Մամլո հաղորդագրություններ

2 մլրդ 734 մլն ՀՀ դրամ՝ Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ և Տաթև-Աղվանի ճանապարհների նորոգմանը. վարչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը

11.08.2022

ևս 8 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի զեկուցմամբ՝ առաջարկվում է հատկացվելիք գումարով 3 ճանապարհատվածում իրականացնել կամ ավարտել շինարարարական աշխատանքները: Մեկը Լոռու մարզում է՝ Ստեփանավան-Յաղդան կոչվող հատվածում. 8.1 կմ ճանապարհից այս տարի կնորոգվի 6 կմ-ը, 2 կմ ասֆալտապատումը կարվի հաջորդ տարի: Մյուսը Սիսիան-Դաստակերտ (Դաստակերտ, Տորունիք, Տոլորս) հատվածն է և երրորդը՝ Տաթև-Աղվանի հայտնի ճանապարհահատվածի մեկ կտորը՝ 17.5 կմ: Նախարարը նշել է, որ վերջին ճանապարհահատվածում առաջ եկած թերությունները վերացվել են, այժմ վերին շերտն է տեղադրվում: Նախատեսված է 2 մլրդ 734 մլն ՀՀ դրամ գումար, որից 2 մլրդ 689 մլն ՀՀ դրամը՝ շինարարության համար է, 25 մլն ՀՀ դրամը՝ տեխնիկական հսկողության, 19 մլն ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության:

Որոշման առնչությամբ վարչապետը նշել է. «Նախ անդրադառնանք Տաթև-Աղվանի հատվածին, որովհետև Կառավարության նախորդ նիստերում առիթ ունեցել ենք խոսելու: Հիշում եք, որ նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը մի փոքր ֆորս մաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց: Ի սկզբանե այն նախատեսված էր որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ և շահագործման հանձնվեց, բայց հետագայում՝ այս տարի, մենք տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի՝ փոսեր էին գոյացել և այլն: Մենք, ըստ էության, տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, և հիմա, իմ ունեցած վերջին տեղեկություններով, խնդիրների մեծ մասը լուծվել է. մնացել է վերջին 500 մ հատված, որտեղ փոսերի հարցը պետք է լուծել»:

Այս կապակցությամբ ՏԿԵ նախարարը զեկուցել է, որ այժմ 500 մետրից էլ պակաս ճանապարհահատված է մնացել, և հավանաբար վաղն այդ հատվածում այլևս փոսեր չեն լինի, այն ամբողջովին ասֆալտածածկ կլինի: Սկսվել է երրորդ շերտի տեղադրման գործընթացը՝ 5.8 կմ արդեն տեղադրվել է, աշխատանքը շարունակվում է: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան, թե արդյոք շտկումներից հետո այդ ճանապարհը կկարողանա նաև բեռնատար մեքենաներ սպասարկել, Գ. Սանոսյանը նշել է, որ գործնականում այո, որոշ տեղերում խնդիրների քիչ հավանականություն կա, բայց կշեռքների համակարգի պատշաճ կիրառման դեպքում ճանապարհը կարդարացնի իրեն, քանի որ այն շարքից դուրս էր եկել Կապան-Երևան ուղղությամբ ծանրաբեռնված մեքենաների երթևեկությամբ պայմանավորված:

Կառավարության ղեկավարին նաև զեկուցվել է ճանապարհային կշեռքների համակարգի տեղադրման մասին. նշվել է, որ Սիսիանից դեպի Երևան եկող ուղղությամբ ճանապարհային կշեռքն արդեն մի քանի օր է՝ գործարկվել է, մեքենաները կշռվում են, ընթանում են վերջնական կահավորման աշխատանքներ: Նախատեսվում է նաև երկրորդ կշեռքի տեղադրում: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ բոլոր ոլորտներում պետք է գոյություն ունենան ստանդարտներ, այդ թվում՝ բեռնափոխադրումների, և կշեռքների տեղադրման գործընթացը դրա ամենակարոևոր բաղադրիչն է:

Վերադառնալով Տաթև-Աղվանի թեմային՝ վարչապետը հիշեցրել է, որ ընթացքի մեջ է Տաթևի ոլորանները և Տաթև գյուղը շրջանցող ճանապարհի շինարարությունը՝ Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ, Լծեն-Նորավան ուղղությամբ, որն արդեն կմիանա մայրուղուն: Զեկուցվել է նաև այս հատվածի շինարարական աշխատանքների ընթացքի մասին. այստեղ նոր շերտ է տեղադրվելու՝ բեռնատարներին ծառայելու համար: Նշվել է, որ նախատեսվում է այն շահագործման հանձնել նոյեմբերին, բայց տեմպի հետ կապված որոշ մտավախություններ կան: Կառավարության ղեկավարը խնդրահարույց է համարել դա՝ նշելով. «Դա շատ կարևոր նշանակություն ճանապարհ է, և պետք է կարողանանք այդտեղ խնդիրները կարգավորել: Պարոն Խաչատրյան, երբ քննարկում էինք պետական գնումների հետ կապված համակարգի բարեփոխումների թեման, գաղափար հնչեց, որ, որպես գործոն, հաշվի առնվի նաև տվյալ փուլում ընկերությունների ծանրաբեռնվածությունը: Որովհետև հիմա մենք, ցավոք, որոշ տեղերում նկատում ենք իրավիճակ, երբ ընկերություններն ինքնամոռաց մրցույթների մասնակցում են, հաղթում են, հետո ժամկետների առումով պետական պատվեր իրականացնելու խնդիր են ունենում: Իհարկե, եթե ժամկետում չհասցնի, մեխանիզմներ ունենք՝ սև ցուցակ, բանկային երաշխիք, բայց դա մխիթարություն չԷ, որովհետև մեզ պետք չէ՝ բանկային երաշխիքը հետ քաշել կամ տուգանել, կամ սև ցուցակ գցել: Մեզ ճանապարհն է պետք:

Նման դեպքերը պետք է հստակ վերլուծել և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Ընդ որում, մրցույթը հայտարարվում է հստակ ժամկետով, ընկերությունները մրցույթները հաղթում են առանց խոչընդոտի, ինչի համար ուրախ ենք, բայց մեր խնդիրն է, որ նախատեսված ժամանակում մեր ճանապարհը պատշաճ որակով հանձնեն մեզ: Սա պրոբլեմ է: Կրկին գնումների համակարգի հետ կապված. մենք անընդհատ երկընտրանքի առաջ ենք՝ մի դեպքում մեկ անձով գնում իրականացնելիս վստահ չենք, թե որքանով ենք օպտիմալ գին ունեցել, մյուս դեպքում, երբ մրցույթով ենք անում, այսպիսի իրավիճակներ ենք ունենում: Սա ամենևին էլ եզակի իրավիճակ չէ, պետք է ասել: Ուղղակի սա հատուկ նշանակություն ունեցող ճանապարհ է, դրա համար առանձնակի ուշադրության կենտրոնում է: Բայց այդպիսի դեպքեր շատ ենք ունենում: Այսօր էլ այնպիսի շինարարական բում է Հայաստանի Հանրապետությունում. անընդհատ Կառավարության նիստերում ես ասում եմ, որ, ըստ էության, բոլոր շինարարական, ճանապարհաշինական ընկերությունները լրջորեն ծանրաբեռնված են, ունեն պատվերներ: Մենք պատվերներ ունենք և այսօր մտավախություն ունենք, որ կրկին մրցույթ է լինելու, ինչ-որ մեկը հաղթելու է, և չի իրականացվելու, որովհետև տեսնում ենք, թե որքան են ծանրաբեռնված: Պետք է անպայման ինչ-որ բան անել:

Պետական բյուջեի ծախսային հատվածը վերլուծելիս կապիտալ ծախսերում տեսնում ենք թերակատարումներ, և պետք է հասկանալ, որ այստեղ միայն Կառավարությունը չէ, որովհետև, ըստ էության, կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնողը մասնավոր հատվածն է: Մենք պետական շինարարական կազմակերպություն չունենք: Ընդ որում, այդ ցայտնոտային իրավիճակներն ազդում են նաև որակի վրա, որովհետ մի կողմից, պարտադրում ենք, որ ժամանակի մեջ մնա, և եթե ինքը ճիշտ ժամանակացույցով չի աշխատում, նաև որակի հետագա խնդիրներ ենք ունենում: Քանի նման դեպք ենք ունեցել, երբ պարզվել է, որ շատ լուրջ ծրագրերի հետ կապված որակի խնդիր կա: Եվ ընդհանրապես ճանապարհաշինական ստանդարտի հետ կապված խնդիր ունենք: Բայց, մյուս կողմից էլ, չենք կարող ասել՝ ամբողջ երկրում շինարարությունը դադարեցնում ենք, մինչև ստանդարտ ունենանք, որովհետև ստանդարտը մեկ հարց է, դրան համապատասխանող ընկերություն ունենալը՝ մեկ այլ հարց: Այս հրապարակային քննարկումը նրա համար է, որ այդ ոլորտի նաև օտարերկյա ընկերությունները, պոտենցիալ ներդրողներն իմանան, որ հսկայական դաշտ ունենք, որտեղ հնարավոր է աշխատել: Սա կարևոր առանձնահատկություն է և կարևոր ուղերձ»:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է ճանապարհներին գտնվող հուշարձանների պահպանության ու բարեկարգման խնդրին: «Այս թեմայի հետ կապված ուղղակի առնչություն չունեցող մեկ դիտարկում, որովհետև Ստեփանավան-Ագարակ-Յաղդան ճանապարհի մասին է խոսքը: Դա Ստեփանավանից դեպի Ալավերդի, Օձուն տանող ճանապարհն է: Կրկին ծրագրերի ապահովման առումով և նույնիսկ վստահ չեմ, որ ասածս վերաբերում է հենց այն հատվածին, որտեղ նորոգում է տեղի ունենում: Վերջերս այդ ճանապարհով անցնում էի և նկատեցի, որ ճանապարհին կա բավական հին կամուրջ և երթևեկելիս, օրինակ, այդ կամուրջը մի պահ երևում է, հետո հաջորդ պահին անցնում է ծառերի հետևը: Սա այն դեպքն է, որ պետք է չխնայել և ծառերը կտրել, մի փոքր այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետև դա ճարտարապետական հուշարձան է: Ի վերջո, ճանապարհի բովանդակությունը և էսթետիկան ամբողջությամբ փոխում է:

Ընդ որում, լուսավորության թեման նույնպես ցավոտ թեմա է: Ընդհանրապես այս ոլորտներում աշխատելիս պետք է հաշվի առնենք, որ լուսավորություն չի նշանակում լույս կախել: Հուշարձանի լուսավորությունն առանձին ոլորտ է. գոյություն ունի լույսի դիզայն, լույսի դիզայներ, և պետք է անպայման ամեն ինչ, ինչ անում ենք, անենք պրոֆեսիոնալ մակարդակի: Որովհետև շատ դեպքերում լինում է, որ գումար ենք ծախսում, փաստաթղթերում ֆիքսում ենք, որ ծախսեցինք, արեցինք, հետո ուզում ենք գնալ, իմանալ՝ արդյունքում ինչ ենք ստացել, տեսնում ենք, որ միջակ ինչ-որ բան ենք ստացել: Կարծում եմ՝ կրկին ստանդարտի խնդիր է: Ինչպես որ երկար քննարկեցինք, եկանք եզրակացության, որ դպրոց, մանկապարտեզ, բժշկական կենտրոն կառուցելիս հին գույքը նոր շենք պետք է չմտնի, այդպես էլ պետք է ինչ անում ենք, անենք հնարավորինս ամենաբարձր մակարդակով: Եվ դա միայն ամբիցիայի հարց չէ: Դա նախ ներդրման էֆեկտիվության հարց է և հետո, այսպես ասած, հարակից էֆեկտների ապահովման հարց է, որովհետև տուրիզմ կա, տնտեսություն կա, ի վերջո, տրամադրություն կա: Այդ ամեն ինչը պետք է պարտադիր հաշվի առնել: Նկատի ունեմ՝ երբ ճանապարհ ենք նորոգում, օրինակ, լավ կլինի, որ մեխանիզմ ունենանք, տեսնենք՝ այդ ճանապարհին զուգահեռ ինչ պատմական կամ ոչ պատմական հուշարձաններ կան, որոնք 30 տարի առաջ դրվել են, բայց այս ընթացքում չեն նորոգվել, զուգահեռ այդ գործողություններն էլ անենք: Մեր ծրագրային, տեխնիկական առաջադրանքների համատեքստում գուցե կարելի է նաև այսպիսի առաջադրանք դնել և այն լուծել՝ Տուրիզմի կոմիտեի կամ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ», - ասել է վարչապետը՝ տալով մի շարք հանձնարարականներ:

Նիստում ընդունվել են համանման մի քանի որոշումներ ևս՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության բարելավման և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման նպատակով:

Ինտենսիվ այգեգործության խթանում, ոռոգման համակարգերի զարգացում. կփոխվեն պետական ծրագրով սուբսիդավորման պայմանները

Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023թթ. ծրագրում փոփոխություններ կատարելու մասին՝ պետական ֆինանսական միջոցները որոշակիորեն տնտեսելու և դրանց նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ հաշվի առնելով նշված ծրագրի հաջող ընթացքը՝ որոշումը միտված է դրա օպտիմալացմանը և օժանդակության պայմանների մեղմացմանը: Մասնավորապես, նախատեսվում է փոխել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման չափը, որի արդյունքում 2023թ. հունվարի 1-ից վարկերը տնտեսվարողներին հասանելի կլինեն 5 տոկոս տոկոսադրույքով՝ նախկին 2 տոկոս էֆեկտիվ տոկոսադրույքի փոխարեն: Կրճատվում է նաև ինտենսիվ այգիների հիմնման համար տրամադրվող փոխհատուցման չափը՝ 50 տոկոսի փոխարեն սահմանվելով 30 տոկոս: Ակնկալվում է, որ անգամ ավելի մեղմ սուբսիդավորմամբ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը կմնա բավական բարձր, և ավելի քիչ հանրային ռեսուրսներ օգտագործելով՝ Կառավարությունը կհասնի ծրագրային թիրախներին:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ տարեկան առնվազն 1000 հա ինտենսիվ այգու տնկում ունենալը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական թեզերից մեկն է: Եվ ուրախ ենք արձանագրել, որ արդեն ընտրության տարում 2021թ. 1600 հա չափով այգետնկման ծրագիր է հաստատվել և իրականացվել: Մեր տրամաբանությունը հետևյալն է. մենք միշտ ասել ենք, որ պետական սուբսիդավորման ծրագրերի կարևոր գործառույթը, ինչպես ասում են, որևէ ուղղություն տեղից շարժելն է, և երբ տեսնում ենք, որ այդ ուղղությունը պատշաճ արագություն է ստանում, այդ միջոցներն արդեն պետք է վերաբաշխենք այլ ուղղություններով, որտեղ դեռ շարժումը, ընթացքը պատշաճ, ցանկալի մակարդակի չէ: Ուզում եմ ասել, դուք տեղյակ եք, անշուշտ, որ տնտեսական իրավիճակի առումով մենք բավական լավ վիճակում ենք՝ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշն անցել է 10 տոկոսը:

Այսինքն՝ երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, բայց, մյուս կողմից, գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ ունենք՝ գյուղատնտեսության արտադրանքի անկում ունենք: Մեծ հաշվով, այստեղ անակնկալ չկա, և գիտենք՝ ինչ է պետք անել այդ վիճակագրությունը փոխելու համար: Այդ ուղղություններից է ինտենսիվ այգեգործության խթանումը, ոռոգման համակարգերի զարգացումը: Հետագայում անդրադարձ կունենանք հողերի խոշորացման, լիզինգի ծրագրերին և այլն, որպեսզի պատշաճ գյուղատնտեսական ժամանակակից տեխնիկա մտնեն մեր վարելահողեր և այսպես շարունակ: Հույս ունեմ՝ այս գնահատականի մեջ չենք սխալվի, և եթե տեսնենք հանկարծ սխալվում ենք, պետք է չսասանվենք վերադառնալ և շտկումներ անել, ինչպես մյուս դեպքերում: Պայմանավորվել ենք, որ անընդհատ մեր ծրագրերի մոնիթորինգ պետք է իրականացնենք, ըստ արդյունքների որոշակի արձանագրում անենք: Ուրախ ենք, որ սա այն նախընտրական թեզերից է, որն ակնհայտորեն կյանքի է կոչվում, լավ տեմպ ունի, և մենք հիմա միջոցներից մի մասը կարող ենք վերաբաշխել և փորձել օգտագործել զարգացման այլ ուղղությունների համար»:

Էկոնոմիկայի նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև աշնանացանի պետական սուբսիդավորման ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ հաշվի առնելով մի շարք սահմանամերձ համայնքների, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի հաջող փորձը՝ աջակցության տրամաբանությունը փոխվել է. եթե նախկինում սուբսիդավորվել է սերմերի արժեքի մի մասը, այժմ սուբսիդավորվելու է ցանքատարածությունը: Նախատեսվում է սուբսիդավորել մշակված հեկտարները, որպեսզի հնարավորինս շատ աշնանացան լինի՝ հաշվի առնելով պարենային անվտանգության և գլոբալ պարենային իրավիճակը և համայնքների օգնությամբ հնարավորինս ավելացնել մշակվող հողատարածքների չափը: Ընտրվել է հետևյալ մեխանիզմը՝ ամեն հեկտարի համար սուբսիդավորել 120000 ՀՀ դրամ, եթե օգտագործվում է հավաստագրված սերմացու, և 70000 ՀՀ դրամ, եթե հավաստագրված սերմացու չի օգտագործվում: Գործընթացի կառավարումը նախատեսվում է իրականացնել համայնքների տեղական ներուժով:

Կառավարության ղեկավարը կարևորել է այս մոտեցումը և նկատել, որ նշված տրամաբանությունը քննարկվել է դեռևս 2020թ. կորոնավիրուսի պայմաններում աջակցության միջոցառումների շրջանակում: «Մեր նպատակն է ցույց տալ գյուղացուն, որ երբ ինքը մի քիչ ավելի գումար ծախսի և սերտիֆիկացված սերմացու ցանի, այդ պարագայում իր եկամուտն էականորեն ավելի շատ կլինի: Հիմա մենք Գեղարքունիքի մարզում արձանագրված գործնական լավ փորձը դարձնում ենք ծրագրի բովանդակային առանցք: Պետք է խթանենք այն ուղղությունները, որոնք երաշխավորում են աճն ու զարգացումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

2024 թ. հունվարի 1-ից լիարժեքորեն կներդրվի հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտ

Կառավարությունը որոշումներ է ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված՝ հաստատելով անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը:

Հարցերը զեկուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: Նա նշել է, որ առաջին որոշման նպատակն է անձնական օգնականի ծառայությունը տրամադրելու միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը։ Այդ հանձնառությունը բխում է Հայաստանի միջազգային պարտավորություններից և Կառավարություն հնգամյա ծրագրից: Որոշմամբ սահմանվում է, որ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Շահառուների շրջանակը ներառում է ամենակարիքավոր խումբը. անձնական օգնականի ծառայություն կարող է տրամադրվել հենաշարժական, տեսողական և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող այն անձանց, ում ընտանիքը հաշվառված է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում: Կանխատեսվում է ունենալ կարգի պայմաններին համապատասխանող 2450 անձ: Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, նաև հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը, ով կանցնի վերապատրաստում ու կհավաստագրվի: Ծառայության կարիքը և ծավալը կսահմանվի 2023թ. փետրվարին անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրմամբ: Որոշմամբ սահմանվում են նաև այն պայմանները, որոնց դեպքում չափահաս անձը անձնական օգնական չի կարող լինել՝ որոշակի հիվանդություններ, դատվածության որոշակի դեպքեր և այլն: Ծառայությունը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի խնամք (սննդի պատրաստում, բնակարանի մաքրություն, գնումներ, բժշկի այցելության հարցերում օգնություն և այլն), նաև միջավայրային արգելքները՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու բարդությունները հաղթահարելու աջակցություն: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ. հունվարի 1-ից, բայց մինչ այդ 2023թ. իրականացվելու է պիլոտային ծրագիր: Ծառայության մատուցման համար կպահանջվի 5,186,160.0 հազ․ՀՀ դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։

Խելամիտ հարմարեցումների մասով փոխնախարարը զեկուցել է, որ որոշումը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի հնարավորությունների ընդլայնմանը, աշխատավայրերում և ուսումնական հաստատություններում խտրականության բացառմանը: Կարգով սահմանվում են խելամիտ հարմարեցումների տեսակները, դրանք ապահովող կողմի պարտավորությունները և ժամկետները: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ Ա. Ժամակոչյանը տեղեկացրել է, որ խելամիտ հարմարեցումները պետք է ապահովվեն գործատուների կողմից, այս պահին որոշակի քայլեր արդեն արված են, իսկ առաջարկվող հարմարեցումները կարող են լինել տարբեր բնույթի և ոչ ծախսատար՝ օրինակ, ժամականացույցի վերանայում, դռան բռնակի տեղափոխություն և այլն:

Կարևորելով անձնական օգնականի ինստիտուտի ներդրումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ դեպքերում մենք որոշակի՝ ֆինանսական և այլ աջակցություն ենք ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձին, բայց հետագա հետազոտությամբ պարզում ենք, որ այդ մարդիկ նույն աջակցությունը կիրառելու հետ կապված դժվարություններ ունեն՝ սկսած նրանից, որ մարդն ուղղակի կարող է ի վիճակի չլինել գնալ խանութից գնում անել և վերադառնալ: Այս կարգով սահմանվում է անձնական օգնականի ինստիտուտ, պետական միջոցներից վճարվում է մոտավորապես ժամը 1050 ՀՀ դրամի կարգի գումար և նաև այն դեպքերում, երբ հաշմանդամություն ունեցող անձը 10 ժամից ավելի խնամքի կարիք ունի, կարող է նաև ընտանիքի անդամը լինել այդ կարգավիճակում: Ընդ որում՝ այս ծառայությունից կարող են օգտվել սոցիալական անապահովության որոշակի միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող հաշմանդամություն ունեցող քաղաքացիները: Որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ. հունվարի 1-ից, բայց մինչ այդ մենք պիլոտային ծրագիր կիրականացնենք, որպեսզի տեսնենք գործնականում, իրական կյանքում ինչ խնդիրներ են առաջանում, և ինչ կարգավորումների անհրաժեշտություն կա, որ այսօր տեսության մեջ չենք կարողացել նույնականացնել: Դրանից հետո արդեն 2023թ. ընթացքում կլավարկենք այս որոշումը, և 2024թ. հունվարի 1-ից կփորձենք լիարժեք իրագործել»:

Այլ որոշումներ

Գործադիրի որոշմամբ Կառավարության պահուստային ֆոնդից 408.0 մլն ՀՀ դրամ գումար կհատկացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների ֆինանսական վիճակի բարելավման նպատակով: Նախնական տվյալներով՝ միջոցառման պոտենցիալ շահառու կլինի 816 զինծառայող:

Կառավարությունը որոշում է ընդունել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին: Նախագծերով նախատեսվում է ապահովել սոցիալական երաշխիքների լիարժեք հասանելիություն Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար, նաև բարելավել օրենսդրական դաշտը:

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկին որոշումներից մեկում, որով ակնկալվում է նվազեցնել թույլ տրված վարչական իրավախախտման համար վարչական տույժից խուսափելու հնարավորությունը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերը և ապահովել ճանապարհային անվտանգ երթևեկություն:

Կառավարությունը որոշումներով «ԻՍԹԵՔ ԱՐ» ՍՊԸ-ն և «ԷԼՍԱ» ՓԲԸ-ն ներառվել են «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:

Նիստում հավանություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

← Վերադառնալ