Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությանը
ևս 2 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ:
Վարչապետը նախ այցելել է մարզկենտրոն Աշտարակ, որտեղ կայացած խորհրդակցության շրջանակում ներկայացվել է Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին զեկուցվել է հաշվետու տարում Արագածոտնի մարզում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ 2018-2022թթ. մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է 9 մլրդ 830 մլն ՀՀ դրամ: Ծրագրերն իրականացվել են ճանապարհաշինության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, կրթական հաստատությունների կառուցման/վերակառուցման, լուսավորության ապահովման, գազիֆիկացման, վերականգնվող էներգետիկայի և մի շարք այլ ուղղություններով: 2022թ. իրականացվել է մոտ 2.9 մլրդ ՀՀ դրամին համարժեք սուբվենցիոն ծրագիր: 2023թ. համար հաստատվել է 10 սուբվենցիոն ծրագրի հայտ՝ ավելի քան 1.3 մլրդ ՀՀ դրամի արժեքով, ևս 13-ը գտնվում է քննարկման փուլում:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի մասով զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում վարչատարածքային բարեփոխման վերջնարդյունքում համայնքների թիվը 114-ից դարձել է 8, իրականացվել է օպտիմալացում, անցկացվել են համայնքային ծառայողների և ՏԻՄ-երի վերապատրաստումներ: Արձանագրվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների աճ. 2022թ. հավաքվել է մոտ 2 մլրդ ՀՀ դրամ, աճը 2021թ. համեմատ կազմել է 103 մլն ՀՀ դրամ: Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության, պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության, աճուրդով օտարման արդյունքում համայնքների բյուջեներ է մուտքագրվել շուրջ 351 մլն ՀՀ դրամ:
Գյուղատնտեսության ոլորտում՝ հաջող իրականացվում են ինտենսիվ այգիների, հակակարկտային ցանցերի տեղադրման, գյուղատնտեսության ապահովագրության, ագրոպարենային սարքավորումների և գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրերը: Շուրջ 34 մլն ՀՀ դրամ է տրամադրվել խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման նպատակով: Նախատեսվում է 431 մլն ՀՀ դրամին համարժեք սուբսիդիա տրամադրել աշնանացան ցորենի արտադրության խթանման համար, կնքվել է ավելի քան 2200 պայմանագիր:
Վարչապետին զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում ընթացքի մեջ են նաև կրթական բարեփոխումները. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով 4 դպրոց և 3 մանկապարտեզ կառուցման փուլում են, 6 դպրոց և 1 մանկապարտեզ՝ նախագծման, 2 դպրոց ուսումնասիրության փուլում է: Նախակրթական և հանրակրթական հաստատությունների կառուցում/վերակառուցում է իրականացվում նաև պետական այլ ծրագրերով: Բացի այդ, խնայված միջոցների վերաբաշխման արդյունքում իրականացվել է դպրոցաշինության շուրջ 200 մլն ՀՀ դրամին համարժեք 100-ից ավելի ծրագիր, որից շուրջ երկու տասնյակը՝ մարզադահլիճների կառուցման/վերանորոգման: Պարտադիր ատեստավորում է անցել 701 ուսուցիչ, կամավոր՝ 46:
Նշվել է, որ հաշվետու տարում իրականացվել են մարզամշակութային մի շարք միջոցառումներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարեր, ոչ ֆորմալ կրթամշակութային ծրագրեր և այլն: Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրով ավելի քան 12000 աշակերտ այցելել է թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ:
Մոտ 3.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք վերակառուցման աշխատանքներ են նախաձեռնվել առողջապահական հաստատություններում, որոնց շարքում են «Աշտարակ» և «Թալին» բժշկական կենտրոնները, «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնը: Մանրամասներ են ներկայացվել Ապարան համայնքում իրականացվող խոշոր զբոսաշրջային ծրագրերի վերաբերյալ: Նշվել է, որ 2022թ. ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա առաջիկայում նախատեսվում է սկսել հայկական գինիների արտահանում դեպի եվրոպական մի շարք երկրներ:
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Արագածոտնի մարզի 2022թ. կատարողականին վերաբերող հարցեր:
Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ ստեղծվող ենթակառուցվածքը, լինի դա մանկապարտեզ, դպրոց, թե այլ հաստատություն, շինարարությանը զուգահեռ, պետք է ապահովված լինի անհրաժեշտ նոր գույքով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև վարչատարածքային բարեփոխման շրջանակում համայնքային ծառայողների և համայնքների ավագանիների վերապատրաստումը, համայնքների սեփական եկամուտների աճ ապահովելու առումով՝ օրենսդրական բարեփոխումների և էլեկտրոնային համակարգերի հետևողական ներդրումը:
Կառավարության ղեկավարը, օգտագործվող վարելահողերի և արոտավայրերի ծավալն ավելացնելու համատեքստում, հանձնարարել է թիրախային ակտիվ աշխատել համայնքների հետ՝ փոխշահավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է կրթական բարեփոխմանը, Նիկոլ Փաշինյանը, բացի դպրոցաշինությունից, կարևորել է նաև որակական բաղադրիչի հետևողական բարելավումը՝ այդ թվում ուսուցիչների ատեստավորման միջոցով:
Քննարկվել են նաև Արագածոտնի մարզում սոցիալական ապահովության ոլորտի ծրագրերը, վերականգնվող էներգետիկայի բնագավառում նոր նախաձեռնությունների հնարավորությունները, որոնք կխթանեն էներգետիկ կարողությունների ձևավորումը: