Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

20.04.2022

ևս 15 լուսանկար



 ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

Ողջունելով ՀՀ վարչապետին, Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ողջունում ենք Ձեզ Կառավարության տանը։ Ձեր պաշտոնական այցն ունի շատ կարևոր նշանակություն մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնք կապում են Հայաստանը և Ռուսաստանը։ Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Հայաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը։ Երեկ կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դուք ձեռք եք բերել լայնածավալ պայմանավորվածություններ երկուստեք համագործակցության ամրապնդման մասին՝ գրեթե բոլոր ուղղություններով, որոնք կան մեր երկու երկրների օրակարգերում։ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները բարձր մակարդակում կայացած որոշումների իրականացման համար» ։

ՌԴ վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին գործընկերների և ներդրող երկրների շարքում: «Ուրախացնում է այն փաստը, որ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 13 տոկոսով՝ հասնելով 2 միլիարդ 600 միլիոն դոլարի, իսկ 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունն աճել է 42 տոկոսով՝ կազմելով 430 միլիոն դոլար։ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալը գերազանցում է 2 միլիարդ դոլարը։ Մենք հետաքրքրված են երկկողմ համագործակցության զարգացման, նոր նախագծերի իրագործման հարցում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, դեղագործությունը, գյուղատնտեսությունը և թվային տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները»,- ասել է Միշուստինը՝ հավելելով, որ նմանատիպ նախաձեռնություններով զբաղվում է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը։

ՌԴ վարչապետն առաջարկել է արագացնել Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման գործընթացը։ Միշուստինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում կարևորել է երկկողմ առևտրում ազգային արժույթների առավել ակտիվ օգտագործումը, արդյունաբերական կոոպերացիաների օգտագործումը, առևտրի նոր հնարավորությունների ստեղծումը:

«Մենք նաև առանձնահատուկ ուշադրություն ենք ցուցաբերում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև պայմանավորվածությունների կատարմանը` տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ: Վստահ եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի հետագա զարգացմանը, կայունությանն ու խաղաղությանը` ի շահ Հարավային Կովկասի երկրների: Ռուսաստանը շարունակում է Հայաստանին ցուցաբարել հումանիտար օգնություն, այժմ Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի միջոցով ստեղծվում են պայմաններ` փախստականների` իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու, օբյեկտների և ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասել է Միխայիլ Միշուստինը:

Իր խոսքում ՌԴ վարչապետը կարևորել է նաև կրթության և գիտության ոլորտում սերտ փոխգործակցության շարունակականության ապահովումը:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ռուսաստանի Դաշնություն և պետք է ասեմ, Դուք ճիշտ նկատեցիք, որ այն անցնում է շատ հաջող: Երեկ մենք Վլադիմիր Վլադիմիրիի հետ քննարկեցինք մեր միջպետական հարաբերությունների ողջ ծավալը, անցկացրեցինք շատ արդյունավետ բանակցություններ, ձեռք բերեցինք կարևոր պայմանավորվածություններ: Ռուսաստանը համարվում է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը և մեր առևտրաշրջանառությունն ու առևտրատնտեսական կապերը շարունակական աճում են: Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Էներգետիկայի ոլորտում ունենք համագործակցության հարուստ փորձ և ռազմավարական ծրագրեր, որպեսզի զարգացնենք այդ բնագավառը: Իհարկե, տրանսպորտի և այլ ոլորտներում մենք ունենք կոնկրետ ծրագրեր և երեկ Վլադիմիր Վլադիմիրիի հետ պայմանավորվեցինք, որ միջկառավարական հանձնաժողովը պետք է դառնա հիմնական հարթակը` տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր նախարարությունները բավականին լավ համագործակցում են, միջկառավարական հանձնաժողովը նույնպես ակտիվ գործում է, վերջերս Երևանում տեղի ունեցավ նիստ: Կարծում եմ, որ ընթացիկ իրավիճակում հայտնվում են ընդհանուր մարտահրավերներ, նաև հնարավորություններ, որոնք պետք է գրանցել, փորձել օգտագործել: Ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն` քննարկելու որոշ կոնկրետ թեմաներ և հնարավոր է հաջողվի հանգել կոնկրետ լուծումների»:

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ՀԱՊԿ 30-ամյակը, Հայաստանի ու ՌԴ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը: «Այս հոբելյանական տարում ունենք միջոցառումների հարուստ ծրագիր, ինչն առաջին հերթին լավ հնարավորություն է նշելու հոբելյանները, ինչպես նաև վերլուծելու անցած ճանապարհը, հասկանալու, արդյոք հասցրել ենք հասնել այն նպատակներին, որոնք նախանշված են եղել, ինչպես նաև տեսնելու, թե որտեղ չենք հասցրել, մեր համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ»,- նշել է վարչապետը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գերատեսչությունների միջոցով սերտորեն աշխատել` դրանք կյանքի կոչելու և հայ-ռուսական տնտեսական կապերը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից ուղևորվել է Նիժնի Նովգորոդ:

← Վերադառնալ