Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը

03.06.2022

ևս 2 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին:

Վարչապետը նշել է, որ Ասիական զարգացման բանկը կարևոր գործընկեր է ՀՀ կառավարության համար, որի հետ իրականացվում են մեծավավալ ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ փոխնախագահին՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում կողմերը կկարողանան կենտրոնանալ տնտեսական զարգացման օրակարգի վրա: Վարչապետի խոսքով՝ ԱԶԲ-ն ՀՀ-ում իրականացվող մի շարք կարևոր ծրագրերում ունի առանցքային ներգրավվածություն և ինքը տեսնում է հետագա փոխգործակցությունն ավելի ակտիվ շարունակելու լավ հնարավորություններ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող աջակցությունն ու ԱԶԲ-ի ու մեր երկրի մասնավոր հատվածի միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարության նպատակն է՝ հնարավորինս արագ և արդյունավետ իրականացնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը և նշել, որ ընթացիկ իրավիճակում վերջինիս կարևորությունն ավելի է մեծանում:

Շիխին Չենն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և ընդգծել հայկական կողմի հետ շարունակական կերպով իրականացվող արդյունավետ ծրագրերի իրականացման փաստը: ԱԶԲ փոխնախագահի խոսքով՝ իրենք պատրաստ են նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող նախագծերին և ընդլայնել համագործակցության ուղղությունները: Միաժամանակ, վերջինս ընդգծել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին հետագայում ևս օժանդակություն ցուցաբերելու ԱԶԲ-ի պատրաստակամությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքին, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանը, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ