Մամլո հաղորդագրություններ

Պետք է աշխատենք արդյունավետություն և զարգացում ապահովելու ուղղությամբ. Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

06.02.2023

ևս 17 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում երկրի վարչապետը նշել է.

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար,

«իԳործ» ծրագրի հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ մեր հանդիպման համար: Ուրախ եմ նաև, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, և նախորդ տարիներին մենք փաստացի ունենք արդեն բավական թվով մարդիկ, ովքեր աշխատանքի են անցել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:

Հույս ունեմ, որ այս շրջափուլից հետո էլ ներկաներից շատերը կմնան աշխատելու Հայաստանում, աջակցելու Հայաստանի Հանրապետությանը պետական ինստիտուտների կառավարման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու գործում, որովհետև իրականում մեր, ինչպես ցանկացած պետության, ամենամեծ կարիքը և անհրաժեշտությունն այնպիսի կադրեր ունենալը և ներգրավելն է, որոնք կարողանում են հարցեր լուծել և ոչ թե հարցեր առաջացնել: Դա, կարծում եմ, ամենամեծ խնդիրն է, և հույս ունեմ, որ ներկաները հենց այդ հմտությունների և կարողությունների մարդիկ են:

Եվ նաև, իհարկե, սա պատմական այս ժամանակահատվածում հատուկ ձևաչափ, հատուկ առաքելություն է դառնում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այս պատրաստակամությունը ցուցաբերելու համար, որովհետև ծրագրին մասնակցելու համար պետք է որոշում կայացնել, և դա ամենևին էլ պարզ որոշում չէ:

Հույս ունեմ, որ ձեր կայացրած այդ որոշումը չի բերի հիասթափության՝ առաջին հերթին ձեզ, և այդ կայացված որոշման արդյունքում մեր պետական կառավարման համակարգի որակը կլավանա, սփյուռքի հետ մեր հարաբերություններն ավելի բովանդակային և կոնկրետ կլինեն, արդյունքները՝ ավելի չափելի և շոշափելի»:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի ընթացքի վերաբերյալ՝ նշելով հետևյալը.

«Մեծարգո վարչապետ, սիրելի «իԳործականներ»,

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականից իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որի նպատակներն են պետական կառավարման համակարգի բարելավումը, Սփյուռքի ներգրավումը կառավարման համակարգում, ինչպես նաև մասնագիտական հայրենադարձությունը: Ծրագրի մասնակիցներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատանքներում 1 տարի ժամկետով: Նրանց աշխատանքային փորձը և կարողությունները կիրառվում են պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքներում և ծրագրերում, նպաստում են նորարարական գաղափարների և ոլորտային հետազոտությունների իրականացմանը:

Նախորդ 2 փուլերի մասնակիցների մոտ 68 տոկոսը հայրենադարձվել է՝ ակնկալվող 25 տոկոսի փոխարեն: Նրանցից ոմանք նշանակվել են բարձր պաշտոնների, մասնավորապես, փոխնախարար, կոմիտեի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրեն, նախարարի խորհրդական և հանրային ծառայության այլ պաշտոններ: 2021-2022թթ. փուլի Հայաստանում մնացած ծրագրերի մասնակիցների 60 տոկոսն աշխատանքի է անցել, որոնցից 13-ը՝ Հայաստանի պետական կառավարման մարմիններում:

«իԳործ» ծրագրի 2022-2023թթ. խմբի մասին մի փոքր նշեմ: Այս տարի ևս ունենք 50 փորձագետ, որոնք աշխատում են 24 տարբեր գերատեսչությունում, այդ թվում՝ այս տարի ունենք նոր գերատեսչություններ, ինչպիսիք են` Վիճակագրական կոմիտեն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Մասնակիցները եկել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Արգենտինայից, Բելգիայից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Կանադայից, Բելառուսից և Ուկրաինայից:

Ինչպես տեսնում եք, պարոն վարչապետ, մեր «իԳործականները» հիմնականում երիտասարդ են, բայց ունենք ներկայացուցիչներ տարիքային բոլոր շերտերից: Իհարկե, տարիքային որևէ սահմանափակում չունենք և մտադրություն էլ չունենք ունենալու: Նրանք աշխատում են շատ մեծ եռանդով՝ չնայած բոլոր դժվարություններին: Ընդհակառակը, բոլորն էլ գիտակցում են, որ իրենց ներգրավվածությամբ, իրենց մասնակցությամբ պատասխանատվության և բեռի մի փոքրիկ մասն էլ իրենք են կրում»:

«իԳործ» ծրագրի մասնակիցները իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ մեր երկրի պետական տարբեր գերատեսչություններում աշխատելու հնարավորության համար և ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքը, կիսվել տպավորություններով:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն: ՀՀ վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, արտաքին քաղաքականությանը, անվտանգային մարտահրավերներին, կրթության ոլորտի բարեփոխումներին, Սփյուռքի ներուժի իրացմանը, հայրենադարձության խթանմանը, թվայնացման օրակարգին, սոցիալական ծրագրերին, տարածքային համաչափ զարգացմանը և այլն: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նշված ուղղություններով Կառավարության կողմից իրականացվող քայլերն ու ծրագրերը, անդրադարձել առաջիկա անելիքներին:

Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է «իԳործ» ծրագիրը, որի նպատակներից է Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի կիրառումը մեր պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: «Մեր նպատակը Հայաստանն ապրելու համար գրավիչ ու հարմարավետ երկիր դարձնելն է: Պետք է նույնականացնենք առկա խնդիրների խորքային պատճառները և փորձենք լուծել: Ֆունդամենտալ պատճառներից է ինստիտուտների կայացվածության ցածր մակարդակը կամ չկայացվածությունը: Մեծապես գնահատելի է, որ եկել եք և ձեր փորձն եք ուզում ներդնել ՀՀ պետական ինստիտուտների կայացման գործում: Պետք է աշխատենք արդյունավետություն և զարգացում ապահովելու ուղղությամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը և հաջողություն մաղթել «իԳործականներին»:


 

← Վերադառնալ