Մամլո հաղորդագրություններ
Պարեկային ոստիկանության շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել. Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել ծառայության գործունեությանը
ևս 10 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Պարեկային ոստիկանության գործունեությանը. «2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո, մեզ համար սկզբունքային կարևոր հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը: Եվ այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել էինք 2018 թվականին, եղել է Պարեկային ոստիկանության հիմնադրումը: Արդեն ավելի քան 6 ամիս է Հայաստանում գործում է Պարեկային ոստիկանություն, որի շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ մեր աշխատանաքային վերջին հանդիպման ժամանակ ամփոփել ենք աշխատանքի արդյունքները: Ես կարծում եմ, որ այդ արդյունքներն արժանի են հրապարակման, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել:
Մասնավորապես՝ մենք աշխատանքը համեմատել ենք ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետ, որը Երևանի ճանապարհային ոստիկանությունն է, և փորձել ենք համեմատական տանել, թե ինչ արդյունքներ կամ ինչ արձանագրումներ կան:
Օրինակ՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմված արձանագրություններ. նախորդ համեմատելի ժամանակաշրջանում այպիսի 565 արձանագրություն է կազմվել պաշտոնապես, Պարեկային ոստիկանության կողմից՝ 1917, աճը՝ 3.5 անգամ կամ 239 տոկոս,
հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրություններ. նախկինում Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 953 արձանագրություն, Պարեկային ոստիկանության կողմից՝ 3435, աճը՝ 3.5 անգամ կամ 260 տոկոս,
գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու համար կազմված արձանագրություններ. նախկինում 2 այսպիսի արձանագրություն է եղել, Պարեկային ոստիկանության կողմից կազմվել է 15, աճը՝ 7 անգամ կամ 650 տոկոս,
առանց վարորդական վկայականի վարելու համար կազմված արձանագրություններ. նախկինում՝ 924 դեպք, Պարեկային ոստիկանության կողմից՝ 4674 դեպք, աճը՝ 5 անգամ կամ 405 տոկոս,
երկրորդ շարքում կայանելու համար կազմված արձանագրություններ. նախկինում՝ 1839 արձանագրված դեպք, Պարեկային ոստիկանության կողմից՝ 8716, աճը՝ 4.5 անգամ կամ 370 տոկոս,
մայթով երթևեկելու կամ մայթում կայանելու համար. նախկինում 60 դեպք է արձանագրվել նույն ժամանակահատվածում, խոսքը հուլիս-հունվար ժամանակահատվածի մասին է, Պարեկային ոստիկանության կողմից՝ 571 նման դեպք, աճը՝ 9.5 անգամ կամ 851 տոկոս,
պարտադիր ապահովագրային պայմանագիր չունենալու համար կազմված արձանագրություններ, ընդ որում՝ այստեղ բարդություն կա նրանում, որ, գիտեք, որ նախկինում կտրոնները փակցվում էին ապակիներին, հետո՝ այդ կարգավորումը դուրս եկավ, այսինքն՝ վիզուալ առաջին հայացքից դա ակնհայտ չի երևում. նախկինում այդպիսի 614 արձանագրություն է եղել, Պարեկային ոստիկանության կողմից ՝ 5476, աճը՝ 9 անգամ կամ 791 տոկոս,
թաղանթապատված հողմապակիով երթևեկելու համար կազմված արձանագրություններ. նախկինում 627 նման արձանագրություն, ներկայումս՝ 3085, աճը՝ 5 անգամ կամ 392 տոկոս»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ այս տարվա հունվարի տվյալները համեմատելով նախորդ տարվա հունվարի առաջին 19 օրվա տվյալների հետ, պարզվել է՝ նախորդ տարի առանց ամրագոտի երթևեկելու համար 504 արձանագրություն է կազմվել, իսկ Պարեկային ոստիկանության կողմից՝ 854, աճը՝ 69 տոկոս: Հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում Ճանապարհային ոստիկանության կողմից ոչ մի մարդ բերման չի ենթարկվել, իսկ Պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ։ Երթևեկության կանոնների հետ կապ չունեցող վարչական իրավախախտում կատարելու համար նախկինում ոչ մի արձանագրություն չի կազմվել, իսկ Պարեկային ոստիկանության կողմից կազմվել է 189 արձանագրություն։ Ճանապարկային ոստիկանությունը նախկինում երբեք հետախուզման մեջ գտնվող մարդ չի հայտնաբերել, իսկ Պարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 51 անձ։ Նախկինում ոչ սահմանված վայրով անցնելու համար կազմվել է 0, իսկ նախորդ տարի՝ 3267 արձանագրություն: «Քավ լիցի, մեր դրական արձագանքը այն մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել։ Դրական արձագանքն այն մասին է, որ մեր համոզմամբ՝ ձևավորվել է իրավակարգ, կարգ ու կանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ։ Ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում դա է կարգը՝ եթե օրենքի խախտումը չի բերում պատասխանատվություն, ինքը բերում է օրենքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության։ Եվ ես ուզում եմ ևս մի այսպիսի աշխատանքային գաղտնիք բացահայտել՝ Պարեկային ոստիկանության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ: Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չի եղել, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության։ Բայց ես մի անձնական մանրամասն պետք է ներկայացնեմ։ Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք։ Կարծում եմ՝ սա շատ հիշարժան փաստ է, և համապատասխան տուգանքը վճարվել է ոստիկանության պետի ընտանիքի անդամի կողմից»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նշվել է նաև, որ Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել այն անձանց, ովքեր խախտում կատարելուց հետո կաշառք են առաջարկել։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշել է, որ 2021 թվականի վեց ամիսների ընթացքում արձանագրվել է կաշառք տալու 4 դեպք։ «Բոլոր այդ դեպքերով հարուցվել են քրեական գործեր։ Երեկ մենք ունեցանք նոր դեպք Երևան քաղաքի Իսակովի պողոտայում։ Քաղաքացին ոչ սթափ վիճակում խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկել, փաստի առթիվ ներկա պահին ոտսիկանության կենտրոնի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- ասել է ՀՀ ոստիկանության պետը։
Վարչապետը հավելել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամ, բարձրաստիճան պաշտոնյա, պարեկային ոստիկանի կողմից ենթարկվել է օրենքով սահմանված ընթացակարգի՝ այդ պարեկային ոստիկանն արժանացել է խրախուսման՝ Ոստիկանության պետի հրամանով: «Բոլոր դեպքերում, մենք չունենք այնպիսի մի դեպք, երբ պարեկային ոստիկանը ստանդարտից դուրս կամ նոր ստանդարտով գործողություն ծավալած լինի և խրախուսանքի չարժանանա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջիկայում Պարեկային ոստիկանության ծառայությունը կներդրվի նաև Շիրակի ու Լոռու մարզերում. «Ես ուզում եմ նաև այս առիթով գնահատել այն աշխատանքը, որը կատարված է Պարեկային ոստիկանության հիմնադրման ուղղությամբ: Գործընթացը շարունակվում է, և առաջիկայում մենք Շիրակի և Լոռվա մարզերում կունենանք Պարեկային ոստիկանություն: Պետք է արձանագրել, որ գործընթացը հարթ չի ընթանում՝ սկսած գնումների գործընթացում առաջացած բարդություններից, վերջացրած նրանով, որ ավտոմեքենաների շուկայում պրոբլեմներ կան։ Բայց մենք հետևողականորեն գնալու ենք առաջ։ Եվ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր աջակցել են գործընթացին, մասնավորապես, Եվրամիությանը և ԱՄՆ կառավարությանը։ Հույս ունեմ, որ մենք հաջողությամբ այս գործընթացը մինչև վերջ կտանենք»:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ քննարկվում է հարց՝ ինչպես մեծացնել Պարեկային ոտսիկանության խտությունը, որպեսզի պարեկային ոստիկանները որոշակի ժամերի նաև բակեր մտնեն։ Վարչապետի խոսքով՝ Պարեկային ոստիկանության աննշան վերաձևակերպման օգնությամբ հնարավոր կլինի բնակարանային գողությունների կանխարգելման հզոր մեխանիզմ գործարկել։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ Պարեկային ոստիկանության ներդրման արդյունքում ծառայությունների որակն էապես բարելավվել է. «Այն ձևով, որով այսօր այդ ծառայությունը կազմակերպված է, ունի լրջագույն չերևացող կանխարգելիչ գործունեություն։ Այսինքն՝ կա ծառայության որակ, որը ռեալ զսպում է հանրային տիրույթում գոյություն ունեցող ռիսկեր»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այն քննադատություններին, որոնցում իշխանությանը, կառավարությանը մեղադրում են, այսպես ասած, ազգային մենթալիտետի դեմ գործելու համար: «Ուզում եմ պարզաբանել, թե նաև ինչի հետ է դա կապված: Օրինակ՝ ես հասկանում եմ, որ շատ տարօրինակ կարող է հնչել Հայաստանի Հանրապետությունում որոշակի հանգամանքների բերումով, որ որևէ պետական գերատեսչության ծառայող կարող է օրենքով նախատեսված միջոցառում ձեռնարկել տվյալ գերատեսչության ղեկավարի ընտանիքի անդամի նկատմամբ: Այսպիսի բան Հայաստանի Հանրապետությունում չի եղել: Եվ ոմանք փորձ են անում դա ներկայացնել որպես մեր ազգային մենթալիտետ, ազգային արժեք: Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կոռուպցիան, կոռուպցիոն երևույթները, դրանից բխող հարակից էֆեկտները փորձ են անում ներկայացնել որպես հայ ժողովրդի ազգային մենթալիտետ՝ որևէ կապ չունեն հայ ժողովրդի հետ: Կոռուպցիան ընդհանրապես ազգություն չունի, դա միջազգային գլոբալ երևույթ է, և մենք շարունակելու ենք այս ճանապարհով առաջ գնալ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ օրենքը, օրինականությունը, հարգանքը, օրենքի վրա հիմնված ազգային միասնությունը և ժողովրդավարությունն են հայ ժողովրդի մենթալիտետը:
Արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման չափերը կհապատասխանեցվեն տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին
Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխհատուցման չափերը 2014 թվականից չեն փոփոխվել: «Մինչդեռ, պայմանավորված քաղաքական, տնտեսական, ֆինանսական և այլ գործոններով, այժմ ունենք մի իրավիճակ, որ բազմաթիվ երկրներում մեր կողմից տրվող փոխհատուցումը նույնիսկ չի համապատասխանում տվյալ երկրում անհրաժեշտ նվազագույն ծախսերին և կենսամակարդակին»,-ասել է նախարարը:
Ըստ հիմնավորման, առկա անհամապատասխանությունները հարթելու և փոխհատուցման սահմանաչափերը համապատասխանեցնելու նպատակով ուսումնասիրվել է ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի մշակած և հաստատած համեմատական վերլուծությունը օտարերկրյա պետությունների մայրաքաղաքների և տարածքի այլ քաղաքներոմ ՄԱԿ-ի գրասենյակում ծառայող աշխատակիցների՝ ծառայության հետ կապված փոխհատուցումների չափաքանակները։ Երկրների փոխհատուցումների չափերը հաշվարկելու համար, որպես բազային հիմք հանդիսանում է Նյու-Յորք քաղաքի կենսամակարդակը՝ ապրանքների և ծառայությունների գների ինդեքսը։ ՀՀ ԱԳՆ կողմից առաջարկվող «ազգային ինդեքսի» հիման վրա հաշվարկված փոխհատուցման չափերը առավելագույն օպտիմալ, ընդունելի և արդյունավետ չափաքանակներն են յուրաքանչյուր երկրի/քաղաքի համար: ԱԳՆ-ի կողմից սահմանված «ազգային ինդեքսի» հաշվարկների ճշտությունը/մոտեցումը ստուգվել և հավանության է արժանացել ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի ներկայացուցչի կողմից։ Միաժամանակ, հիմքն ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասը՝ նախատեսվել է փոխհատուցել դիվանագիտական ծառայողի գործուղման մեկնելու և գործուղումից վերադառնալու ծախսերը: Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` ՀՀ օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից ՀՀ վերադառնալու ծախսերը ենթակա են փոխհատուցման։ Ըստ այդմ՝ առաջարկվում է վճարումները կատարել ոչ թե ուղեբեռի քաշով, այլ յուրաքանչյուր դիվանագետին վճարել սահմանված դիվանագետների ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման հիսուն տոկոսի չափով՝ մեկնելուց և նույն չափով՝ ժամանելուց, առանց ծախսերը հաստատող փաստաթղթերի ներկայացման՝ հաշվի առնելով, որ ծառայության մեկնելուց դիվանագետի համար առաջանում են նաև մեկնման հետ կապված այլ ծախսեր, որոնք նույնպես պետք է փոխհատուցվեն։ Այսպիսի կարգավորումը, թույլ կտա ապահովել ոչ միայն դիվանագետի և նրա ընտանիքի տեղափոխման ընթացքում առաջացած ծախսերը (ուղեբեռի գումար), այլև սկզբնական ընթացիկ ծախսերը հոգալ գործուղման առաջին ամսվա ընթացքում՝ մինչև իր հասանելիք վճարումները ստանալը։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ առաջին հայացքից այն կարող է թվալ խիստ անպատեհ. «Բնական ռեակցիա կարելի է համարել այն, որ մենք երկրում ունենք բազմաթիվ խնդիրներ, սոցիալական սրվող և սուր խնդիրներ, և մենք այս ընթացքում ինչո՞վ ենք զբաղված՝ զբաղված ենք դիվանագետների նյութական, դրամական բավարարման խնդիրների լուծումով: Մենք դատաիրավական համակարգում աշխատավարձերի որոշակի բարձրացման գործընթաց ենք սկսել, սոցիալական երաշխիքների ամրապնդման որոշակի գործընթաց ենք սկսել: Եվ միևնույն ժամանակ մեզ քննադատում են - և, ըստ էության, այդ քննադատությունն անպատեհ համարել չի կարելի - որ մենք սոցիալական ծախսերի ուղղությամբ բավարար մեծ ծախսեր չենք նախատեսել: Բայց ես ուզում եմ այս թեմայով Կառավարության դիրքորոշումը պարզաբանել. մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, 2020 թվականին, 2021 թվականին, այսօր էլ կանգնած է բավական լուրջ մարտահրավերների առաջ, և մենք առերեսվել ենք աղետալի իրադարձությունների: Բայց մենք պետք է հասկանանք խորքային պատճառները՝ թե՞ ինչն է պատճառը, որ այն, ինչ մեզ հետ տեղի է ունեցել, տեղի է ունեցել: Ինձ համար եզրակացությունը մեկն է՝ որ դրա առանցքային և սկզբունքային պատճառն ինստիտուցիոնալ կիսակատարությունն է, որն ունենք և ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունում:
Ասենք, մենք Անկախության 30-ամյակն ենք նշել նախորդ տարի: Ընդ որում, էական չէ՝ ինչ պատճառաբանությամբ, բայց այն, որ Հայաստանի Հանրապետությունն իր 30-ամյակը նշում է, որոշ ոչ անհայտ շրջանակների կողմից փորձ էր արվում ամեն ինչ անել՝ տորպեդահարելու և վիժեցնելու պրոցեսը: Ու սա ամենևին էլ չմտածեք հանկարծ, թե ինչ-որ էմոցիոնալ, պատահական, սպոնտան դրսևորում էր: Մենք 30 տարվա անկախությունից ի վեր արձանագրում ենք, որ, օրինակ, դիվանագիտական ծառայության կազմակերպման գործում ունենք խորշեր: Պատկերացնո՞ւմ եք՝ 2018, 2019 թվականների դրությամբ մենք դիվանագիտական ծառայության օղակներ ենք ունեցել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից: Ասենք, դեսպանատուն, որը ֆինանսավորվում է անհատի գրպանից՝ ասում են, դե մեր դեսպանատան հարցերը մեր հայտնի կամ անհայտ անձն է լուծում: Հասկանո՞ւմ եք՝ պետական ինստիտուտների կայացման մասին է խոսքը: Եվ մենք այսօր, այո, շատ ծանր որոշում ենք կայացրել և որոշել ենք, որ պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք և առաջին հերթին զբաղվենք դրանով:
Այս տարի աննախադեպ չափերի ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը, որովհետև մեր պրոբլեմների մի հսկա մասը կապված է այն բանի հետ, որ մեր գիտությունը 30 տարվա ընթացքում խրոնիկ ձևով թերֆինանսավորվել է: Այսօր էլ է թերֆինանսավորվում, բայց հսկայական չափով ավելացրել ենք ֆինանսավորումը: Մենք կրթության ոլորտում հսկայական միջոցներ ենք ներդնում, ժողովրդագրության ոլորտում հսկայական միջոցներ ենք ներդնում, կապիտալ ծախսերի ոլորտում հսկայական միջոցներ ենք ներդնում, և մեր առաջնահերթությունը պետության ինստիտուցիոնալ կայացումն է: Իհարկե, բնականաբար, սոցիալական հարցերի լուծումը նույնպես ռազմավարական առաջնահերթություն է, բայց մենք սոցիալական պրոբլեմները նույնպես համարում ենք պետության ինստիտուցիոնալ չկայացվածության հետևանք: Որովհետև այսօրվա սոցիալական պրոբլեմ ունեցող մարդն ո՞վ է՝ նա է, ով ժամանակին պատշաճ կրթություն չի ստացել, և մենք այսօր պարտավոր ենք կրթության հասանելիությունն ապահովել»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորել է խնդիրները լուծելու վրա կենտրոնանալը: «Այս կարգի որոշումներ ընդունելը դժվար է: Մենք գիտենք, որ սա անում ենք մեր քաղաքական, այսպես ասած, ռեսուրսի, ընդհուպ մարդկանց վստահության հաշվին, բայց էլի եմ ասում՝ մեր այստեղ գտնվելն անիմաստ կլինի, եթե ինստիտուցիոնալ կայացման ճանապարհ չանցնենք: Ամենաշատը մեզ դրա համար են քննադատել, բայց ուրախ եմ, որ այդ քաղաքական կամքն ունեցել ենք և գնացել ենք առաջ: Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ այդ քաղաքական կամքը տվել է արդյունքներ, հակառակ դեպքում այս աղետներից հետո Հայաստանի քաղաքացին չէր գնա և մեր օգտին չէր քվեարկի: Հետևաբար, ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք խնդիրներ լուծելու վրա, ոչ թե խնդիրներ ձևափոխելու, հետաձգելու, ասել՝ լավ, այս շաբաթ տոներն անցնեն, հետո թող այն ընտրությունները գան, ընտրություններից հետո, թող ուրիշն անի, մենք չանենք: Ոչ, մենք, թեկուզ մեր քաղաքական կապիտալը զրոյացնելու հաշվին, պետք է Հայաստանի Հանրապետությունում պետական ինստիտուտների և պետական համակարգի կայացման ճանապարհով գնանք»,-ասել է կառավարության ղեկավարը:
Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև բյուջետային կարգապահության գործընթացին. «Ես հիշում եմ, որ տասնյակ տարիներով Հայաստանում քննարկվել է արտաբյուջեների փակման հարցը: Ուրախ եմ, որ մենք եկանք և այդ հարցը շատ արագ լուծեցինք: Իհարկե, դեռ լավարկման ահագին տեղ ունենք, բայց բյուջետային կարգապահության հարցը շատ կարևոր է: 2021 թվականի բյուջեի արդյունքները ամփոփելիս արձանագրեցինք, որ նախատեսվածից 145 մլրդ դրամ ավելի հավաքագրում ենք իրականացրել: Ընդ որում, եթե օրենսդրական փոփոխությունների մասը հանենք, չնայած հանել պետք չէ, որովհետև դրա համար էլ է քաղաքական կամք պետք՝ անել այդ փոփոխությունները և արդյունք արձանագրել, 100 մլրդ դրամից ավելի է արդյունքը»:
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով կկանոնակարգվեն տեսակցությունները Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կորոնավիրուսի (COVID-19) հիվանդության տարածման կանխարգելման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ առաջարկվում է կանոնակարգել ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և չտարածման նպատակով զինծառայողների տեսակցությունների, նրանց արձակումների և արձակուրդների տրման գործընթացը: Քրեակատարողական հիմնարկներում նախատեսվում է արգելել տեսակցությունները այն պայմաններում, եթե ազատությունից զրկված անձը և նրան տեսակցող անձը համապատասխան պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն՝ սահմանված դեղաչափերով ամբողջական պատվաստումը չեն ստացել կամ մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ պատվաստվելուց հետո չի լրացել 28 օրը, իսկ մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը ստանալուց հետո չի լրացել 14 օրը: Միաժամանակ, առաջարկվում է սահմանափակումը չտարածել տեսակցող և տեսակցվող՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող անձանց, հղիների, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, ՀՀ ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել նաև Հայաստանում համաճարակային իրավիճակից. «Այսօր մենք արձանագրել ենք 621 դրական դեպք՝ 5838 թեստավորված անձանցից: Ունեցել ենք, ցավոք, 1 մահվան դեպք: Պատվաստումային գործընացի արդյունքում մենք արդեն իսկ ունենք ամբողջական՝ երկու դեղաչափը ստացած 805550 քաղաքացի, որը կազմում է մեծահասական բնակչության 35,7 տոկոսը: Ունենք առաջին դեղաչափը ստացած 987084 քաղաքացի, որը կազմում է մեծահասական բնակչության 43,7 տոկոսը: Վերջին շաբաթվա ընթացքում ակտիվացել է նաև խթանիչ դեղաչափերի պատվաստումների ընթացքը: Դրանք իրականացվում են ամբողջական պատվաստումը ստանալուց 6 ամիս հետո»:
Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ, ինչպես և կանխատեսվում էր, մոտենում է կորոնավիրուսի հերթական ալիքը. ամենօրյա կտրվածքով նոր դեպքերի թիվը աճում է, և հետևաբար պետք է վերադառնակ համավարակի հետ կապված տագնապային վիճակի:
Անդրադառնալով հնչող քննադատություններին, որոնց համաձայն նոր սահմափակումները կվնասեն բիզնեսին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Արձանագրեմ, որ բոլոր այն քննադատությունները, որոնք վերաբերում են մեր սահմանափակումներին, որևէ հիմք չունեն: Մենք առաջիններից ենք աշխարհում, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ այնպես կառավարենք, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաուների, որի արդյունքում բոլոր այդ բիզնեսները փակվեն և այլևս վերականգնվելու որևէ հնարավորություն չունենան: Հետևաբար ուզում եմ արձանագրել, որ այդ նոր սահմանափակումների իրագործմանը տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն: Խոսքը հանրային վայրեր պատվաստմամբ կամ բացասական պատասխանով թեստով մուտք գործելու մասին է: Ընդ որում, ասեմ, որ պատասխանատվությունը կրում է տնտեսավարողը»:
Օրենսդրական նախաձեռնություններ. կապահովվի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ նախատեսվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Օրինագծերի հիմնական նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը: Այսպիսով, կկանխվեն առանց լիզինգատուի համաձայնության լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցները ՀՀ սահմանից հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովվի լիզինգի առարկայի վերադարձելիությունը:
Վարչապետը, անդրադառնալով օրինագծերին, նշել է, որ ահազանգեր և կոնկրետ դեպքեր կան, երբ չվճարված մեքենաները հանրապետությունից դուրս են բերվում և անհետանում: «Մենք ստեղծում ենք երաշխիքներ, որ այդ մեքենան չի անհետանա: Արդյունքում՝ ավելի ենք ընդլայնում ձեռքբերման հնարավորությունները: Իրականում այս օրինագծերի ընդունման արդյունքում դաշտն ավելի կազատականացվի: Չի բացառվում, որ գների վրա էլ որոշակի ազդեցություն ունենա, որովհետև պետությունը օրենքով ռիսկի որոշակի չափաբաժինը վերցնում է իր վրա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ընդգծել է, որ օրինագծերի ընդունումն ազդեցություն կունենա նաև լիզինգի տոկոսադրույքների վրա, դրանք կարող են նվազել:
Կառավարության հավանությանն են արժանացել ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծի մշակումը պայմանավորված է հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակով՝ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման, վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողների և տնտեսավարողների համար անհարկի վարչարարության կրճատման և տվյալ ոլորտում գործող ընթացակարգերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ կարանտինի ընթացքում վերոնշյալ հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում միայն խախտում թույլ տված անձանց կողմից հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ դիտողություն չներկայացվելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ստուգայց իրականացնող պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով:
Հավանություն է տրվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի խոշտանգումների և ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումը պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմնի կողմից: Մասնավորապես, օրինագծերով առաջարկվում է՝ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը ինչպես գործող քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող նոր քրեական դատավարության օրենսգրքով վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերը անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից, և ըստ այդմ՝ խմբագրել քննչական ենթակայությանը վերաբերող կարգավորումները: Նախատեսվում է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների (այդ թվում՝ խոշտանգման) վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ ապահովելու քննության օբյեկտիվությունը:
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել 2021 թ. հունիսի 15-ին Վիլնյուսում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը: ՀՀ-ն ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների: