Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը ՀՀ կառավարության նիստում անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին և այն գնահատել հաջողված
ևս 5 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է մի շարք թեմաների:
Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել ՀՀ նախագահի պաշտոնում։ «Այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ կառավարության վերջին նիստն է։ Պարոն Խաչատուրյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարի կարգավիճակով համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ մարտի 13-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահի երդման արարողությունը:
Վահագն Խաչատուրյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար, որ վերջին 7 ամիսների ընթացքում հնարավորություն է ստացել աշխատել որպես ՀՀ կառավարության անդամ։ «Ես շատ գոհ ու զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր կառավարությունում, ու ինձ հնարավորություն է տրվել իմ գիտելիքներն ու փորձն օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում»,-ասել է նախարարը և շնորհակալություն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար:
Վարչապետն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հարցին: «Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ: Այս պահին ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանի որ Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ: Այսինքն՝ այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով մարտի 8-9-ը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Գիշերը մեր պատվիրակությունը վերադարձել է Ֆրանսիայի մայրաքաղաքից, որտեղ մասնակցել ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Կարծում եմ՝ հիմա մենք, նաև պետք է այդ համաժողովն օգտագործելով, նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի և Հայաստանի տնտեսական համագործակցությանը, և ոչ միայն: Մեր պատվիրակության կազմում էին նաև Առողջապահության նախարարը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի երկու տեղակալները: Նկատի ունեմ՝ մենք բազմաշերտ օրակարգ ենք ունեցել, և մեզ համար կարևոր է կենտրոնանալ այդ օրակարգի իրականացման վրա: Տնտեսական կապերը նաև ակտիվացնելու ուղղությամբ աշխատենք»:
Վարչապետը նշել է, որ այցի ընթացքում բացի Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններից, քննարկվել են հարցերի լայն շրջանակ: «Նաև այստեղ կարևոր է ընդգծել Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ես առիթ ունեցա նաև ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, քննարկվեցին նաև Եվրամություն-Հայաստան համագործակցության հարցերը:
Մենք քննարկեցինք, թե ինչպես առավել արդյունավետ շարունակենք մեր համատեղ ծրագրերի իրականացումը: Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, այցը բավականի հաջող էր, և պիտի աշխատենք դրա օրակարգի իրականացման և կյանքի կոչման ուղղությամբ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. «Այդ կապակցությամբ, գիտեք, ապրիլին նախատեսված է նաև իմ այցը Ռուսաստանի Դաշնություն: Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ացը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած 2022 թվականի ժողովրդավարության զեկույցին: «Ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ՝ «ընտրական ժողովրդավարություն»: Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգում է տեղի ունեցել: Այսինքն՝ նույնիսկ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր: Դրա իմաստը հետևյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսը, ըստ էության, օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար: Ինչո՞ւմ է այս նոր բնորոշման էությունը: Այս նոր բնորոշման էությունը հետևյալն է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, այսինքն՝ ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ ընտրությունը իշխանության ձևավորման գործիք է: Եթե շատ պարզ ձևակերպենք՝ կարող ենք արձանագրել, որ նաև ամենաթարմ օրինակը՝ 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանի Հանրապետությունը մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, բարձրագույն լիգա, եթե ժողովրդավարությունները դասակարգենք, կարող ենք այսպես ասել: Շատ կարևոր է, որ այս կազմակերպությունը նաև ընդհանուր դասակարգումն է տալիս՝ հաշվի առնելով երկրի ներսում ժողովրդավարական տարբեր ինստիտուտների գործունեության արդյունքները:
Իհարկե, սա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունը կատարյալ է կամ անթերի, պարզապես տարբեր դրվագների հանրագումարով մենք ստացել ենք այսպիսի դասակարգում, ինչը, կարծում եմ, հիշատակության արժանի է: Եվ պետք է ևս մեկ անգամ ընդգծենք, որ ժողովրդավարությունը մեզ համար առաջնահերթություն է: Եվ մեր կառավարությունը հանձնառու է Հայաստանի Հանրապետությունում կայացնել և զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները:
Ես նախ ուզում եմ մեզ շնորհավորել այս դասակարգման փոփոխության առիթով և ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա. մենք այդ բարձրագույն լիգայում պիտի ամեն տարի փորձենք ավելի բարձր տեղեր զբաղեցնել և երկրորդ՝ պիտի կարողանանք այդ ցուցանիշները կապիտալիզացնել Հայաստանի Հանրապետության օրակարգի հարցերի սպասարկման համար՝ սկսած տնտեսությունից, վերջացրած անվտանգություն: Մենք նաև այս ընթացքում տեսել ենք օրինակներ, երբ երկրում պոտենցիալ ներդրողները, ամենատարբեր գործընկերության հարցերի օրակարգ ունեցող շրջանակները շատ մեծ ուշադրություն են դարձնում այսպիսի զեկույցներին: Այսինքն՝ նրանք ամեն անգամ իրենց առանձին հետազոտությունները չեն անում երկրի մասին, և եթե մի երկրում գործունեություն ծավալելու և չծավալելու հետ կապված պիտի որոշում կայացնեն, ահա, առաջին հերթին, ծանոթանում են այսպիսի զեկույցներին, և այդ զեկույցների բովանդակությամբ են անում իրենց հետևությունները»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Կառավարությունը սահմանել է ՀՀ մարզերում ԲԳՎ-ների տրամադրման կարգը և պայմանները
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց համար բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման կարգում: ԲԳՎ-ների տրամադրման ծրագիրը 2020-2021 թթ. ընթացքում իրականացվել է Երևան քաղաքում, և այժմ նախատեսվում է այն իրականացնել ՀՀ մարզերում: Տվյալ գործընթացը մարզերում ունի որոշակի առանձնահատկություններ, որոնց կարգավորումը հնարավոր է սահմանված ընթացակարգերը լրամշակելու, իսկ առանձին դեպքերում նաև հստակեցնելու միջոցով: Մասնավորապես՝ Երևան քաղաքում բնակվող շահառուները կարող էին ձեռք բերել բնակարան ՀՀ ցանկացած բնակավայրում: Ծրագիրը մարզերում իրականացնելու պարագայում, ելնելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից՝ մարզերի համաչափ զարգացումն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է կարգում մեջ ներառել դրույթ այն մասին, որ մարզերի շահառուները կարող են բնակարան ձեռք բերել միայն այն մարզի համայնքներից մեկում, որտեղ հաշվառված են որպես շահառու: Ծրագրի շարունակության այս փուլում մարզերում հաշվառված շահառուների կողմից ԲԳՎ-ների միջոցով բնակարան ձեռք բերելու գործընթացն իրականացվելու է մարզպետարանների մասնակցությամբ: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել և մանրամասն ներկայացնել ծրագրի շրջանակում մարզպետներին և մարզպետարաններին վերապահված գործառույթները, այդ թվում՝ վերջիններիս կողմից որոշմամբ սահմանված փաստաթղթերը Միգրացիոն ծառայությանը ներկայացնելու կարգն ու ժամկետները: 2022թ. ծրագիրի իրականացման համար պետբյուջեից նախատեսված է 1,4 մրդ դրամ, շահառուների թիվը 254 ընտանիք է:
Նիկոլ Փաշինյանը, կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ Երևան քաղաքում բնակարանների գնման վկայագիր է ստացել 270 ընտանիք:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Երևանում 270 ընտանիքի համար ծրագրի իրականացման նպատակով նախատեսված է եղել 3,7 մլրդ դրամ:
Վարչապետն անդրադարձել է նաև կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկին, որով աջակցություն կստանան 44-օրյա պատերազմի հետևանքով բնակարանից զրկված քաղաքացիները: «Այդ ծրագրով նախատեսվում էր, որ մենք դրամական աջակցություն ենք ցույց տալիս բնակարաններ ձեռք բերելու համար: Ընդ որում, մենք հնարավորություն ենք տալիս բնակարան ձեռք բերել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում: Խոսքը հիմնականում վերաբերվում է այս որոշման համատեքստում վերաբնակեցված քաղաքացիներին: Ես հույս ունեմ, որ այդ փաթեթով նույնպես մենք կլուծենք մեր այն հայրենակիցների խնդիրները, ովքեր 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները»,-ասել է կառավարության ղեկավարը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հայտնել է, գործընթացն արդեն սկսված է և բնականոն հունով ընթանում է:
Կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման գործողության վարչարարությունը
Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակում գույքահարկի վճարման փաստաթղթերի ներկայացման պահանջների մասով վարչարարության բարելավման վերաբերյալ կայացած քննարկման արդյունքներով տրված հանձնարարականի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Արդյունքում կպարզեցվի ու կբարելավվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և(կամ) հաշվառման գործողության վարչարարությունը, ինչպես նաև կտնտեսի այդ գործողությանը մասնակցող քաղաքացիների և վարչական մարմինների ռեսուրսները: Ըստ այդմ, նախատեսվում է տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորություններն այդ պահի դրությամբ ամբողջությամբ կատարված լինելու հանգամանքի ստուգումն իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ այսպիսով երկու խնդիր է լուծվում. «Առաջինը՝ նախ զրոյական տեղեկանք կոչված երևույթը թղթային տարբերակով ընդհանրապես վերացնում ենք: Երկրորդ՝ եթե նույնիսկ զրոյական վիճակ չէ գույքային հարկերի վճարման առումով, դրա համար պարտադիր չէ, որ քաղաքացին այցելի տեղական ինքնակառավարման մարմին, Ճանապարհային ոստիկանություն»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ բարեփոխումը՝ թվայնացման այս գործընթացը, սրանով չի ավարտվում և քայլեր են ձեռնարկվում այն նաև անշարժ գույքի վրա տարածելու ուղղությամբ:
Վարչապետն ընդգծել է, որ թվայնացման ամենակարևոր գործառույթներից մեկը քաղաքացիների ժամանակը խնայելն է. «Քաղաքացին մի գործառույթ անելու համար ստիպված չլինի ամենատարբեր պետական և ոչ պետական մարմիններում շրջել, ժամանակ կորցնել, հերթեր կանգնել, այլ վիրտուալ տիրույթում իրեն հուզող հարցերի պատասխանը ստանալ և անհրաժեշտ գործառույթներն իրականացնել: Ես հույս ունեմ, որ մենք թվայնացման գործընթացը կարագացնենք և հետևողականորեն այս ուղղությամբ առաջ կշարժվենք»:
Հայաստանում կհայտարարվեն երկամսյա և եռամսյա վարժական հավաքներ
Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը:. Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 1400 քաղաքացի:
Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ նախատեսում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը: Որոշմամբ՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 724 քաղաքացի:
Կառավարության որոշմամբ Հայկ Զաքարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հայդելբերգ քաղաքի «SCHMIEDER» բուժհաստատությունում իրականացվող բուժման ծախսերը վճարելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 71389,47 հազար դրամ: Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Զաքարյանի վերականգնողական բուժումն ավարտվել է, և Գերմանիայի բուժհաստատության կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել բուժումը ևս 90 օր:
Կապահովվի Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքը
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի ապահովման, Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխման համար Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերի վերազինման ու արդիականացման համար: Ըստ հիմնավորման, Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, ինչպես նաև «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերի վերազինումը կարևոր դեր ունի դեպի Սևանա լիճ առավելագույն ջրաքանակ ապահովելու համար: Նշված հանգույցները շահագործվում են թունելի շահագործման օրվանից և կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել: Ֆիզիկապես և բարոյապես մաշված փականային հանգույցների և ջրի հաշվառքի սարքերի միջոցով իրապես հնարավոր չէ ճշգրիտ կերպով իրականացնել անհրաժեշտ ուղղությամբ ջրի պահանջվող հոսքերի կառավարում, որը ջրի ոչ ճիշտ հաշվառքի և, հետևաբար՝ ոչ նպատակային օգտագործման պատճառ է դառնում: Վերջին տարիներին բազմիցս քննարկվել է վերջիններիս վերազինման հարցը, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով այն չի իրականացել: Ուսումնասիրություների արդյունքում պարզվել է, որ «Արփա-Սևան» թիվ 1 և թիվ 2 թունելներն իրար միացնող Եղեգիսի ջրանցույցի բետոնյա պատերը քայքայված են և ջրանցույցն իր բարձրությամբ, տարողությամբ չի համապատասխանում թունելով առավելագույն ջրաքանակի տեղափոխմանը: Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, ինչպես նաև «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերի վերազինումն ու արդիականացումն անհրաժեշտություն է:
Կիրականացվի ծխախոտային և ալկոհոլային ապրանքատեսակների դրոշմավորման նոր համակարգի ներդրման փորձնական ծրագիր
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում մի շարք ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը և սահմանել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր: Որոշմամբ նախատեսվում է ծխախոտային և ալկոհոլային ապրանքատեսակների դրոշմավորման նոր համակարգի ներդրման նպատակով իրականացնել փորձնական ծրագիր, որպեսզի այդ ոլորտների տնտեսվարողների մոտ նոր համակարգի ներդրմամբ մեծ խոչընդոտներ չառաջանան։ Ինչպես նաև նախատեսվում է սահմանել դրոշմավորման օպերատոր։ Ըստ այդմ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և ՀՀ ֆինանսների նախարարությունը համատեղ երկամսյա ժամկետում կմշակեն և քննարկման կներակայացնեն օրենսդրական փոփոխությունների փաթեթ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ստանդարտներով դրոշմավորումը իրականացնելու համար։
Այլ որոշումներ
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև 2021թ. սեպտեմբերի 16-ին կնքված դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների իրականացման նպատակով գործադիրն ընդունել է որոշում: «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համաճարակային պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսի կողմից ստեղծվող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» 3 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2022թ. հունվարի 17-ին: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը կնպաստի COVID-19-ի բռնկման ռազմավարական պատրաստվածության և հակազդման գործընթացին, առողջապահական համակարգի, մասնավորապես՝ կորոնավիրուսի հայտնաբերման և ախտորոշման, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի ծառայությունների կարողությունների հզորացմանը՝ հիմնական բժշկական սարքավորումների, պարագաների և ախտորոշման ու բուժման համար անհրաժեշտ միջոցների, բուժաշխատողների պաշտպանվածության կազմակերպման, հասարակության իրազեկման, վիրուսով պացիենտների տրիաժի և կառավարման, վարակի հսկողության ուղեցույցների վերաբերյալ բուժաշխատողների վերապատրաստման միջոցով: Ծրագրով նախատեսված 3 բաղադրիչների շրջանակում նախատեսվում է իրականացնել, մասնավորապես, վարակի կանխարգելման և վերահսկման արդյունավետության բարձրացում, մասնավորապես՝ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղերի արդիականացում։
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հատուկ կարգավորման գոտիներում քաղաքաշինական գործունեությանը ներկայացվող պահանջները կանոնակարգելու, գործընթացը հստակ սահմանված պայմանների շրջանակում իրականացնելու նպատակով: Ըստ հիմնավորման, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում քաղաքաշինական գործունեության համակարգման փորձը և խնդիրների վերլուծությունը ցույց են տալիս, որ որոշակի խնդիրներ կան, կապված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համար պատասխանատուների, փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների, համաձայնեցման ներկայացվող փաստաթղթերի սպառիչ ցանկի սահմանման հետ: Ըստ այդմ, վերանայվել կամ լրացվել են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերին վերաբերող դրույթները, համաձայնեցման պահանջները և համաձայնեցման ներկայացվող փաստաթղթերի ցանկերը: