Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է պետություն-մասնավոր հատված համագործակցության հեռանկարները
ևս 1 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Service Titan, Vineti, Robomart, Krisp, SuperAnnotate, Podcastle ընկերությունների ներկայացուցիչներին:
Վարչապետը կարևորել է ՏՏ ոլորտում գործող վերոնշյալ ընկերությունների հաջողություններն ու հույս հայտնել, որ նրանց հաջողությունները մյուս կազմակերպությունների համար կդառնան օրինակելի: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի հաջողակ ընկերությունների թիվը մեր երկրում գնալով ավելանա: Այդ նպատակով գործադիրը պատրաստ է լսել մասնավոր հատվածի խնդիրները, ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ առաջարկություններն ու դիտարկումները, իր գործիքակազմի շրջանակում նպաստել այս բնագավառի շարունակական առաջընթացին:
Այս համատեքստում ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են իրենց կազմակերպությունների գործունեությանը, Հայաստանում ստարտափերի զարգացման հնարավորություններին, ՏՏ բնագավառի ներուժին ու կարողություններին, գիտության ոլորտի զարգացմանը, կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:
Վարչապետը և ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունը և անդրադարձել համատեղ նախագծեր ու ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է այս ոլորտի հետ սերտ համագործակցությամբ և առաջարկել պատասխանատու գերատեսչությունների հետ շարունակել քննարկումներն այդ ուղղությամբ: