Մամլո հաղորդագրություններ
ԵՄ աջակցությամբ Կառավարությունը կշարունակի տնտեսական և արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացումը
- 1670x1113px - 677 Կբ
- 1670x1113px - 634 Կբ
- 1670x1113px - 651 Կբ
- 1670x1113px - 754 Կբ
- 1670x1113px - 620 Կբ
- 1670x1113px - 707 Կբ
- 1670x1113px - 663 Կբ
- 1670x1113px - 834 Կբ
- 1670x1113px - 755 Կբ
- 1670x1113px - 601 Կբ
- 1670x1113px - 643 Կբ
- 1670x1113px - 593 Կբ
- 1670x1113px - 665 Կբ
- 1670x1113px - 734 Կբ
- 1670x1113px - 686 Կբ
ևս 12 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը որոշել է հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև՝ «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» և «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է, որ դրամաշնորհային երկու համաձայնագրերով ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության բյուջեից՝ «ԵՄ-Հայաստան 2021-2027 թվականների բազմամյա ինդիկատիվ ծրագրի» շրջանակում: «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատություններ ունենալու համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված է 10 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել Ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով: Մասնավորապես, աջակցությունը կտրամադրվի Ներքին գործերի նախարարության ձևավորմանը, այդ թվում մարդկային ռեսուրսների զարգացման և նյութատեխնիկական հագեցման մասով, Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը, ներառյալ Պարեկային ծառայության ընդլայնման մասով, միգրացիոն ծառայությունների մատուցման բարելավմանը, այդ թվում հաստատությունների նյութատեխնիկական ապահովման և միգրացիոն քաղաքականության մշակման ու իրականացման կարողությունների հզորացման մասով: Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի նաև Մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանը և նոր՝ 2023-2025 թթ. Գործողությունների ծրագրի մշակմանը, ինչպես նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակին կարողությունների զարգացման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության խթանման նպատակով:
Հաջորդը «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսական համաձայնագիրն է, որով նախատեսված է 23 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել Հայաստանին՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը: Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը: Այս բաղադրիչի ներքո շուրջ 1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցություն կստանան, առնվազն 200 միկրո, փոքր և միջին ձեռնարկության կտրամադրվեն դրամաշնորհներ բիզնեսների արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանման նպատակով: Թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորմանը: Այս բաղադրիչի ներքո կֆինանսավորվեն նաև Սյունիքի մարզում գյուղատնտեսական ենթակառուցվածքների, այդ թվում՝ արոտավայրերի հասանելիությանը և ոռոգման համակարգերի վերականգնման նախաձեռնությունները:
Ծրագրի շրջանակում կա նաև կրթական բաղադրիչ. կհամաֆինանսավորվի Սիմոնյան կրթական հիմնադրամի, «Թումո»-յի կողմից Գյումրիում խոհարարության և հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը: Իսկ երկրորդ բաղադրիչի ներքո աջակցություն կտրամադրվի Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, ոլորտում աշխատակիցների կարողությունների զարգացմանը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության և միասնական սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարության մշակմանն ու իրականացմանը, Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման համակարգի ներդրմանը, միասնական սոցիալական ծառայությունների կենտրոնների տեխնիկական հագեցմանը: Թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց ինտեգրման և սոցիալ-հոգեբանական աջակցության նախաձեռնություններին:
Փոխվարչապետը նշել է, որ նշված ֆինանսավորման համաձայնագրերի նպատակները բխում են Կառավարության՝ 2021-2026 թթ. ծրագրի ռազմավարական նպատակներից և համահունչ են ծրագրով նախատեսված միջոցառումներին:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նախորդ տարի Եվրամիության հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի՝ մինչև 2026 թ. ԵՄ-ն ներդրումային և տնտեսական ծրագրով Հայաստանին 2.4 մլրդ եվրոյի աջակցություն կցուցաբերի և հետաքրքրվել, թե արդյոք նշված ծրագրերը տեղավորվում են այդ շրջանակի մեջ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ նշված ծրագրերն այդ շրջանակի տրամաբանության մեջ են, նոր բաղադրիչը միայն արդարադատության հատվածն է՝ մարդու իրավունքներ, ոստիկանություն, որը տնտեսական վերականգնման փաթեթով նախատեսված չէ, բայց տեղավորվում է երկկողմ ծրագրերով ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում: Նիկոլ Փաշինյանի հարցադրմանն ի պատասխան, թե փոքր ու միջին ձեռնարկատերերն ինչպես կարող են օգտվել ծրագրից՝ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի կնքումից հետո համատեղ կընտրվի օպերատոր՝ ծրագրի իրականացնող, ապա կհաստատվի իրականացման պլանը: Նշված միջոցառումները պատշաճ կլուսաբանվեն: «Այս պահին երկրորդ համաձայնագրի առաջին բաղադրիչով արդեն կա ընտրված օպերատոր՝ Ավստրիական զարգացման գործակալությունն է, իսկ կրթական բաղադրիչով որպես օպերատոր ընտրված է «Թումո»-ն: Այդ երկու բաղադրիչներով՝ 11.5 մլն եվրո, հանրագումարով արագ առաջ կգնանք: «Թումո»-ն ինքը ծրագիրը կիրականացնի, Ավստրիական զարգացման գործակալության պարագայում վերջնական միջոցառման դիզայնը կավարտենք և երևի մարզպետարանների միջոցով տեղ կհասցնենք», - նշել է փոխվարչապետը:
Վարչապետը կարևորել է բովանդակային ու կազմակերպչական հարցերում Կառավարություն-ԵՄ փոխգործակցությունը և անդրադարձել նշված համաձայնագրերի շրջանակում Ոստիկանության բարեփոխումների և Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացի ֆինանսավորման բաղադրիչին: Կառավարության ղեկավարն ընդգծել է. «Պիտի արձանագրեմ, որ Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում մենք արդեն մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը, արդեն լիարժեք ձևակերպված ծրագիր ունենք և թերևս պիտի անցնենք ծրագրի իրականացմանը: Նաև Ոստիկանության բարեփոխումների գործընթացն է մեկնարկել, և վերադառնալով մեր նախորդ նիստերից մեկում արտահայտված մտքին՝ ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մեր առաջիկա նպատակների մեջ, բացի այս վերնագրերի և անվանումների փոփոխություններից, շատ կարևոր է, որ մենք մեզ համար առաջնահերթություն ենք համարում, մասնավորապես, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Փրկարար ծառայության, Պետական պահպանության ծառայության նոր ստանդարտների հաստատումը: Ստանդարտի մեջ նկատի ունենք նաև աշխատավարձը:
Ես խնդիր եմ ձևակերպել, և այս փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև Զինված ուժերում, ըստ էության արդեն բյուջետավորման խնդիրը լուծվել է: Այս բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործողությունը կապված է անվտանգության հետ, մենք պետք է առաջիկա տարիների ընթացքում կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում, բայց զուգահեռ արձանագրելով, որ դա ինքնաբերաբար տեղի չի ունենալու, այլ ատեստավորման գործընթացի միջոցով, որպեսզի հընթացս համոզված լինենք, որ բարձր աշխատավարձ ստացող մեր հատուկ ծառայությունների ներկայացուցիչները համապատասխանում են մեր ակնկալիքներին: Թեման այն չէ, որ մենք հիմա դրանում կասկածում ենք, այլ այն, որ մենք ուզում ենք ստեղծել ինստիտուտ, որտեղ ինքնաբերաբար շատ բան նաև աշխատողների համար կանխատեսելի կլինի: Ինչպես հանրակրթության ոլորտում ենք այդ համակարգն արդեն ձևավորել, մենք պիտի իմանանք, որ կա պետական համակարգ, որը խթանում է և մոտիվացիա է տալիս մեզ համար առանցքային ոլորտի աշխատողներին: Ամենևին էլ պատահական չէ, որ հիմա անընդհատ հանրակրթության, հատուկ կամ անվտանգությամբ զբաղվող ծառայությունների բարեփոխումներն իրար հետ զուգահեռ ենք իրականացնում, որովհետև հանրակրթությունն էլ նույնպես մեր անվտանգության հետ կապված խնդիրներ է լուծում՝ շատ ավելի խորը և շատ ավելի լուրջ: Մեր մյուս ծառայությունների դեպքում էլ համակարգը պետք է աշխատի մոտավորապես հետևյալ կերպ. առաջիկա 3 տարում բոլոր այն աշխատողներն, ովքեր ցանկություն ունեն, կամավոր ատեստավորման գործընթաց են անցնում, որի արդյունքում աշխատավարձերը կրկնապատկվում են, արդեն համակարգ է ներդրվում: 3, թե 5 տարին մեկ անգամ այդ ատեստավորման գործընթացը կրկնվում է՝ զուգահեռ կքննարկենք: Ընդ որում, բարձրանում է ոչ միայն աշխատավարձը, այլև աշխատանքի որակական չափանիշը, որը մենք ակնկալում ենք մեր ուսուցիչներից, մեր ոստիկաններից, մեր հատուկ ծառայությունների ծառայողներից, մեր Զինված ուժերում ծառայող մեր զինծառայողներից»:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ներդրվում է ինստիտուցիոնալ համակարգ, որի աշխատանքի չափանիշները պետք է ի սկզբանե սահմանվեն, որպեսզի այն պարբերաբար աշխատի. «Ինչո՞ւ է սա կարևոր, որպեսզի մարդիկ մասնագիտություն ընտրելիս իմանան, թե ինչ սոցիալական ակնկալիք կարող են ունենալ իրենց աշխատանքի ընթացքում, իրենց կարիերան ինչպես պիտի դասավորվի հետագայում: Մենք նաև կարծում ենք, դրանք, իհարկե, աշխատանքային հարցեր են, ինչպես օրինակ, իրավապահ համակարգում՝ քննչական, դատական մարմիններում ունենք առաջխաղացման որոշակի չափանիշներ, նույնը պիտի ունենանք նաև Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում և մեր մյուս ծառայություններում, որպեսզի հենց այնտեղ կադրային որոշակի բանկ ձևավորվի, ղեկավար անձնակազմը ճանաչի իր մարդկային ռեսուրսները, իմանա և գնահատված տեսնի նրանց հնարավորությունները, թե ով ինչպիսի պատասխանատվություն է ի վիճակի վերցնել: Մյուս կողմից, այդ աշխատողները հնարավորություն կունենան ատեստավորման գործընթացում ավելի մեծ պատասխանատվության հայտ ներկայացնել և ապացուցել, որ իրենք ի վիճակի են այդ աշխատանքն անել: Սա գործընթաց է, որը մենք պետք է հետևողական իրականացնենք»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Կառավարության՝ վերջերս կայացրած որոշմանը, որով երթևեկության կանոնների նկատմամբ արագաչափերի ու տեսախցիկների միջոցով իրականացվող էլեկտրոնային հսկողության համակարգը վերադարձվեց պետական կառավարման ոլորտ, և Ոստիկանությունում ստեղծվեց ՊՈԱԿ, որն էլ կկատարի այդ գործառույթը: «Այս հարցը նաև քաղաքական նրբություն ունի: Ցանկանում եմ ընդգծել հետևյալը. մենք չենք շտապել, այսպես ասած, դա պետականացնել, եթե շատ ժողովրդական լեզվով ասենք: Չնայած քաղաքական բոլոր հասկանալի նրբություններին՝ մենք ամեն ինչ անում ենք, որ տնտեսական դաշտում մեր գործունեությունը մաքսիմալ կանխատեսելի լինի, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն անընդհատ այդ մտավախություններով չապրեն, որ պետությունը կարող է ինչ-որ մի պահի ինչ-որ բան ձեռնարկել: Այսինքն՝ մենք տնտեսական պայմանավորվածությունները, անկախ դրանց էությունից, աշխատում ենք մաքսիմալ պահել, որպեսզի տնտեսական դաշտում կառավարության քաղաքականությունն ավելորդ լարվածություններ չառաջացնի: Այդ նպատակով մենք սպասեցինք, որ նախկին պայմանագիրն ավարտվի և նոր պայմանագրի կնքման մրցույթներ հայտարարեցինք՝ նաև հասկանալու համար, թե որքանով ավելի լավ առաջարկ կարող ենք ստանալ հնարավոր դաշտում: Համոզվելով, որ այս փուլում ավելի լավ առաջարկներ կարծես թե չենք ստանա, կայացրինք այս որոշումը»:
Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցել է, որ այսօրվանից երթևեկության կանոնների նկատմամբ արագաչափերի ու տեսախցիկների միջոցով էլեկտրոնային հսկողության գործընթացը 100 տոկոսով անցնում է Ոստիկանության հսկողության ներքո: Նա նաև նշել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ աշխատակիցների 99 տոկոսը՝ 451 աշխատակից, հրամանագրվել է՝ ՊՈԱԿ-ում աշխատանքը շարունակելու համար։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս համակարգի առավելագույնս արդյունավետ աշխատանքը՝ նշելով, որ որոշ ժամանակ անց արդյունքները կամփոփվեն և կքննարկվեն երկարաժամկետ կտրվածքով հետագա անելիքները:
Երկրի վարչապետը, ամփոփելով Եվրամիության հետ համագործակցության թեման, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մեկնարկին: «Ցանկանում եմ արձանագրել և ողջունել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Դուք գիտեք, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, և պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել: Նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, ինչպես գիտեք, արդեն աշխատում է, և դա լուսաբանվում է։ Նաև հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը, առաջիկայում կժամանի Հայաստան, և ի սկզբանե պլանավորված է, որ 2 ամիս պետք է աշխատի։ Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դարձնել մշտական։ Ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում դա թեմա է, որը մեր հանրության և փորձագիտական շրջանում քննարկվում է, և եթե տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Բարենպաստ պայմաններ՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության համար անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար
Կառավարությունը հավանություն է տվել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Ակնկալվում է տեղական արտադրողի համար գործունեություն ծավալելու բարենպաստ և հավասար պայմանների ստեղծում, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացում և տեսականու ընդլայնում։
Այս կապակցությամբ վարչապետը նշել է. «Ընդհանուր առմամբ՝ շատ երկար ժամանակ Հայաստանում քննարկվում է սահմանին ԱԱՀ գանձելու նպատակահարմարությունը, և մենք կարծես կողմնորոշվել ենք, որ փուլային ճանապարհով պետք է գնանք դրանից հրաժարվելու եղանակով»։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ որոշումը ոչ թե ազատում է ավելացված արժեքի հարկից, այլ վերաբերում է սահմանին հարկելուն, և հետագայում ավելացված արժեքի հարկը վաճառքի փուլում կամ հետագա փուլերում գոյանալու է. «Այդ առումով մեր քաղաքական մոտեցումը սա է՝ զգույշ, առանց կտրուկ քայլերի փորձենք գնալ այս ճանապարհով՝ իհարկե, առանց վնասելու և հաշվարկելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ բյուջեի եկամուտների համար», - հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Թեմայի համատեքստում անդրադարձ է եղել նաև ԱԱՀ վերադարձի հետ կապված քաղաքականությանը, որը Կառավարությունը հաջող իրականացրել է: Վարչապետ Փաշինյանն այս առումով նշել է. «2018 թվականից դա մեր քաղաքականությունն է եղել, և տնտեսվարողների համար սա միշտ պրոբլեմ էր՝ ԱԱՀ-ն հետ ստանալը: Հիմա այդ հարցն արմատական ձևով լուծվել է, ըստ էության, գրեթե ինքնաշխատ համակարգ է գործում: Իհարկե, հասկանալի է, որ մեր առաջնային հարցերը և առաջնային օրակարգն այլ են, բայց, մյուս կողմից, շատ կարևոր է արձանագրել, որ մենք հընթացս լուծում ենք ինստիտուցիոնալ նշանակության շատ կարևոր հարցեր, որոնց գոյությունը նաև մոռացվում է: Հիմա ո՞վ է հիշում, որ Հայաստանում ավելացված արժեքի հարկի վերադարձի պրոբլեմ է եղել, երբ մարդիկ իրենց հասանելիք գումարը տարիներով, ամիսներով չեն կարողացել ստանալ: Ոչ ոք չի հիշում դա, չկա նման խնդիր և չի եղել, և մեր խնդիրն է՝ հնարավոր բոլոր խնդիրներն այս եղանակով լուծել:
Եվ բազմաթիվ հարցեր են լուծվել: Անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրների բերումով մենք մոռանում ենք կամ հարկ չենք համարում դա շեշտել, բարձրաձայնել, արձանագրել: Մի կողմից, վատ է այն առումով, որ իրական պատճառն անվտանգային միջավայրի հետ կապված պրոբլեմներն են, բայց, մյուս կողմից, լավ է, որ այդ հարցերը նույնիսկ այս միջավայրում չենք մոռանում լուծել, և ինստիտուցիոնալ խնդիրներ են լուծվում, որոնք երկարաժամկետ առումով լուծելու են մեր պետության հետ կապված բազմաթիվ հարցեր: Ցանկանում եմ նորից վերադառնալ արձանագրմանը, որ մեր պրոբլեմներն ինստիտուտների բացակայության կամ թերզարգացվածության հետևանք են, և այդ առումով, իհարկե, պետական համակարգերի ինստիտուցիոնալ կայացումը չափազանց կարևոր է»:
Անդրադառնալով որոշումների կայացման գործընթացի կապակցությամբ տնտեսվարողների կողմից հնչող դիտարկումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իմիջիայլոց, պիտի արձանագրեմ նաև հետևյալը. բավական երկար ժամանակ է, որ տնտեսվարողները Կառավարության առաջ հարց են դնում, դժգոհում են, ասում, որ ժամանակին չեք արձագանքում, ժամանակին չեք կայացնում որոշումները: Բայց, մյուս կողմից, հարգելի գործընկերներ, ես եկել եմ այն համոզման, որ բոլոր դեպքերում «յոթը չափել, մեկը կտրել» տրամաբանությունը շատ ավելի ճիշտ է: Որովհետև լինում է՝ լավ նկատառումներով արագ, շատ օպերատիվ որոշումներ ենք կայացնում, հետո պարզվում է, որ այդ որոշումների ոչ բոլոր հարթություններն են դիտարկվել, պատշաճ մակարդակով չի շրջանառվել: Ես լավ կամ վատ լուր ունեմ Հայաստանում կառավարության աշխատանքի տեմպի վերաբերյալ, և լուրն այն է, որ աշխարհում ընդհանրապես արագ կառավարություն չկա: Կառավարությունը մի մարմին է, որն արագ չի աշխատում, և այդպես էլ պետք է լինի: Կառավարությունը պետք է աշխատի հետևողական, շարունակաբար, և արագությունն անընդհատության և ինստիտուցիոնալ համակարգերի կայացածության հաշվին պետք է ձևավորվի և ոչ թե առանձին վերցրած ժամանակահատվածում, ասենք մեկ շաբաթվա ընթացքում քանի գործողություն արվեց: Սա կարևոր առանձնահատկություն է: Իհարկե, հանրային կառավարման բարեփոխումները մեզ համար ամենահրատապ օրակարգերից են, բայց, մյուս կողմից, ես, իհարկե, համաձայն եմ այն տրամաբանության հետ, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Հենց սա է, որ բերում է որակի, որովհետև մենք ամեն անգամ ստիպված չենք լինում ասել, որ որևէ որոշումը կայացնելիս այս մի բանը հաշվի չենք առել, եկեք նորից փոխենք: Հետևաբար, այս տրամաբանությամբ առաջնորդվելը, կարծում եմ, ճիշտ է, և փորձը ցույց է տալիս, որ որոշումները, որոնք այս տրամաբանությամբ են կայացվել, հետագայում ավելի են արդարացնում իրենց, քան արագ կայացրած որոշումները»:
Գործադիրը 444,338.0 մլն դրամ է հատկացրել ՀՀ յոթ մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Կառավարությունը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև համապատասխան որոշման մեջ և 444,338.0 մլն ՀՀ դրամ հատկացրել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին` սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի զեկուցմամբ՝ նախագծով առաջարկվում է գումար հատկացնել 7 մարզերի 2021-2022 թվականներին հաստատված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով: «Դրանք 18 բնակավայրում 23 ծրագրեր են, որից 7-ը 2022 թ. հաստատված ծրագրեր են, մյուսները՝ 2021 թ.: Այսպիսով, եթե մենք այսօրվա որոշումն էլ կայացնենք, կստացվի, որ 2022 թ. արդեն 347 ծրագիր է Կառավարությունը ֆինանսավորել իր մասնաբաժնով, և այդ գումարը 9 մլրդ 711 մլն դրամ է»,- նշել է նախարարը:
Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման ենթակա սուբվենցիայի ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, Արագածոտնի մարզում Մաստարա բնակավայրում բարեկարգվել է միջոցառումների տան 2200 քմ տարածքը, կառուցվել են բետոնե և պողպատյա ցանկապատներ: Արագածավան և Արտենի բնակավայրերում ասֆալտապատվել է 1090 մ երկարությամբ փողոց: Արարատի մարզի Գինեվետ բնակավայրում հիմնանորոգվել է 3-րդ փողոցի 4-րդ և 5-րդ հասցեներում գտնվող բնակելի շենքերի տանիքները՝ ավելի քան 800 քմ: Նույն համայնքում Գործարանային 7 հասցեում գտնվող զբոսայգու վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, կառուցվում են և սալիկապատվում են մայթերը, ճաղավանդակներ, տեղադրվում դարպաս, երկաթյա դռներ, 2 կառուսել, 2 ճոճանակ, սղարաններ: Խաչփար բնակավայրի 15-րդ փողոցի 860 մ երկարությամբ ոռոգման առուները վերանորոգվում են: Արմավիրի մարզում Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրի Մ. Մելքոնյան փողոցն է ասֆալտապատվել: Փարաքար համայնքի Վ. Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցման և Էրեբունի փողոցի 1420 գծմ երկարությամբ կեղտաջրերի հեռացման համակարգերի նորոգման աշխատանքներ են իրականացվել: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ բնակավայրում կառուցվել է նոր կապտաժ, հին մետաղական խողովակաշարը փոխարինվել է նոր մետաղապլաստե խողովակաշարով, մշակվել խրամուղին ու փոսորակը: Նույն մարզի Ակունք բնակավայրում վերանորոգվում է մշակույթի տան դահլիճը՝ 650 քմ: Մարտունի համայնքում վերանորոգվել է համայնքի «Մանկական արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի 560 քմ մակերեսը, փոխվել են երկրորդ հարկի դռները և պատուհանները: Մարտունի համայնքում կառուցվում է լուսավորության նոր համակարգ համայնքի Կարապետյան, Հերացի, Գետափնյա, Գ. Նժդեհ և Կամոյի փողոցներում: Ճամբարակ համայնքնում իրականացվել է Գետիկ, Դպրաբակ բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ և Սարալանջ փողոցների լուսավորության ցանցի կառուցում՝ 3500 մ ընդհանուր երկարությամբ: Լճավան բնակավայրում վերակառուցվել է 1208 մ ջրագիծ և վերանորոգվել 12x15x3 տարողությամբ ջրամբարը, տեղադրվել է էլ. շարժիչ և մղիչ պոմպ, ցանկապատվել ջրամբարը: Գավառ քաղաքում հիմնանորոգվում է Սայաթ-Նովա փողոցը և գերեզմանոց տանող ճանապարհը: Լուսակունքում կառուցվել է բնակավայրի գլխավոր թիվ 1 փողոցի 1050 գծմ հատվածի և գլխավոր մայրուղուց սկսվող թիվ 10 փողոցի լուսավորության համակարգ՝ շուրջ 2,1 կմ երկարությամբ: Շողակաթ բնակավայրում ասֆալտապատվել է 9-րդ, 4-րդ, 1-ին փողոցները, անցկացվել են ջրահեռացման կիսախողովակներ: Նույն բնակավայրում վերանորոգվել է բազմաբնակարան շենքի մուտքերը, տեղադրվել է 4 մետաղական դուռ, նորոգվել պատերի գաջի սվաղը և այլն: Լոռու մարզում Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում տուֆ քարով սալարկվել է 400 մ երկարությամբ փողոցը և տուֆ քարով սալարկվում է Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 540 մ երկարությամբ փողոցը: Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զորավան բնակավայրի 1600 մ երկարության 9600 քմ մակերեսով ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել: Արամուս բնակավայրում հիմնանորոգվել է Ջրմուղի փողոցի 1940 մ երկարությամբ, 4,5 մ լայնությամբ ճանապարհը: Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրում ասֆալտապատվել է բնակավայրի թիվ 1 փողոցի մոտ 1.3 կմ հատվածը և թիվ 8 փողոցի մոտ 02 կմ հատվածը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս ծրագրերի իրականացման կապակցությամբ արձանագրել է. «Մեզ համար այլևս ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում շինարարական ընկերությունների հզորություններն ակնհայտորեն չեն բավականացնում Հայաստանում պետության կողմից, Կառավարության կողմից ֆինանսավորվող կապիտալ ծախսերն իրականացնելու համար: Ես ուզում եմ էլի բոլորիս հիշեցնել, թե ինչպես են կապիտալ ծախսերն իրականացվել: Կառավարությունը որոշում է, որ ենթադրենք ինչ-որ ճանապարհ, ջրմուղ կամ որևէ այլ ֆիզիկական ենթակառուցվածք ստեղծի, դրա համար մենք տրամադրում ենք ֆինանսավորում նախ նախագծման համար, որից հետո հայտարարվում է շինարարական մրցույթ: Այսինքն՝ բուն շինարարությունն իրականացնում են մասնավոր ընկերությունները:
Մասնավոր ընկերության հետաքրքրությունն այն է, որ պետք է այդ շինարարությունն իրականացնի ու շահույթ ստանա: Այսինքն՝ Հայաստանում պետական շինարարական ընկերություններ գոյություն չունեն արդեն տասնյակ տարիներ: Հետևաբար՝ երբ կապիտալ ծախսերը չեն իրականացվում կամ թերակատարվում են, այստեղ երկու խնդիր կա՝ կազմակերպչական, թե ինչքանով է Կառավարությունն օպերատիվ իրականացնում այդ մրցույթները, ֆինանսավորումը և այլն, և ֆիզիկական հատվածն ամբողջությամբ կախված է մասնավոր հատվածից: Իհարկե, Հայաստանում վերջին տարիներին մասնավոր ընկերություններ են բացվել, բայց միևնույն ժամանակ մենք արձանագրում ենք, որ շինարարական ընկերությունների կարողությունները չեն համապատասխանում կառավարության սահմանած նշաձողերին: Բայց, իհարկե, մյուս կողմից էլ մենք ի՞նչ կարող ենք անել: Մենք կարող ենք այս մասին բարձրաձայնել, որ այսպիսի խնդիր կա, որպեսզի մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրենք, որ այստեղ կա ոլորտ, որտեղ կարելի է ներդրում անել և շահույթներ ստանալ: Իհարկե, քաջալերել, աշխատել մասնավոր հատվածի հետ, որ դա տեղի ունենա: Փաստն այն է, որ կապիտալ ծրագրերի իրականացման հատվածում մենք պարբերաբար ունենում ենք պրոբլեմներ: Այդ պրոբլեմը հետևյալն է, որ շինարարությունները միշտ չէ, որ ժամանակին և պատշաճ որակով են արվում: Հիմա մենք տեսնում ենք, որ կապիտալ ծախսերի թերակատարումները կապված են նաև դրա հետ: Բայց սա չի նշանակում, թե մենք պետք է ամեն ինչ մասնավորի պատասխանատվության ոլորտ տեղափոխենք: Այստեղ մեր անելիքներն էլ կան՝ նույն գնումների օրենսդրության շարունակական բարեփոխումները, որոնց մասին խոսում ենք, և պրոբլեմի ավելի խորը ուսումնասիրությունը»:
Վարչապետ Փաշինյանը նաև անդրադարձել է ցեմենտի շուկայում առկա իրավիճակին՝ նշելով. «Ընդ որում, ուզում եմ ասել, որ ինձ համար անակնկալ էր արձանագրել, բայց ինձ աշխատանքային կարգով զեկուցվել է, որ Հայաստանի ցեմենտի շուկայում որոշակի դեֆիցիտային երևույթներ կան: Սա նշանակում է, որ Հայաստանում այն ծավալի շինարարություն կա, որ շուկայում դեֆիցիտ է առաջացել, և մեր տեղի արտադրողները, ըստ էության, չեն հասցնում շուկային մատակարարել: Դրա համար մենք որոշում կայացրինք և ներմուծվող ցեմենտի նկատմամբ ներմուծման տուրքը իջեցրինք: Այն հոկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտել, և հույս ունենք, որ որոշակիորեն խնդիրը կլուծի: Բայց մենք անընդհատ այդ ազդակներն ստանում ենք, որ շուկայում ցեմենտ ձեռք բերելու առումով խնդիր կա: Սա, մի կողմից, լավ է այն առումով, որ շատ մեծ ծավալների շինարարություն է տեղի ունենում երկրում, մյուս կողմից՝ լավ չէ, որ կարող է դրա պատճառով շինարարությունը դանդաղել»:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը զեկուցել է, որ հանձնաժողովն ուսումնասիրել է ցեմենտի շուկան, և կա մտահոգություն, որ դեֆիցիտը կարող է նաև ստեղծված լինել արհեստական պատճառով, և գնի բարձրացումը դրանով կարող է պայմանավորված լինել: Դիտարկվում է վարույթ հարուցելու հարցը: Վարչապետը կարևորել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից շուկայի մշտադիտարկումը և անհրաժեշտության դեպքում վարույթի հարուցումը՝ միաժամանակ նշելով, որ դա ընդհանուր գնահատականը չի փոխում:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ զեկուցել է, որ մարզերում իրականացվող կապիտալ ծախսերի համատեքստում նիստի չզեկուցվող հարցով ընդունվել է որոշում, որով Արմավիրի բժշկական կենտրոնին ֆինանսական միջոցներ են հատկացվում՝ ողջ ինֆեկցիոն բաժանմունքի վերակառուցման համար:
Այլ որոշումներ
Կառավարությունը որոշում է ընդունել Վահան Հակոբյանին 3 տարի ժամկետով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ նշանակելու վերաբերյալ: Որոշման նպատակն է՝ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպումը, Վերին Լարսի անցակետում ծագող՝ մաքսային խնդիրների արագ բացահայտումն ու կարգավորումը:
Գործադիրը հավանություն է տվել 2022 թ. հունիսի 13-ին Դոհայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև զբոսաշրջության և գործարար միջոցառումների բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Հուշագիրը միտված է Կատարի Պետության հետ զբոսաշրջության և գործարար միջոցառումների ոլորտներում համագործակցության ձևավորմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։
Գործադիրը որոշել է հավանություն տալ 2006 թ. դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին օրենսդրական նախաձեռնությանը: Այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը՝ կից հայտարարությամբ:
Կառավարությունը լրացումներ է կատարել իր նախկին որոշման մեջ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ծխախոտային արտադրանքի գլանակներ, հեղուկ քարթրիջներ, էլեկտրոնային սիգարետներ և համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումներ ներմուծելու դեպքերում սահմանել առևտրային չափաքանակներ, որոնք գերազանցելու դեպքում գերազանցող մասը չի համարվելու անձնական օգտագործման ապրանք և ենթակա է լինելու հարկման:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է բժշկական սարքավորումների և գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը, որը լրացուցիչ հնարավորություն է տալիս Առողջապահության նախարարությանն իրականացնել տեխնիկական հագեցվածության կենտրոնացված քաղաքականություն:
Գործադիրը որոշում է ընդունել Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի, ինչը ենթադրում է ոչ միայն կազմակերպաիրավական ձևի, այլև կառույցի գործունեության քաղաքականության փոփոխություն: Ակնկալվում է, որ Համալիրը կստանա կառույցի զարգացմանն ուղղված բյուջեի ձևավորման և ավելացման հնարավորություն: Վերակազմակերպման գլխավոր նպատակներն են` բիզնես մոդելի կառուցումը, գործարար միջավայրի զարգացումը, տնտեսական մրցակցության ապահովումը, հովանավորչական և ներդրումային միջավայրի բարելավումը, մշակույթի և սպորտի ոլորտում տնտեսական կարողությունների զարգացումը, շահութաբերությունը։
Կառավարությունը որոշում է ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թ. ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին: