Մամլո հաղորդագրություններ
Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը
ևս 2 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը:
Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանն ասել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում, և մենք շատ կարևորում ենք այս համակարգի ներդրումը: Երեկ էլ քննարկում էինք առողջության ապահովագրության համակարգի ներդրման հարցը և հընթացս հանգեցինք այն եզրակացության, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը ևս կարևոր է, որպեսզի կարողանանք առողջության ապահովագրության արդյունավետ և արդար համակարգ ունենալ»:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է առաջարկվող համակարգի ընդհանուր նկարագիրը՝ հայտարարագրման ներկայիս համակարգի հետ համեմատական վերլուծությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են հայտարարագրման նպատակներին, պահանջներին, արդյունավետությանը, ծախսային մոտիվացիոն մեխանիզմներին, եկամտահարկից ծախսերի փոխհատուցման ուղղությունների բազմազանեցմանն առնչվող և այլ հարցեր: Անդրադարձ է եղել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ առաջիկա անելիքներին:
Համակարգի արդյունավետ գործարկման համար Նիկոլ Փաշինյանը կարևորել է թվային գործիքակազմի կիրառումը և տեխնոլոգիական հարթակների ձևավորումը: Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ Կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին համապատասխան: