Մամլո հաղորդագրություններ
Վարչապետն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետին
ևս 1 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին:
Վարչապետը ողջունել է պարոն Կարապետի այցը Հայաստան և Հայրենիքի հետ մշտական կապի պահպանումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական և միջկառավարական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տնտեսության, Հայաստանի՝ ժողովրդավարական օրակարգի առաջմղման և այլ ուղղություններով: Այս առումով, ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Արին Կարապետը նախ իր տպավորություններով է կիսվել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովից և գոհունակությամբ ընդգծել աշխատանքների, տեղի ունեցող քննարկումների արդյունավետ անցկացման փաստը: Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը կարևորել է տարբեր երկրների խորհրդարանների հայ պատգամավորների միջև մշտական կապերի ստեղծումն ու ամրապնդումը, ինչը կնպաստի արտերկրում հայանպաստ գործունեությանը:
Կարևորվել է Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ակտիվ գործունեությունը, երկու երկրների միջև ավիահաղորդակցության կազմակերպմանն ուղղված քայլերի իրականացումը: Քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովն ամենամյա դարձնելու հնարավորություններին վերաբերող հարցեր: