Մամլո հաղորդագրություններ
2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:
Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Արցախի ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը և Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մենք Արցախի հետ մեր համագործակցության շատ կարևոր փուլում ենք: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը շատ ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցում Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Եվ, եթե ես ճիշտ եմ հիշում, Արցախի՝ 2022 թվականի տարեկան բյուջեն աննախադեպ չափեր ունի, ինչն, ըստ էության, բնական է, որովհետև հետպատերազմական վերականգնումը, նախ, շատ կարևոր է և, բնականաբար, շատ ջանքեր պիտի մեզնից պահանջի: Եվ ես սա բնականոն եմ համարում:
Ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: 2021 թվականին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը: Շատ կարևոր է, և մենք բազմիցս ենք քննարկել, որ հընթացս զուտ սոցիալական հնարավոր ճգնաժամի կառավարման փուլից անցնենք զարգացման տրամաբանության և փորձենք մեր համագործակցությունը տեղավորել հենց այս տրամաբանության մեջ, որ զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում:
Շատ ուրախ եմ այս քննարկման համար: Ի դեպ, այս թեմայով սա մեր առաջին այսպիսի քննարկումը չէ: Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, դրանց մի մասը զուտ աշխատանքային են եղել, չեն էլ լուսաբանվել, մյուս հատվածը նաև լուսաբանվել է: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ծրագրերն արդյունավետ են իրականացվում:
Ուզում եմ հիշեցնել նաև, որ պատերազմից հետո, բնականաբար, շատ մեծ մտավախություններ ունեինք՝ կապված սոցիալական վիճակի, մնացած ամեն ինչի հետ: Իհարկե, պարզ է, որ սոցիալական իրավիճակը ոչ միայն Արցախում, Հայաստանում մեր երազածի նման չէ, բայց խոսքը գնում է ընդհանուր առմամբ իրադրության կառավարելիության մասին: Մանավանդ այսօր շատ է քննարկվում նաև սոցիալական իրավիճակը, գնաճը. քովիդով պայմանավորված, ըստ էության, գլոբալ երևույթ է, և մենք չենք կարող առանձին վերցրած դիտարկել խնդիրը:
Մեր այս ամեն ինչին ավելացան նաև պատերազմը, պատերազմի հետևանքները: Եվ այդ առումով կարող ենք արձանագրել, որ առնվազն մենք իրադրությունը համատեղ ջանքերով կարողացել ենք որոշակի կառավարելիության տիրույթում պահել, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է.
«Պարոն վարչապետ,
Նախ ուզում եմ նորից իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պատերազմի օրերին և հետպատերազմյան ժամանակահատվածում սոցիալական խնդիրների լուծման համար: Որևէ խնդիր չի եղել առողջապահական, տեղավորման և հետագա մնացյալ հարցերի լուծման առումով՝ անկախ տրամադրվող նպաստներից և ծավալներից: Մենք միշտ զգացել ենք, որ Հայաստանի կառավարության, նրա անդամների, ընդհանուր առմամբ՝ բոլոր պաշտոնյաների կողմից վերաբերմունքը եղել է միշտ այնպիսին, որ այդ ծանր ժամանակահատվածում ղարաբաղցիները միշտ տեսել են այդ աջակցությունը: Եվ հետպատերազմյան ժամանակահատվածում ամեն ինչ արել ենք, որպեսզի կարողանանք լուծել մեր ամենածանր խնդիրը՝ տեղահանված բնակչությանը հնարավորություն տալ առաջին հերթին Արցախում և Հայաստանում ժամանակավոր ապաստան գտնել և, իհարկե, հետո արմատական լուծումներ տալ:
Պարոն վարչապետ, նշեմ, որ 2022 թվականին ավելի հստակ 140 մլրդ դրամ միայն միջպետական վարկ և ուղղակի դրամաշնորհ է տրամադրվել Արցախի բյուջեին: Բացի դրանից, Հայաստանի կառավարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերով, բազմաթիվ սոցիալական ծրագրեր իրականացրել է ուղղակի: Դրա համար թիվը շատ մեծ է, դրանց շնորհիվ մեզ հաջողվել է արտագաղթը կանխել և արդեն այսօր լուծել ավելի կարևոր խնդիրներ:
Ուզում եմ նշել, պարոն վարչապետ, որ արդեն 300 բնակարան ավարտված է և հանձնված է հիմնականում տեղահանված զոհվածների ընտանիքներին և երկրորդը՝ կարիքավոր, առաջին հերթին, այն ընտանիքներին, որոնք ավելի սուղ վիճակում են: Բնակարանաշինությունն սկսված է 3000 տների շինարարության առումով. մոտ 500 բնակարան մենք հին ֆոնդից՝ գյուղերում առկա ազատ ֆոնդից, վերանորոգել ենք, տրամադրել, մոտ 2000 բնակարան արդեն նախագծվում է, որոնք պետք է սկսենք 2022 թվականին: Այսինքն՝ այդ 5000 բնակարանային շինարարության ծրագրով մենք հիմնականում նաև հին ֆոնդերում, որտեղ չեն ապրում, դրանք էլ վերագործարկելով լուծելու ենք այն խնդիրը, որը մեր առջև դրել ենք:
Ի դեպ, պարոն, վարչապետ, նշեմ նաև, որ, այո, 144 մլրդ դրամի պարագայում մեզ հաջողվելու է լուծել առկա խնդիրները և ոչ միայն բնակարանաշինության: Մենք շատ հավակնոտ ծրագրեր ենք սկսել. կառուցվում է արդեն Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաև այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում: Զուգահեռ արդեն սկսված են Բադարայի ջրամբարի աշխատանքները, որն անկախ Արցախի պատմության մեջ աննախադեպ երևույթ է: Ավարտման փուլում են Սովետար կոչվող ջրանցքի աշխատանքները, որը լրացուցիչ 3000 հեկտար ոռոգման հնարավորություն է տալու: Եվ զուգահեռ, այդ թվում նշեցիք՝ տնտեսական ծրագրերի իրականացման առումով, մեր աշխատանքներն ենք կատարում բազմաթիվ արտեզյան ջրհորների առումով, որպեսզի գյուղատնտեսությունը, որը պիտի դառնա մեր ընդհանուր տնտեսության լոկոմոտիվը, շարժվի առաջ:
«Բեյզ Մեթըլս»-ի առումով նշեմ, որ արդեն հիմնականում աշխատում է 70-80 տոկոս հզորությամբ, դա պլանավորված է: Լուծվել է ջրի, էներգետիկայի մատակարարման հարցը, արտացոլումը պետական բյուջեի մուտքերի մասով՝ եթե 2021 թվականին պլանային եղել է 17 մլրդ, կատարել ենք 34 մլրդ: Այս տարի ծրագրով նախատեսել ենք 40 մլրդ, բայց, իհարկե, մեր սպասելիքները շատ ավելի մեծ են: Դրան զուգահեռ տարբեր բարեգործական ծրագրերով, համագործակցությամբ ջերմոցային տնտեսություններ, այլ ուղղություններ ևս զարգացնում ենք:
Ընդհանուր առմամբ, պարոն վարչապետ, բնակարանաշինության տեմպերը համապատասխանում են այն ծավալներին, որ միասին քննարկել ենք և եկել ենք համաձայնության: Զուգահեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1061 բնակարան է կառուցում, բացի բնակարաններից, նաև ենթակառուցվածքային այլ ծրագրեր, ջրագծեր այլ գյուղերում, այլ բնակավայրերում, ասֆալտապատում: Այսինքն՝ ծրագրեր իրականացվում են ենթակառուցվածքների բոլոր ուղղություններով և նաև բնակարանաշինությամբ: Հաջողվել է լուծել ամենակարևոր խնդիրը՝ հոսանքի խնդիրը և համարյա անխափան կարողացել ենք մինչ այսօր դեռ պահպանել իրավիճակը, որովհետև ծանր է եղել հզորությունների մատակարարման, ապահովման առումով և այլն: Եթե որևէ ֆորսմաժոր չլինի, նաև այդ հարցն է լուծվում՝ այն դեպքում, որ «Բեյզ Մեթըլս»-ի անհրաժեշտ հոսանքը ևս կարողացել ենք մատակարարել:
Ընդհանուր առմամբ ուզում եմ գոհունակություն հայտնել, պարոն վարչապետ, ձևավորված համագործակցության առումով: Պատասխանատուների հետ մշտապես կապի մեջ ենք: Շնորհակալություն»: