Մամլո հաղորդագրություններ

2023 թվականին, 2018 թվականի համեմատ, սուբվենցիոն ծրագրերի բյուջետավորման ծավալը կտասնապատկվի. կհատկացվի 22 մլրդ դրամ

03.11.2022

ևս 11 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և իր համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ 728,887.0 հազար դրամ հատկացնելով Արարատի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզպետարաններին: Որոշումը միտված է 2021-2022 թթ. ՀՀ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացմանը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով հարցը, զեկուցել է, որ խոսքը 9 համայնքի 14 ծրագրի մասին է, որից 9-ը 2022 թվականի ծրագրեր են: Տրամադրվող գումարն առնչվում է 4 մարզի. Արարատի մարզ՝ 30 մլն դրամ, 1 ծրագիր, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, 164 մլն դրամ, Լոռու մարզ՝ 6 ծրագիր, 179 մլն դրամ, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր, 354 մլն դրամ: Նախարարի խոսքով՝ ծրագրերը հիմնականում կամ ավարտվել են, կամ ավարտական փուլում են: Ընդհանուր առմամբ, նշված որոշումը ներառյալ 361 ծրագրի համար Կառավարությունն արդեն ֆինանսավորել է 10 մլրդ 440 մլն դրամ:

Վարչապետը ներկայացրել է իրականացվող ծրագրերը՝ թվարկելով դրանք. «Արարատի մարզ՝ Սուրենավանի 5 մուտքերի փողոցների վերանորոգում, ասֆալտապատմամբ, ծրագիրն արդեն ավարտվել է:

Արմավիրի մարզ՝ Փարաքար համայնքի Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգում, ծրագիրն ավարտվել է, Քարակերտ բնակավայրի Հ.Թումանյան փողոցի գազիֆիկացում, ծրագիրն ավարտվել է, Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի ջրամատակարարման ցանցի, ջրի կուտակման ավազանի և պոմպակայանի կառուցման աշխատանքներ, ծրագիրն ավարտական փուլում է, Բաղրամյան համայնքի Հուշակերտ, Երվանդաշատ, Վանանդ համայնքներում կատարվել են հետևյալ աշխատանքները՝ Հուշակերտ բնակավայրի 5-րդ փողոցի, 5-րդ և 4-րդ փողոցները իրար միացնող հատվածի, Երվանդաշատ բնակավայրի Ազատության և Սահմանապահների, Վանանդ բնակավայրի Մարտիրոսյան փողոցի ասֆալտապատում, ծրագիրն ավարտված է:

Լոռու մարզ՝ Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի մշակույթի մշակույթի կենտրոնին կից տարածքում զբոսայգու հիմնում և փողոցների լուսավորության ցանցի նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով արդիականացում, ծրագիրն ավարտված է, Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի փողոցների հիմնանորոգում, ծրագիրն ավարտված է: Այսինքն՝ սա նշանակում է, որ Շնողում ինչքան փողոց կա, հիմնանորոգե՞լ ենք: Շնողը մեծ բնակավայր է, այսպիսի դեպքերում տեղեկանքում պետք է կոնկրետ գրել: Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Կողես, Լեջան բնակավայրերի ներհամայնքային ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում, Լոռի Բերդ համայնքի Լեջան, Սվերդլով, Ուռուտ, Լոռի Բերդ և Բովաձոր բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում, Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի կենտրոնական փողոցների լուսավորության համակարգերի կառուցում և նորոգում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ, ծրագրերն ավարտված են:

Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի 120 հա հողերի ոռոգման համակարգի կառուցում, ծրագիրն ավարտված է: Իջևան համայնքի Իջևան, Աչաջուր, Այգեհովիտ բնակավայրերի ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում: Այստեղ էլ նույն պրոբլեմը կա. պետք է նշել կոնկրետ՝ որ ճանապարհներն ենք հիմնանորոգել և որը՝ ասֆալտապատել: Եվ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի հիմնովին վերանորոգում և սալիկապատում, այս ծրագիրը նույնպես ավարտված է»:

Վարչապետը կարևորել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքների կոնկրետացումը՝ նշելով. «Ինչո՞ւ եմ սա ասում. մենք նախկինում, ցավոք, դեպք ենք ունեցել, երբ հրապարակվել է, հետո պարզվել է, որ ոչ թե այդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ այս կողմ մեկ ուրիշ փողոց է հիմնանորոգվել: Եվ խիստ պատահականորեն բյուջով հատկացված միջոցներից հիմնանորոգվել է հենց այն փողոցը, այսինքն՝ շփոթվել և հենց այն փողոցն են նորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում: ՊՎԾ-ն այդ թիմայով ուսումնասիրություն է արել, ճի՞շտ է»:

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները. պարզվել է, որ Շիրակի մարզի Սարատակ համայնքում նախահաշվային բոլոր փաստաթղթերը փաստաթղթավորվել, նախագծվել և կազմվել են 5-րդ փողոցի անվամբ, սակայն փաստացի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 4-րդ փողոցում: Վարչապետի հանձնարարությամբ՝ ՏԿԵՆ-ին և Շիրակի մազրպետարանին ծառայողական քննություն իրականացնելու առաջարկություն է ներկայացվել՝ փաստերը վեր հանելու, իսկ առերևույթ հանցակազմ պարունակող փաստերի պարագայում՝ իրավապահ մարմիններին փոխանցելու նպատակով: Ռ. Պետրոսյանի զեկուցմամբ՝ Շիրակի մարզպետից ստացվել է համապատասխան գրություն, որ ծառայողական քննության ընթացքում վեր հանված առերևույթ իրավախախտումների փաստերով ծառայողական քննությունը կասեցվել է, և փաստաթղթերը փոխանցվել են Գլխավոր դատախազություն:

Վարչապետը կարևորել է թեմայի հրապարակայնացումը նաև հանրային արձագանքի տեսանկյունից, որպեսզի նման երևույթներ չլինեն, ապա անդրադարձել սուբվենցիոն ծրագրերի հետ կապված վիճակագրությանը. «Մենք, ըստ էության, 2023 թվականի բյուջեով մոտավորապես 22 մլրդ դրամ ենք նախատեսում հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար: Ստացվում է, որ 2018 թվականի համեմատ մենք սուբվենցիոն ծրագրերի բյուջետավորման ծավալը համարյա տասնապատկում ենք: Ուզում եմ թվարկել նաև, որ 2018 թվականին մենք հատկացրինք 2.5 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 6.4 մլրդ դրամ, 2020 թվականին՝ 14 մլրդ դրամ, 2021 թվականին՝ 12.3 մլրդ դրամ, 2022-ի բյուջով 18 մլրդ դրամ է նախատեսված: Հիմա վստահաբար կարող ենք ասել, և հույս ունեմ՝ այս տարվա արդյունքներով կկարողանանք իրացնել, բայց մարզերում տարվա արդյունքներով վստահաբար 4 տարվա ընթացքում 100 մլն դոլարի ներդրում ենք իրականացրել, ինչը չափազանց կարևոր է: Այս գործիքը պետք է մաքսիմալ զարգացնենք, բայց նաև, մյուս կողմից, մաքսիմալ արդյունավետ դարձնենք»:

Կառավարության ղեկավարը Ֆինանսների նախարարի ուշադրությունը հրավիրել է մեթոդաբանության վրա և առաջարկել դիտարկել նշված ծախսերը կապիտալ ծախսերի շարքին դասելու հարցը, քանի որ հենց կապիտալ ծախսեր են իրականացվում: «Հարցն իրականում կարևոր է, որովհետև նախ սուբվենցիոն ծրագրերի ծավալն աճում է, և եթե մենք ճիշտ չդասակարգենք, բյուջետային հաշվեկշռի որոշակի խախտում կունենանք: Նաև մեր արտաքին ֆինանսատնտեսական հարաբերություններում որոշակի սխալ պատկեր կձևավորվի: Այնպես որ կարևորը, կարծում եմ՝ արժե, որ մենք մաքսիմալ ճիշտ ձևակերպենք և մաքսիմալ ճիշտ արտահայտենք մեր ծախսերը մեր բյուջետային հաշվետություններում», - նկատել է վարչապետը:

Անդրադառնալով վերաբաշխումների մասով սահմանաչափի հարցն օրենքով ամրագրելու դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի համարել այդ լուծումը ընդգծել ճիշտ պլանավորման կարևորությունը. «Մենք ընդհանուր առմամբ հարցերը պետք է լուծենք մեր կառավարման որակը բարձրացնելու և ոչ թե օրենքն այն իրողություններին հարմարեցնելու ճանապարհով, որոնք ստեղծվում են ոչ այնքան խորը պլանավորման հետևանքով: Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ պլանավորումն ամենակարևոր հատվածներից է, և էական է, որ մենք ճիշտ պլանավորենք առաջիկա ֆինանսական տարին, որպեսզի այդպիսի խնդիրներ չունենանք: Ես բոլոր դեպքերում դեմ եմ օրենքի փոփոխության գնալուն, որովհետև դա մեր քաղաքականության տրամաբանությունից դուրս է»:


Կկառուցվեն մոդուլային կրթահամալիրներ մի քանի բնակավայրերի երեխաների համար

Գործադիրը որոշել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում և փոփոխություններ ու լրացումներ իր մեկ այլ որոշման մեջ: Որոշմամբ ԿԳՄՍ 2022 թվականի բյուջեով նախատեսված ելքային ծրագրերի շրջանակում կկատարվի վերաբաշխում՝ 62,098.3 հազար դրամ գումարի չափով՝ մարզերում մոդուլային կրթահամալիրների կառուցման նպատակով, ինչպես նաև 139,780.4 հազար դրամը կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ որոշմամբ կապահովվի Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 10 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը, ինչպես նաև Արարատի մարզի Դեղձուտի և Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ավարտական աշխատանքները, Ախուրյանի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացը: Նրա խոսքով՝ կրթական բարեփոխումների շրջանակում ձևավորվել է նոր մոտեցում, որով, անկախ աշակերտների քանակից, նոր կրթահամալիրները պետք է ունենան առնվազն 12 դասարան և մեկական դասասենյակ՝ զինվորական պատրաստության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և աշխարհագրության լաբորատորիաների, առնվազն 2 խմբասենյակ՝ նախադպրոցական ուսումնառության համար: Նշված պահանջները բավարարող 10 մոդուլային կրթահամալիր կկառուցվի Սյունիքի մարզի հետևյալ բնակավայրերում՝ Աճանան, Օխտար, Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Եղեգ, Ծավ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, որոնք կլինեն ոչ միայն զուտ դպրոցներ, այլև համայնքային-մշակութային կենտրոններ: Նախարարը նշել է նաև, որ ավարտվել են Սյունիքի մարզի մյուս բոլոր խոշորացված համայնքների, գյուղական բնակավայրերի համար կրթահամալիրների տեղորոշման և տեղազննության աշխատանքները, որի արդյունքում կազմվել են 53 նոր կրթահամալիրի կառուցման/վերակառուցման աշխատանքների տեխնիկական նկարագրերը: Քարտեզագրման աշխատանքներ են իրականացվել նաև մյուս 9 մարզերի գյուղական բնակավայրերի համար, որոնք վերլուծության փուլում են: Աշխատանքները ներառված են 300 դպրոցի, 500 մանկապարտեզի կառուցման ծրագրում:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք այս թեման մի քանի անգամ քննարկել ենք, այդ թվում՝ Կառավարության նիստում: Գաղափարը հետևյալն էր՝ գիտեք, որ, ցավոք, վաղուց Հայաստանում կա պրոբլեմ, երբ գյուղական բնակավայրերում դպրոցները, ըստ էության, կորցնում են աշակերտներին և գնում են փակման ուղղությամբ: Մենք նաև քաղաքական խնդիր ունենք՝ հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի: Ունենք 300 դպրոց և 500 մանկապարտեզ մինչև 2026 թվականը կառուցելու, ստեղծելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու խնդիր: Հիմա այս համատեքստում գալիս էր հարցը, թե ինչ պետք է անենք այն բնակավայրերում, որտեղ դպրոցների անհրաժեշտ ծանրաբեռնվածություն չկա: Այդ գաղափարը քննարկելիս եկանք եզրակացության, որ պետք է ստեղծենք, կառուցենք կրթահամալիրներ, որոնք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի երեխաների համար: Ընդ որում, այդ կրթահամալիրներն իրենց մեջ կներառեն, ըստ անհրաժեշտության, և՛ դպրոցական, և՛ մանկապարտեզային բաղադրիչ:

Կան գյուղեր, որտեղ քննարկման արդյունքում կամ հաշվի առնելով իրողությունը՝ եկանք եզրակացության, որ մեկ գյուղի մասշտաբով պետք է լինի կրթահամալիր, որովհետև եթե կա ներուժ, որ այդ գյուղում լինի և՛ դպրոց, և՛ մանկապարտեզ, բնական հարց է ծագում՝ ինչու փոքր թվով աշակերտներով դպրոցի և մանկապարտեզի համար ունենալ 2 առանձին մարզադահլիճ և այլ ենթակառուցվածքներ, ինչը գործնականում նշանակում է չունենալ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Համենայնդեպս, փաստացի այս պահին իրավիճակն այդպիսին է: Մենք որոշեցինք գնալ այդ ճանապարհով և առաջինն այս ծրագիրն իրականացնել Սյունիքի մարզում, սկսել Սյունիքի մարզից:

Սյունիքի մարզում կողմնորոշվել ենք, որ 53 կրթահամալիրը մեր այս բարձրացրած խնդիրները լուծում է, և այս որոշմամբ մենք առավել կոնկրետացնում ենք մեր անելիքները Կապան խոշորացված համայնքում, պարոն նախարարն արդեն նշեց: Այժմ հերթով նշեմ, թե ինչ կրթահամալիրներ ենք կառուցում. Աճանան բնակավայրում մոդուլային նոր կրթահամալիր ենք կառուցում, որը գործելու է միայն տվյալ բնակավայրի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, այսինքն՝ տեսնում ենք, որ այսօր կա այն ներուժը, որ կլինեն բավարար թվով աշակերտներ, Օխտարում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ գործելու է Օխտար, Շրվենանց, Տավրոս, Նորաշենիկ, Անտառաշատ, Առաջաձոր, Ձորաստան, Ներքին Խոտանան և Վանեկ բնակավայրերի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Արծվանիկում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ գործելու է Արծվանիկ և Կաղնուտ բնակավայրերի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Գեղանուշ բնակավայրում - բոլորը Կապան խոշորացված համայնքի բնակավայրեր են - մոդուլային նոր կրթահամալիր ենք կառուցելու, որը գործելու է միայն տվյալ բնակավայրի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Սյունիք բնակավայրում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ գործելու է Սյունիք և Վարդավանք բնակավայրերի երեխաների համար, Եղեգ բնակավայրում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ գործելու է Եղեգ, Չափնի, Սևաքար բնակավայրերի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Ծավ բնակավայրում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ միայն տվյալ բնակավայրի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Ճակատեն բնակավայրում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ միայն տվյալ բնակավայրի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Ներքին Հանդում նոր մոդուլային դպրոցի կառուցում՝ գործելու է միայն տվյալ բնակավայրի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Շիկահողում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ գործելու է Շիկահող և Սրաշեն բնակավայրերի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար: Ի սկզբանե մոդուլային սկզբունքով նախատեսված է ևս 3 կրթահամալիր Կապան խոշորացված համայնքում. Եղվարդ բնակավայրում՝ Եղվարդ, Ագարակ, Խդրանց, Ուժանիս բնակավայրերի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Դավիթ Բեկ բնակավայրում՝ միայն բնակավայրի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Վերին Խոտանան բնակավայրում՝ Վերին Խոտանան, Աղվանի, Տանձավեր բնակավայրերի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար»:

Երկրի վարչապետը հետաքրքրվել է պատասխանատուներից 53 կրթահամալիրի նախագծանախահաշվային աշխատանքների ընթացքից: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նախ զեկուցել է 13 կրթահամալիրի կառուցման ընթացքի մասին՝ նշելով, որ 3-ի նախագծերը՝ Վերին Խոտանան, Դավիթ Բեկ և Եղվարդ համայնքներում, նախատեսվում է ունենալ այս տարի և հայտարարել շինարարության մրցույթները, մյուսները՝ 2023 թվականի առաջին եռամսյակում: 53 կրթահամալիրի մասով զեկուցվել է, որ նախագծանախահաշվային աշխատանքները դեռևս պատվիրված չեն, քանի որ ուսումնասիրությունները նոր են ավարտվել և ներկայացվել ԿԳՄՍ, առաջիկայում նախատեսում է սկսել նախագծման գործընթացը:

Թեմայի վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն: Վարչապետը ծրագրի պատասխանատուներին հիշեցրել է այն պայմանավորվածության մասին, որ կրթահամալիրները կառուցվելուն և շահագործման հանձնվելուն պես դեպի այդ կրթահամալիրներ տանող ճանապարհները պետք է լինեն հիմնանորոգված, բացի այդ, միջհամայնքային կրթահամալիրների պարագայում՝ պետք է ձեռք բերվեն գործարանային արտադրության նոր տրանսպորտային միջոցներ: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ արդյոք զուգահեռ այս աշխատանքն արվո՞ւմ է, թե՞ ոչ: Ի պատասխան ԿԳՄՍ նախարարը զեկուցել է, որ ՏԿԵՆ հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում, իսկ ՏԿԵ նախարարը նշել է, որ աշխատանքների փաթեթը բավական մեծ է, և ամեն բաղադրիչ նախատեսված է ըստ փուլերի:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս ծրագիրը մի քանի նշանակություն ունի, և այդ մասին ինքը երեկ խոսել է Ազգային ժողովում: «Խոսքը վերաբերում է այդ թվում մյուս տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մեր մարտահրավերին: Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ այդ ծրագրերը, որոնց մասով արդեն որոշում ենք ընդունել, պետք է արագ առաջ ընթանան: Վերադառնալով ուզում եմ շարունակել խոսակցությունը, որ այս նոր տրանսպորտային միջոցները, ենթադրվում է՝ միկրոավտոբուսները, պետք է ունենան որակավորված վարորդներ: Այդ որակավորված վարորդները, սկսած արտահագուստից, պետք է նոր ստանդարտի աշխատողներ լինեն: Այս ուղղությամբ, նկատի ունեմ այսօրվանից պետք է այդ հագուստի դիզայնի մրցույթ հայտարարել, այսօրվանից պետք է հասկանալ, թե ինչպես ենք մենք այդ մարդկանց աշխատանքի ընդունելու, ինչպես ենք հրավիրելու աշխատանքի և այդպես շարունակ: Այս ամենը պետք է պլանավորվի, հիմա ձեր ասածից հասկանում եմ, որ փաթեթն ընդունվել է, և ստեղծվել է զուգահեռ ճանապարհային քարտեզ, թե որ աշխատանքը որ փուլում պետք է սկսվի, երբ պետք է ավարտվի և մեթոդաբանությունը: Ես չեմ ուզում, որ հետո մենք ասենք՝ եկեք մեկ անձից գնումով անենք, որովհետև 5 տարի առաջ, որ պլանավորել էինք, ժամանակ չեղավ, որ մրցույթ հայտարարենք, որովհետև «Գնումների մասին» օրենսդրությունը լավը չի: Պետք է պլանավորել, հստակ իմանալ: Այսօրվանից եմ ասում՝ հանկարծ հետո չգաք, ասեք, որ ժամանակ չկա, երեք օր է մնացել, պետք է մեկ անձից գնում կատարենք: Ես ուզում եմ հիշեցնել, որ 300 դպրոց և 500 մանկապարտեզի ծրագիրը, ճիշտ է, դե յուրե, անունն այդպես չենք դրել, բայց դա պետական ծրագիր է», - նշել է ՀՀ վարչապետը՝ հանձնարարելով փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին հաջորդ աշխատանքային քննարկմանը ներկայացնել նշված բոլոր հարցերի պատասխանները:

 

Կվերականգնվեն Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Հաղպատ վանական համալիրի վնասված հատվածները

Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ և իր համապատասխան որոշման փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետբյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 79,938.1 հազար դրամ գումարի շրջանակում, որից 68,881.4 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ վերաբաշխումը կատարվում է հուշարձանների վերականգնման համար, և որոշումը մշակվել է Վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերանորոգման հետ կապված: Եկեղեցու պատը գտնվում է վթարային վիճակում և վերականգնման կարիք ունի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստվել է և ԿԳՄՍ է ներկայացվել նորոգման և ամրակայման նախագիծ: Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 8,285,7 հազար դրամ: ԿԳՄՍ կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ, և կնքվել են կապալի և տեխնիկական հսկողության պայմանագրեր: Աշխատանքները կսկսվեն գումարը հատկացնելուն պես: Որոշմամբ նաև 2,771,0 հազար դրամ կհատկացվի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերանորոգման, անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար: Աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժերից հետո քարաթափումներ են եղել, աշտարակը վթարային վիճակում է, կան մեծ ճաքեր, և առկա է փլուզման վտանգ: Վնասվածքներ կան նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածների վրա: Նախարարության կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ, կնքվել է պայմանագիր:

Վարչապետը կարևորել է Բջնիի եկեղեցու պատի շինարարության արագ իրականացումը, քանի որ Կառավարությունը հատկացնում է անհրաժեշտ ֆինանսական միջոցները, հստակ սահմանվում են ժամկետները: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև Բջնիի ամրոցի հետ կապված հանձնարարականի կատարման ընթացքից՝ նշելով. «Խնդիրն այն է, որ Բջնիի ամրոցի երևացող և լավ վիճակում գտնվող պարիսպները փակված են այգիների, բարձր ծառերի հետևում, և իմ հանձնարարականի էությունն էր՝ բանակցել, հարակից տարածքները ձեռք բերել և հուշարձանի տեսանելիությունը բացել, ինչը, կարծում եմ, նաև Բջնի բնակավայրի և տուրիստական հոսքերի համար շատ էական նշանակություն կունենա: Այնտեղ նաև ամրոց տանող ճանապարհի հետ կապված խնդիր կար: Այս ուղղությամբ ի՞նչ ենք արել»: ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ ՏԿԵՆ, ՏԻՄ հետ համատեղ աշխատանք է տարվում գյուղացիների և տարածքը մշակող բնակիչների հետ համաձայնության գալու ուղղությամբ, որպեսզի այդ տարածքը փոխարինվի, կամ այլ լուծում առաջարկվի, և տարածքն ազատվի հուշարձանի համար: Սակայն զուգահեռ նաև ԿԳՄՍ-ն շրջանառում է օտարման՝ գերակա շահ ճանաչելու նախագիծ: Նախարարի խոսքով՝ արվում է ամենը, որպեսզի փոխհամաձայնեցված լուծում լինի, սակայն եթե դա արդյունք չտվեց, նշված տարածքը գերակա շահ պիտի ճանաչվի:

Կարևորելով Հաղպատ վանական համալիրի նորոգումը՝ Կառավարության ղեկավարը նշել է, որ այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, և, բնականաբար, բոլոր պատմամշակութային հուշարձանների վերականգնումը և վերանորոգումն առանձնահատուկ նշանակության աշխատանք է: «Վերականգնումը և վերանորոգումը պետք է տեղի ունենան այնպես, որ հուշարձանին վնաս չհասցվի: Դրա համար Ձեր խոսքում Դուք էլ նշեցիք, ես այդպես էլ հասկացա, որ, բացի նախագծայինից, կա նաև գիտական հատված՝ գիտանախագծային աշխատանքներ, և մենք պետք է այդ աշխատանքներն իրականացնենք», - նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի առնչությամբ վարչապետը ևս մեկ դիտարկում է արել, որը վերաբերում էր գործարար շրջանակների կողմից ներդրում կատարելուն. «Գնահատելի է նոր եկեղեցիներ կամ հոգևոր նշանակության այլ կառույցներ կառուցելու միտումը: Բայց ես կուզենայի ուշադրություն հրավիրել, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք ըստ էության ոչնչացման կամ վնասման հոսքագծի վրա են գտնվում: Իհարկե, Կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել: Ես այդ թեմայով հատուկ հանձնարարական եմ տվել՝ իհարկե, ընդգծելով այն պատմամշակութային հուշարձանների առանձնահատուկ կարևորությունը, որոնք ունեն քաղաքացիական և պետական ենթակառուցվածքների պատմական ասպեկտն ընդգծող բովանդակություն, և մենք այդ ուղղությամբ անպայման պետք է առաջ շարժվենք: Մյուս կողմից, աշխատանքի ծավալն այնքան մեծ է, որ ես պարզապես ուզում եմ հնարավոր բարերարների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա՝ որ կան պատմամշակութային հուշարձաններ, որոնց վերականգնումը կարող է շատ լավ և դրական գործ լինել: Բայց, ցավոք, նաև դեպքեր ունենք, երբ պատմամշակութային հուշարձանների վերականգնման պրոցեսում «շուշաբանդային» տրամաբանություն է օգտագործվել: Այս ուղղությամբ պետք է շատ զգույշ և ուշադիր լինել, իհարկե, անպայման համագործակցված ԿԳՄՍ նախարարության հետ՝ հուշարձանների պահպանության առումով առաջընթաց, այլ ոչ թե հետընթաց ունենալու համար»:

Վահրամ Դումանյանը նաև տեղեկատվություն է ներկայացրել պատմամշակութային հուշարձանների վերականգնման/նորոգման աշխատանքների, ենթակառուցվաժքային լուծումների վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է. «Վերջերս մենք, ըստ էության, ցանկ ենք կազմել, պարոն Դումանյան, և կարծում եմ՝ արժե այն շրջանառության մեջ դնել՝ և՛ մարզպետները թող նայեն, և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նախ, մենք պետք է ամբողջական գույքագրենք՝ ինչ ունենք, որ պետք է վերականգնվի կամ պահպանվի: Ուզում եմ ասել, որ տուրիզմի ոլորտում, նաև ներդրումների առումով սա շատ կարևոր ուղղություն է: Համակարգված պետք է աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ և ունենալ ընդհանուր ռազմավարություն, թե ինչպես ենք այդ խնդիրը լուծելու: Որ խնդիրը շատ հրատապ է՝ դա ակնհայտ է: Ես գոնե գիտեմ դա, որովհետև շատ տեղերում անձամբ եղել եմ, տեսել եմ: Մենք պետք է այդ ժառանգությունն իսկապես կարողանանք պահպանել, նաև հանրահռչակել, հասանելի և տեսանելի դարձնել առաջին հերթին մեր երկրի քաղաքացիներին: Որովհետև հուշարձաններ, պատմամշակութային ժառանգության շատ կարևոր կոթողներ կան, որ, համոզված եմ, եթե սոցիոլոգիական հարցում արվի, շատ դեպքերում Հայաստանի բնակչության մեծամասնությունը կամ դրանց մասին չի իմանա կամ ոչ մի անգամ այցելած չի լինի: Այնպես որ, նույնպես իմիջիայլոց, կրկին կապ ունի և՛ հոգևոր, և՛ տնտեսական բնույթի հարցերի հետ, որովհետև եկեք նաև արձանագրենք ներքին տուրիզմի զարգացման անհերաժեշտությունը: Այս առումով շատ եմ կարևորում մեր պետականության, մեր անկախության պատմության իմացությունը, որը շատ կարևոր է ցանկացած պետության համար»:


Այլ որոշումներ

Փոփոխություն կատարելով իր նախկին որոշումներից մեկում՝ գործադիրը սահմանել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով ներկայացման և ստացման ընթացակարգ:

Կառավարությունը հավանություն է տվել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ իր առաջարկություններին, որոնք սահմանված կարգով կերկայացվեն Ազգային ժողովի աշխատակազմ:

Գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և իր համապատասխան որոշման մեջ՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման աշխատանքների դիմաց վճարումն ապահովելու նպատակով: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 23,840,000 եվրո, որից 14,600,000 եվրո վարկային միջոցներ տրամադրում է ՎԶԵԲ-ը: Ծրագրի շրջանակում արդեն իսկ հիմնանորոգվել է 37 փողոց։

Կառավարությունը որոշումներ է ընդունել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Մուլտի Տաբակ» և «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված հայտերը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին:

 

← Վերադառնալ