Մամլո հաղորդագրություններ
Վարչապետն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարին
ևս 3 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետն ընդգծել է Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել ԳԴՀ կառավարական պատվիրակության այցը մեր երկիր: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, և մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին, փորձի փոխանակումը: Շահագրգռված ենք մեր արդյունավետ համագործակցության շարունակականությամբ և ընդլայնմամբ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
ԳԴՀ դաշնային նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում: Սվենյա Շուլցեն ԳԴՀ կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու, զարգացնելու Հայաստանի հետ փոխշահավետ գործընկերությունը և համատեղ ծրագրերը:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորել է Արևելյան գործընկերության ծրագիրը, որի շրջանակում ՀՀ-ն առաջընթաց է արձանագրել մի շարք չափանիշներով: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության բարեփոխումները կրթության, արդարադատության, ոստիկանության և մի շարք այլ ոլորտներում:
Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն տարբեր ուղղություններով հարաբերությունները զարգացնելու ներուժ և այդ օրակարգն առաջ մղելու կամք: Քննարկվել են գյուղատնտեսության, սննդի անվտանգության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցության խորացման հարցեր: Երկուստեք կարևորվել են կանանց տնտեսական և հասարակական ակտիվությունը խթանող նախաձեռնությունները:
Վարչապետը տեղեկացրել է, որ 2022թ. հունվարից սկսած Հայաստանում տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ է արձանագրվում, և մեր երկրի ներդրումային միջավայրը, շարունակաբար բարելավվող պայմանները կարող են հետաքրքրական լինել գերմանական բիզնեսի համար, ինչին ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը դրական է արձագանքել: Կառավարության ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) փոխգործակցության կապակցությամբ: