Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը լրացուցիչ որոշում կընդունի՝ կենսաթոշակները բոլոր կենսաթոշակառուների համար առնվազն 3000 դրամով ավելացնելու վերաբերյալ
ևս 10 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սեպտմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով, ներկայացրել կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումների ընթացքը:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է կենսաթոշակների բարձրացման հարցին: «Դուք գիտեք, որ կառավարության նախորդ նիստերից մեկում որոշում ենք կայացրել կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ: Մեր նպատակադրումն այս փուլում թոշակներն առնվազն 3 000 դրամով ավելացնելն էր: Սակայն պարզվել է, որ թոշակառուների 97,5 տոկոսի թոշակն է սեպտեմբերի 1-ից բարձրանում առնվազն 3 000 դրամով, 6 400 թոշակառուի թոշակը գործող բանաձևով բարձրանում է 2 500 դրամով, իսկ 5300-ինը՝ 1 900 դրամով: Մենք քննարկում ունեցանք և գտնում ենք, որ ճիշտ են այդ դիտարկումները, մանավանդ մեր հայտարարությունների ֆոնին, և հարկ համարեցինք, որ 2500 և 5300 մեր սիրելի թոշակառուների համար լրացուցիչ որոշում կայացնել, որպեսզի սեպտեմբերի 1-ից, ինչպես խոստացել էինք, բոլորինը բարձրանա առնվազն 3000 դրամով»,- ասել է վարչապետը:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որպեսզի խնդրին ավելի ինստիտուցիոնալ լուծում տրվի և օրենքով սահմանված հաշվարկման բանաձևով նման թյուրընկալումների առիթ չհանդիսանա, քննարկումների արդյունքում որոշվել է նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու նախագիծ մշակել: Այն նախատեսվում է սահմանել 31 600 դրամ, որը կերաշխավորի բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակի առնվազն 3000 դրամով բարձրացումը:
Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանն ուղղված կառավարության քայլերին, այդ թվում անկանխիկ առևտրի դեպքում կեսնաթոշակի 10 տոկոսի հետվճարի միջոցառմանը` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց նպատակադրումն այն է, որ պարենային զամբյուղի արժեքից ցածր թոշակ չլինի Հայաստանում:
Վարչապետն անդրադարձել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: «Երեկ մենք մամլո հաղորդագրություն ենք տարածել հանդիպման վերաբերյալ, որտեղ նշված են քննարկված թեմաները: Նաև նշված են այն որոշումները, որոնք կայացվել են. դրանք աշխատանքային բնույթի որոշումներ են: Իհարկե, հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք, բոլորս պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն: Մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել: Նաև կարծում եմ, որ անհրաժեշտություն է և ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն: Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաև, որ հաղորդելու այլ մանրամասներ այս պահին չկան, քանի որ դրանք արդեն համառոտ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրությունում. «Հետագայում, եթե կլինեն մանրամասներ, առաջարկներ կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում, հանրության հետ, քաղաքական ուժերի հետ, մենք դա, իհարկե, անպայման կանենք»:
Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու և ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 3 ճանապարհահատվածների հիմնանորոգման և թվով 7 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, 2022-2023թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների համար կմշակվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր, որով կապահովի նախատեսված աշխատանքների բնականոն ընթացքը։ Որոշմամբ առաջարկվում է 580 մլն դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
Մասնավորապես, որոշումն ընդունվել է՝ Հ-43, /Մ-2/ - Գնդեվազ - Ջերմուկ – Արցախի Հանրապետության սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի ջրահեռացման ապահովման, փլուզված հատվածի և նստվածքային հատվածի վերականգնման, Մ-4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման համապատասխան հատվածում գտնվող կամուրջի վերանորոգման, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ Կմ (Գետափ բնակավայրի դպրոցի մոտ) վերգետնյա հետիոտնային անցման կառուցման, Հ-7, /Հ-5/ - Կարենիս - Չարենցավան - Ֆանտան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան - Ֆանտան (Երևան -Սևան երկաթգծի և հրազդանի ջրանցքի վրայով անցնող) կամրջի, Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամրջի և Տ-2-13 Արգավանդ – Հայանիստ – Հովտաշատ - Արմավիրի մարզի սահման մարզային նշանակության ավտոճանապարհի կամրջի հիմնանորոգման աշխատանքներով, Մ-4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման ճանապարհին գտնվող կամուրջի վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման համար, Մ-4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման համապատասխան հատվածում գտնվող կամրջի վերանորոգման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման նպատակով լրացուցիչ աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցների նախատեսման, Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման նպատակով լրացուցիչ աշխատանքների կատարման և տվյալ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար և այլն:
Վարչապետը, անդրադառնալով շինաշխատանքներին, մասնավորապես՝ Երևան-Սևան - Իջևան ճանապարհի վրա գտնվող կամրջի վերանորոգմանը, կրկին կարևորել է աշխատանքների պլանավորումը. «Այդ կամուրջը գտնվում է Երևան-Սևան մայրուղու վրա: Շինարարությունը սկսվել է Սևանի սեզոնի մեկնարկին և տևեց մինչև սեզոնի ավարտ: Այդ ընթացքում այդ ճանապարհատվածում ամեն օր խցանումներ էին լինում: Սա ցույց է տալիս, թե մենք ինչքան աշխատանք ունենք անելու՝ հատկապես մեր գործերի պլանավորման առումով»:
Կբարելավվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանները
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 3,366,667.8 հազար դրամ գումարի շրջանակներում, որից 1,133,879.9 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ Վերաբաշխումը կատարվում է կապիտալ ծրագրերի իրականացման համար: 2,232,787․9 հազար դրամ գումարի շրջանակում նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը: Արդյունքում՝ կբարելավվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանները և կապահովվեն գույքով: Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 14,688.0 հազար դրամ գումար՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավզանի և հրաձգարանի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար: 330,901․7 հազար դրամ կհատկացվի մարզական հաստատություններին գույքով ապահովման համար: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային կհատկացվի 600,540․5 հազար դրամ՝ 2023թ․-ին Հայաստանում Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը անցկացնելու նպատակով անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։
41,739.0 հազար դրամ կհատկացվի Էջմիածնի պետական քոլեջի տանիքի նորոգման համար, նախատեսվում է գումար հատկացնել նաև Գյումրու N 4 արհեստագործական պետական ուսումնարանին և Դիլիջանի արվեստի պետական քոլեջին անհրաժեշտ գույքով ապահովման համար։ Որոշմամբ գումար է հատկացվում ՀՀ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի վթարային հատվածների ամրակայման և դրա տարածքների բարեկարգման համար կազմված գիտանախագծային փաստաթղթերի մշակման ծառայության դիմաց մնացորդային գումարի վճարման և ՆՆՓ-երի փորձաքննության համար։
43,600.0 հազար դրամ կհատկացվի մի շարք թանգարաններին և Հայաստանի ազգային պատկերասրահին համակարգչային տեխնիկայով ապահովման համար: 59,833.8 հազար դրամ կհատկացվի Հայաստանի ազգային գրադարանին՝ վարչական մասնաշենքի ջեռուցման համակարգի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացման համար: Նախատեսվում է նաև ձեռք բերել Հայստանի ազգային գրադարանի համար նոր սերվերային համակարգ:
Որոշմամբ նախատեսվում է վերաբաշխման միջոցով գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն և Լենուղի բնակավայրերում «Մոդուլային» տիպի 144-տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքների մեկնարկման համար։ ՀՀ 2022թ.-ի պետական բյուջեով հատկացվել է գումար նշյալ բնակավայրերում տիպային նախագծային փաստաթղթերի տեղակապման և փորձաքննության համար։ Ներկայումս փաստաթղթերի տեղակապման աշխատանքներն ավարտվել են և փաստաթղթերը ստացել են պարզ քաղաքաշինական և պետական համալիր փորձաքննությունների դրական եզրակացություններ։ Մսուր-մանկապարտեզների կառուցման մեկնարկը նախատեսված էր 2023թ.-ին։ Աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2022թ.-ին և այդ նպատակով յուրաքանչյուրի համար հատկացնել 80,023.2 հազար դրամ գումար։
Նախատեսվում է նաև գումար հատկացնել արտադպրոցական հաստատություններին համակարգչային տեխնիկայիով և «ՀԾ-Հաշվապահ» համակարգով ապահովման համար՝ ընդհանուր 26,940.0 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը հատկացվում է թվով 32 հաստատության՝ համակարգիչ, տպիչ սարք և անխափան սնուցման սարք ձեռք բերելու համար: Գումար կհատկացվի Հայաստանի երգի պետական թատրոնին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, Հայաստանի էստրադային ջազ նվագախումբին՝ անհրաժեշտ գույքով ապահովման համար: Գումար կհատկացվի՝ Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոցի ցանկապատման, տարածքի բարեկարգման և գույքով ապահովման համար, Ռյա Թազայի Ա․ Ավդալի անվան միջնակարգ դպրոցում ջեռուցման համակարգի տեղադրման, ինչպես նաև թվով 8 հանրակրթական դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների մեկնարկման համար (713,4 մլն ՀՀ դրամ)։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերակառուցվելու են Երևանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92, թիվ 37, թիվ 136 հիմնական դպրոցների, Փշատավանի, Սարդարապատի միջնակարգ դպրոցների, Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի և Լոռու մարզի Ալավերդու համար 12 հիմնական դպրոցի մարզադահլիճները: Անդրադառանալով դպրոցների և մանկապարտեզների կառուցման ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ երկու օր առաջ այդ թեմայով աշխատանքային քննարկում է անցկացվել: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է մինչև 2026 թվականի համար ծրագրերով նախատեսված աշխատանքների պլանավորում ունենալը, ասենք՝ 2023 թ. հունվարի 1-ի դրությամբ քանի դպրոց և քանի մանկապարտեզ պետք է շահագործման հանձնված լինի, 2023 թ. սեպտեմբերի 1-ին և այդպես մինչև 2026թ. «Դա պետք է արվի, որպեսզի մեզ համար 300 դպրոց և 500 մանկապարտեզ ունենալու ճանապարհային քարտեզը հստակ լինի: Մենք այսօրվանից և՛ բյուջետավորման, և՛ մնացած բաղադրիչներով համոզված պետք է լինենք, որ ճիշտ ժամանակացույցով են առաջ շարժվում»: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ֆեդերացիաների հետ համագործակցությունը՝ առկա խնդիրները նախօրոք լուծելու առումով:
Չշահագործվող 654 ավտոմեքենա կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով
Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշում՝ չշահագործվող ավտոմեքենաները հետ վերցնելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ։ Նման որոշում ընդունելը պայմանավորված է բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին, տեսչական մարմինների ղեկավարներին տրված ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականով՝ չշահագործվող`անսարք կամ շահագործման համար ոչ պիտանի կամ դուրս գրման ենթակա կամ վթարված և վերանորոգման ոչ ենթակա և այլն, ավտոմեքենաները հաշվեկշռից հանելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է 654 ավտոմեքենա ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արդյունքում կանխատեսվում է նախնական 200 մլն դրամի մուտք պետբյուջե:
Կառավարությունը շարունակում է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը
Պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների՝ 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Այդ նպատակով պետբյուջեում կատարվել է 52,380.3 հազար դրամի վերաբաշխում: Հիմնավորման համաձայն, մասնավորապես, պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է մի շարք որոշումներով։ Ընդհանուր առմամբ 2021 թ. ուսմսն վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 1,595.930.7 հազար դրամ է, իսկ 2022 թ.՝ 1026 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 233,261.8 հազար դրամ: Քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ և սովորող ամուսիններ, որոնք զորացրվել են 2021-2022 թթ. ձմեռային զորացրմամբ, հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են և մարտի 22-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամակահատվածում հավաքագրվել են բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ԿԳՄՍ նախարարություն ներկայացրած շահառուներ՝ շուրջ 221 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 52,380.3 հազար դրամ:
Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրով նախատեսվում է սուբսիդիա տրամադրել 200 շահառուի
Գործադիրն ընդունել է որոշում, որով կապահովվի «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրին» ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների իրականացունը: Ծրագրով նախատեսվում է շուրջ 200 շահառուի տրամադրել 40,000.0 հազար դրամի սուբսիդիա: Ծրագրի շրջանակում բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ձևակերպված վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվելու է հետևյալ պայմաններով՝ բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում վարկի սահմանաչափը կազմելու է ոչ ավելի, քան 7 մլն դրամը, իսկ անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Վարկը տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության դրամով՝ ոչ ավելի, քան 14 տոկոս տոկոսադրույքով, առավելագույնը 84 ամիս ժամկետով: Պետության կողմից ծրագրի շահառուների համար էներգաարդյունավետ վերանորոգման վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվելու է հետևյալ հաշվարկով՝ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 0% տոկոսադրույքով, սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2% տոկոսադրույքով, սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 3% տոկոսադրույքով, Երևան քաղաքում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 5% տոկոսադրույքով: