Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը փոխհատուցման աջակցություն կտրամադրի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողներին

26.01.2023

ևս 8 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:

Կառավարությունը հաստատել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեության վրա։ Առաջին հերթին, ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված, հյուրանոցներն ու հյուրատները մինչև 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։ Այս իրավիճակում, զբոսաշրջիկների հոսք ապահովելու նպատակով՝ հյուրանոցների և հյուրատների մեծ մասն ընդհուպ մինչև 2 անգամ նվազեցրել էր նախկինում գործող ծառայությունների արժեքը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է միանվագ աջակցություն տրամադրել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 100 տոկոսի չափով։ Ծրագրի իրականացման արդյունքում փոխհատուցում կստանա Վայոց ձորի Ջերմուկ համայնքում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող մոտ 20 տնտեսավարող։ Գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծախսը՝ ըստ նախնական հաշվարկների չի գերազանցի 50-60 մլն դրամը։

Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հասցեական և արդյունավետ որոշումների կայացման շրջանում հանրության հետ ամուր կապեր և շփումներ ունենալու անհրաժեշտությունը. «Այս որոշման նախապատմությունն եմ ուզում ներկայացնել: Նախորդ տարի՝ դեկտեմբերի 17-ին, Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի նիստը, և այդ ընթացքում մենք շփումներ ունեցանք Ջերմուկի բնակիչների, գործարար շրջանակների հետ և փորձեցինք հասկանալ, թե ինչով և ինչպես կարող ենք օգնել Ջերմուկին: Սա առաջարկներից մեկն էր, որ հենց իրենք՝ Ջերմուկի գործարար շրջանակներն են առաջարկել: Եվ մենք, 4 ամսվա՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների գազի և էլեկտրաէներգիայի արդեն փաստացի ծախսը, որի համար նրանք արդեն վճարել են,100 տոկոսով փոխհատուցում ենք»:

Կբարձրացվի ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՃՏՊ-ների նվազեցմանը, կարգավորվող և չկարգավորվող հետիոտնային անցումների անվտանգության բարձրացմանը, ճանապարհային երթևեկության կազմակերպման նոր տեխնիկական միջոցների կիրառմանը նպաստելու համար: Արդյունքում՝ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը, նման որոշումների նպատակն է անընդհատ թարմացնել նորմատիվ-իրավական ակտերը և կարգավորումներ մտցնել այս ուղղությամբ: «Այս որոշման նախագիծը նաև վերաբերում է ԵԱՏՄ ավտոմոբիլային ճանապարհներն անվտանգության տեխնիկական կանոնակարգերը համապատասխանեցնելուն: Նաև մի շարք կարգավորումների որոշակի թարմացումների կարիք կա: Աշխատել ենք ՆԳՆ և այլ գործընկերների հետ այս փաթեթները մշակելիս»,- ասել է նախարարը:

Ըստ նախարարի՝ առաջարկվում են մի շարք փոփոխություններ և կարգավորումներ՝ խաչմերուկներում խցանումներից խուսափելու, անցուղիները հետիոտների համար ավելի անվտանգ դարձնելու համար: «Կան 5 փաթեթով փոփոխություններ, որոնցից առաջին է ճանապարհային նշանների կարգավորումն է: Օրինակ՝ նոր նշաններ, որոնցից անկյունագծային հետիոտնային անցում նշան դրվում է, երբ որևէ խաչմերուկում ժամում 900 մարդուց ավելի շարժ կա: Կլինեն նոր նշաններ էլեկտրոմոբիլների համար ևս»,- նշել է Գնել Սանոսյանը:

Աշխատանքներ են տարել նաև զիջելու և կանգառ նշանների հետ կապված, ըստ որի՝ որոշ տեղերում զիջելու փոխարեն կտեղադրվի կանգառ նշանը, որպեսզի հնարավորին չափով վթարները նվազեն: «Փոփոխություններ են սահմանվել նաև կանչովի հետիոտնային լուսացույցների մասով, որպեսզի դրանք արհեստական խցանումների պատճառ չհանդիսանան: Կարգավորվել է նաև հանրապետական, միջպետական ճանապարհներին արհեստական անհարթությունների խնդիրը: Արդեն բնակավայրերի, հատկապես դպրոցների և մանկապարտեզների մոտ, որտեղով անցնում են այդ մեքենաները, արհեստական անհարթությունների միջոցով փորձելու ենք կարգավորել երթևեկությունը»,- ասել է Գնել Սանոսյանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումն անվտանգության ստանդարտների ապահովման համատեքստում: «Խոսքը երկրում ստանդարտների հաստատման մասին է, և մեր պրոբլեմն այն է, որ մենք չենք դիտարկում և չենք զգում, չենք տեսնում կապն ասենք օրինակ՝ երթևեկության կարգապահության, երթևեկության ստանդարտների և, ընդհանրապես, ստանդարտների բացակայության կամ չկիրառման և տեղի ունեցող դժբախտությունների, աղետների, նույնիսկ անհաջողությունների միջև: Երկում պետք է լինեն ստանդարտներ և այդ ստանդարտները պետք է գործեն: Կրկնում եմ՝ այս բոլոր պրոբլեմներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, ինչը չի նշանակում ոչ ադեկվատ: Ասիմետրիկ և ադեկվատ, որովհետև մենք պետք է արձանագրենք, որ ինստիտուտների կայացումն է այն բոլոր պրոբլեմների լուծումը, որը մենք ունենք»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ ցավալի դեպքերը նաև ստանդարտների բացակայության հետևանքով են արձանագրվում:

Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2022 թվականին դրանց թիվը նվազել է: ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ. «2019 թվականից 2022 թվականի կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվն առավելապես նվազել է 2022 թվականին։ Այսպես, եթե 2019 թվականից մինչև 2021 թվականը (բացառությամբ համավարակի ժամանակահատվածի), ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը աճել է միջինը 15 տոկոսով, իսկ զոհերի՝ միջինը 4 տոկոսով, ապա 2022 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում։ Մասնավորապես, 2019 թվականի համեմատությամբ 2022 թվականին ՃՏՊ-ների թիվը նվազել է 419-ով կամ 10,2 տոկոսով, վիրավորների թիվը նվազել է 646-ով կամ 9,5 տոկոսով, զոհերի թիվը՝ 20-ով կամ 5,9 տոկոսով։

Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի ընթացքում 22 հազար 825-ով կամ շուրջ 2 անգամ ավելացել է հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը, այդուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2021 թվականի համեմատությամբ 2022 թվականին 295-ով կամ 6,4 տոկոսով նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչի արդյունքում 47-ով կամ 12,8 տոկոսով նվազել է զոհերի թիվը, 542-ով կամ 8,1 տոկոսով վիրավորների թիվը: Հարկ է նշել, որ 2019-2022 թվականների կտրվածքով ՀՀ-ի տրանսպորտային պարկն ընդհանուր առմամբ ավելացել է շուրջ 160 հազար տրանսպորտային միջոցով կամ 23 տոկոսով»:

Նիկոլ Փաշինյանն ավտովթարների թիվը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցներից է համարել նաև Պարեկային ոստիկանության ներդրումը: «Մենք տեսնում ենք, որ այս նվազումների վիճակագրության մեջ ամենամեծ տեղն ունի Երևանը՝ մայրաքաղաքը, և սա պատահական չէ. առաջինը Երևանում է գործարկվել պարեկային ոստիկանությունը, հետո՝ Շիրակի և Լոռու մարզերում: Նախորդ շաբաթ ծառայությունը սկսեց գործել նաև Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: Հաջորդը՝ կառավարության նիստերում ճանապարհների կառուցման, նորոգման, հիմնանորոգման մասին խոսելիս, անդրադարձել ենք նաև «սև կետերի» վերացմանը։ Մենք վերլուծում ենք ճանապարհի այն հատվածները, որտեղ կրկնվում են վթարները և այդ հատվածներում լոգիստիկ տրամաբանությունը փոխում ենք։ Մյուսը ճանապարհային երթևեկության կանոնների ստանդարտների ներմուծումն է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է բացառել որևէ կոռուպցիոն դրսևորում Պարեկային ոստիկանությունում, քանի որ խոսքը ոչ թե 1000 կամ 5000 դրամի մասին է, այլ մարդկանց կյանքերի:

ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ տեղեկացել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. միջոցառումների ծրագրին համապատասխան՝ մշակվել և 2022 թ. դեկտեմբերի 12-ին իր հրամանով հաստատել է ավտոմոբիլային ճանապարհների շինարարական նորմերը, որն արդեն դեկտեմբերի 21-ից ուժի մեջ է մտել:

Ստուգվելու են 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքով բոլոր վարկածները

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան արդեն ձերբակալվել է առաջին անձը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված: «Թույլ տվեք նախաքննության շահից ելնելով՝ չբացահայտել այն անձնաց հաջորդականությունը, ում նկատմամբ այս գործողություններն իրականացվելու են: Դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում զինդատախազի մակարդակով գործընթացի նկատմամբ: Եվ սահմանված կոնկրետ ժամկետներ կան քննությունն ավարտելու, ամբողջական քննություն իրականացնելու ուղղությամբ:

Բոլոր անձանց նկատմամբ նաև խափանման միջոցի հարցերն են քննարկվելու, կան դրա ուղղությամբ ստրատեգիական լուծումներ: Համադրվում են կանոնադրությունները, կանոնագրքերը, բոլոր բլանկետային նորմերը և քրեաիրավական արգելքները հասկանալու համար, թե ով ինչ չի արել նաև անվտանգության կանոններն ապահովելու տեսանկյունից:

Բացի այդ, զեկուցեմ, պարոն վարչապետ, որ 23.01.2023 թվականին զինդատախազի կողմից հրաման է արձակվել բոլոր կայազորների զինվորական դատախազներին ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն բոլոր զորանոցներում, այդ թվում տեղակայված զորանոցներում՝ 2020 և 2022 թթ. ռազմական գործողությունների արդյունքում տեղափոխված զորանոցների, տեղակայված զորամիավորումների կենցաղավարման կանոնների հետ կապված: Իհարկե, հրշեջ ծառայությունները և հրավտանգ նյութերի հետ աշխատանքն առաջնայնությունն է, բայց ցանկի մեջ ներառված են բոլոր մյուս անվտանգային կանոնները ևս և կեցավայրերի կահավորման հետ կապված բոլոր մյուս հարցերը: Օրինակ՝ ինչով են ծածկերը, կա արդյոք երկրորդ ելք, որպեսզի թակարդի էֆեկտ չստեղծվի, ինչպես որ այս ողբերգության ընթացքում մենք ականտես եղանք:

Այս կապակցությամբ, պարոն վարչապետ, նաև տեղեկացնեմ, որ դատախազությունը մանրամասն հաղորդագրություններով է սովորաբար հանդես գալիս, բայց այս իրավիճակում մենք էլ ավելի մանրամասն հասարակությանն անընդհատ կտեղեկացնենք կատարվող քննության, բոլոր ստուգվող վարկածների ուղղությամբ, որպեսզի քննության արդյունքներով մենք չունենանք սև խոռոչներ, ասեկոսեներ և բամբասանքի մակարդակի փորձագիտական կարծիքներ»,-ասել է Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը նշել է նաև, որ կառավարության նիստում հրապարկված վարկածն այս պահին կենսունակն է. «Մյուս բոլոր վարկածները ստուգվում և բացառման կանոնով, իհարկե, քննությունն իրականացվում է: Բայց հիմնական վարկածը, որի շուրջ այս պահին քննությունն իրականացվում է և, կարծես, այս պահի դրությամբ մենք ունենք ապացույցների այն բազան անհրաժեշտ, որով նաև մեղադրանք ենք առաջադրում, կառավարության նիստի ընթացքում հրապարակված այդ հիմնական վարկածն է: Կրկնում եմ, քանի որ հասարակությունն անընդհատ այդ հարցը բարձրացնում է, բոլոր վարկածների ուղղությամբ քննությունն իրականացվում է, որպեսզի հետո հանկարծ չհնչեն կասկածներ, որ մենք որևէ վարկած չստուգեցինք, որը հանրությունը քննարկում է»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ ընդգծել, որ եթե նույնիսկ կառավարության նիստում ինչ-որ բան հնչել է, որևէ մեկն այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ, որովհետև այն ինչ որ հնչել է, այդ պահին ինչ տեղեկություն ունեցել ենք, մենք հանրության հետ կիսում ենք, կիսել ենք և կկիսվենք: Նկատի ունեմ, որ եթե հանկարծ պարզվի, որ կառավարության նիստում հնչածի 180 աստիճան հակառակ բան է եղել, մենք դրանով կաշկանդված չենք, որովհետև մենք հանրության հետ հաղորդակցության մեջ ենք»:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ իր հերթին տեղեկացրել է, որ մինչ այս պահը տեղի ունեցած հարցաքննությունների արդյունքները հիմնավորում են ի սկզբանե առաջ քաշված վարկածը. «Ըստ էության, գլխավոր դատախազն ամբողջությամբ ներկայացրեց իրավիճակը: Ես միայն ուզում եմ հավելել, որ բոլոր հարցաքննված վկաները, ովքեր մինչ այս պահը հարցաքննվել են, ուղիղ վկայում են այն մասին, որ ի սկզբանե առաջ քաշված վարկածը՝ բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է: Ասեմ ավելին՝ երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը: Այսինքն՝ ամեն ինչ շատ պարզ է և այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չեն»:

Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է հրապարակել դեպքի վերաբերյալ. «Հիմա փաստորեն գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել է, փայտ է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, լրացուցիչ բան անելու կարիք չկա։ Սպան փորձել է, այսպես ասած, վառել, հետո դիզվառելիք է փնտրել, ուզել վարորդներից, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի հարմար է։ Վկան տեսել է այդ բենզինի տարան, սպայի հագուստը և նաև տարածքը բռնկված վիճակում: Այդ ամեն ինչն այս պահին հիմնավորվում է»:

2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է վճարվող աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեից ստացած տվյալների համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է վճարվող աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ. դեկտեմբերին՝ 704 420 վճարվող աշխատատեղ։ Այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Փաշինյանը և նշել. « 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերին աշխատատեղերն ավելի են 44 949-ով, իսկ 2022 թվականին, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 15 6431 աշխատատեղով։ Նաև պետք է արձանագրեմ, որ 2022 թվականի դեկտեմբերին 2018 թվականի մայիսի նկատմամբ համախառն աշխատավարձային ֆոնդն ավելի է 136 մլրդ 411 մլն դրամով։ 2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ համախառն աշխատավարձային ֆոնդն ավելի է 49 մլրդ 989 մլն դրամով, և նաև միջին ամսական աշխատավարձը 2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ ավելի է 53 247 դրամով կամ 19,2 տոկոսով։ Այս ցուցանիշը հիշեցնեմ շատ կարևոր է գնաճի հակազդման առումով և Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական աշխատավարձը գնաճից ավելի քան կրկնակի անգամ ավելի աճել է ։ Ուզում եմ ընդգծել նաև այս ցուցանիշների կարևորությունը մեր ընդհանուր գլոբալ օրակարգի համատեքստում, որովհետև այս թվաբանությունն է ի վերջո որոշում, թե մենք ինչ ռեսուրսներ ենք գեներացնում Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած օրակարգերը սպասարկելու և լուծելու համար, որովհետև խոսքը աշխատատեղերի մասին է, խոսքը տնտեսական ակտիվության և հարկերի մասին է»։

2022 թվականի դեկտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ 14 մլրդ 80 մլն դրամի չափով ավելի եկամտային հարկ է հավաքագրվել. «Կրկին ուզում եմ վերադառնալ մեր իրականացրած բարեփոխման արդյունավետությանը, երբ մենք եկամտային հարկը իջեցրել ենք, բայց դեկտեմբերի տվյալով հավաքագրվել է 41 տոկոսով ավելի եկամտային հարկ: Ընդ որում, այս տարի նույնպես եկամտային հարկը Հայաստանի Հանրապետությունում ևս 1 տոկոսով նվազեց, և արդեն հասանք 20 տոկոսի։

Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ այս դինամիկան պահելու համար չափազանց կարևոր է մեր կապիտալ ծախսերի իրականացման ցուցանիշները և որակը։ Մենք շարունակաբար թերակատարում ենք և ուզում եմ կրկին այդ հարցին մեր ուշադրությունը հրավիրել։ Չնայած, երեկ մենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ աշխատանքային հանդիպում ունեինք և արձանագրեցինք, որ այս պահի դրությամբ մենք ճանապարհաշինարարության ոլորտում ունենք շուրջ 90 մլրդ դրամի արդեն իսկ կնքված պայմանագրեր։ Եվ պետք է հույս ունենանք, որ աշխատանքներն ամբողջությամբ կիրականացվեն և համոզված ենք, որ նաև նոր մրցույթներ էլ պետք է լինեն: Խոսքը հիմնանորոգման մասին է, այստեղ միջին նորոգումները և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ճանապարհային ծրագրերը դեռ ներառված չեն։ Ճանապարհների կառուցման, նորոգման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի, որովհետև դա երկրի արյունատար համակարգն է, երկիրն իմի բերող և իրար հետ կապող ենթակառուցվածքների մասին է խոսքը, և մենք պետք է այս տեմպով շարունակենք։ Բայց նաև կապիտալ ծախսերի մասով պետք է մեր աշխատանքի որակը և տեմպը փոխենք»։

Շիրակի մարզում «Թումո- տուփ» կենտրոններ կստեղծվեն

Գործադիրն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հողամասեր հանձնելու մասին» որոշում. Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցին և Փանիկի միջնակարգ դպրոցին ամրացված անշարժ գույքից հողամասեր առանձնացնելու և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին: Հիմնադրամն իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը, հիմնադրամը նախատեսել է նման 110 թումո-տուփ ստեղծել Հայաստանի տարբեր բնակավայրերում: Երևանում նախատեսում է կառուցել ևս 2 խոշոր Թումո կենտրոն:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն շատ կարևոր ծրագրի հատված է, որով փորձ է արվում որակյալ կրթական՝ նաև ոչ ֆորմալ ծառայությունները, դարձնել հասանելի երկրի բոլոր բնակավայրերում: «Թումոյի ծրագիրը բավական լայն է՝ 14 ուղղություն կա: Ուրախ եմ նաև, որ մենք արդեն ունենք Թումոյի 7 կենտրոն այլ երկրներում, և հետաքրքրվածությունը բավական մեծ է: Այս պահին հետաքրքրվածություն ունենք ներկայացված Ճապոնիայինց, Մեքսիկայից: Կարծում եմ՝ սա մեր այն լավ կրթական արդյունքներից է, որը նաև արտահանման տեսանկյունից դառնում է շատ լավ հնարավորություն»,-ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում կարևորել է նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագիրը՝ Սմարթ կենտրոններ ստեղծելու վերաբերյալ:

Շիրակի մարզը նոր մարզպետ ունի

Կառավարության որոշմամբ Նազելի Բաղդասարյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Մուշեղ Մուրադյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:

Մուշեղ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կարդարացնի բոլոր սպասելիքները:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնել է Նազելի Բաղդասարյանին կատարած աշխատանքի համար: Իր հերթին Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հետ փոխգործակցության համար. «Ինձ վստահված ժամանակահատվածում պատասխանատվությամբ կրել եմ այս կոչումը: Վստահ եմ, որ այն շարունակական ծրագրերը, որոնք մեկնարկել են մարզում, ի կատար կածվեն»:

Օրենսդրական նախաձեռնություններ. կբարելավվի Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետությունը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի նպատակը Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է: Նախագծով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդին լիազորել` իր սահմանած պայմաններով և կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել Հիմնադրամի շահառուներին: Նախատեսվում է նաև՝ անցումային շրջանի համար (մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ամբողջական կիրարկումը) դրամական աջակցություն վճարել այն զինծառայողների համար, ովքեր ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն (ճանաչվել են հիմնադրամի շահառու) և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ: Դրամական աջակցության չափն առաջարկվում է` սպայական կազմի զինծառայողներին` 75 000 դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50 000 դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25 000 դրամ: Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների` 44-օրյա պատերազմի հետևանքով երրորդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, ովքեր նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ:

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, կվերացվեն օրենսդրական որոշակի բացերն ու օրենսգրքի ներքին հակասությունները: Արդյուքնում՝ կհստակեցվեն տարաբնույթ ընկալման տեղիք տվող մի շարք դրույթներ, կբացառվի կամ նվազագույնի կհասցվի իրավակիրառ պրակտիկայում նախկինում ի հայտ եկած մի շարք խնդիրների հետագա առաջացումը, կներդրվեն աշխատանքային հարաբերությունների լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ լրացուցիչ կառուցակարգեր, ինչպես նաև աշխատողների և գործատուների օրինական շահերի պաշտպանության և դրանց ողջամիտ հավասարակշռման ապահովմանն ուղղված առավել արդյունավետ մեխանիզմներ: Միաժամանակ, օրինագծերի ընդունմամբ աշխատողների համար կստեղծվեն լրացուցիչ սոցիալ-աշխատանքային երաշխիքներ:

Միջազգային համագործակցություն. ՀՀ քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրություններ կայցելեն առանց մուտքի արտոնագրի

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009 թվականի հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումն ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայմանը։

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրամաշնորհի արժեքը 4.25 մլն եվրո է: Ծրագրի նպատակն է նվազեցնել ճանապարհային տրանսպորտի հետ կապված պատահարների, վնասվածքների և մահվան ելքով դեպքերի ցուցանիշները ֆիզիկական բարելավման աշխատանքների և ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառուների միջոցով։

Հավանություն է տրվել Գերմանական Միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ՄՀԸ և ՎՎԲ տեղային գրասենյակներ։ Ըստ այդմ նախատեսվում է, որ ՄՀԸ գրասենյակը կաջակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետության անունից Տեխնիկական համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերի կատարմանն ու կառավարմանը և կներկայացնի ՄՀԸ-ն Հայաստանում: ՄՀԸ գրասենյակը կարող է կատարել նաև նախատեսված ծրագրերից դուրս մասնագիտական և վարչարարական այլ գործառույթներ, ինչպես նաև երկրին առնչվող և տարածաշրջանային բնույթի հանձնարարություններ:

Այլ որոշումներ. կառավարությունը հերթական գումարն է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանում ապաստանած արցախցիների համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոխհատուցել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին հյուրանոցային ծառայությունների դիմաց կատարած ծախսերը։ Ըստ այդմ ՝ նախատեսվում է հատկացնել՝ 98 490․5 հազ դրամ գումար, որից Երևանի քաղաքապետարանին՝ 11444.0 հազ. դրամ, իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ 87046.5 հազ. դրամ:

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով պայմանավորված: Ըստ հիմնավորման, անհրաժեշտություն է առաջացել սահմանելու պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական կարիքի հիման վրա վերապատրաստում իրականացնելու մասին կարգավորումներ: Վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է ուսուցչի վերապատրաստումներն իրականացնել առավելագույնը երեք մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական կարիքից ելնելով՝ սկսած առարկայական գիտելիքի իմացությունից: Վերապատրաստման հնգամյա ժամկետի սահմանափակումը չի գործում: Սա նշանակում է, որ ուսումնական տարում որևէ կարիքի ուղղությամբ ուսուցիչը վերապատրաստվել է, բայց հաջորդ տարում այլ կարիք է արձանագրվել, որից ելնելով տվյալ կարիքին համապատասխան վերապատրաստմանը տրվում է առաջնահերթություն: Իրավական ակտով առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է հստակեցնել ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմներն ու վերապատրաստումների բովանդակությանը ներկայացվող պահանջները: Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացնելու է մասնագիտական բուհը, մնացած դեպքերում՝ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունը՝ նախարարության սահմանած ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխան:

Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրման Բոլոնիայի գործընթացով պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Որոշման ընդունումը կբարելավի կրթության որակը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի և ուսումնական պլանների կազմումը կրթական վերջնարդյունքներին համապատասխան և լիցենզիաների տրամադրումը ըստ նշված պահանջների:

← Վերադառնալ