Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը 17 մլրդ դրամ է հատկացրել ճանապարհային ցանցի բարելավման նպատակով
ևս 8 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2022-2023 թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 8 ճանապարհահատվածների, 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման, 5 ճանապարհահատվածների վերակառուցման ու 1 տրանսպորտային օբյեկտի կառուցման աշխատանքները 2023 թվականին ավարտելու նպատակով: Բացի այդ, նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման, 24 ճանապարհահատվածների և 4 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ու 1 ճանապարհահատվածի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի և 15 ճանապարհահատվածների նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: Գումար կհատկացվի նաև 2022 թ.-ին ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով դեռևս չընդունված 4 ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի շահագործման ընդունման և 5 տոկոսի վճարման համար:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է ՀՀ 2023 թ. պետական բյուջեով «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի համար հաստատված միջոցներից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 17,074,985,2 հազար դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 16,626,554,5 հազար դրամ (որից 173,141.7 հազ. դրամը 5%-ի վճարում), տեխնիկական հսկողության համար՝ 194,427,7 հազար դրամ, հեղինակային հսկողության համար՝ 162,923.7 հազար դրամ, նախագծանախահաշվային փաստաթղթերի համար՝ 79,986.3 հազար դրամ և փորձաքննության համար՝ 11,093.0 հազար դրամ։ Նախատեսված հիմնանորոգվող, վերակառուցվող և կառուցվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 89.6կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 32.9կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 14.7 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 42.0կմ: Որոշմամբ նախատեսված նախագծվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 167.9 կմ է:
Խոսքը, մասնավորապես, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սուրենավան, Երասխ 12.2կմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաջարանից դեպի Մեղրի 8.24 կմ, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհից դեպի Եղեգնուտ, Դեբեդ 8.2կմ, Հերհեր-Կարմրաշեն ավտոճանապարհի 8.7կմ, Երևան-Իջևան ավտոճանապարհից Ակնաղբյուր տանող ավտոճանապարհի 2,85կմ և դեպի Մատուռ տանող 0,246 կմ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Վարդանաշեն, Երասխահուն 8.5կմ, Մասիս-Ռանչպար-Արաքս-Ջրառատ-/Մ-3/ ավտոճանապարհի Մասիս, Ռանչպար 9.5կմ հատվածների մասին է: Տրանսպորտային օբյեկտների ծրագրերի շրջանակում նախատեսվում է Գետափ բնակավայրի դպրոցի մոտ վերգետնյա հետիոտնային անցման կառուցումը, ավարտական փուլում է գտնվում Արգավանդ-Հայանիստ ավտոճանապարհի կմ4-ի կամրջի շինաշխատանքները: 2023 թվականին նախատեսվում են, մասնավորապես, Երևան-Մեղրի ավտոճանապարհի կմ245-կմ252 հատվածը Որոտան, Գորիս շրջանցող 5կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի, Երևան- Մեղրի ավտոճանապարհից դեպի Տաթև ավտոճանապարհի Շինուհայր, Հալիձոր 19.5կմ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Աշտարակ 3.7կմ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Սպիտակից Վանաձոր 11.93կմ հատվածների շինաշխատանքները: Տրանսպորտային օբյեկտներից նախատեսվում է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69-րդ կմ-ում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սեմյոնովկա տանող 0.1կմ-ի կամուրջի, Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սևանի թերակղզի տանող 1.1 կմ հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման, Մարգարա-Վանաձոր-Տաշիր կմ105 կամուրջի շինաշխատանքները:
Անդրադառնալով ճանապարհաշինության աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է որակի և նոր չափանիշների անհրաժեշտությունը: «Վերջերս առիթ եմ ունեցել անցնել Հյուսիս-հարավ մայրուղու Թալին-Լանջիկ հատվածով: Կարծես՝ առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ ենք ստացել: Նախարարի հետ աշխատանքային քննարկման ընթացքում ասել եմ՝ եթե մեկ տարուց փոսեր չհայտնվեն այդ ճանապարհի վրա, ապա կարող ենք արձանագրել, որ իսկապես բացարձակապես նոր որակի ճանապարհ ենք ստացել: Ենթակառուցվածքները, նշանները ոչ ամբողջությամբ են արված, բայց նույնիսկ այս պայմաններում կարող ենք արձանագրել, որ Հայաստանում երբեք այդպիսի որակի և ստանդարտի ճանապարհ չի եղել, ինչը շատ կարևոր նորություն է: Նաև չափազանց կարևոր եմ համարում, որ մենք միջհամայնքային ճանապարհներում էլ կարծես թե ուզում ենք մոտենալ նոր ստանդարտի: Վերջերս առիթ ունեցա Հրազդան-Բջնի վերականգնված ճանապարհով անցնել և, իսկապես, բոլոր այս ճանապարհները մեզ համար Հայաստանը նորովի տեսնելու և նորովի հայտնաբերելու մի միջոց են: Նրանք, ովքեր այդ ճանապարհով չեն անցնել՝ խորհուրդ եմ տալիս անպայման լինել, որովհետև իսկապես Հայաստանը նորովի է բացվում բոլորիս առաջ: Հույս ունեմ՝ իրականացվող նախագծերը նոր տեսադաշտ կբացեն մասնավոր ներդրումների, գյուղատնտեսության զարգացման և Հայաստանի քաղաքացիների համար»,-ասել է վարչապետը՝ ընդգծելով ծրագրերը պատշաճ ժամանակում իրականացնելու կարևորությունը:
Կիրականացվի Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների ծրագիր
2023 թ. Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար տրամադրելու վերաբերյալ որոշում: Ըստ հիմնավորման՝ Հայ կինոյի 100 ամյակը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում, (2022-2023 թթ.) և նախատեսվող հոբելյանական միջոցառումները իրավունք ունեն հանդես գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Միջոցառումների նպատակն է՝ հայ արդի և դասական կինոարվեստի հանրայնացումն ու տարածումը, միջազգային դիրքավորումն ու ճանաչելիության բարձրացումը, կինոժառանգության վերաարժևորումը, կրթական որակի բարձրացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողովի գլխավորությամբ, ոլորտում առաջատար կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ, նախաձեռնել են տասնյակից ավելի միջոցառումների և հրատարակչական ծրագրերի իրականացում, որոնք նորովի կբացահայտեն հայ կինոյի ձեռքբերումները՝ համազգային և միջազգային մակարդակում։ Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական միջոցառումների իրականացում:
Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, կինոյի հիմնադրումը եղել է խոշորագույն մշակութային իրադարձություն, որով ներգրավվել ենք համաշխարհային գեղարվեստական պրոցեսների մեջ: «Այս համատեքստում, ինչպես նաև հայ կինոյի հիմնադրի` Համո Բեկնազարյանի 130-ամյա հոբելյանի շրջանակում, այս տարի առաջին անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հրատարակվել է ռեժիսորին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որի շնորհանդեսը եղել է և այն տարածվում է աշխարհի տարբեր գրադարաններում և հայագիտական կենտրոններում», -ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջոցառումների ծրագիրը բազմաբաղադրիչ է. «Այստեղ մենք ունենք թե՛ հրատարակչական ծրագրեր, թե՛ միջազգայնացմանը նպաստող ծրագրեր: Շատ եմ կարևորում, որ մենք ունենք հայ կինոյի մասին իրազեկման բարձրացման և հանրային խոսույթի զարգացման տեղական ծրագրեր, որոնք կիրականացվեն մայրաքաղաքում և մարզերում: Մասնավորապես, իրականացնելու ենք «Հայկական կինոդար» ծրագիրը, որը սկսվելու է ապրիլի 16-ից, տևելու է մեկ տարի: Հայկական կինոյի շուրջ 100 դասական և ժամանակակից ֆիլմեր են ցուցադրվելու մարզերում և Երևանում»:
Կառավարության ղեկավարը կարևորել է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների անցկացումը նաև կինոյի ապագային ու զարգացմանը միտված տեսլական ունենալու առումով: «Կինո նշանակում է նաև տեխնոլոգիաներ, որովհետև ժամանակակից աշխարհում այն ֆիլմերը, որոնք հենված չեն տեխնոլոգիական լուծումների վրա՝ առնվազն շատ քիչ են: Հարցը նաև գտնվում է կրթության ոլորտում, որովհետև եթե չկա համապատասխան կրթություն, մենք չենք կարող ունենալ ոլորտի զարգացում: Արդեն գիտեք, որ Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում մենք կունենանք, արվեստների ավագ դպրոց, արվեստների համալասարան՝ սրանից բխող բոլոր արդյունքներով: Այսինքն՝ սա նշանակում է, որ այնտեղ կլինեն նկարահանման հրապարակներ, ստուդիաներ և այլն: Մենք պլանավորում ենք այնտեղ ունենալ ժամանակակից չափանիշներին համապատասխանող համերգասրահ կամ կինոդահլիճ, կինոթատրոն, թատրոն և այսպես շարունակ, որտեղ հենց այդ կրթական կլաստերի ներկայացուցիչները և ոչ միայն նրանք, ներկայանալու և ներկայացնելու հնարավորություն կունենան: Սա ծրագրի մի հատվածն է: Զուտ աշխարհագրական առումով այդ կրթական կլաստերը կզարգանա՝ ընդհուպ կհասնի մինչև Աշտարակի Ֆիզիկայի ինստիտուտի տարածք, որտեղ կլինի տեխնոլոգիական կլաստերը: Այս ամբողջ նախագիծը մենք անվանում ենք ակադեմիական քաղաք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն ոլորտի զարգացմանն ուղղված ամենաերկար քննարկված ծրագրերից մեկն է, որը պետք է հետևողականորեն իրականացնել:
Կառավարությունը գումար է հատկացրել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժած բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փետրվարի 6-ից Թուրքիայում և Սիրիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած ավերածություններով և երկրների կողմից հումանիտար օգնություն խնդրելու փաստով պայմանավորված։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 157,816.1 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։
Ինչպես նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, հումանիտար բեռները երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են դեպի Սիրիա և երկու անգամ ցամաքային ճանապարհով՝ դեպի Թուրքիա. «Ամբողջությամբ խնդիրը կատարվել է, մնում է գումարի հատկացումը»
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հայ փրկարարները Սիրիայից վերադարձել են, իսկ այսօր ցամաքային ճանապարհով վերադառնում են նաև Թուրքիա մեկնած հայ փրկարարները: «Տեղյակ եք, որ Արտաքին գործերի նախարարը այց է կատարել Թուրքիա, որը կարծում եմ շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է»,-ասել է վարչապետը և Արտաքին գործերի նախարարից հետաքրքրվել այցի մանրամասներով:
Արտգործնախարարը նշել է, որ այցի և քննարկումների հիմնական թեման եղել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը: «Պետք է փաստեմ՝ թուրքական կողմը և՛ կենտրոնական իշխանությունների մակարդակով, և՛ տեղում, և՛ բնակչության արձագանքների մակարդակով դրական են գնահատել մեր փրկարարների ծառայությունը և հումանիտար օգնության տրամադրումը։ Այն բավականին դրական արձագանքի և երախտիքի է արժանացել: Նաև մեր փրկարարների հետ շփվեցինք, պատմեցին, թե բնակչությունն ինչպես է իրենց վերաբերվել։ Կարծում եմ՝ սա կարևոր մարդասիրական քայլ էր։ Անշուշտ քննարկել ենք նաև երկկողմ հարաբերություններին առնչվող որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Ինչպես թուրք գործընկերը լրատվամիջոցների հետ հաղորդակցման ժամանակ է ասել, ես էլ կարող եմ փաստել, որ որոշում կա արագացնել երկխոսության այս գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները։
Մեր փրկարարները, ինչպես նշեցիք, կվերադառնան կրկին ցամաքային սահմանով, ինչպես և օգնության երկրորդ խմբաքանակն էր ուղարկվել: Հայտարարվեց, որ մենք Անիի պատմական կամուրջի վերականգնման ուղղությամբ համատեղ աշխատանքներ կիրականացնենք: Ըստ էության, մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման գործընթացը»:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի գործողություններն առաջին հերթին և մեծամասամբ զուտ հումանիտար շարժառիթ ունեն և ունեցել են։ «Ես ուզում եմ ընդգծել, որ բացարձակապես անընդունելի եմ համարում այն քննադատությունները, որոնք մեր հասցեին հնչում են, որովհետև չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ ընդամենը դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն բնական աղետի պատճառով, և որևէ մեկը կարող է անտարբեր մնալ։ Դա բացարձակապես անընդունելի է որևէ հիմնավորմամբ և որևէ պատճառաբանությամբ:
Մյուս կողմից, իհարկե, դեռ ամանորյա ուղերձում և դրանից առաջ էլ և կառավարության գործունեության ծրագրում՝ մենք ընդգծել ենք տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մեր տեսլականը: Ես շատ եմ ցավում, որ նման որոշակի մթնոլորտային փոփոխություն տեղի է ունենում այսպիսի աննախադեպ աղետի պայմաններում, բայց երևի նաև օբյեկտիվորեն մարդկային ողբերգությունը մարդկանց միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում: Գուցե դա նաև օբյեկտիվ իրականություն է: Հույս ունեմ, որ սա իսկապես կարող է մի նոր ելակետ դառնալ տարածաշրջանում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար»,-ասել է կառավարության ղեկավարը հավելելով՝ Անիի կամրջի վերականգման համար էսքիզային նախագիծը, որը երկար ժամանակ առաջ է պատրաստվել, կարող է խորհրդանշական քայլ դառնալ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Սիրիայի ուղղությամբ իրականացվող հումանիտար աշխատանքներին. «Պետք է ասեմ, որ Սիրիայի ուղղությամբ մեր աշխատանքները նույնպես շատ կարևոր եմ համարում։ Գիտեք, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում։ Պետք է արձանագրեմ՝ Հայաստանն առաջին երկրներից էր, որը որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա։ Մենք պլանավորում ենք նաև Արտաքին գործերի նախարարի այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Եթե Սիրիայի մեր գործընկերները դեմ չլինեն, առաջիկայում կկազմակերպենք։ Կարծում եմ նաև, որ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը պետք է անպայման այց կատարի Սիրիա, որպեսզի մեր զորակցությունը արտահայտվի»:
Հակակոռուպցիոն քաղաքականությունը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի. Վարչապետ
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերին: «Պիտի դառնության ընդգծեմ, որ անընդհատ տարբեր հրապարակումներ են լինում, որոնք տպավորություն են ստեղծում, թե մենք զուգահեռ իրականություններ ունենք՝ տեսախցիկների առաջ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, իսկ տեսախցիկներից այն կողմ զբաղվում ենք այլ գործերով: Ես ուզում եմ այսօր մի հանգամանք քննարկել, որի հետ կապված նախկինում նաև աշխատանքային ռեժիմներով եմ մի քանի անգամ քննարկներ ունեցել ենք: Հրապարակումներ կան, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ԱՊՊԱ ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ, ռիսկեր կան և այլն: Ես հիշում եմ, որ մենք ժամանակին խոսել ենք այն մասին, որ այդ ամենն իրականացնենք մրցութային կարգով: Ի՞նչն է պատճառը, որ մենք մինչև այժմ ԱՊՊԱ-ն մրցութային կարգով չենք իրականացնում», -ասել է վարչապետը:
Նշվել է, որ ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է Հայաստանում, սակայն 2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է ու արդեն պետական մարմինները և քաղաքացիները կկարողանան ընտրել իրենց համար հարմար ընկերությունը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փսևդո կամ ոչ փսևդո սկանդալային հրապարակումը կա, որ ՆԳ նախարարությունը իշխանության մարդու հետ փոխկապակցված մարդու է տվել ավտոմեքենաների ապահովագրությունը:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանին պարզաբանել է իրավիճակը և նշել է, որ ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրության ծառայության ձեռքբերումն իրականացվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով: «ՆԳ ոստիկանության կողմից պաշտոնական հարցումներ են կատարվել ապահովագրական ընկերություններին և ստացված պատասխանների համաձայն ամենամատչելի առաջարկը ներկայացրել է «Սիլ ինշուրանս» ընկերությունը: Մասնավորապես, ԿԱՍԿՈ ապահովագրության համար «Նաիրի ինշուրանսը» ներկայացրել է ավտոմեքենաների արժեքի 2,8 տոկոս, «Արմենիա ինշուրանսը»՝ 5,5 տոկոս, «Սիլ ինշուրանսը»՝ 1,7 տոկոս, «Ինգո Արմենիան»՝ «Շկոդա» մեքենաների համար 7 տոկոս, «Տոյոտա» ավտոմեքենաների համար՝ 2,4 տոկոս, «ՌԵՍՈ» ընկերությունը՝ 3,2 տոկոս, «Ռոսգոսստրախը»՝ 2,5 տոկոս: ԱՊՊԱ տեսակի ապահովագրության համար «Սիլ ինշուրանսը» ընկերությունը 2,5 մլն դրամով ավելի ցածր գին է առաջարկել, քան մյուս ընկերությունները: Այդ պատճառով իրենց հետ ենք կնքել պայմանագիրը»,-ասել է Վահե Ղազարյանը:
Կառավարության ղեկավարը պարզաբանել է, թե ինչու են որոշել ոստիկանության մեքենաները ԿԱՍԿՈ ապահովագրություն անել: «Պարեկային ծառայության մեքենաները բավական հաճախ վթարվում են և, ցավոք, լինում են դեպքեր, երբ մեղավորը պարեկային ոստիկանն է: Այդ պայմաններում տեսանք, որ կա անհրաժեշտություն ԿԱՍԿՈ ապահովագրություն իրականացնել: Դրա իմաստն հետևյալն է՝ կապ չունի, թե ով է մեղավոր, մեքենան ապահովագրական ընկերության միջոցներով վերականգնվում է», -ասել է վարչապետը և նշել, որ այս դեպքում որոշումը հետևյալի մասին է ՝ մեկ անձից գնում կարելի է անել, բայց պարտադիր ընկերություններին ուղարկվում է տվյալ ծառայության համար գնառաջարկ ներկայացնելու հարցում:
Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ուժային գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է քայլեր ձեռնարկել կոռուպցիայի կանխարգելման համար: «Մենք բավականին հաճախ ունենում ենք կոռուպցիոն բնույթի բացահայտումներ: Իրավապահ մարմինները, Հակակոռուպցիոն կոմիտեն, ՆԳՆ, ԱԱԾ-ն բացահայտում են, քրեական գործեր են հարուցում, մարդիկ են ձերբակալվում են, կալանավորվում և այլն: Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք՝ իքս պահից մենք այդ դեպքերի վերաբերյալ պետք է նաև պատասխանատվություն ակնկալենք գերատեսչությունների ղեկավարներից: Պետք է նաև քաղաքական պատասխանատվության մասին էլ մտածենք, հատկապես ուժային կառույցներում, որտեղ գործում են ներքին անվտանգության ծառայություններ: Բոլորը պետք է աշխատեն շատ հստակ և պետք է պատասխանատու լինեն նաև իրենց շարքերում տեղի ունեցողի մասին»,-ասել է վարչապետը և հավելել՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն:
Փոփոխություններ՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգում
Գործադիրի որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգում։ Հիմնավորման համաձայն՝ գործող կարգում հստակեցված չեն բանկը փոխելու, ինչպես նաև դրամական աջակցություն ստանալու իրավունքի վերականգնմանն առնչվող կարգավորումները, կանոնակարգված չէ նաև այն դեպքը, երբ մի ծնողի կողմից դրամական աջակցություն ստանալուց հրաժարվելու արդյունքում աջակցությունը հնարավոր լինի նշանակել մյուս ծնողին։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության գումարն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով բանկն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին։ Բանկը փոխելու դիմումը ծնողը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ դրամական աջակցության վճարումը դադարեցված չէ։ Առաջարկվում է նաև հստակեցնել, որ եթե ծնողը (ում նշանակվել է դրամական աջակցություն) նոտարական հայտարարություն ներկայացնի՝ աջակցություն ստանալու իրավունքից հրաժարվելու մասին, ապա մյուս ծնողի գրավոր դիմումի հիման վրա դրամական աջակցություն վճարելը կվերսկսվի, եթե այդ ծնողը դիմում ներկայացնելու օրվա դրությամբ բավարարում է կարգով սահմանված պայմաններին։ Ընդ որում, նախատեսվում է, որ դրամական աջակցություն ստանալու իրավունքը կվերականգնվի 6 ամսվա ընթացքում գրավոր դիմելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
Օրենսդրական նախաձեռնություններ. Հակակոռուպցիոն կոմիտեում առաջարկվում է ձևավորել Կարգապահական հանձնաժողով
Կառավարությունը հավանություն է տվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման կարգավորումների մասով առավել համապարփակ իրավակարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ հանրային ծառայության բարեվարքության ամրապնդման գործում առանցքային դերակատարում ունի կարգապահական համակարգի ձևավորումը և այդ տեսանկյունից կարևոր է տեղի ունեցող բոլոր խախտումներին պատշաճ ու համաչափ արձագանքի ապահովումը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ձևավորել ընկալում և վստահություն առ այն, որ վարքագծի կանոնները կիրառվում են արդարացի, օբյեկտիվ և ժամանակին, ինչը հնարավոր է ապահովել կարգապահական վարույթների իրականացման գործուն և արդյունավետ մեխանիզմի սահմանման միջոցով: Օրինագծով՝ առաջարկվում է լրացնել համապատասխան կանոնակարգումներ՝ Կարգապահական հանձնաժողովի ձևավորման կառուցակարգեր ստեղծելու նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է կոմիտեում ձևավորել հանձնաժողով, որը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի անդամները կնշանակվեն 3 տարի ժամկետով, իսկ նախագահի պաշտոնավարման ժամկետը կլինի 1 տարի: Նախագծով նաև հստակեցվում են կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգերը. նախատեսվում է, որ կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն ունի երկու փուլ` նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ: Կարգապահական վարույթի իրականացման համար առաջարկվում է սահմանել հստակ ժամկետներ: Սահմանվել են նաև երաշխիքներ կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման տեսանկյունից. ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում հանդես գալ ներկայացուցչի միջոցով:
Հավանության է արժանացել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում կերկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, ինչի արդյունքում կբարձրանա ՀՀ շահերի պաշտպանության որակը և կերկայացուցչի գործունեության արդյունավետությունը: Համապատասխան լրացումներով ամրագրվում է, որ կերկայացուցիչը ՀՀ անունից Եվրոպական դատարան կարող է ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ: Ներկայացուցիչն հնարավորություն կունենա առանց ՀՀ կառավարության որոշման Արդարադատության միջազգային դատարան ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Միջազգային արբիտրաժային կամ վեճը դատարան հանձնելու կամ միջազգային արբիտրաժային վեճերի շրջանակում իրականացված բանակցությունների արդյունքում կարող է կնքվել հաշտության համաձայնագիր, որը պետք է ներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, իսկ կառավարությունը պետք է սահմանի համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտականությունների իրականացման կարգը և այլն:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը ոսկու խտանյութը և համաձուլվածքը ՀՀ-ում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է, ինչպես նաև օրենսգրքում «թանկարժեք մետաղներ» հասկացության հստակեցումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ԱԱՀ-ից ազատված թանկարժեք մետաղների իրացման գործարքները շարունակել համարել ԱԱՀ-ից ազատված գործարքներ, փոխարենը, սակայն, ոսկու համաձուլվածք արտադրող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցել ոսկու համաձուլվածքի արտադրության համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկու զտարկմամբ զբաղվող տեղական ընկերությունների համար ձևավորել այնպիսի հարկային միջավայր, որի պարագայում նրանց և արտերկրում ոսկի զտարկող ընկերությունների միջև կստեղծվեն գործունեության հավասար պայմաններ: Այս կերպ ակնկալվում է խրախուսել ոսկու արտադրության ավելի երկար արժեշղթայի ձևավորումը ՀՀ տարածքում:
Հավանություն է տրվել նաև «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է փոստային կապի ոլորտի բարելավում, փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման մեխանիզմների կարգավորում, փոստային կապի ծառայությունների մատուցման որակական չափանիշների սահմանում, հաշվետվությունների մեխանիզմների ներդրում, փոստային ծառայությունների, փոստային առաքումներին ներկայացվող պահանջների և փոստային ծառայությունների շուկայում գործելու կանոնների սահմանում:
Հստակեցվել են ագրոպարենային ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող լիզինգների պայմանները
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում՝ դրա շարունակականությունն ապահովելու և տրամադրվող լիզինգների պայմանները հստակեցնելու համար։ Ըստ հիմնավորման՝ 2018 թ.-ից մեկնարկած ծրագրում պարբերաբար կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Որոշմամբ առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից հետո լիզինգները տրամադրել հետևյալ պայմաններով՝ տրամադրվող լիզինգների առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում, սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։
Սահմանվել են մանկավարժական աշխատողների անվանացանկն ու նկարագիրը
Գործադիրը սահմանել է Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը: «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ հատկապես ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող պահանջների ապահովման կարևոր ուղղորդիչ կարգավորում է անհրաժեշտ՝ իր պարտականություններն առավել ամբողջական և համապարփակ պատկերացնելու համար, որը կարող է հանդիսանալ նաև իբրև ուղեցույց՝ դպրոցի զարգացման ծրագիր մշակելու համար, որի առանցքային ուղղվածությունը հաստատության բաց, թափանցիկ, կառավարումն է, ինչպես նաև կրթութան որակի շեշտադրումը: Հանրակրթության ոլորտի փոփոխությունների կարևորագույն բաղադրիչ է ուսուցչին ներկայացվող պահանջները՝ կրթության բարեփոխումներին համահունչ՝ ներառելով հանրակրթության նոր չափորոշչի պահանջներին համապատասխան կրթության վերջնարդյունքների ապահովման վերաբերյալ պատասխանատվության շրջանակ, սովորողների կարողունակությունների զարգացման համար անհրաժեշտ մասնագիտական և որոկավորման չափանիշներ: Ուսուցչին ներկայացվող պահանջ է ծանոթանալը ուսուցիչներին դասավանդման ժամանակակից մեթոդների հիմնադրույթներին և նորագույն կրթական տեխնոլոգիաներին, որի կիրառության ուսուցումը ապահովում է պետությունը՝ կազմակերպելով անվճար վերապատրաստման դասընթացներ: Տնօրենի գործառույթների պատշաճ կիրարկման արդյունքում ուսուցիչները մասնագիտական գործունեություն իրականացնելիս կկատարեն վերլուծություններ, կկիրառեն նորարարություններ, կիրականացնեն ուսումնական նախագծեր, կյուրացնեն դասավանդման նոր մեթոդների առանձնահատկությունները, կուսումնասիրեն գործընկերների առաջավոր փորձը՝ ներդնելով իրենց գործունեության մեջ: Առաջին անգամ սահմանվել են հաստատության մանկավարժական աշխատողների անվանացանկն ու նկարագիրը, որով հստակեցված են վերջինների գործառույթները: Սահմանվել են նաև Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչական աշխատողների պաշտոնների նկարագրերը:
Այլ որոշումներ
Գործադիրը որոշել է Լոռու մարզի Ալավերդիում՝ Զորավար Անդրանիկի 197 հասցեում գտնվող գույքը ներկայացնել օտարման՝ մրցույթով: Գույքը 1952 թ. կառուցված նախկին միջնակարգ դպրոցի շենք է, որը ներկայումս չի շահագործվում։ Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 60 տոկոսի չափը՝ 58 635 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 082 370 դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 716 710.80 դրամը։
Կառավարության որոշմամբ «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել արդյունաբերական և նավատորմի հատուկ տեխնիկայի համար օգտագործվող արդյունաբերական ֆիլտրերի, ֆիլտր էլեմենտների արտադրության համար։ 2019 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնելու է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 580 մլն դրամի ներդրում, որից 230 մլն դրամը կապիտալ, իսկ մնացած մասը՝ հումք ու նյութերի ձեռքբերման համար։ Արդյունքում՝ կստեղծվի 12 նոր աշխատատեղ՝ մինչև 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 54.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.2 մլն դրամ:
Գործադիրը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է սահմանել հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանատեղի կազմակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող նվազագույն և առավելագույն թույլատրելի հարաչափերը: