Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ:
Վարչապետն ընդգծել է ՀՀ կառավարության և ԿԽՄԿ-ի միջև սերտ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում գործող միջազգային միակ կազմակերպությունն է, որը հատկապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով էապես նպաստում է ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացող տարբեր խնդիրների մեղմմանն ու լուծմանը` ցուցաբերելով մարդասիրական աջակցություն: Վարչապետի խոսքով` ԿԽՄԿ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում ունի կարևորագույն դեր ու նշանակություն:
ԿԽՄԿ նախագահը նշել է, որ շարունակելու են իրենց մանդատին համաձայն նպաստել ԼՂ բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը: Տիկին Սպոլյարիչը նշել է նաև ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին` մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և նրանց ընտանիքների միջև կապ ապահովելու համար: