Մամլո հաղորդագրություններ

Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության լավարկմանն ու նոր բովանդակության մշակմանը վերաբերող հարցեր

18.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության իրականացմանն ու հնարավոր վերափոխմանն առնչվող հարցեր:

Վարչապետը խորհրդակցության սկզբում նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու և վերանայելու Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը և, ի վերջո, հասկանալու այդ ռազմավարության հարաբերություններն ընթացիկ իրավիճակի հետ, գնահատելու կապերը կառավարության գործունեության և միջոցառումների ծրագրերի հետ: Նաև, ըստ այդմ, պետք է տեսնենք, թե ինչ կարգաբերումների անհրաժեշտություն կա, ընդհանրապես կա, թե՝ չկա, և ինչպես ենք շարունակում ռազմավարության իրականացումը՝ իհարկե նախ և առաջ գնահատելով դրա ակտուալությունը:

Այս ընթացքում իմ դիտարկումները և աշխատանքը ռազմավարության հետ ցույց է տալիս, որ այն իր ակտուալությունն ընդհանրապես ոչ միայն չի կորցրել, այլև հակառակը, նույնքան ակտուալ է, որքան նրա ընդունման և հրապարակման պահին: Մենք այս առումով հիմա պետք է կողմնորոշվենք մեր հետագա անելիքների շուրջ»:

Հաջորդիվ քննարկվել են ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերին, նպատակներին, մոտեցումների լավարկմանը, վերափոխմանը, ներդաշնակեցմանը, փաստաթղթով նախատեսվող միջոցառումների ակտուալության գնահատմանը, նոր բովանդակության մշակմանը վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ վերոնշյալ ռազմավարությունն անհրաժեշտ է դիտարկել որպես ուղենիշ. վերափոխման արդյունքում այն կառավարության համար պետք է դառնա կիրառական գործիք: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքները ռազմավարության լավարկման շուրջ:

← Վերադառնալ