Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 2022 թվականին հատկացրել է 19 մլրդ դրամ

22.12.2022

ևս 8 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:

Կառավարությունն ընդունել է սուբվենցիոն ծրագերերի իրականացման համար մարզպետարաններին գումար հատկացնելու հերթական որոշումը. Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին կհատկացվի 3 մլրդ 246 մլն դրամ՝ 66 ծրագրի համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այս հատկացումով ընդհանուր առմամբ ստացվում է միայն այս տարի կառավարությունն արդեն 19 մլրդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համար: «Իսկ եթե ամփոփենք սուբվենցիոն ծրագրերի մեկնարկից ի վեր՝ համայնք-կառավարություն համատեղ գումարը 108 մլրդ դրամ է, որի մեջ կառավարության մասնաբաժինն ավելի քան 55 մլրդ դրամ է: Եվ ուրախալի է, որ 2 մլրդ դրամի չափով ունենք նաև բարերարների կողմից ներդրումներ: Ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 2050 ծրագիր: Ուզում հիշեցնել, որ համայնքների միավորման գործընթացում մի քանի բնակավայրերի ծրագրեր մեկ փաթեթի մեջ ենք ներառել, այսինքն՝ իրականում շինարարական մոտ 4000 ծրագիր է տարբեր բնակավայրերում իրականացվել», -ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը և նշել, որ բացի դրանից, կառավարության ֆինանսավորմամբ այլ համայնքային ծրագրեր ևս իրականացվել են: «2018-ից մինչ օրս, ըստ էության, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության համայնքներում 350 մլն դոլարի ներդրում է իրականացվել: Ընդ որում, խոսքը Երևանի մասին չէ»,-ասել է վարչապետը:

Կառավարության այսօրվա որոշմամբ հատկացված գումարով, մասնավորապես, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Մելիքգյուղ, Թթուջուր և Ձորագլուխ բնակավայրերում իրականացվել են գազիֆիկացման աշխատանքներ, Ապարան բնակավայրի մի շարք փողոցների բակային տարածքներում ասֆալտապատաման աշխատանքներ, մասնակի վերանորոգվել է Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Առողջության կենտրոնը: Արմավիրի մարզի Արմավիր բնակավայրի թիվ 3 և թիվ 7 մանկապարտեզի համար կառուցվել են ջեռուցման համակարգեր, իրականացվել են գազիֆիկացում, հին դռների և պատուհանների նորով փոխարինման աշխատանքներ, հիմնանորոգվել, կառուցվել են Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի 5-րդ փողոցի 5 հարկանի, Դալարիկ բնակավայրի 13 բազմաբնակարան, Բաղրամյան 18 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները: Գեղարքունիքի մարզում իրականացվել են Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամրջի, Ծովինար բնակավայրի մանկապարտեզի խաղահրապարակի և կոյուղագծի, Աստղաձոր, բնակավայրում խմելու ջրագծի կառուցման / վերանորոգման աշխատանքներ: Լոռու մարզում իրականացվել են Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրի գերեզման տանող ճանապարհի և Լեռնավան բն․ 2-րդ, փողոցի սալարկում տուֆով և ջրահեռացման համակարգի կառուցման, Սպիտակ համայնքի Արջահովիտ բնակավայրի ոռոգման ներքին ջրատարի կառուցման, Շենավան, Կաթնաջուր, Ծաղկաբեր, Գեղասար բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներ: Կոտայքի մարզի Բալահովիտ բնակավայրում նոր մանկապարտեզի շենք է կառուցվել, Ծաղկաձոր համայնքի Նոր թաղամասի ճանապարհն է կառուցվել: Վայոց ձորի մարզում հիմնանորոգվել է Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում մշակույթի տան մի մասը, նորոգվել է վարչական շենքը և դահլիճը, Արենի բնակավարում Նորք և Խաչի տակ թաղամասերի, Աղավնաձոր բնակավայրի 25-րդ փողոցի, Ագարակաձոր բնակավայրի 4-րդ, 7 -րդ և 14-րդ փողոցներում, Ռինդ բնակավայրի փողոցներում իրականացվել են արտաքին լուսավորման համակարգերի կառուցման աշխատանքներ, ջեռուցման համակարգի կառուցման և մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Եղեգնաձոր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի շենքում, իրականացվել են Եղեգիս համայնքի Եղեգիս, Շատին, Սալլի, Գողթանիկ, Հորբատեղ, Թառաթումբ բնակավայրերի խմելու ջրի արտաքին ցանցի վերանորոգման աշխատանքներ: Տավուշի մարզի Իջևան բնակավայրի Ասլանյան փողոցում իրականացվել են վերանորոգման և սալիկապատման, Դիտավան բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ և այլն:

Կապահովվեն կրթության և մշակութային դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ. Կառավարությունն այդ նպատակի համար կհատկացնի ավելի քան 947 մլն դրամ

Կառավարությունը վերաբաշխման միջոցով 974,720.4 հազար դրամ կուղղվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարմանը և դրանց համար անհրաժեշտ նախագծմանը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավմանը: Մասնավորապես՝ նախագծման աշխատանքներ կիրականացվեն Բերդի ավագ դպրոցի շենքի տանիքի, Երևանի Գ. Գյուլբենկյանի անվ. թիվ 190 ավագ դպրոցի ճաշարանի նորոգման, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սառնամատակարարման ու ջրամատակարարման համակարգերի, Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի հիմնանորոգման համար: Շինարարական աշխատանքներ կիրականացվեն Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում:

Գույքով կապահովվեն Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջը, Գյումրու N 4 արհեստագործական պետական ուսումնարանը, Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջը, Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը:

Համայնքը շենքերի տանիքներին կառուցված ինքնակամ շինությունները քանդելու հնարավորություն կստանա

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր աշխատանքների և միջոցառումների շարքում նախատեսել նաև ինքնակամ շինարարության կանխարգելումը և դրանց հետևանքների վերացման (քանդման) ապահովումը, ընդհանուր օգտագործման տարածքների ապօրինի զավթման կանխարգելումը, դրանց հետևանքների վերացման ապահովումը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է ոլորտում ստեղծված իրավիճակը. «Համայնքի ղեկավարը իրավունք ունի ինքնակամ կառուցված շենքեր շինությունների քանդման որոշումներ կայացնել համայնքային հողերի կամ որոշ դեպքերում պետական սեփականության հողերի վրա: Մենք օրենքով կարգավորեցինք՝ ինքնակամ շինության քանդման որոշումները հստակ են: Բայց, ցավոք, եղել են և շարունակում են լինել դեպքեր, մասնավորապես՝ բազմաբնակարան շենքերում, որտեղ սեփականատերը բնակիչն է, ոչ թե համայնքը, նկուղային հատվածներում, մանսարդային, տաիքների և այլ հատվածներում իրականացվել կամ իրականացվում են ապօրինի շինարարություններ: Մենք այս որոշմամբ փորձում ենք այդ հարցին կարգավորումներ տալ»:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել ոլորտում առկա խնդիրների որոշմամբ նախատեսվող լուծումների վերաբերյալ. «Հայտնի փաստ է, որ առհասարակ համայնքներում և, մասնավորապես, Երևան քաղաքում առկա են բազմաթիվ ինքնակամ շինություններ: Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում ավելի ակտիվ է իրականացնում բազմաթիվ քանդման և մաքրման աշխատանքներ: Նման աշխատանքներ նկատած լինեք հանրային տարածքներում, մայթերին, Օղակաձև այգում, Մերգելյանի այգում։ Այս աշխատանքներն իրականացվում են համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակում։ Գաղտնիք չէ, սակայն, որ մինչ օրս ունենք օրինակներ, երբ քաղաքացիներն ինքնակամ շինություններ են կառուցում բազմաբնակարան շենքերի տանիքներին, մանսարդային հատվածներում։ Այսինքն՝ մենք կարող ենք տեսնել շենքեր, որոնց տանիքին ևս փոքր շենք կամ տուն է կառուցված։ Եվ այդտեղ քաղաքապետարանի, համայնքի ղեկավարների լիազորություններն ու անելիքը բավական սահմանափակ են եղել։ Այդ կառույցները հաճախ իրականացվում են առանց քաղաքաշինական և սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանման և իրականում անմիջական վտանգ են պարունակում հենց այդ կառույցն իրականացնողի և առհասարակ շենքի բոլոր բնակիչների համար:

Այս ամենը հաշվի առնելով՝ նախաձեռնությամբ ենք հանդես եկել և առաջարկում ենք նոր կարգավորումներ, որոնց արդյունքում շենքի կառավարման մարմինը և համայնքը հնարավորություն կստանա իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։ Կարծում եմ՝ սա բավականին տրամաբանական է, մանավանդ, որ քաղաքապետարանն ինքն է գնահատում ու որոշում շենքերի հարկայնությունը, խտությունը»:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ տեղեկատվություն է ներկայացրել ինքնակամ կառուցների թվի վերաբերյալ. այս պահի դրությամբ ՀՀ-ում արդեն հաշվառված է շուրջ 24 հազար ինքնակամ կառույց: Օրական շուրջ 200 ինքնակամ կառույց է համակարգում հաշվառվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի ինքնակամ կառույցները հաշվառելու վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 31-ն է: «Օգտագործելով այս հարթակը՝ ևս մեկ անգամ հիշեցնենք մեր քաղաքացիներին. ովքեր ունեն ինքնակամ կառույցներ Երևան քաղաքում, մինչև դեկտեմբերի 31-ը հաշվառելու պարագայում միգուցե իրենք ունենան այդ կառույցներն օրինականացնելու հնարավորություն: Այս ժամկետը բաց թողնելուց հետո այլևս չկա հնարավորություն որևէ ինքնակամ կառույց Երևան քաղաքում հաշվառելու և օրինականացնելու: 200 կառույցի շուրջ 80 տոկոսն այսօր հաշվառվում են հենց Երևանում»,-ասել է Սուրեն Թովմասյանը:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոլորտում անհրաժեշտ է կարգ ու կանոն հաստատել և այդ համատեքստում կարևորել է ընդունված որոշումը:

Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել նոյեմբերին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է հանրապետությունում գրանցված աշխատատեղերի վերաբերյալ վիճակագրական ցուցանիշներին և նշել. «2022 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 հազարը: Այսինքն՝ նոյեմբերի տվյալներով մենք ունենք 701 451 աշխատատեղ: Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ այսպիսով 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 153 462 աշխատատեղ՝ արձանագրելով 28 տոկոսի աճ: Նաև պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում համախառն աշխատավարձի ֆոնդն, ըստ էության, գրեթե կրկնապատկվել է, ավելացել է շուրջ 89 միլիարդ 220 միլիոն դրամով կամ 92.3 տոկոսով: Շատ կարևոր եմ համարում նաև, որ եկամտային հարկի ծավալները նույնպես ամսական էականորեն ավելացել են: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ այս բոլոր ցուցանիշներով ավելացումները ոչ միայն 2018 թվականի նկատմամբ են, այլև նախկինում արձանագրված բոլոր ժամանակների նկատմամբ: Այսինքն՝ այս տարվա նոյեմբերը հոկտեմբերի նկատմամբ, նոյեմբերը նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ և այսպես շարունակ:

Մի կարևոր ցուցանիշի վրա եմ ուզում մեր ուշադրությունն առանձնահատուկ հրավիրել: Միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը, պիտի արձանագրեմ, որ 2021 թվականի նոյեմբերի նկատմամբ միջին ամսական աշխատավարձն ավելացել է 44 931 դրամով, կամ 20.4 տոկոսով: Սա ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ է կարևոր: Սա նշանակում է, որ մեր հանրության աշխատող հատվածը հաջողությամբ դիմակայել է գնաճին, որովհետև տարեկան գնաճը շատ ավելի ցածր է, 8.5 տոկոս է: Միջին աշխատավարձի ավելացումը նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ ավելացել է 20.4 տոկոսով: Սա ամենակարևոր ազդակն է, որ մեր աշխատող հայրենակիցները հաջողությամբ դիմակայել են գնաճին: Իհարկե, նաև հույս ունեմ այն քաղաքականության շնորհիվ, որ կառավարությունը վարում է»:

Հունվարի 1-ից կսահմանվեն խնամքի նպաստի նոր չափեր

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ սահմանելով խնամքի նպաստի նոր չափեր։ Խնամքի նպաստի գործող չափը, ինչպես գյուղաբնակ, այնպես էլ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում սահմանված է 28600 դրամ։ Որպես Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրային դրույթ, նախատեսվում է սահմանել խնամքի նպաստի նոր չափ։ Ըստ այդմ, առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել՝ մինչև 2023 թ. հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող կամ գյուղաբնակ ծնողի համար՝ 31600 դրամ (գործող՝ 28600 դրամի փոխարեն), 2023 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31600 դրամ, 2023 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար խնամքի նպաստի չափը հաշվարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսից։ Հաշվի առնելով, որ 2023 թ. հունվարի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ, ապա խնամքի նպաստի չափը նախագիծն ընդունվելու դեպքում կկազմի 37500 դրամ։

Կառավարությունը կապահովվի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզերում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի, ինչպես նաև գույքի և բժշկական սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող կրթության, սպորտի և առողջապահության ոլորտներին առնչվող ծրագրերի իրականացմամբ պայմանավորված: Ըստ այդմ, առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թ. պետբյուջեից՝ 707,427.4 հազ. ՀՀ դրամը վերաբաշխել և ուղղել 6 մարզերին: Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական հաստատությունների համար նախատեսվում է ձեռքբերել շուրջ 482.8 մլն. ՀՀ դրամի բժշկական սարքավորումներ: Գեղարքունիքի մարզի Սևանի ԲԿ-ի մանկական մասնաշենքի տանիքի վերանորոգման, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի ԲԿ-ի համակարգչային տոմոգրաֆիայի համար տարածքի հիմնանորոգման և Տավուշի մարզի Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի ադմինիստրատիվ մասի և սանհանգույցների վերանորոգման համար նախատեսվում է իրականացնել շուրջ 41.8 մլն. ՀՀ դրամի աշխատանքներ: Սյունիքի մարզի Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի շենքի վերանորոգման աշխատանքների և Վայոց ձորի մարզի «Խաչիկի միջնակարգ դպրոցի ջեռուցման համար քարածուխի ձեռք բերում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել շուրջ 34.9 մլն. ՀՀ դրամ: Սյունիքի մարզում նախատեսվում է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի առաջին փողոցի քանդված հենապատի և ճանապարհի վերականգնման աշխատանքների և Գորիս համայնքի Ակներ գյուղի թիվ 15 փողոցի վերանորոգման աշխատանքների համար հատկացնել շուրջ 102.7 մլն. ՀՀ դրամ: Վայոց ձորի մարզում նախատեսվում է Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի բեմահարթակի, բեմի լուսային համակարգի նորոգման և ջեռուցման համակարգի օպտիմալացման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար հատկացնել 936 հազ. ՀՀ դրամ:

Գործադիրը կփոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների 70 տոկոսի արժեքը

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի, հետպատերազմյան և 2022թ. սեպտեմբերի 12-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով քաղաքացիների կորցրած և/կամ սահմանն անցած գյուղատնտեսական նշանակության կենդանիների արժեքի փոխհատուցման նպատակով: Որոշմամբ նախատեսվում է նաև գումար հատկացնել «Արագածոտնի մարզի Թալինի ջրանցքի ձախ ճյուղի հիմնանորոգման աշխատանքներ» օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Հիմնավորման համաձայն, գյուղատնտեսական նշանակության կենդանիներ կորցրած քաղաքացիները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել մի շարք գերատեսչություններ՝ կրած վնասները փոխհատուցելու խնդրով։ Քննարկման արդյունքներով որոշվել է փոխհատուցել քաղաքացիներին՝ կորցրած անասունների արժեքի 70 տոկոսի չափով։ Համաձայն մարզպետարանների կողմից ներկայացված տեղեկատվության՝ քաղաքացիների կրած վնասի չափը կազմում է 545186.8 հազ. դրամ, որի 70 տոկոսը կազմում է 381 630.7 հազ. դրամ։

Մեկ այլ որոշմամբ էլ գումար է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին՝ մարզի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին օգնություն տրամադրելու նպատակով:

Գործադիրն ընդունել է որոշում՝ Վայոց ձորի մարզի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից նոյեմբեր ամսվա սպառած էլեկտրաէներգիայի և Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման անհրաժեշտությամբ պայմանավորված:

Կհստակեցվի զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի և ըստ զինվորական ծառայության հետ առնչության՝ համապատասխան անձանց շրջանակը: Ըստ հիմնավորման, գործող ցանկի հիվանդությունները և դրանց ձևակերպումները չեն համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված դասակարգումներին: Այսպիսով՝ հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, հիվանդությունների ծանրության և օրգանների ֆունկցիաների խախտումների աստիճաններն ու դրանց ախտորոշման համար անհրաժեշտ գործիքակազմերը, հիվանդությունները և դրանց ձևակերպումները համապատասխանեցվում են ԱՀԿ մշակած դասակարգումներին, ինչպես նաև հստակեցվում են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կհստակեցվեն փորձաքննության ենթակա համապատասխան անձանց, զինապարտների, զորակոչի ենթակա կամ պահեստազորում հաշվառված քաղաքացիների, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց փորձաքննություն իրականացնող մարմինների շրջանակը, հետազոտման և փորձաքննության ծավալներն ու ընթացակարգերը, գործընթացի շրջանակներում կիրառվող փաստաթղթերի ձևերը, հետազոտման և փորձաքննության գործընթացներին ներգրավված մասնագետների վարձատրության պայմանները:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով 2022 թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թ. փետրվարի 20-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Սահմանվել է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 բժիշկ-մասնագետ: Մինչև 2023 թ. փետրվարի 20-ը ներառյալ կիրականացվի պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրում:

Օրենսդրական նախաձեռնություններ. կբարձրացվի մարզպետների հաշվետվողականությունը և վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը

Գործադիրը հավանություն է տվել «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակն է բարձրացնել մարզպետների և մարզպետների աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը՝ սահմանելով վերջիններիս հաշվետվողականության ավելի ճկուն և օպերատիվ մեխանիզմ։ Մասնավորապես, նախատեսվում է սահմանել դրույթներ, որոնց համաձայն կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը: Այսպիսով, մարզպետներին հնարավորություն է ընձեռնվելու նաև անմիջապես կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի միջոցով կառավարության և վարչապետի քննարկմանը ներկայացնել իրենց իրավասությանը վերապահված հարցերը, կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի միջոցով ներկայացնել առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ, ընթացիկ հաշվետվություն ներկայացնել կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնին, պարտավորվելու են նաև պարտադիր քննության առնել Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին։

Հավանության է արժանացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումն էապես կնպաստի շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող օբյեկտների՝ առանց համապատասխան շահագործման թույլտվության առկայության փաստացի շահագործման դեպքերի կանխարգելմանը: Հիմնավորման համաձայն՝ աշխատանքային գործընթացում հաճախ հանդիպում են շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող օբյեկտների, առանց համապատասխան շահագործման թույլտվության առկայության փաստացի շահագործման դեպքեր, որոնք իրենց էության մեջ խաթարում են քաղաքաշինության բնագավառում առաջ եկող հասարակական հարաբերությունները: Հատկանշական է, որ նման պայմաններում այդօրինակ օբյեկտների շահագործումը կարող է սպառնալ ինչպես բնակչության առողջությանը, այնպես էլ քաղաքաշինական բնագավառի վերահսկմանը, որն իրենից ենթադրում է հանրորեն վտանգավոր արարք: Նման պայմաններում, հաշվի առնելով այդպիսի դեպքերի շարունակական աճն, անհրաժեշտություն է առաջացել սահմանել վարչական պատասխանատվություն նշված արարքի համար՝ որպես կանխարգելիչ միջոց:

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման 6 ամսով արգելք է սահմանվել

Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա): Հիմնավորման համաձայն, սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում: Ըստ այդմ՝ առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել ՀՀ տարածքից արտահանման համապատասխան ծածկագրերին դասվող ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ: Արդյունքում՝ կբարելավվի Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանությունն ու կենսապաշարների կայուն օգտագործումը, սիգի կայուն զանգվածի պահպանումը, արդյունագործական որսի իրականացումը։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ երկարաձգվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ 6 ամիս ժամկետով սահմանված արգելքը, որը լրանում է 2023 թ. հունվարի 26-ին: Առաջարկվում է արգելքի ժամկետը սահմանել մինչև 2023 թ. հուլիսի 27-ը։ Մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակն է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունն օգտագործելով որպես երկրորդային հումք սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը: Ըստ հիմնավորման՝ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվարի-հոկտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 100 հազ. տոննա, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 19.7%-ով։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվի Պետգույքի կառավարման կոմիտեին

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ կորպորատիվ կառավարմանը առավել ինստիտուցիոնալ մոտեցմամբ մասնակցելու անհրաժեշտությունից ելնելով: Ըստ հիմնավորման՝ բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը ապահովելու նպատակով նախագծով նախատեսվում է կոմիտեի կողմից ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրացնելիս Կոմիտեի կողմից կայացվելիք որոշումները նախապես տեղեկացնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ: Նախատեսվում է նաև, որ ընկերության բաժնետոմսերի կառավարման գործընթացում ընկերությունից ստացված ֆինանսական և այլ բնույթի հաշվետվությունները, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրությունները և այլ փաստաթղթերը պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից դրանք ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ:

Կբարձրացվի հարկային վարչարարության արդյունավետությունը

Հարկային վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդ, առաջարկվում է ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանման և ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության անվանման և կոդի, ինչպես նաև գնվող ապրանքի քանակի և դրա չափման միավորի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրման պահանջ սահմանել այն հարկ վճարողների համար, որոնց նախորդ տարվա (2022 թվականից սկսած) իրացման շրջանառությունը գերազանցել է 24 մլն դրամը։ Նշված չափը սահմանվել է հաշվի առնելով այն, որ հարկ վճարողների մոտ ռիսկերի գնահատման և վերլուծական գործիքների արդյունավետության բարձրացման տեսանկյունից ՀԴՄ կտրոնում վերոնշյալ տեղեկատվության արտացոլման պարտադիր պահանջը կարևորվում է ոչ միայն 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթի մեծություն ունեցող, այլ նաև դրանից ցածր շեմ ունեցող՝ ՀԴՄ կիրառող հարկ վճարողների տեսանկյունից: Թերևս, բացառություն կարող է սահմանվել միայն միկրոձեռնարկատիրության համակարգում գործող հարկ վճարողների համար, որի դեպքում մինչև 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները օգտվում են հարկման արտոնյալ պայմաններից: Նախատեսվել է նաև վերոնշյալ փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2023 թ. հուլիսի 1-ը՝ հնարավորություն տալով նախորդ տարվա արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողներին մինչև որոշման ուժի մեջ մտնելը իրականացնել համապատասխան ծրագրային ապահովումներ։ Արդյունքում՝ ակնկալվում է գործարքների թափանցիկության ապահովման, իրացման շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերը վերացնելու և արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնելու հնարավորություն տարվա արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների նկատմամբ։

Գործադիրը «Սթիլ կոնցեռն» ՍՊԸ-ին տրամադրել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսվում է օգտագործել ցինկապատ մետաղական տանիքի ծածկերի, ջրահեռացման համակարգերի և համալրող այլ աքսեսուարների, եվրոդռների և պատուհանների, ինչպես նաև պրոֆիլների արտադրության համար։ 2013 թ. հիմնադրված ընկերությունը արտադրությունն իրականացվելու է Հրազդանում, թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ՌԴ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 32 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և 974 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Կստեղծվի 6 նոր աշխատատեղ՝ մինչև 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 32.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.6 մլրդ դրամ:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Քաղաքատեղի Դվին» պատմության և մշակույթի անշարժ հանրապետական նշանակության հուշարձանախմբի և հարակից տարածքների բարեկարգում: Արարատի մարզի «Քաղաքատեղի Դվին» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը որպես ՀՀ զբոսաշրջային երթուղիներում ընդգրկված օբյեկտ լրացուցիչ ենթակառուցվածքների անհրաժեշտության կարիք ունի: Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել հնավայրի մուտքերն ու անցակետերը, նախատեսել բարեկարգ քայլուղիներ, կատարել զբոսաշրջային վայրին կից բարեկարգ տարածքների ամբողջականության համալրում նոր էլեմենտներով, անցկացնել տարածքի լուսավորման համակարգ, ապահովել հնագիտական արշավախմբի բնականոն աշխատանքը, հայտնաբերված նոր գտածոների պահպանությունը, լաբորատոր ուսումնասիրությունը և վերականգնումը, այդ միջոցառումներով ապահովելով հուշարձանի պահպանության և ուսումնասիրման գորընթացները, հնարավոր կլինի բարելավել զբոսաշրջիկների սպասարկումը՝ աստիճանաբար ներգարավելով ավելի մեծաթիվ այցելուների:

Գործադիրն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում, որով առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 3 բնակելի տարածքներ՝ 3 ընտանիքներին: Այդ բնակելի տարածքները հաշվառված են Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 29/1 և Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 հասցեներում:

← Վերադառնալ