Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի բացմանը
ևս 2 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով:
Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կոստա Ռիկան, Նիդերլանդները, Կորեայի և Զամբիայի Հանրապետությունները: Լիագումար նիստը մեկնարկել է այս երկրների ղեկավարների ողջույնի ուղերձներով: Բացման խոսքով է հանդես եկել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Գագաթնաժողովի օրակարգի շրջանակում նախատեսվում են թեմատիկ պանելային քննարկումներ՝ 2021թ. Հանուն Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի հանձնառությունների կատարման, ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերների, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների՝ կառավարման հաշվետվողականության ապահովման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության, ներառական տնտեսական աճի և այլ թեմաների շուրջ: