Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը սահմանել է Ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման կարգը
ևս 6 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2022 թվականի առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող մի շարք բարեփոխումներին:
Կառավարությունը սահմանել է Ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման կարգը: Հիմնավորման համաձայն՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել է ինքնակամ կառույցները հաշվառելու պահանջ: Ըստ այդմ՝ նախատեսվում է , որ չհաշվառված ինքնակամ կառույցն հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձիք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների: Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց և դրա արդյունքները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ: Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով: Քանի որ ինքնակամ կառույցը հաշվառվում էր նաև մինչև օրենսդրական փոփոխություններ կատարելը՝ սահմանվել է, որ կարգի իմաստով ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված նաև այն դեպքերում, երբ մինչև կարգի ուժի մեջ մտնելը այդ կառույցը իրավունքի պետական գրանցման վկայականում կամ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայում հաշվառված է որպես ինքնակամ կառույց:
Սահմանված է, որ ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով ներկայացվում են` 2021 թ. հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, մինչև 2021 թ. հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2023 թ. հունվարի 1-ը, մինչև 2021 թ. հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2024 թ. հունվարի 1-ը, մինչև 2021 թ. հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2025 թ. հունվարի 1-ը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ գործիքակազմով է վերահսկվելու նոր ինքնակամ շինությունների կառուցումը կանխելու գործընթացը. «Ինչպե՞ս ենք կառավարելու ռիսկերը, որ այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ինքնակամ կառույցների բում տեղի չունենա»:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ վերահսկման երաշխիքներ են ապահովվել այս որոշմամբ և ունեցած տվյալների բազայով: «2021 թվականին իրականացված օդային լուսանկարահանման արդյունքում արձանագրվել են մինչև 2021 թվականը կառուցված բոլոր ինքնակամ շինությունները: 2022, 2023, 2024 թվականներին կառուցված ինքնակամ շինություններն ուղղակի այդ լուսանկարի վրա արտացոլված չեն լինելու: Բացի այդ, այս կարգի կանոններով, չհաշվառված լինելու պարագայում, դրանք դուրս են մնալու հաշվառման ցուցակից»,-ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Նա հավելել է նաև, որ ինքնակամ շինությունների կառուցումը կանխարգելելու նպատակով հստակ ժամանակացույցերով լիազորություններ են վերապահվում համայքնի ղեկավարին և տեսչական մարմիններին: «Ինքնակամ շինության հայտնաբերման պահից համայնքի ղեկավարի վրա դրվում է պահանջ այն ապամոնտաժելու՝ առանց դատարանի վճռին սպասելու: Եթե դա տեղի չի ունենում, ապա տեսչական մարմինը որոշում է կայացնում և ուղարկում դատական ակտերի հարկադիր կատարողին, որպեսզի շինությունը ապամոնտաժվի: Մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ ինքնակամ շինություններն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այլևս չեն կարող օրինականացվել, և զերծ մնան նման գործողություններից»,-նշել է Սուրեն Թովմասյանը :
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո իրավիճակը քաղաքաշինության ոլորտում բարվոք է. «Նոյեմբեր ամսվա դրությամբ ընդհանուր առմամբ տեսչական վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 17 ինքնակամ կառույց, դեկտեմբերին՝ նախնական տվյալներով 4 կառույց: Իսկ ընդհանուր, նախորդ տարվա ընթացքում հայտաբերվել է 468 ինքնակամ շինություն, որից 32-ի դեպքով հարուցվել է քրեական գործ»:
Արթուր Ասոյանը նշել է, որ նոր կարգավորումների համաձայն հիմնական կարագավորումը դրված է ՏԻՄ-երի վրա, որոնք ապահովելու են պատշաճ վերահսկողությունը: «Սակայն, բացի ՏԻՄ-երից, նոր օրենսդրական կարգավորումներով առկա է այնպիսի գործիքակազմ, որը զսպում է հնարավոր չարաշահումները: Մեկ կարևոր արձանագրոմ ևս՝ եթե ինքնակամ կառուցը հաշվառվում է, դա դեռևս չի նշանակում, որ այն պետք է օրինականացվի: Գոյություն ունի կառավարության մեկ այլ որոշում. այն անցնելու է համապատասխան ընթացակարգով, որի վերջարդյունքում կորոշվի՝ այդ ինքակամ կառուցը ենթակա՞ է օրինականացման, թե՞ ոչ»,-ընդգծել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Իրականում շատ կարևոր կարգավորում է, և պետք է մեր տեղական ինքնակառավարման և պետական մարմինները համատեղ արդյունավետ աշխատանք իրականացնեն: Մենք շատ ենք խոսում պետական ինստիտուտների կայացման վերաբերյալ, և կարևորում ենք դա: Եվ երկրում այս քանակի ապօրինի կամ ինքնակամ շինությունների ծավալն արդեն պետական ինստիտուտների թերի կայացվածության կարևոր վկայությունն է: Ես կուզենայի, որ մենք ընդհանրապես չթերագնահատեինք քաղաքաշինության դերը, որովհետև դա ունի և՛ տնտեսական, և՛ մշակութային, և՛ ինտելեկտուալ շատ կարևոր նշանակություն: Այն քաղաքաշինական միջավայրը, որը մեզ շրջապատում է՝ մեր մտածողության արտահայտումն է: Եվ ընդհակառակը՝ քաղաքաշինության միջավայրի կարգաբերումով մենք բանաձևում, զարգացնում ենք մեր մտածողությունը: Սա չափազանց կարևոր նրբություն է և պետականության, պետության կայացման կարևոր ուղղություն: Այն էական նշանակություն ունի ընդհանրապես պետության, ժողովրդի զարգացման առումով: Պետական ինստիտուտների կայացումը, պետական ձեռագրի և բանաձևերի ձևակերպումը քաղաքաշինական միջավայրի ձևավորման առումով շատ էական գործառույթներ են, որոնք մենք պետք է իրականացնենք»:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի կառավարումը կհանձնվի ԱՆԻՖ-ին
Գործադիրն ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա ընկերության 15 տոկոս հասարակ բաժնետոմսերի կառավարումը կհանձնի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)՝ միաժամանակ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։ ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100 տոկոս պետական սեփականությամբ առևատրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է: ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունն առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաև ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։ Հավատարմագրային կառավարման համար ԱՆԻՖ-ին վարձատրություն չի սահմանվում։ Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է լինելու կատարել կառավարման համար ֆինանսական ծախսեր, վեց ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել քննարկումներ՝ ԱՆԻՖ կողմից հավատարմագրային կառավարման ընթացքում կատարած ծախսերի հատուցումը կանոնակարգելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը նշել է, որ առաջին անգամ պետությունն ունի բաժնեմաս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում: «Այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր ու զրկված է եղել, դա, փաստորեն, կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերել, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր ու գործարքներ գտնել: Ես ուզում եմ պարզաբանել, որ կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ՝ կորցնում: Եվ դա մենք տեսել ենք երկար տարիներ, ըստ էության, 2000-ականներից իշխանությունը ներկայացնող անձանց հետ փոխկապակցված անձինք դարձել են սեփականատեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի: Հիմա հակառակ գործընթացն է տեղի ունեցել և 15 տոկոս բաժնետերերի սեփականատերը ՀՀ վարչապետի աշխատակազն է »,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը կունենա ներկայացուցիչ ԶՊՄԿ-ի տնօրենների խորհրդում. «Նաև շահույթի բաշխման պարագայում տվյալ չափով շահաբաժինն արդեն կդառնա պետական բյուջեի եկամուտ, որը կծախսենք մեր պետության կարիքների և ծրագրերն իրականացնելու համար»:
Հայաստանում քովիդով պայմանավորված համաճարակային իրավիճակը կայուն է
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել երկրում համաճարակով, սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված իրավիճակին: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անցյալ տարվա համեմատ նոյեմբեր ամսից գրիպի դեպքերի բավական աճ է գրանցում: «Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը բավական կայունացել է: Դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդների հետ: Հույս ունենք, որ այս կայունացման արդյունքում մենք որոշակի նաև նվազման տեմպ կգրանցենք: Իհարկե, վիճակն ամբողջովին մահճակալային առումով, ֆոնդի ապահովվածության առումով վերահսկելի է, և մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայելու նաև գրիպի շտամի շրջանառությանը: Այս պահին մենք ունենք հոսպիտալացված 595 քաղաքացի: Գիտենք, որ գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում և փոխանցողները նրանք են»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ գրիպի պատվաստանյութը ՔՈՎԻԴ-ի պատվաստանյութի հետ որևէ հակացուցում չի առաջացնում: Ըստ այդմ՝ քաղաքացիները կարող են միաժամանակ ստանալ նաև գրիպի դեմ պատվաստում, որը բավական արդյունավետ է և օգնում է խուսափել հիվանդանալուց և ծանր ընթացքներից: «Տարիներ շարունակ գրիպի դեմ Հայաստանում պատվաստումներն իրականացվել են ազգային ծրագրի շրջանակում: Եվ իսկապես արդյունքները ցույց են տալիս, որ թե՛ քրոնիկ հիվանդություններով տառապողները, թե՛ մինչև 12 տարեկան երեխաները պատվաստվելու արդյունքում խուսափում են գրիպով հիվանդանալուց»,-ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել նաև ՔՈՎԻԴ-ով պայմանավորված համաճարակային իրավիճակի վերաբերյալ: «Մենք շարունակում ենք պահպանել կայուն, հանգիստ վիճակ: Նախորդ օրը գրանցվել է 129 դրական դեպք, իրականացվել է 5164 թեստավորում և, ցավոք, 3 մահ ենք ունեցել: Շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը: Այսօրվա դրությամբ իրականացրել ենք արդեն երկրորդ դեղաչափով 722 409 քաղաքացու պատվաստում և առաջին դեղաչափով՝ 946 984 պատվաստում: Իրականացնում ենք նաև արդեն խթանիչ դեղաչափերով պատվաստումները և այն քաղաքացիներն, ովքեր որ արդեն իսկ 6 ամիս առաջ են պատվաստվել՝ հորդորում ենք մոտենալ և ստանալ երրորդ դեղաչափը»,- ասել է նախարարը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է շարունակել պատվաստման գործընթացը. «Եթե պատվաստումները պատշաճ ձևով չշարունակենք՝ ճգնաժամը անխուսափելորեն վերադառնալու է: Այս պահի դրությամբ Հայաստանում «օմիկրոն» տեսակի շտամը չի արձանագրվել, բայց նաև դա է անխուսափելի: Հետևաբար, եթե մենք պատվաստումային գործընթացն ամբողջությամբ նույն ծավալով չշարունակենք՝ նաև ներառելով խթանիչ դեղաչափերի ծավալների մեծացումը, կրկին կանգնելու ենք ճգնաժամի առաջ»:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարությունը թույլատրել է «Դրիմքոմփանի» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է ծխախոտի արտադրության համար: 2021 թվականին հիմնադրված ընկերության ռազմավարությունը միտված է սեփական արտադրանքը արտաքին շուկաներում ներկայացնելուն, որի նպատակով նախատեսվում է արտադրանքի 80 տոկոսի արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկրներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 11.9 մլրդ դրամի ներդրում, որից 2 մլրդ դրամը նոր հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը՝ շինարարական աշխատանքների իրականացման և հումք ու նյութերի ձեռքբերման համար։ Նախատեսվում է մինչև 2024թ. ստեղծել 100 նոր աշխատատեղ` մինչև 450,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9.9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 937.7 մլն դրամ:
Գործադիրի որոշմամբ «Վարդանյան» ՍՊԸ-ն նույնպես կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել կահույքի և մետաղական կոնստրուկցիաների արտադրության համար: Արտադրությունն իրականացվելու է Արմավիրի մարզում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 115 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներդրումների շուրջ 85 մլն դրամն արդեն իրականացվել է։ Ներկայումս առկա է 6 աշխատատեղ։ ծրագրի շրջանակում՝ 3 տարիների ընթացքում, նախատեսվում է ստեղծել 11 նոր աշխատատեղ՝ 140,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 38 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.6 մլն դրամ:
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։ Միաժամանակ, վերոնշյալ համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առևտրի, ներդրումների և ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների և իրավասությունների։ Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:
Հավանություն է տրվել 2019 թ. հոկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Համաձայնագրով ներառված են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են` «Ապրանքների առևտուրը», «Առևտրի պաշտպանական միջոցները», «Ապրանքների ծագումը որոշելու կանոնները», «Առևտրի տեխնիկական խոչընդոտները», «Մաքսային համագործակցությունը և առևտրի դյուրացումը», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները», «Մտավոր սեփականությունը», «Էլեկտրոնային առևտուրը», «Պետական գնումները», «Մրցակցությունը», «Էկոլոգիա»:
Գործադիրը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Այլ որոշումներ. կընդլայնվի հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման գործիքակազմը
Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, մասնավորապես, հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման գործիքակազմը ընդլայնելու նպատակով: Ըստ այդմ կնախատեսվեն նոր կարգավորումներ՝ հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների փաստացի հայտնաբերման համար, ինչի արդյունքում էականորեն կնվազի հետախուզվող ՏՄ-երը թաքցնելու հնարավորությունը։ Արդյունքում ակնկալվում է կրճատել պետական բյուջեից կատարողական վարույթի շրջանակներում հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, առգրավման, հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու և այնտեղ պահպանելու հետ կապված ծախսերը։ Որոշման ընդունումը կնպաստի նաև կատարողական վարույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը, իսկ առաջարկվող գործիքակազմի ներդրումը հնարավորություն կտա հարկադրանքի «փափուկ միջոցների» կիրառմամբ ապահովել հարկադիր կատարման ենթակա ակտերի պահանջների փաստացի կենսագործումը։
Գործադիրն ընդունել է մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշում: