Մամլո հաղորդագրություններ

Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին. Վարչապետը՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին

16.06.2022

ևս 4 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը՝ վարչապետը նշել է, որ որպես ԵԽ անդամ երկիր՝ Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորում է համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի կայացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքը և անդրադարձել Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունը սերտորեն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ: Վարչապետը կարևորել է միջազգային հանրության, նաև ԵԽ աջակցությունը խնդրի լուծմանը և շնորհակալություն հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին հարցին բազմակի անդրադառնալու համար:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է՝ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը և իր այցի նպատակն է առավել ամրապնդել այն: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները, որոնց ուղղությամբ Հայաստանը տեսանելի առաջընթաց է արձանագրում, և բարձր գնահատել 2021թ. միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք ազատ էին և մրցակցային:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի: Քննարկման առարկա են դարձել արդարադատության ոլորտի բարեփոխման ընթացքն ու մարտահրավերները: Վարչապետը նշել է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևորությունը, ԵԽ Գլխավոր քարտուղարն էլ վերահաստատել է ԵԽ խորհրդատվական աջակցությամբ, փորձով ու գիտելիքներով գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը: Անդրադարձ է եղել նաև կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում խթանելու հարցին: Քննարկվել է ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: Ընդգծվել է երկխոսության կարևորությունը խաղաղության և բարգավաճման հասնելու ճանապարհին:

Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, խաղաղության օրակարգի շուրջ և կարևորել միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին:

← Վերադառնալ