: Ներդրման ընդհանուր գումարն ավելի քան 47 մլրդ դրամ է: Այդ ծրագրերի բովանդակությունը նույնպես կարևոր է: Ուրմեն՝ բնակավայրերի, փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, իրականացվել է 368 ծրագիր: Խմելու, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում, նորոգում, հիմնանորոգում՝ 135 ծրագիր, ոռոգման համակարգերի կառուցում կամ նորոգում՝ 78 ծրագիր, փողոցային լուսավորության կառուցում կամ նորոգում՝ 161 ծրագիր, վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 30 ծրագիր, բնակարանների գազիֆիկացում՝ 50 ծրագիր, մանկապարտեզների կառուցում կամ նորոգում՝ 93 ծրագիր, հասարակական շենքերի կառուցում, նորոգում, սրա մեջ նկատի է առնվում նաև տանիքների նորոգումը՝ 131 ծրագիր, բազմաբնակարան շենքերի նորոգում, այդ թվում՝ էներգախնայողության միջոցառումների կիրառում՝ 37 ծրագիր, այգիների, պուրակների կառուցում, բարեկարգում՝ 50 ծրագիր, մեքենասարքավորումների տեխնիկայի և գույքի ձեռք բերում՝ 58 ծրագիր, աղբավայրի փակում՝ 1 ծրագիր:
Շատ կարևոր է նաև բացահայտել վիճակագրությունը՝ ըստ մարզերի: Եվ այսպես մարզային վիճակագրությունը հետևյալն է. Արարատի մարզում իրականացվել է 138 ծրագիր՝ 3 848 000 000 դրամի, Արմավիրի մարզում իրականացվել է 102 ծրագիր՝ 2 883 550 000 դրամի, Արագածոտնի մարզում՝ 162 ծրագիր՝ 4 519 000 000 դրամի, Գեղարքունիքի մարզում՝ 246 ծրագիր՝ 10 298 000 000 դրամի, Կոտայքի մարզում՝ 130 ծրագիր՝ 4 691 000 000 դրամի, Լոռու մարզում՝ 166 ծրագիր՝ 5 228 000 000 դրամի, Շիրակի մարզում՝ 108 ծրագիր՝ 5 000 000 000 դրամի, Վայոց ձորում՝ 53 ծրագիր՝ 1 954 000 000 դրամի, Սյունիքի մարզում՝ 51 ծրագիր՝ 6 739 000 000 դրամի, Տավուշի մարզում՝ 36 ծրագիր՝ 2 486 000 000 դրամի: Ըստ էության, երբ ծրագրերը վերլուծում ենք, հասկանալի է դառնում, որ 2018-2020 թվականներին գործնականում մենք պիտի չունենանք գեթ մի բնակավայր, որտեղ շատ կոնկրետ շոշափելի սուբվենցիոն ծրագիր չի իրականացվել»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սուբվենցիոն ծրագրերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումն արդեն տեղի է ունեցել:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ 2021 թվականին, այս պահին ընթացքի մեջ է 678 ծրագիր՝ 48 400 000 000 դրամ արժեքով: «Եթե մենք 2018-2020 թվականներին իրականացրել ենք ավելի քան 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, այսինքն՝ 2.5 տարվա ընթացքում, միայն 2021 թվականին, այս պահին ընթացքի մեջ է 678 ծրագիր՝ 48 400 000 000 դրամ արժեքով: Դարձյալ կարևոր է վիճակագրությունն ըստ մարզերի: Արագածոտնի մարզում իրականացվում է 82 ծրագիր՝ 3 միլիարդ 193 միլիոն դրամի, Արմավիրի մարզում 60 ծրագիր՝ 2 միլիարդ 861 միլիոն դրամի, Արարատի մարզում 78 ծրագիր՝ 4 միլիարդ 577 միլիարդ դրամի, Գեղարքունիքի մարզում 115 ծրագիր՝ 7 միլիարդ 306 միլիոն դրամի, Կոտայքի մարզում 95 ծրագիր՝ 7 միլիարդ 523 միլիոն դրամի, Լոռվա մարզում 111 ծրագիր՝ 5 միլիարդ 182 միլիոն դրամի, Շիրակի մարզում 62 ծրագիր՝ 5 միլիարդ 247 միլիոն դրամի, Վայոց ձորի մարզում 38 ծրագիր՝ 2 միլիարդ 126 միլիոն դրամի, Սյունիքի մարզում 21 ծրագիր՝ 7 միլիարդ 288 միլիոն դրամի, Տավուշի մարզում 16 ծրագիր՝ 3 միլիարդ 111 միլիոն դրամի: Ընդհանուր առմամբ 48 միլիարդ 419 դրամի:
2021 թվականի ծրագրերն ըստ ոլորտների՝ բնակավայրի, փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում՝ 162 ծրագիր՝ 18 միլիարդ դրամ, բնակավայրի, փողոցների կառուցում, նորոգում՝ սալարկմամբ, 51 ծրագիր՝ 3 միլիարդ 186 միլիոն դրամ: Մենք գործարկեցինք ծրագիր, որ բնակավայրերի փողոցները ոչ թե ասֆալտապատումով է վերականգվում, այլ սալարկվում է, որը կարծում եմ և կոլորիտային և գեղագիտական իմաստով ավելի հաճելի է: Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում, նորոգում, 70 ծրագիր՝ 4 միլիարդ 950 միլիոն դրամի, ոռոգման համակարգի կառուցում, 57 ծրագիր՝ 3 միլիարդ 309 միլիոն դրամի, փողոցային լուսավորության կառուցում, նորոգում, 2 միլիարդ 906 միլիոն դրամի, վերականգնվող էներգետիկ, այդ թվում արևային, ֆոտովոլտային կայանների տեղադրում, 19 ծրագիր՝ 1 միլիարդ 102 միլիոն դրամի, բնակավայրերի գազիֆիկացում, 34 ծրագիր՝ 1 միլիարդ 470 միլիոն դրամի, մանկապարտեզների կառուցում, վերակառուցում կամ նորոգում, 32 ծրագիր՝ 2 միլիարդ 801 միլիոն դրամի, հասարակական շենքերի կառուցում, նորոգում, 72 ծրագիր՝ 3 միլիարդ 28 միլիոն դրամի, բազմաբնակարան շենքերի նորոգում, այդ թվում էներգախնայողության միջոցառումների կիրառում, 27 ծրագիր՝ 3 միլիարդ 438 միլիոն դրամի, այգիների, պուրակների կառուցում, բարեկարգում, 27 ծրագիր՝ 1 միլիարդ 208 միլիոն դրամի, մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում, 38 ծրագիր՝ 2 միլիարդ 365 միլիոն դրամի, երկու ծրագիր ունենք գլխավոր հատակագծերի ձևավորման, ստեղծման, 2 ծրագիր՝ 20 միլիոն դրամի և աղբավայրի փակում, 1 ծրագիր՝ 32 միլիոն դրամի: Այս տարի փողոցների ասֆալտապատում, միայն սուբվենցիոն ծրագրերով նախատեսված է 199 կիլոմետր, փողոցների սալարկում 40 կիլոմետր»,-ասել է վարչապետը:
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ առավել ևս 2021 թվականի արդյունքներով կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել գեթ մի բնակավայր, համայնք որտեղ շատ շոշափելի, տեսանելի, էական կապիտալ ներդրում չի կատարվել: «Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ ուզում եմ ընդգծել՝ այսօր կառուցվում, վերակառուցվում են ճանապարհներ, փողոցներ, որոնք 30-40 տարի ընդհանրապես չեն նորոգվել, վերակառուցվում, նորոգվում են մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք տասնամյակներով չեն նորոգվել, փողոցներ են լուսավորվում, որոնք 30-40 տարի լույս ընդհանրապես չեն ունեցել»,-ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Փաշինյանը նշել է նաև, որ կառավարությունը բովանդակություն ունեցող սուբվենցիոն ծրագրերն ընդհանրապես չպետք է մերժի. «Եվ մենք այս ճանապարհով շարունակելու ենք գնալ առաջ, որպեսզի տարածքային համաչափ զարգացումն իրականություն դառնա: Գործնականում մենք կարող ենք ասել, որ 2018-2021 թվականների ընթացքում համայնքներում ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրում ենք ապահովել, իհարկե, համայքների հետ համատեղ: Բայց նաև համայնքներում այս գործիքներով խթանել ենք հարկային կարգապահության մեծացումը, համայնքների բյուջեների կատարման կարգապահությունն ենք ապահովել: Սա կարծում եմ այն շոշափելի և կարևոր արդյունքներից է, որ մենք կարող ենք արձանագրել»:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով որոշմանը, ընդգծել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման կարևորությունը: «Սուբվենցիոն ծրագրերն, ըստ էության, կապիտալ ծրագրեր են: Դրանք բյուջեում չեն արտացոլվում իբրև կապիտալ ծախսեր, բայց տնտեսության մեջ մտնում են որպես իրական կապիտալ ծախսեր՝ իրենց բոլոր դրական հետևանքներով: Փոխվել է համայնքի բնակչության համայնքում ապրելու, ստեղծագործելու և արարելու մոտիվացիան, որովհետև տարիներ շարունակ համայնքում տեղաշարժ չտեսնելով՝ որոշակի հիասթափություն է եղել»,-ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ ամեն ինչ արվել է նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակն էականորեն բարձրացնելու ուղղությամբ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ անդրադարձել է համայնքներում աշխատողների պակասի խնդրին. «Մեր շինարարները բավական մեծ քանակով մրցույթներ են շահել, բայց աշխատողների խնդիր ունեն, որ ավելի արագ տեմպերով աշխատանքներն իրականացնեն»:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ բիզնեսից ամենահաճախ ստացվող ահազանգն աշխատուժի խնդիրն է. «Հայաստանում արձանագրված հազարավոր թափուր աշխատատեղեր կան: Շինարարության ոլորտում նույնպես այդ խնդիրն ունենք։ Ամենահաճախ ահազանգը բիզնես ոլորտից ստացվող աշխատուժի խնդիրն է։ Սկսած շինարարության ոլորտից և ավարտած բարձր տեխնոլոգիաների ոլորտով՝ ամենուր մենք աշխատատեղերի խնդիր ունենք։ Այս հարցը պետք է ունենանք մեր աչքի առաջ և զբաղվենք այդ խնդիրների լուծմամբ»։
Հայաստանը կմասնակցի «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2021 թվականի հունիսի 25-ից և ավարտվել են սեպտեմբերի 16-ին: Բանակցությունների արդյունքում համաձայնեցվել է համաձայնագրի վերջնական տեքստը` հաշվի առնելով ՀՀ շահագրգիռ գերատեսչություններից ստացված առաջարկությունները և դիտողություները և բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու համաձայնագրի նախագծի ստորագրման համար Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի ապահովման աշխատանքները:
Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ-ի մասնակցությունը հնարավորություն է ընձեռելու գիտնականներին, խմբերին անմիջական մասնակիցը դառնալու համաշխարհային մակարդակի և նշանակության հետազոտություններին: «Միաժամանակ, ՀՀ գիտնականններին հնարավորություն կտրվի օգտվելու ծրագրի մասնակից պետությունների առաջադեմ ենթակառուցվածքներից: Ծրագրով նաև հնարավորություններ են նախատեսվում բարձր տեխնոլոգիական ոլորտի ստարտափերի և փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության համար: Ծրագրին մասնակցությունը կապահովի Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացին շարունակականությունը»,-ասել է նախարարը:
Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ անդամակցության ամենամյա վճարը կկատարվի ՀՀ պետբյուջեից՝ գիտության ոլորտին հատկացվող միջոցների հաշվին. «Ծրագիրը գործելու է մինչև 2027 թվականը: Մեր գիտնականների հետազոտական թեմաները կֆինանսավորվեն Եվրամիության կողմից, որոնք շոշափելի գումարներ են: Եվ կախված մեր գիտական ակտիվութունից, գիտնականների ներկայացրած ծրագրերի որակներից՝ անդամակցության վճարն էլ կարող է վերանայվել և նվազեցվել: Այսպիսով՝ այն գիտական աշխատանքների և ծրագրերի իրականացման լավագույն և կարևոր հարթակ է մեր գիտնականների համար»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ գիտության զարգացումը եղել և շարունակում է մնալ կառավարության առաջնահերթությունների ցանկում: «Ուզում եմ հիշեցնել, որ 2022թ. ՀՀ պետբյուջեի նախագծով գիտությանը հատկացվող ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 83 տոոսով: Գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարն էլ ավելանալու է ավելի քան 2,5 անգամ՝ կազմելով շուրջ 6,7 մլրդ դրամ: 2019 և 2020 թվականներին իրականացրել ենք գիտական սարքավորումների աննախադեպ ծավալով ձեռքբերումներ»,- ասել է վարչապետը:
Օրենսդրական նախաձեռնություններ
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել աշխատանքային հարաբերությունների պատշաճ կենսագործունեությունն ու իրականացումը, դրանց սուբյեկտների գործառույթների իրականացումը, գործատուների տնտեսական գործունեության անխափան իրականացումը, պետությունում տնտեսական կայունությանը, ինչպես նաև հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը, ինչը բխում է հանրային շահերից և պետության պոզիտիվ պարտականություններից: Միաժամանակ, նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը հանրապետությունում, ձևավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ, ապահովել հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը: Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է կատարել լրացումներ և փոփոխություն, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը: Օրենքի առաջարկվող կարգավորումների գործողությունը տարածվելու է հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։ Ըստ այդմ, որպես աշխատանքի (ծառայության) չթույլատրման հիմք սահմանվում է սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերի բացակությունը աշխատանքի (ծառայության) ներկայանալիս։ Ընդ որում, նշվածից և Առողջապահության նախարարի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից բխում է, որ աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը: Նշված պայմանը նախատեսված ժամկետներում չկատարելու դեպքում միայն, սահմանվում է աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման հիմք, իսկ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի լիազորությունները պետք է դադարեցվեն կամ նրանք զբաղեցրած պաշտոնից ազատվեն. մասնավորապես, եթե անձը վերոնշյալ հիմքով, այսինքն՝ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում` ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) չի կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները: Որոշմամբ՝ օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Հավանության է արժանացել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնավորման, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին բացօթյա սեզոնային սրճարանները Երևան քաղաքի համար յուրօրինակ միջավայր են դարձել, որտեղ հավաքվում են բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ ինչպես նաև զբոսաշրջիկներ։ Բացօթյա սրճարանները դարձել են Երևան քաղաքի այցեքարտը և յուրատեսակ խորհրդանիշը, սակայն հանրային սննդի սեզոնային ծառայության համար առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ։ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է բացօթյա հանրային սննդի ծառայությունը կազմակերպել երկու սեզոնով՝ ամառային և ձմեռային, քանի որ շատ սրճարաններ ցանկանում են ձմռանը նույնպես աշխատել, ինչը նոր խթան է հանդիսանում Երևանում զբոսաշրջության զարգացման ներկայիս փուլում, ինչպես նաև կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։
Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը. Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում արևային կայան կկառուցվի
Կառավարությունը բավարարել է «Ա-Ս էներջի» ՍՊԸ-ի հայտը՝գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է կառուցել և շահագործել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում։ Արևային կայանի կառուցման և սարքավորումներով համալրման գործընթացը հիմնված է ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների վրա։ Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 1.65 մլրդ դրամ։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ Risen Energy ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ (www.risenenergy.com), որոնց հզորության նվազեցումը չի գերազանցում տարեկան 0.5 տոկոսը: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին, առկա են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շնորհված էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիա։ Ներդրումների մոտ 80 տոկոսն արդեն իսկ կատարված է, ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն և նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.6 մլրդ դրամի ներդրում՝ կայանների կառուցման, փորձարկման և գործարկման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 4 աշխատատեղ՝ 250,000 դրամ աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի շուրջ 230 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 312.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 30.6 մլն դրամ:
Տավուշի մարզում կստեղծվի «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոն, Երևանում կկառուցվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց
Գործադիրի որոշմամբ ՀՀ սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի քաղաք Իջևանում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից 10 155 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 44.4 քառ. մետր մակերեսով տարածքը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին: Նպատակը՝ մարզում «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոն ստեղծելն է: Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացրած ծրագրի հմաձայն՝ «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնում անցկացվելու են դասընթացներ, հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ՝ կանանց ու տղամարդկանց հանրային ընկալումները փոխելու, երեխաների խնամքի և ծնողավարության մեջ տղամարդկանց մասնակցությունը խթանելու վերաբերյալ: Կազմակերպությունն ապահովելու է անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքի վերանորոգումը, կահավորումը և նյութատեխնիկական հագեցումը: Ծրագրի ավարտից հետո «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնը հանձնվելու է ՀՀ Տավուշի մարզպետարանի օգտագործմանը՝ որպես հարթակ համայնքում գործող պետական և հասարակական կազմակերպությունների կողմից տարբեր միջոցառումների անցկացման համար:
Կառավարության մեկ այլ որոշմամբ Երևանի Կենտրոն Ա.Մանուկյան փողոց 11 հասցեում գտնվող հողամասը նախատեսվում է նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին: Ֆեդերացիայի ներկայացրած գործունեության ծրագրի համաձայն՝ նշված հողամասում առաջարկում է կառուցել Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 10 տարվա ընթացքում՝ կատարելով 760 000 եվրոի ներդրում, որից 160 000 եվրոն կազմակերպության միջոցների հաշվին, իսկ 600 000 եվրոն՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կողմից։
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնից:
Գործադիրի որոշմամբ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս վնասվածք ստացած Գոռ Նազլուխանյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետության «ASSISTANCE HOPITAUX PUBLIQUE DE PARIZ» բուժհաստատությունում իրականացնելու նպատակով կհատկացվի 16.330,4 հազար դրամ: Նախատեսված գումարը ներառում է բժշկական հաստատության կողմից տրամադրված հետազոտման և բուժման համար անհրաժեշտ ծախսերի, կեցության և ճանապարհածախսի հաշվարկը (այդ թվում ուղեկցող անձի):
Երևան համայնքի կողմից «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի համար գնացքի ռելսերի անհրաժեշտ ժամկետներում ձեռքբերելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման, գնացքի ռելսերը գտնվում են ծայրահեղ մաշված վիճակում, ինչն ողղակիորեն սպառնում է քաղաքացիների անվտանգ տեղափոխմանը և մետրոպոլիտենի անվտանգ աշխատանքի կազմակերպմանը։ Կառավարության որոշմամբ՝ առաջարկվում է ՓԲԸ-ի կողմից ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով:
Գործադիրն ընդունել է որոշում՝ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի լիարժեք իրացումն ապահովելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, քրեական հետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու կամ նրա ազատությունը այլ կերպ սահմանափակելու պահից սկսած՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում ունի ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու իրավունքի մասին գրավոր ծանուցագրով պարզաբանում ստանալու իրավունք և այդ իրավունքի մասին ծանուցման պահից 15 օրվա ընթացքում ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմում ներկայացնելու իրավունք: Ոստիկանության ծառայողն ապահովում է նրա իրավունքի իրացումը՝ ՀՀ ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին:
Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց վարակման ռիսկի կանխարգելման հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է երկարացնել պարզեցված ընթացակարգով բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացումը: Ըստ այդմ՝ պարզեցված ընթացակարգով վերափորձաքննությունները կիրականացվեն ևս 4 ամիս: Բացի այդ, առաջակվում է պարզեցված ընթացակարգով վերափորձաքննություններ չիրականացնելու բացառությունների շարքում որպես բացառություն լրացնել այն դեպքերը, որոնց ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բժշկասոցիալական վերափորձաքննություն անձի օբյեկտիվ զննությամբ:
Հավանություն է տրվել նաև «Եվրասիական տնտեսական միության շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի ընդունմամբ նախատեսվում է միասնական պայմաններ և պահանջներ սահմանել ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայություններ մատուցելու նկատմամբ, ինչի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստր: Սահմանված են նաև դրույթներ աուդիտի որակի արտաքին հսկողության վերաբերյալ: Համաձայնագիրը նպաստում է ԵԱՏՄ համագործակցության շրջանակում աուդիտորական ծառայությունների մատուցման ազատ շուկայի ձևավորմանը, հետևաբար նաև՝ ՀՀ-ում աուդիտորական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար ԵԱՏՄ շուկան հասանելի դարձնելուն:
Կորոնավիրուսի հետևանքով մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է
Նիստի ավարտին անդրադարձել է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, երեկ արձանագրվել է 2330 նոր դրական դեպք. «Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 12 188 թեստավորում, ցավոք, գրանցվել է 41 մահ: Իհարկե, դպրոցների արձակուրդների երկարացումը և բուհերի դասերի առցանց անցնելն արդեն որոշակի դրական միտումներ ցույց են տալիս: Մենք տեսնում ենք, որ հիվանդացության և վերարտադրողականության տոկոսի առումով նվազում ունենք: Մահճակալային ֆոնդն այս պահին էլ մնում է գերլարված իրավիճակում: Մենք ունենք մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց մահճակալները դեռ ոչ մի վայրկյան ազատ չեն մնում, և մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին: Կարող եմ ասել, որ մահճակալային ֆոնդն արդեն 3100-ից անց է՝ 3120-ին մոտ է: Մենք հընթացս, ըստ ձեր հանձնարարականի, նաև անում ենք աշխատանքներ՝ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու, և ընթացիկ պլանային որոշակի բուժումներ, վիրահատություններ հետաձգելով՝ այդ մահճակալները տրամադրում ենք COVID պացիենտներին: Իրականացնում ենք աշխատանքներ թթվածնային ապահովման անխափան մատակարարումն ապահովելու համար, և այս պահին, կարծես թե, այդ աշխատանքները հստակ իրականացվում են, և մեր բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են թթվածնով՝ չնայած, որ սպառումը գերռեսուրսներով է իրականացվում»:
Ըստ նախարարի՝ այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ իրականացվել է 852 355 պատվաստում. «Առաջին դեղաչափն ստացել է 588 562 քաղաքացի, սա 29.4 տոկոսն է: Երկրորդ դեղաչափն ստացել է 263 793 քաղաքացի կամ մեծահասակ բնակչության 13 տոկոսը: Մոդերնա պատվաստանյութը ստանալուց հետո, փոփոխություն ենք իրականացրել հրամանի մեջ. 12 տարեկանից բարձր երեխաները ևս այս պահին հնարավորություն ունեն ստանալու պատվաստում: Իհարկե, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Կարող եմ ասել, որ կա նաև հետաքրքրություն երեխաներին պատվաստելու առումով. 12 տարեկանից բարձր արդեն մոտ 50 երեխա է պատվաստվել:
Պիտի նորից ընդգծեմ, որ մեր հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստում ստացած քաղաքացիների թիվը շարունակում է մնալ շատ փոքրաթիվ, ինչը, իհարկե, ուրախալի է և ցույց է տալիս, որ պատվաստումներն արդյունավետ են և իրենց գլխավոր դերը կատարում են: Այս պահին 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված»:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ որոշումն արդեն կայացված է և բոլոր, այդ թվում՝ բաց տարածքներում դիմակի կրումը պարտադիր է: «Բայց մենք պետք է մեր քաղաքացիներին շարունակ այդ ուղերձը տանք՝ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է: Ուրիշ տարբերակ ուղղակի չկա, սիրելի հայրենակիցներ: Այսօր մեր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է: Տեսականորեն, արդեն այն իրավիճակում ենք, որ տանը սպասող մարդիկ կան: Դա նշանակում է, որ մեր հիվանդանոցներում տեղ չկա այլևս, մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում»,- ասել է կառավարության ղեկավարը՝ կրկին ընդգծելով, որ դրանից խուսափելու միակ տարբերակը պատվաստվելն է:
Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս հստակեցրել է՝ Հայաստանի Հանրապետությունը լոքդաունի չի գնալու. «Մենք լոքդաունների չենք գնալու: Ես ուզում եմ՝ մենք սա հստակ արձանագրենք: Մենք, այո, պետք է դիմակների կրումը հետևողականորեն պահենք և պետք է պատվաստումներ անենք մեծ ծավալներով: Գործնականում այսօր մեր հզորությունները թույլ են տալիս օրը 25 000 պատվաստում իրականացնել: Բայց օրեր են լինում, որ դրանից քիչ ենք պատվաստում իրականացնում՝ քաղաքացիների ոչ ակտիվ լինելու պատճառով: Եվ էլի ևս մեկ անգամ ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին կոչ անել, մեծահասակներին, հիմա արդեն՝ երեխաներին: Մենք ունենք պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար»:
Առողջապահության նախարարն էլ տեղեկացրել է, որ այս շաբաթ օրը Վանաձորում իրականացվելու է պատվաստումային օր. «Հրավիրում ենք Լոռու մարզում ակտիվ մասնակցելու: Գյումրիում անցած կիրակի օրն իրականացված պատվաստումային օրը բավական լայն արձագանք գտավ, և մենք շարունակելու ենք նման միջոցառումներ ևս կազմակերպել: Պատվաստումներն իրականացնելու համար մեր պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում ամեն օր ավելացվում են հզորություններ, սենյակներ: Ուստի՝ և՛ պատվաստանյութերի ապահովվածության առումով, և՛ այլ հզորությունների առումով մենք իսկապես պատրաստ ենք: Մեզ միայն մնում է, որ մեր քաղաքացիներն օր առաջ պատվաստվեն»: