Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը նախատեսում է կրկնապատկել կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների աշխատավարձը

13.10.2022

ևս 5 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ հիմնավորման՝ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար հավելավճար սահմանելու, հավելավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ պայմանավորելու և, դրանով իսկ, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն սահմանել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված զինծառայողին կհաշվարկվի հավելավճար: Գործընթացի շրջանակում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն կներդրվի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, ատեստավորման արդյունքներով հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները: Ընդ որում, առաջին անգամ ատեստավորումը չանցնելուց հետո կրկնակի ատեստավորման արդյունքներն ազդեցություն են ունենալու նաև պայմանագրային զինծառայողի կողմից տվյալ պաշտոնում հետագա պաշտոնավարման վրա: Միաժամանակ, նպատակահարմար է համարվել հավելավճարի հաշվարկման նպատակով ատեստավորումն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնող զինծառայողների համար նախատեսել կամավոր հիմունքներով, իսկ օրենքով սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների համար՝ պաշտոնի նշանակվելու օրվանից հետո որոշակի ժամանակահատվածում՝ պարտադիր կարգով, ինչպես նաև նույն կարգով իրականացնելով պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայություն ընդունվող, նոր պայմանագիր կնքող և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողների ատեստավորումը: Բացի այդ, ատեստավորման արդյունքներով հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները նույն պաշտոնում ենթակա են լինելու ատեստավորման երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Կարգավորման իմաստը կայանում է նրանում, որ համապատասխան գործառույթներ ունեցող համապատասխան խմբի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների համար հավելավճարի հաշվարկումը պետք է լինի պարտադիր՝ վարձատրության առումով պայմանագրային զինծառայության մրցակցային գրավչությունն ապահովելու նպատակով՝ միաժամանակ դրա հաշվարկումը կապելով ատեստավորման արդյունքների հետ, որպեսզի հավելավճարը հաշվարկվի իր մասնագիտական և գործառութային պարտականություններին պատշաճ տիրապետող զինծառայողին: Իսկ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց համար ատեստավորման կամավորությունը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ տվյալ զինծառայողն ինքը պետք է շահագրգռված լինի հավելավճարի տեսքով իր դրամական ապահովության բարձրացման համար և ինքը դիմի անցնելու ատեստավորում:

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է։ «Այս դեպքում էլ պետք է արձանագրենք, որ անցնում ենք նույն ճանապարհով, ինչ ուսուցիչների դեպքում։ Որոշում ենք կայացրել, որ ատեստավորման համակարգը պետք է կիրառել զինծառայության և այլ ծառայությունների պարագայում։ Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես կսկսի կամավոր ատեստավորման գործընթացը։ Զինվորականը ատեստավորում անցնելու դեպքում կստանա աշխատավարձի կրկնապատկում, երբեմն նույնիսկ ավելին։ Այս գործընթացը շարունակական բնույթ կստանա, ինչպես մենք նախկինում պայմանավորվել ենք»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն նշել է, որ այս օրինագիծը պրոֆեսիոնալ բանակ ունենալուն ուղղված բարեփոխումների հայեցակարգի կարևոր և անբաժանելի մասն է. «Գիտեք, որ արդեն իսկ մեր ընդունած որոշումներից մեկի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություն ընդունվածները, որոնք կավարտեն և զինծառայություն կանցնեն, կապահովվեն բնակարանով մինչև իրենց ծառայության վերջը: Մենք խնդիր ենք դրել, որ այդ բարեփոխումների արդյունքում պետք է ունենաք պրոֆեսիոնալ բանակ: Առաջինը՝ զինծառայողը պիտի չունենա բնակարանի խնդիր: Սպայակազմը, որը կավարտի ռազմաուսումնական հաստատությունը բնակարանը պետությունից կստանա, իսկ նրանք, ովքեր զինծառայության են անցել դրանից առաջ և բնակարանի խնդիր ունեն, մենք զանազան ծրագրերով կաջակցենք նրանց բնակարանի ձեռք բերման հարցում: Երկրորդը՝ զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր, եթե շատ պարզ ձևակերպենք: Երրորդը՝ պիտի չունենա ընտանիքի անդամների առողջապահական կարիքների ապահովման խնդիր և չորրորդը՝ պիտի չունենա երեխաների ուսումը կազմակերպելու հետ կապված խնդիր: Ահա, այս չորս սյուների վրա է կառուցված լինելու պրոֆեսիոնալ բանակի մեր հայեցակարգը սոցիալական երաշխիքների մասով: Եվ այս որոշումը այդ շարքի կարևոր որոշումներից է»:

Անդրադառնալով ատեստավորման չափանիշներին՝ վարչապետն ընդգծել է բոլոր ոլորտներում պատշաճ չափանիշներ և ատեստավորման հուսալի համակարգ ունենալու կարևորությունը: «Եթե այս երկուսից որևէ մեկը մենք չունենանք, չենք հասնի մեր նպատակակետին և նպատակադրմանը: Ընդ որում՝ սա վերաբերում է ատեստավորման մեր բոլոր համակարգերին: Մենք որոշում ունենք, որ նույն համակարգը պետք է ներդնենք նաև ոստիկանությունում, ներքին գործերի նախարարության հիմնադրման տրամաբանության մեջ, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայությունում և առաջին հերթին՝ հատուկ ծառայություններում: Նաև հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում մենք թեմային կանդրադառանանք: Ուրախ եմ, որ մենք այս բանաձևը գտել ենք, հիմա մնում է, որ բանաձևը կիրարկման գործընթացի ժամանակ չվարկաբեկվի: Դա չափազանց կարևոր է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է, որ պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքները կդառնան 25 օր։ «Մեր նպատակը հետևյալն է՝ մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա։ 21 օրը հիմնական ծառայությունն է, որից 7 օրը քաղաքացի անցնում է պատրաստություն, 14 օր անցկացնում է մարտական հերթապահություն։ Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք։ Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվելու ենք եռամսյա հավաքներից, բայց սա լինելու է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Այստեղ մեծ ուշադրություն կխնդրեմ իրավապահ մարմիններից, որովհետև շատ են խոսակցությունները, որ մշտապես շեշտը դրվում է այն մարդկանց վրա, ովքեր միշտ պատրաստակամ են եղել, բայց սա պետք է լինի պարտադիր բոլորի համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվելու ընտրել հավաքին մասնակցելու ժամկետը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ երկար ժամանակ պահեստազորը չէր հրավիրվել եռամսյա հավաքների մասնակցության, և կառավարությունը որոշել է իրականացնել եռամսյա հավաքների քաղաքականությունը: «Այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, քանի որ մարդիկ աշխատում են: Որոշեցինք հրավիրել այն մարդկանց, որոնք աշխատանք չունեին՝ դրանով լուծելով սոցիալական խնդիր, քանի որ եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են, բայց հետագայում եկանք եզրակացության, որ արդյունավետ չէ, և որոշեցինք այն դարձնել մեկամսյա և պարտադիր բոլորի համար»,- ասել է վարչապետը:

Սուրեն Պապիկյանը հայտնել է նաև, որ նախատեսվում է զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն ստեղծել կանանց համար: «Արդեն մշակված ծրագիր ունենք, պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն»,- նշել է նախարարը՝ ավեացնելով, որ ծրագիրն ըստ ցանկության է:

Կառավարությունը 276 մլն 679 հազար դրամ կհատկացնի նոր կառուցվող և վերակառուցվող 10 դպրոցի գույքի ձեռք բերման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերաբաշխման միջոցով 276 մլն 679 հազար դրամ հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից թվով 10 դպրոցի համար գույքի ձեռքբերմանը: Այդ դպրոցներն են՝ Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան N 95 միջնակարգ, Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական, թիվ 116 հիմնական, Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական, Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական, «Հերացի» ավագ, Մուրացանի անվան թիվ 18 հիմնական, Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ, Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցները: Շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Ներկայումս անհրաժեշտ է ապահովել նշված դպրոցների համար գույքի ձեռքբերումը: Որոշմամբ նախատեսվում է հիմնադրամին հատկացնել 189,028.0 հազար դրամ գումար՝ թվով 8 դպրոցի համար գույքի ձեռքբերման պայմանագրերի կատարումն ապահովելու համար: Թվով 2 դպրոցի մասով, որոնց շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2023թ.-ին, նախատեսվում է հատկացնել 87,650․6 հազար դրամ գումար՝ այդ դպրոցներին անհրաժեշտ գույքի գնման գործընթացն ապահովելու համար:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դպրոցները պետք է շահագործման հանձնվեն անհրաժեշտ գույքով ապահովված: «Ավելին, ես այդ մասին արդեն ասել եմ, որ անհրաժեշտ գույքը պետք է արդեն նշված լինի նախագծում: Այսինքն՝ պետք է շենքի շինարարության նախագծում հստակ նշված լինի ձեռք բերվող գույքի տեսակը, գույնը: Գույքը պետք է հարմարեցվի շենքին: Ընդհանրապես ցանկացած օբյետի շինարարարության դեպքում շենքի կահավորման, դիզայնի նախագծում պետք է լինի, որպեսզի վերջնական տեսքի վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալու հնարավորություն ստեղծվի», -ասել է վարչապետը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ այդպես է արվում մանկապարտեզների և մոդուլային դպրոցների դեպքում, քայլեր են ձեռնարկվում այն կիրառել նաև այլ շենքերի շինարարությունների ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ուսուցիչների ատեստավորման գործընթացին, նշել է, որ այն պետք է շարունակվի. «Մասնավորապես երաժշտական դպրոցների ուսուցիչները, մանկապարտեզների դաստիարակ-ուսուցիչները, գեղարվեստի դպրոցների ուսուցիչները, նրանք նույնպես պետք է անցնեն ատեստավորում: Այսինքն՝ մենք պետք է համոզված լինենք, որ երեխայի հետ առնչություն ունեցող ցանկացած ոք պատշաճ որակավորում ունի»:

Երևանի մետրոպոլիտենը կապահովվի թունելային հզոր օդափոխիչներով

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կարիքների համար թունելային հզոր օդափոխիչներ և СП-6 սլաքային փոխադրիչների պահեստամասերի ձեռք բերելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումներ և բարելավել դրա հետագա գործունեությունը՝ հաշվի առնելով մետրոպոլիտենի ռազմավարական և խիստ կարևոր կենսական կառույց լինելու հանգամանքը: Հիմնավորման համաձայն՝ թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է մետրոյի թունելներում և կայարաններում մաքուր օդի ներհոսքը։ Արտակարգ և վթարային իրավիճակներում՝ հրդեհի կամ ծխահարության դեպքում, թունելի օդափոխության համակարգի նշանակությունը վճռորոշ է ուղևորների տարհանման համար։ Երևանի մետրոպոլիտենում տեղադրված բոլոր հզոր օդափոխիչները տեղադրվել են 1980 թ. և ծայրաստիճան մաշված են, ֆիզիկապես սպառել են իրենց ռեսուրսները։ СП-6 սլաքային փոխադրիչները տեխնիկական նորմատիվների համաձայն՝ ենթակա են վերանորոգման 5 տարի պարբերականությամբ։ Վերջին վերանորոգումը կատարվել է 2013թ., խախտվել է սլաքային փոխադրիչների հիմնանորոգման պարբերականությունը։

Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ ոլորտի ռազմավարական նպատակը Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացումն է: «Ուզում եմ հիշեցնել, որ մրցույթ ենք հայտարարել, և Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարան կառուցելու գործընթացը գնում է։ Նախագծման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։ Նախագծման գործընթացի առաջին փուլը ավարտում ենք և, ըստ նախատեսվածի, 2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ և հնարավորություն կունենանք արդեն շինարարության մրցույթ հայտարարել։ Պետք է արձանագրենք, որ հստակ որոշումը կայացրել ենք և պետք է գնանք այս ճանապարհով։ Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, հույս ունեմ ժամկետները չեն խախտվի, և 2024 թվականին պետք է սկսենք Աջափնյակ կայարանի շինարարությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ մետրոյի ուղևորահոսքերն ավելացնելու ուղղությամբ պետք է աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ: «Եվ Երևանի տրանսպորտային համակարգը կառուցենք: Մենք 650 մլն դրամ ենք հատկացնում, ամենատարբեր առիթներով հատկացնում ենք խոշոր գումարներ։ Մենք պետք է հստակ արձանագրենք՝ միջոցները պետք է ծախսվեն մաքսիմալ արդյունավետ, ծախսման արդյունավետությունը սկզբունքային կարևոր հարց է»,-ասել է կառավարության ղեկավարը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նախագծող ընկերության հետ պայմանագիրը կա, 3 փուլից է բաղկացած: «Առաջին փուլում նախատեսված էին երկրաբանական, բնապահպանական, օդերևութաբանական հետազոտություններ: Ամբողջ նախագծի արժեքը 1 միլիարդ 848 միլիոն դրամ է: Կարծում ենք՝ բնականոն հունով կընթանա, 2024 թվականին կանցնենք շինարարությանը»,- նշել է նախարարը:

Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ առևտրի հետվճարման գումարը սեպտեմբերին կազմել է 120 մլն դրամ

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակառուների, նպաստառուների անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարների համակարգին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացի վերաբերյալ. «Ծրագրի մեկնարկի համեմատ սեպտեմբերին ծավալները եռապատկվել են. արդեն ունենք շուրջ 1 մլրդ 200 մլն անկանխիկ գործարքներ: Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին: Սակայն ցանկանում եմ ևս մեկ հանգամանքի վրա մեր ուշադրությունը սևեռել: Իրականում անկանխիկ գործարքների թիվն ավելի մեծ է, ավելի քան 1 մլրդ 400 մլն: Անկանխիկ այս գործարքները մեր թոշակառուների և նպաստառուների կողմից հավանաբար կատարվել են ինտերնետային որոշակի ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ հետվճարը տարածվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրի և սպասարկման կետերից, POS տերմինալների միջոցով անկանխիկ գործարնքների, ինչպես նաև տվյալ քարտը սպասարկող բանկի «online banking» հավելվածի միջոցով կոմունալ վճարների դեպքում: Մյուս տպավորիչ հանգամանք այն է, որ, ըստ էության, բոլոր ցուցանիշները 50 տոկոսով աճ են գրանցում՝ և՛ շահառուների թվաքանակի մեծացման առումով, և՛ գործարքների, ինչպես նաև միջին հետվճարի թվի առումով: Հիմա կարող ենք արձանագրել, որ 3000 դրամ ամսական միջին հետվճար է տրամադրվում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է POS-տերմինալների թվի բավարար չլինելու հարցին և նշել, որ ՀՀ-ում չպետք է լինի առևտրային կետ, որտեղ POS-տերմինալ չլինի: «Այստես ես պետք է նորից Կենտրոնական բանկի և ՊԵԿ-ի ուշադրությունը հրավիրեմ, որպես տեղեկատվությանը տիրապետող մարմին. այս հարցում մենք պետք է առաջընթաց ունենանք: Հաջորդը՝ ես հերքում այն խոսակցությունները, որ համակարգը պիտի գործի մինչև 2022 թվականի վերջ: Այն պետք է շարունակվի, որովհետև, կարծում եմ, որ դա մեր սոցիալական քաղաքականության հասցեականությանն ուղղված շատ մեծ, կարևոր նշանակություն ունեցող համակարգ է: Ընդ որում, պետք է այդ տվյալների մշակում իրականացվի, որպեսզի մենք սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական դարձնենք: Մենք ոչ թե մարդկանց, այլ խավի վարքագիծն ենք վերլուծում, որպեսզի տեսնենք, թե մարդիկ հատկապես ինչի վրա են ավելի շատ ծախսում, որպեսզի մեր հետագա սոցիալական ծրագրերը նախագծելիս, ավելի հասցեական և արդյունավետ դարձնենք դրանք»,-ընդգծել է վարչապետը:

Կբարելավվի գնումների կազմակերպման գործընթացը. կսահմանվեն անբարեխիղճ մասնակիցների մասնակցության հնարավորություները սահմանափակելու նոր կարգավորումներ

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Գնումների գործընթացի կազմակերպման կարգում՝ այն բարելավելու և գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերը կարգավորելու նպատակով: Գործող կարգավորումների համաձայն, մասնավորապես, երկու փուլով մրցույթի կազմակերպման դեպքում ընտրված մասնակցին որոշելու համար գործում է 70/30 գին-որակ հարաբերակցությունը: Գործնական կիրառման ընթացքում պատվիրատուներից ստացվել են առաջարկներ նշված հարաբերակցությունը փոփոխելու հնարավորություն ստեղծելու և ընթացակարգի կազմակերպման ժամկետները կրճատելու վերաբերյալ: Փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ այդ հարաբերակցությունը կսահմանվի պատվիրատուների կողմից՝ 2-րդ փուլի հրավերով, ինչպես նաև նախատեսվում է կրճատել գործընթացի կազմակերպման, այդ թվում՝ առաջին փուլի հայտերի ներկայացման և հայտերի գնահատման ժամկետները: Որոշմամբ նախատեսվում է սահմանել նաև, որ էլեկտրոնային աճուրդի ձևով կազմակերպված գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու որոշ դեպքերում, գնումը կարող է կատարվել գնման այլ ընթացակարգի կիրառմամբ։ Միաժամանակ, անբարեխիղճ մասնակիցների մասնակցության հնարավորություները սահմանափակելու համար նախատեսվում է սահմանել, որ մասնակցի՝ գնումների գործնթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման: Գգնումը օրենքի համապատասխան կետի հիմքով կազմակերպված լինելու դեպքում ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո համաձայնագիր կնքելուց հրաժարվելու և դրանով պայմանավորված պատվիրատուի կարիքի բավարարման գործընթացը ձախողելու դեպքերը հնարավորինս նվազեցնելու նպատակով նախատեսվում է նշված գործընթացների դեպքում ևս կիրառել հայտի ապահովում՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, եթե տվյալ գնման համար պլանավորված ընդհանուր գինը գերազանցում է 25 մլն դրամը: Նախատեսվում է սահմանել նաև, որ պայմանագրի գինը կարող է լինել գործոնային, եթե պայմանագրով նախատեսված ապրանքները մատակարարվում, ծառայությունները մատուցվում և աշխատանքները կատարվում են պայմանագրի կնքման օրվանից մեկ տարին գերազանցող ժամանակահատվածում` միայն մեկ տարին գերազանցող ժամանակահատվածի համար պայմանագրով նախատեսված գների փոփոխության հնարավորությամբ: Գործող կարգավորմամբ մեկ տարվա փոխարեն սահմանված է 3 տարի, որի պարագայում գործնականում արձանագրված՝ շուկայական գների անընդհատ փոփոխությունների արդյունքում մասնակիցները խուսափում են մեկ տարուց ավել ժամկետով պայմանագրերի կնքումից:

Միջազգային համագործակցություն

Հավանություն է տրվել 2022 թ. հունիսի 13-ին Դոհայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:Համաձայնագրով նախատեսված Կատարի Պետություն փոխայցելությունների արդյունքում ակնկալվում է առողջապահության ոլորտի հայաստանցի մասնագետների, բժիշկների, գիտնականների, ուսանողների որակավորման բարձրացում, որը կխթանի նաև Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը, ինչպես նաև գիտակրթական ներուժի և առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացմանը։

Գործադիրը հավանություն է տվել նաև «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդ կազմավորելու մասին» համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագրի ստորագրումը ենթադրում է, մասնավորապես, ԱՊՀ մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի ձևավորումը։ Խորհրդատվական խորհուրդը ԱՊՀ միջպետական մարմին է: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում՝ փորձի փոխանակման նպատակով քաղաքացիների ընտրական իրավունքների և ազատությունների ապահովման, ընտրությունների և հանրաքվեների անցկացման համար իրավական պայմանների կատարելագործման հարցերում՝ ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։

Այլ որոշումներ

Կառավարությունը գումար կհատկացնի զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մանվել Հակոբյանի՝ Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժումը կազմակերպելու համար: Պահանջվող ծախսերի գումարը կազմում է 50,486.48 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ կեցության ապահովման ծախսերը և ճանապարհածախսը:

Կառավարության որոշմամբ «Զեննի» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կոշիկի արտադրության համար։ 2012 թ. հիմնադրված ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռք բերման համար։ Նախատեսվում է ստեղծել 26 նոր աշխատատեղ՝ մինչև 169 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 68.7 մլն դրամ:

← Վերադառնալ