Մամլո հաղորդագրություններ
Կապահովվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը. գործադիրը մարզպետարաններին կհատկացնի ավելի քան 875 մլն դրամ
ևս 7 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ օրակարգի քննարկումը, ՀՀ վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ իր, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները։
Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 875,473.6 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախատեսվում է համաֆինանսավորել 38 համայքների 44 սուբվենցիոն ծրագրեր. «Դրանցից 26-ը 2021 թվականի ծրագրեր են, որոնք ավարտվել են, և անհրաժեշտություն է առաջացել 604 մլն դրամ վճարելու, իսկ 18 ծրագրերը դեռևս 2020 թվականին են հաստատվել, իրականացվում են, և պետք է վճարենք կառավարության մասնաբաժինը»:
Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է կատարված աշխատանքների նկատմամբ որակի պատշաճ վերահսկողություն իրականցնելու կարևորությունը: Գնել Սանոսյանը նշել է, որ եղել են ավարտված ծրագրեր, որոնք որակի հետ կապված խնդիրներ են ունեցել և աշխատանքները չեն ընդունվել: Նախարարը տեղեկացրել է նաև, որ այս տարի ընդհանուր առմամբ ստացվել է 461 հայտ՝ 79.5 միլիարդ ընդհանուր գումարով, որից կառավարության մասնաբաժինը կազմել է 43.5 միլիարդ. «Բոլոր ծրագրերը շրջանառվել են համապատասխան գերատեսչություններով, հավանության են արժանացել, հետ ենք ուղարկել համայնքեր և սպասում ենք համայնքներից նախագծերի ուղարկելու գործընթացին»:
Կապահովվեն առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման աշխատանքները
Առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման նպատակով կնքված պայմանագրերը ուժի մեջ մտցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես, նախատեսվում է նախկինում կնքված պայմանագրերի շարունակականության ապահովում: Հիմնավորման համաձայն՝ Առողջապահության նախարարությունը 2021 թ. նախաձեռնել է առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման աշխատանքներ: Իրականացվել են կառուցման, վերակառուցման աշխատանքների ձեռքբերում, որոնք ունեն շարունակական բնույթ և 2022 թ. ընթացքում շարունակվելու են: Մասնավորաապես ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տարածքում նախատեսվում է նաև ՀԱՊԱԿ-ի դատաբժշկական և դատապարտյալների հոգեբուժական նոր մասնաշենքի կառուցում:
Ինչպես նշել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, այդ նպատակով պետբյուջից 3,8 մլրդ դրամի հատկացում է նախատեսվում: «Ինչպես գիտեք ՀՀ կառավարությունը հանձնառություն է վերցրել 5 տարիների ընթացքում վերանորոգել, վերակառուցել և կառուցել 50 առողջապահական կազմակերպություն: Դա սահմանվել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով: Այս հանձնառության շրջանակում Առողջապահության նախարարությունը 2021 թվականին արդեն իսկ սկսել է այս աշխատանքների իրականացումը: Մի շարք առողջապահական կազմակերպություններում իրականացվել են և շարունակվում են իրականացվել վերանորոգման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ: Այսօրվա նախագծի մեջ ընդգրկված է 6 առողջապահական կազմակերպություն»,-ասել է փոխնախարարը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել, որ 50 բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման հանձնառությունը իրենց նախընտրական պարտավորությունն է: «Այս փուլում մենք պետք է պատշաճ պլանավորում ունենանք, որպեսզի համոզված լինենք, որ մեր նպատակներն իրագործելիության տիրույթում են այլևս: Ես այս շարքում եմ նայում նաև մեր 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման կամ հիմանորոգման ծրագիրը. այդտեղ էլ նույն սկզբունքով պետք է առաջնորդվենք:
Մենք այս պահին և հետագայում էլ կազմակերպչական հարցերը պետք է ճիշտ լուծենք՝ ժամանակին պլանավորվեն, նախագծվեն, մրցույթներ հայտարարվեն, շինաշխատանքները վերահսկվեն: Եվ զուգահեռ նաև բովանդակային աշխատանքն է շատ կարևոր, այդ թվում մասնագետների պատրաստման հարցը»,- ասել է վարչապետը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ Մաշկաբանության և Այրվածքաբանության ազգային կենտրոնները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն, որի արդյունքում կստեղծվի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: Որոշման նպատակն է բարելավել բժշկական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման, գործունեության ծախսարդյունավետության բարձրացման, միջոցների ճիշտ կառավարման հիմնախնդիրը։ Ներկայում 2 կազմակերպություններ էլ գործում են բավարար ծանրաբեռնվածությամբ, առկա է անձնակազմի պահպանման և մոտիվացման խնդիրը, որոշ դեպքերում նոր, ժամանակակից բուժման մեթոդներով և սարքավորումներով աշխատող մասնագետների կամ դրանց վերապատրաստման կարիք կա, իսկ դեռևս Սովետական Միության ժամանակաշրջանի նորմատիվներով կառուցման մեծ չափերի կառույցները, որոնք պահանջում են պահպանման մեծ ծախսեր, միշտ չէ, որ համապատասխանում են բժշկական օգնության և սպասարկման ներկայիս ստանդարտներին։ Մասնավորապես՝ 2 կազմակերպության միաձուլման արդյունքում նախնական հաշվարկներով կանխատեսվում է շուրջ 4,5-5մլն ՀՀ դրամի խնայողություն ամսական կտրվածքով, միայն ադմինիստրատիվ անձնակազմի օպտիմալացման և նոր ստեղծվող կազմակերպությունում կրկնվող հաստիքների կրճատման արդյունքում։ Քննարկվում է նաև մոտ ապագայում պլանավորված նորաստեղծ Կենտրոնի արդիականացման ծրագիրը՝ շենքային պայմանների և նյութատեխնիկական բազայի բարելավում։ Մասնավորապես՝ նորաստեղծ կազմակերպության համար մոտ ապագայում նախատեսվում է իրականացնել շենքային պայմանների էական բարելավումներ, նշված ենթատեքստում քննարկվելու է նաև բժշկական տեսանկյունից ծառայությունները օպտիմալացնելու հարցը։ Մինչ այդ նորաստեղծ կազմակերպությունը շարունակելու է գործունություն ծավալել նախկին Մաշկաբանության ազգային կենտրոնի և Այրվածքաբանության ազգային կենտրոնի շենքերում։
Հաստատվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Կառավարությունը հաստատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում Սրբուհի Գևորգյանի ընտրության արդյունքները: 2022 թ.մարտի19-ին տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Մրցույթն ընթացել է համալսարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով հոգաբարձուների խորհուրդը (19 կողմ, 0 դեմ, 1 քվեաթերթիկ անվավեր) ռեկտոր է ընտրել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանին՝ 5 տարի ժամկետով:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ այս տարի լրանում է Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակը. «Ցանկանում եմ նշել, որ 100-ամյա ավանդույթներ ունեցող այս կարևորագույն ԲՈՒՀ-ն առաջին անգամ կին ռեկտոր է ընտրել: Շատ խորհրդանշական է, որ այդ ընտրության արդյունքները հաստատվում են այսօր՝ ապրիլի 7-ին, Մայրության և գեղեցկության օրը»:
Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը քաջ գիտակցում է իր պատասխանատվությունների տիրույթը ժամանակակից մարտահրավերների ներքո՝ բարձրագույն մանկավարժական կրթության ոլորտում և պատրաստակամ է շատ կոնկրետ որակական գործընթացները և շարժընթացներն ապահովելու առումով:
Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել նորընտիր ռեկտորին և նշել, որ կրթության ոլորտում իրականացվող լրջագույն բարեփոխումների համար անկյունաքարային նշանակություն ունի կադրերի պատրաստումը: «Իհարկե, այսօր մենք ուսուցիչների կամավոր ատեստավորման շատ կարևոր գործընթաց ենք սկսել: Այն ունի երկու նպատակ՝ նախ բարձրացնել ուսուցչի աշխատանքի մասնագիտական պատրաստության նշաձողը, երկրորդ՝ բարձրացնել ուսուցչի աշխատանքի ֆինանսական գրավչությունը: Գիտեք՝ աշխատավարձերի էական բարձրացման գործընթաց է սկսվել, որը լինելու է շարունակական: Հույս ունենք, որ տիկին Գևորգյանի ղեկավարության պայմաններում Մանկավարժական համալսարանը երկու սկզբունքով կառաջնորդվի. կառավարության աջակցությամբ մենք պետք է մանկավարժական կրթությունը գրավիչ դարձնենք, և երկրորդ՝ պետք է այս ոլորտում նույնպես որևէ կոնպրոմիս բացառվի, որովհետև մենք պետք է համոզված լինենք, որ մանկավարժի դիպլոմ ունեցող անձը համապատասխանում է շատ որոշակի որակական չափանիշների: Ըստ էության, այդ որակավորումը պետական երաշխիք է, որ մենք այս ընդհանուր համակարգի արդյունավետությունն բարձրացնելու ուղղությամբ ենք շարժվում: Իհարկե, առջևում մեզ սպասվում են նաև որոշակի բարեփոխումներ ընդհանուր առմամբ բուհական համակարգում, որը նույնպես մեր հաջորդ կարևոր մարտահրավերն է: Եկեք խոստովանենք, որ նախակրթության և հանրակրթության ոլորտում մենք հստակ կողմնորոշվել ենք, արդեն իսկ որոշումները կայացված են, ռազմավարությունները ճշգրտված են, թե ինչ կոնկրետ գործողություններ պետք է իրականացնենք բարձրագույն կրթության ոլորտում: Մենք դեռ խմորումների, քննարկումների, բանավեճերի փուլում ենք, բայց նաև պետք է կոնկրետացնենք մեր անելիքները, ինչը շատ կարևոր գործընթաց է: Այս առումով կարծում եմ՝ 2022թ. մեր կարևոր անելիքներից մեկը բարձրագույն կրթության ոլորտում զարգացման ռազմավարական հարցերում կողմնորոշվելն է, ռազմավարություններ ընդունելը և դրանցով առաջ շարժվելը»,-ասել է կառավարության ղեկավարը:
Կփոփոխվեն COVID-19 կանխարգելմանն ուղղված որոշ սահմանափակումներ. կկրճատվի ինքնամեկուսացման ժամկետը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով ակնկալվում է պահպանել ՀՀ-ում ստեղծված կորոնավիրուսային հիվանդության կայուն իրավիճակը և նվազեցնել վարակված անձանց մուտքը հանրապետություն։ Ըստ այդմ նախատեսվում է ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, մեկուսացման ժամկետը սահմանել 10 օրացուցային օր՝ նախկին 14 օրվա փոխարեն: Միաժամանակ սահմանվում է, որ մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս են գալիս մեկուսացումից: Նախատեսվում է նաև ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացնել նաև կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 24 ժամ վաղեմության տեղեկանք: ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները ՀՀ տարածք մուտք գործելուց հետո մինչև հաջորդ մեկնումը ՊՇՌ և ՀԾ ԱԱԹ հետազոտության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում դուրս կգան ինքնամեկուսացումից: Միաժամանակ նախատեսվում է Ուկրաինայի Հանրապետությունից ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործող ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի ՊՇՌ հետազոտություններն իրականացնել անվճար:
Փոփոխություններ՝ ՀՀ բուհերի ընդունելության կարգում. դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել 2 անգամ
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգի վերանայման անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ սահմանված է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին: Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է քննությունից ստացած առավել բարձր միավորով։ Միասնական քննություն երկու անգամ հանձնելու իրավունքը նպատակ ունի դիմորդին կրկին փորձելու հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով քննություն հանձնող դիմորդի հուզմունքն ու բարձր լարվածության գործոնը: Նոր կարգավորմամբ նախատեսվում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25–ը ընկած ժամանակահատվածում դիմորդների՝ առավելագույնը երկու միասնական քննությունների առցանց հայտագրում և հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը միասնական քննությունների հանձնում: Ինչպես նախորդ տարիներն, նոր կարգավորմամբ նույնպես միասնական քննություններ տեղի կունենան նաև ամռանը` հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Ամռանը քննություններ հանձնելու համար` տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտողները, ինչպես նաև նախորդ տարիների շրջանավարտները պետք է իրականացնեն քննական առարկաների առցանց հայտագրում: Օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտածները, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները քննական առարկաների առցանց հայտագրում կարող են իրականացնել հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ քննությունները կկազմակերպվեն հուլիսի առաջին տասնօրյակում: Հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդները կարող են մասնակցել մասնագիտությունների հայտագրման լրացուցիչ փուլին, որն ընդգրկում է տվյալ տարվա հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածը: Դիմորդը կարող է առցանց հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր: Թափուր տեղերի մրցությին կարող են մասնակցել միայն այն դիմորդները , որոնք քննություններից ունեն դրական գնահատականներ:
Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2022/2023 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերն ու դրանց բաշխումը: Անվճար տեղերն ըստ մասնագիտությունների նախագծելիս հաշվի է առնվել, մասնավորապես, բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների թվաքանակը, տարիքային շեմը, սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը: 2022/2023 ուստարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից 95-ը (62.91%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից 20-ը (57.14%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Բացի բնական և տեխնիկական գիտություններից, անվճար ուսուցման տեղեր են հատկացվել նաև հայագիտության, արվեստի ոլորտներին և հասարակական գիտություններին: 2022/2023 ուստարում այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 2 առկա և 6 հեռակա անվճար ուսուցման տեղեր:
Հաստատվել են նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության, ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:
Ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ուսուցման ու կրթության կառավարման համակարգերում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ապահովելու նպատակով: Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները: Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները: Որոշմամբ նախատեսվում է ավարտական փաստաթղթերը տրամադրել էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավումը: Փաստաթուղթը կդառնա հասանելի՝ ըստ անհրաժեշտության: Հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրվող ավարտական փաստաթուղթը թվայնացնելու արդյունքում՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը կընդլայնի վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգը:
Գործադիրը հավանություն է տվել նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացման պայմանների և հնարավորությունների ստեղծմամբ: Օրինագծով առաջարկվում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի և «Կրթության բնագավառում խտրականության դեմ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1960 թ. դեկտեմբերի 14-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի ուժով ապահովել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց (արդեն 19-ը տարին լրացած) կրթության իրավունքի իրացման իրական հնարավորությունը: Որպես ուժի մեջ մտնելու ժամկետ՝ նախատեսվել է 2022 թ. օգոստոսի 1-ը:
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն կսահմանվի 15 ամիս
Անհայտ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման գործընթացը շարունակելու նպատակով կառվարությունն ընդունել է համպատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն սահմանել 15 ամիս` անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև աջակցության գումարների վճարման շարունակականությունն ապահովելու և հնարավոր բողոքի դրսևորումներից զերծ մնալու նպատակով: Արդյունքում՝ մինչև անհայտ կորած զինծառայողներին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ որոշման ընդունումն ընկած ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան 15 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն կտրամադրվի անհայտ կորած յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով` սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից: Ծրագրի շահառու են հանդիսանում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողները և ամուսինը:
Շուռնուխ և Որոտան բնակավայրերում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական աջակցությունը կտրամադրվի ևս 11 ամիս
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է շարունակել սոցիալական օգնության տրամադրումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին: 2021 թ. փետրվարի ամսից տրամադրվող սոցիալական օգնությունը կշարունակվի նաև 2022 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին: Հիմնավորման համաձայն, առկա իրողություններով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի մի շարք բնակիչներ կորցրել են բնակելի անշարժ գույքը: Աջակցության տրամադրման ծրագիրն ավարտվել է և դեռևս չեն լուծվել նրանց սոցիալական, այդ թվում՝ բնակարանային խնդիրները։ Ըտ այդմ՝ ամսական 68000 դրամ աջակցությունը կտրամադրվի ևս 11 ամիս:
Գործադիրը հաստատել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ կսահմանվի այդ ընտանիքների կողմից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգը և ծրագրի իրականացմանն առնչվող այլ հարցեր։
Կբարձրացվի քաղաքացիներին մատուցվող ՔԿԱԳ ծառայությունների մատուցման արդյունավետությունը
Գործադիրը լրացում և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը և դրանց նստավայրերը: Ներկայումս նախատեսված են 10 բժշկական կազմակերպություններ, որոնց կողմից իրականացվում են ծննդյան քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ: Փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել ցանկը՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության կողմից գործունեության թույլտվություն ստացած բժշկական այլ կազմակերպությունների, ինչպես նաև բժշկական կազմակերպություններին վերապահել նաև մահվան քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ։ Բժշկական կազմակերպությունների իրավասու աշխատակիցները, շնորհիվ ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների համապատասխան էլեկտրոնային համակարգերի համակցման, օպերատիվ կերպով կընդունեն միայն ծննդյան և մահվան գրանցման դիմումները, կմուտքագրեն դրանք և ՔԿԱԳ գործակալության կողմից դրանք ուսումնասիրելուց և հաստատելուց հետո էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստով և (կամ) թղթային եղանակով կտրամադրեն հասցեատերերին։ Արդյունքում կշարունակվի բազմազանեցվել և ապակենտրոնացվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնների՝ front office-ների համակարգը, ինչպես նաև առողջապահական համակարգն օպերատիվ կերպով կներգրավվի իր անմիջական իրավասության հետ կապված քաղաքացիական կացության ակտերի՝ ծննդյան և մահվան իրավական ձևակերպման աշխատանքներին՝ դյուրացնելով պետական վարչարարությունը, բարձրացնելով քաղաքացիներին մատուցվող ՔԿԱԳ ծառայությունների մատուցման արդյունավետությունը և հեշտացնելով հայցվող փաստաթղթերի ստացման գործընթացը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավում, մասնավորապես «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը կապահովվի օդափոխության համակարգով և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանի մասնաշենքը ներքին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով, ինչպես նաև կիրականացվեն սանհանգույցների կապիտալ նորոգման աշխատանքներ։
Գործադիրը սահմանել է քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը: Կառավարությունը հաստատել է նաև գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը: Ցանկում ընդգրկված են այն հատուկ տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են ներքին դիտում, արտաքին դիտում, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ֆինանսական գործարքների վերահսկում և կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում գաղտնի քննչական գործողություններն իրականացնելու համար:
Կառավարությունը սահմանել է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը
Գործադիրը սահմանել է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը: Որոշման ընդունմամբ կկատարվեն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, և կապահովվի նշված կատեգորիայի դատախազների բարձր վարձատրությունը՝ որպես անհրաժեշտ երաշխիք՝ պայմանավորված գործունեության առանձնակի ռիսկայնությամբ և հատուկ մասնագիտացմամբ։ Առաջարկվող կարգավորման համար հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցման միջոցով տրամադրված պատասխանները, որոնք պարունակում են տվյալ պաշտոնների մասին տեղեկատվություն և դրանց՝ առանձնակի ռիսկայնության և մասնագիտացման վերաբերյալ հիմնավորումները: Ըստ հիմնավորման, այս իրավիճակում առավել նպատակահարմար է սահմանել հավելումներ ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների և ՀՀ գլխավոր դատախազության՝ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն, մեղադրանքի պաշտպանություն, ինչպես նաև այդ գործերով պետության շահերի պաշտպանություն իրականացնող վարչության դատախազների համար:
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է պետբյուջեից ՀՀ դատախազությանը հատկացնել 140,854.0 հազ. դրամ գումար՝ առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված՝ դատախազներին հավելումներ տրամադրելու համար:
Միջազգային համագործակցություն. Հայաստանը կմասնակցի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մշակութային և ստեղծագործ ոլորտներում «Ստեղծագործ Եվրոպա ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է, որը հասանելի է ԵՄ Հարևանության երկրների համար և բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» ենթածրագրերից: Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ մասնակցել է նախորդ «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020թթ.) ծրագրին, որը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակույթի զարգացման մեջ և տրամադրել է բազում հնարավորություններ նշյալ ոլորտի ներկայացուցիչներին մասնակցել տարբեր դրամաշնորհային նախաձեռություններին՝ նպաստելով ճարտարապետության, երաժշտության, գրականության, կատարողական արվեստի, հրատարակչության, ռադիոյի, տեսողական արվեստի և այլ ոլորտների ամրապնդմանը և զարգացմանը: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայաստանյան մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների հետ, խթանում է շփումները մշակույթի գործիչների միջև և տրամադրում է դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի և մի շարք այլ ոլորտներում:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին, որի նպատակը ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է: Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ՝ սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և դրանց համատեղ դիմակայման, տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների համաձայնեցման ու իրականացման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ոլորտը կարգավորող իրավական դաշտի զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործունեության համակարգման, ինչպես նաև կարողությունների զարգացման ուղղություններով:
Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր
Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն «Բեն 10», «Գևմիկ» և «Փիրալյան» ՍՊ ընկերությունները:
«Բեն 10» ընկերությունը ներմուծվող սերուցքից նախատեսվում է պատրաստել 82․5% ճարպի պարունակությամբ սերուցքային կարագ։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 150-200 մլն դրամի կապիտալ ներդրում և 600-700 մլն դրամ՝ հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 12 նոր աշխատատեղ` մինչև 170,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքը ամբողջությամբ նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.4 մլրդ դրամ:
«Գևմիկ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով ՀՀ Արագածոտնի մարզում կկառուցվի 2 հա ընդհանուր մակերեսով գերժամանակակից ջերմոցային համալիր, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրքեր ռուսաստանյան ծաղկի շուկայում։ Ջերմոցային համալիրում նախատեսվում է աճեցնել տարբեր տեսակի, բարձր բերքատվություն ապահովող վարդեր և դրա հիմնական մասը՝ 90 տոկոսը, վաճառվելու է ռուսաստանյան մեծածախ մատակարարներին, իսկ մնացած 10 տոկոսը՝ անմիջապես ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։ 1999 թ. հիմնադրված ընկերությունը նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2022թ. հունվարից: Արդեն իսկ իրականացվել է 60 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի ներդրում՝ ապրանքների ձեռքբերման համար և 540 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` մինչև 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 70 մլն դրամ:
«Փիրալյան» ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է Roberto Piraloff ապրանքային նշանով կոշիկի արտադրության համար (ք․ Երևան)։ Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 5 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` մինչև 110,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 130 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Այլ որոշումներ. հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը
Գործադիրն ընդունել է որոշում՝ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամար նախապատրաստման և անցկացման գործառույթները, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների ապահովելոը նպատակով: Արդյունքում հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և Միջազգային հանձնարարականներով սահմանված ընթացակարգերին համապատասխան: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ: Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակային իրավիճակով պայմանավորված երկրում կարանտինի իրավական ռեժիմը, ինչը սահմանափակում է մարդահամարի դաշտային աշխատանքների նախապատարաստման և կազմակերպման իրագործումը Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնելու ժամկետը 2020 թ.-ից տեղափոխվել էր 2022 թ.:
Կառավարության որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Ավան, Աճառյան փողոց 2-րդ նրբանցք 2/3 հասցեում գտնվող, 5552.1 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասը օտարել մրցույթով: Գույքի վաճառքի գինը սահմանվել է անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 318 135 000 դրամ։
Նախատեսվում է նաև առաջին մրցույթի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում, դրա վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու մրցույթ` նույն պայմաններով՝ առանց գույքի վաճառքի գնի նվազեցման։
Գործադիրը հաստատել է 2022 թ. պետական ստանդարտացման ծրագիրը, ստանդարտացման աշխատանքների ցանկը: Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը: Ծրագրի նպատակն է նաև ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, սննդամթերքի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, հողի որակի, ռազմարդյունաբերության, ոլորտներում աջակցել աշխատանքների կարգավորմանը և արդյունավետության բարձրացմանը: