Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին

22.02.2023

ևս 1 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Վարչապետը շնորհավորել է տիկին Քվինին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակվեն զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և հավելել, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար: Այս համատեքստում, դեսպանը կարևորել է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը: Միաժամանակ, նա հայտնել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-թուրքական գործընթացին և այլ հարցերի:

 

← Վերադառնալ