Մամլո հաղորդագրություններ

2022 թվականի հունվարի 1-ից կավելանան կենսաթոշակների ու նպաստների չափերը. Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում

16.12.2021

ևս 6 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելուն նպաստելու համար։ ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ: Այս ծրագրային դրույթին համապատասխան, գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ ապահովելու նպատակով պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2022-2024թթ. ՄԺԾԾ-ով սահմանված սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է: Ըստ այդմ, առաջարկվում է 2022 թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 28600 դրամ (26500 դրամի փոխարեն), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը. առաջին խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 33000 դրամ (30000 դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)։ Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28600 դրամ (26500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ (26500 դրամի փոխարեն)։

Մեկ այլ որոշմամբ նախատեսվում է երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստի չափի ավելացում։ Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել 2100 դրամով՝ սահմանելով 28600 դրամ․ արդյունքում գյուղաբնակ, չաշխատող անձը կստանա 28600 դրամ, իսկ աշխատող անձը՝ 57200 դրամ։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեև բավարար չեն կենսաթոշակների բարձրացման չափերը, սակայն եղած բազայի վրա, դա տոկոսային բավականին շոշափելի աճ է: «Արձանագրենք հետևյալը` կենսաթոշակը մեր ծախսային ամենամեծ հոդվածներից է։ Իհարկե, կենսաթոշակների շարունակական բարձրացումը մեր պարտավորությունն է, բայց մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ այդ պարտավորությունն առավել արդյունավետ դարձնելու միջոցը տեսնում ենք առավել արդյունավետ և առավել զարգացող տնտեսություն ունենալու մեջ, որովհետև տնտեսությունն է գեներացնում այն գումարները, որոնք մենք հնարավորություն ենք ունենում ծախսել սոցիալական կարիքների վրա: Նվազագույն կենսաթոշակները ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց այս տարվանից օրինակ գիտության ոլորտում դարակազմիկ չափերով աշխատավարձեր ու ֆինանսավորում ենք ավելացնում: Մենք հույս ունենք, որ կրթության և գիտության տեխնոլոգիաների ոլորտում արված ներդրումներն ի վերջո շղթայորեն բերելու են այնպիսի արդյունքի, որը հնարավորություն կստեղծի ավելի արդյունավետ սոցիալական ապահովության համակարգ ունենալու համար: Ավարտվում է 2021 թվականը, 2022 թվականին մենք հավակնոտ նշաձող ենք դրել տնտեսական աճի. պետք է կենտրոնացնենք մեր ուժերը, որպեսզի ապահովենք տնտեսական աճի այն ցուցանիշը, որը որպես նշաձող մեր առջև դրել ենք»,-նշել է վարչապետը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացվի նաև երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային մինչև 6 տարեկան դառնալը տրվող աջակցության՝ ամսական 50 հազար դրամ տրամադրելու մասին որոշման նախագիծ: «Սա նույնպես ժողովրդագրության, ծնելիության աճին միտված նախագիծ է, որը 2022 թվականի հունվարի 1-ից նույնպես կմտնի ուժի մեջ: Մի հետաքրքիր փաստ էլ եմ ցանկանում արձանագրել. վերջին տարիներին կա միտում՝ ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդներով պայմանավորված: Կարծում ենք, որ սա տեղի է ունենում կառավարության մի շարք ծրագրերի իրականացման շնորհիվ: Դրանցից են՝ երեխայի ծնունդով պայմանավորված միանվագ նպաստների բարձրացումը, գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրումը՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, ինչպես նաև երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների հիպոթեկին ուղղված ծրագրերը»,-ասել է նախարարը:

Կառավարության ղեկավարն այդ համատեքստում անդրադարձել է կրթությունը հասանելի դարձնելու ծրագրին: «Ծնելիությունը խթանելուն ուղղված ծրագրեր ենք իրականացնում, բայց, հատկապես գյուղական վայրերում, մենք ունենք կրթության հասանելիության խնդիր: Եթե երեխան պատշաճ կրթություն չստանա, ապագայի համար նոր սոցիալական խնդիրներ կստեղծվեն»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պատշաճ կրթություն ստանալու կարևորությունը, որի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են՝ մանկապարտեզների, դպրոցների կառուցում, ուսուցիչների կամավոր ատեստավորում և այլ քայլեր: «Սրան ավելացնենք նաև այն, ինչ ասացի սկզբում՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը և այն, ինչի մասին խոսել ենք ընտրություններից առաջ և հետո, Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը: Այս բոլոր հարցերն ունեն շատ լուրջ բարդություններ: Եթե այդ ամենը հեշտ լուծելի լիներ՝ վաղուց լուծված կլիներ: Բայց մենք դա համարում ենք մեր քաղաքական պարտավորությունը, եթե կուզեք՝ քաղաքական առաքելությունը՝ մենք, այո՛, այս փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը, այլաբանորեն ասած՝ մեր նավը, պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի»,-ասել է վարչապետը:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համար լրացուցիչ 8 մլրդ դրամ կհատկացվի

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին և երկրորդ միջոցառումների և «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով սահմանված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին» որոշումներով ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Ընդհանուր առմամբ առաջարկվում է վերոնշյալ միջոցառումներին լրացուցիչ հատկացնել 8,015,504.4 հազ. դրամ, որից՝ 6,925,574.6 հազ. դրամը հարկային եկամուտներից, 1089,929.8 հազ. դրամը՝ վերաբաշխման միջոցով: Մասնավորապես՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում նախատեսված է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում՝ միտված վարկառուների ներկա իրավիճակով պայմանավորված խնդիրների և ժամանակավոր դժվարությունների լուծմանը: Օժանդակությունն իրականացվում է միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ձևով։ 2020 թվականի պետական բյուջեով նշված գործընթացների իրականացման համար նախատեսված է 3.3 մլրդ դրամ, որը կանխատեսվել է հաշվի առնելով, որ միջոցառման շահառուների թիվը կկազմի շուրջ 684։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է Միջոցառման շահառուների քանակի, տրամադրված օժանդակության չափի և կանխատեսվող սուբսիդավորման ենթակա տոկոսագումարների վերաբերյալ վերլուծություն: Այսպես՝ ներկայումս միջոցառման շահառուների թիվը կազմում է 1087, տրամադրված օժանդակության ծավալը շուրջ 83 մլրդ։ 2021 թվականին անհրաժեշտ սուբսիդավորվող տոկոսագումարը կազմում է 6.5 մլրդ դրամ: Որոշմամբ առաջարկվում է մինչև դեկտեմբերի 1-ը միջոցառմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունների մարման նպատակով հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ 2,141,419.0 հազ. դրամի չափով: Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի գծով բյուջեով հաստատված 550.635,8 մլն դրամ սուբսիդավորման գումարից բացի անհրաժեշտ է լրացուցիչ հատկացնել 434.482 մլն դրամ: Ծրագրի գծով 2020 թ. լիզինգը տրամադրվել է 14% տոկոսադրույքով, շուրջ 5 մլրդ դրամի չափով, որն ամբողջությամբ պետք է սուբսիդավորվի։ ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագրի գծով ներկայումս տրամադրվել է 11,102.7 մլն դրամի չափով վարկ, որից 10 մլրդ դրամը 14 տոկոսադրույքով, որն ամբողջությամբ սուբսիդավորվում է պետբյուջեից: Ծրագրի շրջանակում 1068,52 հա մակերեսով ինտենսիվ այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրված 13,730,437.3 հազ. դրամ վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու նպատակով ծրագրի մեկնարկից տրամադրվել է 889,102.9 հազ. դրամ։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ավելի քան 25 միջոցառում է իրականացվել՝ բիզնեսին, քաղաքացիներին աջակցելու համար: «Կորոնավիրուսի համավարակը շարունակվում է, բայց մենք պետք է վերանայենք այդ ծրագրերի բովանդակությունը, որպեսզի դրանք պայմաններին համապատասխան լինեն: Կլինեն, իհարկե. ծրագրեր, որոնք շարունակելու անհրաժեշտություն չենք տեսնի: Կան նաև ծրագրեր, որոնք թեև մշակվել են ճգնաժամի պայմաններում ճգնաժամին արձագանքելու համար, բայց իրենք կարող են ընդհանրապես որպես տնտեսական արդյունավետ խթան աշխատել: Եվ այս առումով շատ կարևոր է , որպեզի ծրագրերի վերանայումներ և բովանդակության թարմացում իրականացնենք»,-ասել է վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ գեներացվել է 120 մլրդ դրամի արտոնյալ վարկային պորտֆել օժանդակության գործիքներով, շահառուների թիվը 2500 է: «Գյուղոլորտի մասով մենք գեներացրել ենք արտոնյալ 76 մլրդ դրամի պորտֆել, այդ թվում՝ ֆիզիզկական անձանց, ունենք 42 հազար շահառու: Այս առումով նույնպես իրականացվելու են պայմանների համապատասխանեցում ներկա իրավիճակին: Ունեինք նաև աշխատատեղերի պահպանման նպատակով սուբսիդավորման ծրագիր. 3 միջոցառում ենք արել նույն բովանդակությամբ: Արդյունքում ունեցանք 13 900 շահառու: Այստեղ ուղղակի ծախս ենք արել՝ 2, 2 մլրդ դրամի: Կարծում եմ՝ սա շատ արդյունավետ ծրագիր էր: Այո, իր բնույթով հակաճգնաժամային էր, բայց կարող ենք մտածել դա աշխատատեղերի աճին միտված ծրագիր դարձնելու մասին»,-նշել է փոխվարչապետը:

Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը կտրամադրվի ևս 5 ամիս

Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը կտրամադրվի ևս 5 ամիս: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման, միջոցառման շրջանակում շահառուներին հատկացվում է 300000 դրամ միանվագ և 68000 դրամ ամսական աջակցություն: Շահառուներին արդեն իսկ վճարվել է միանվագ, ինչպես նաև ամսական դրամական աջակցությունը՝ 2021թ. փետրվար-հուլիս ամիսների համար, սակայն հաշվի առնելով առկա իրողությունները նպատակահարմար է գտնվել շարունակել աջակցության տրամադրումը ևս 5 ամիս։ Ընդ որում, դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակում աջակցություն ստացած շահառու է։

Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը կդառնա հասանելի և դյուրին գործատուների, օտարերկրացիների համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակ։ Ըստ հիմնավորման, օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի կիրառմամբ աշխատանքային գործունեության հիմքով օտարերկրացի աշխատողներին կտրամադրվի ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտ: Համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին կտրամադրվի օրինական բնակությունը հավաստող տեղեկանք: Օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը թույլ կտա մուտքագրել աշխատանքային գործունեություն իրականացնող օտարեկրացիների տվյալները, հավաքագրել հստակ վիճակագրությունը, ավելի արդյունավետ համակարգել և վերահսկել գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը: Արդյունքում՝ կպարզեցվի օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման հետ կապված գործընթացում ներգրավված պետական մարմինների աշխատանքը, ընթացակարգը դարձնել հասանելի և դյուրին թե՛ գործատուների, թե՛ օտարերկրացիների համար, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, բարելավել ընդհանուր համակարգը:

Գեղարքունիքի մարզի Արծվանիստի համայնքում կիրականացվի 15 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

Կառավարությունը փոփոխություններով և լրացումներով նախատեսում է Գեղարքունիքի մարզի Արծվանիստի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 69,28 հա հողամասը թույլատրել մասնավորեցման: Մասնավորեցման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ «ԱԿ ՖԵՐՄԱ» ՍՊԸ-ն ցանկություն է հայտնել համայնքում իրականացնել շուրջ 15 մլրդ դրամի ներդրումային ծրագիր՝ խոշոր անասնապահական, կաթնաապրանքային համալիր կառուցելու համար։ Կստեղծվի 300-400 նոր աշխատատեղ։

Գործադիրն ընդունել է «Նվիրաբերությամբ գույք հանձնելու մասին» որոշում՝ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության հայտագրի՝ կիրարկման փուլում գտնվող «Հայկական դպրոցական համայնքներում արևային կայանների կառուցման և տեղական գործընկերներին արևային էներգիայի ոլորտում լիտվական փորձի փոխանցման միջոցով բնապահպանական աղտոտման և կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու» ծրագրի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ծրագիրն իրականացնող լիտվական «ՋեյԷսՍի Սոլիթ Թեքնիքս» ընկերությունը նախաձեռնել է արևային վահանակների ու այլ սարքավորումների փոխադրումը Հայաստան: Ծրագիրը ֆինանսավորում է Լիտվայի շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական նախագծերի կառավարման գործակալությունը և հանդիսանում է Լիտվայի զարգացման համագործակցության ծրագրի մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է ծրագրի շրջանակում Հայաստան փոխադրված՝ ՀՀ 7 բնակավայրերում գործող ոչ առևտրային 7 շահառու կազմակերպություններին և 1 խոշորացված համայնքին արևային վահանակների ու այլ սարքավորումների հանձնում` ոչ առևտրային նպատակներով օգտագործելու համար: Այն կնպաստի վերականգնվող էներգիայի ենթակառուցվածքների տարածմանը, ինպես նաև բնապահպանական աղտոտման և կլիմայի փոփոխության խնդիրների լուծմանը՝ էներգետիկ կարիքներն ապահովելու նպատակով:

Կապահովվեն մշակութային դաստիարակության համար առավել բարենպաստ պայմաններ

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 168 476,7 հազար դրամ ուղղել հատկացնել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմի համար անհրաժեշտ մեխանիզմների (շտանգետների, սաֆիտների, կառավարման վահանակների) ձեռքբերման համար: Սարքավորումները խիստ անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործընթացն ապահովելու համար։

Կառավարության որոշմամբ պետբյուջեից հատկացված 23562,4 հազար դրամ գումարով կմարվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի ավելացված արժեքի հարկի պարտավորությունները: Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի նվագախումբի աշխատողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձի, ինչպես նաև կազմակերպության կրեդիտորական պարտքերի վճարումը:

Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ մրցույթի կազմակերպումը և անցկացումն անհրաժեշտ է լավագույն տասնյակին ոգեշնչելու և խրախուսելու համար: Ըստ այդմ, նախատեսվում է 2021 թվականից սկսած յուրաքանչյուր տարի կազմակերպել և անցկացնել 10 լավագույն մարզիկների ընտրությունը և պարգևատրումը:

Գործադիրը կշարունակի փոխհատուցել պատերազմի մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը

Կառավարությունն ընդունել է որոշում ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու նպատակով:

Շահառուներին փոխհատուցում տրամադրվել է կառավարության համապատասխան 3 որոշումներով: Ընդհանուր առմամբ ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 6663 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,420.178.8 հազար դրամ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 409 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 42,868.3 հազար դրամ: Քանի որ հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, 2021 թվականի ագոստոսի 8-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ն ընկած ժամակահատվածում հավաքագրվել էին բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ՝ համապատասխանաբար 372 և 96 հոգի, որոնց ուսման վարձն անհրաժեշտ էր փոխհատուցել և կազմում էր համապատասխանաբար 102,325.6 և 9,110.0 հազար դրամ: Հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ստացված տեղեկատվության հիման վրա ամփոփվել է շահառուների անվանացանկերը՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ, այն է ևս համապատասխանաբար 317 և 7 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը համապատասխանաբար 85,474.1 և 595.0 հազար դրամ է:

Կստեղծվի Կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային պլատֆորմ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ կանանց ձեռնարկատիրության և զբաղունակության զարգացման աքսելերատորի` «Աքսելերատոր#5. կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային պլատֆորմ»-ի ստեղծման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Աքսելերատորի ստեղծման համար կհատկացվի 80 մլն ՀՀ դրամ: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 430 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 205 մլն ՀՀ դրամ, որից ՄԱԶԾ-ի ֆինանսավորումը կկազմի՝ 105,000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 50 մլն ՀՀ դրամ, ՀՀ ԱՀՍՆ-ի համաֆինանսավորումը՝ շուրջ 157,000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 75 մլն ՀՀ դրամ, շուրջ 168 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 80 մլն ՀՀ դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ պետական բյուջեի «Աջակցություն ՓՄՁ ձեռնարկատիրությանը» ծրագրի միջոցներից։ Ի հավելումն իր ներդրման, ՄԱԶԾ-ն ծրագրի իրականացման հաջորդող տարիներին կներդնի լրացուցիչ գումարներ համադրելով զուգահեռ ֆինանսավորման և թիրախային ֆինանսավորման գործիքակազմեր։ Մինչև 2025թ.-ը նախատեսվում է ՄԱԶԾ-ի կողմից Աքսելերատոր#5-ը փոխանցել ՀՀ կառավարությանը։ Աքսելերատորի նպատակն է կանանց տնտեսական ներուժի իրացումը և այն ուղղված է լինելու կանանց ձեռներեցության խթանմանը և աշխատաշուկայում կանանց պահանջվածության մակարդակի բարձրացմանը՝ վերջիններիս մրցակցային առավելությունների ընդգծման միջոցով։ Ստեղծմանը զուգահեռ՝ 2021-2022թթ. ընթացքում Աքսելերատոր#5-ը փորձնական կարգով կիրականացնի աքսելերացիոն ծրագրեր՝ ուղղված առնվազն 50 սկսնակ և 50 գործող կին ձեռներեցների ու 250 ցածր տնտեսական կարողություն ունեցող կանանց տնտեսական զորացմանը։

Այլ որոշումներ. կվճարվեն «Նաիրիտ-գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձը և նպաստները

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և 237,862.4 հազար դրամ հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Արդյունքում կվճարվեն «Նաիրիտ-գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձը և 18 աշխատակցի չվճարված նպաստները:

Գործադիրն ընդունել է «ՀՀ ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» որոշում, որի նպատակն է ունենալ հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգված և հաստատված տվյալներ՝ հողերի արդյունավետ կառավարման համար օգտագործելու նպատակով: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համայնքների ղեկավարները, մարզպետները ցամաքային տարածքի ծածկույթի հաստատված տվյալները թղթային և էլեկտրոնային տարբերակով պահում են դրանց համար նախատեսվող հաշվառման թղթապանակում։ Արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ օգտագործելու հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի վերաբերյալ հաստատված տվյալները՝ հողերի արդյունավետ կառավարման, հողերի պահպանության, հողօգտագործման նպատակային ծրագրերի իրականացման համար: Ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների վերլուծությունը հնարավորություն կտա բացահայտել համայնքի, մարզի և հանրապետության մակարդակներով հողերի վրա բնական և մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը՝ ապահովելու հողային ռեսուրսների կայուն օգտագործումը:

← Վերադառնալ