Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը նախատեսում է իգական սեռի քաղաքացիների համար ստեղծել կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն
ևս 9 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան իգական սեռի քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորության ստեղծման անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, նպատակահարմար է գտնվել նրանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս: Հստակեցվում են նրանց կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմումների ներկայացման ժամկետները՝ այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով և ժամկետներում իրականացնել նրանց զինվորական հաշվառման, ներառյալ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների և փորձաքննության գործընթացը: Նախատեսվում է սահմանել նրանց զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորությունը: Պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար կսահմանվի պատվովճար՝ 1 մլն դրամ չափով:
Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այս պահին քննարկում ենք մեր բանակի և երկրի պատմության մեջ նոր էջ բացելու մասին հարցը: Ուզում եմ ընդգծել, որ սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր հայեցակարգի շրջանակում է: Կանայք կամավոր կերպով կարող են զորակոչվել և պարտադիր վեց ամսյա ծառայություն անցնել, որը նորմալ ծառայություն է լինելու և ոչ թե զբոսանք զորամասում: Այդ վեց ամսվա ծառայության արդյունքում կլինեն ծառայողներ, ովքեր կզորացրվեն և կվերադառնան քաղաքացիական կյանքի: Այդ մարդիկ կհամալրեն մեր երկրի զինված ուժերի պահեստազորը: Կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան անցնել պրոֆեսիոնալ ծառայության, նրանք էլ կհամալրեն մեր գործող բանակը և կանցնեն պայմանագրային զինծառայության: Խոսքը մարտական զինծառայության մասին է: Նաև ուզում եմ ասել, որ պետք է փոխել այն ընկալումը, թե բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են: Ո՛չ, կանայք պետք է դառնան լիարժեք զինվորական ծառայության մաս: Այսօր էլ մենք ունենք մարտական ստորաբաժանումներ, որտեղ կանայք լիարժեք զինվորական ծառայություն են իրականացնում, և մեր տրամաբանությունն այն է, որ այս հանգամանքը պետք է ուժեղացնել: «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում ենթադրվում է, որ վեց ամսվա ծրագրով նրանք պիտի պատրաստվեն նաև ատեստավորման ստանդարտներին, և այդ տանդարտներն անցնելու պարագայում վճարվեն նոր չափանիշներով, որը մենք հիմա ներդնում ենք»:
Վարչապետի հարցին ի պատասխան, թե երբ հնարավոր կլինի այս ամենը կյանքի կոչել և արդյոք Ազգային ժողովում նախնական քննարկումներ եղել են, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ օրենքը նախ դրվել է հանրային քննարկման, ժամկետների սահմանափակում չի արվել՝ կապված հարցի նրբության ու կարևորության հետ: «Ենթադրում ենք, որ հնարավորություն կունենանք մինչև այս նստաշրջանի ավարտն ապահովել օրենքի ընդունումը, և արդեն կիրակումը տեղի կունենա ձմեռային զորակոչի ժամանակ»,-ասել է Սուրեն Պապիկյանը:
Կստեղծվի պետական հիմնադրամ՝ ակադեմիական քաղաքի կառուցման ու կառավարման համար
Կառավարությունն ընդունել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Ակադեմիական քաղաքի հիմնումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, ըստ որի՝ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքների վերանայման միջոցով ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելուն. այս իմաստով ակադեմիական քաղաք հիմնելու մտահղացումն ունի ռազմավարական նշանակություն։ Որոշման ընդունումը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու հրամայականով, ինչի համար առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել պետության կողմից հիմնադրամի ստեղծումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ստեղծել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ, որը պետք է իրականացնի՝ ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը՝ հաշվի առնելով ոլորտների արդի և զարգացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը, ակադեմիական քաղաքի հայեցակարգից բխող այլ գործողությունների իրականացումը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյաը նշել է, որ ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով է նախատեսված ակադեմիական քաղաքի ձևավորումը։ Ըստ նախարարի՝ դրա միջոցով հասցեագրվելու է մի շարք թիրախների ապահովումը, որոնցից են՝ 4 բուհ միջազգային վարկանիշային աղյուսակում ունենալը, օտարերկրյա ուսանողների թիվը կրկնապատկելը և կրթության մակարդակի միջազգային հեղինակությունը բարձրացնելը։ «Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի 3 կլաստերից: Այստեղ քաղաքաշինական լուծումների պարագայում կարող է քննարկվել նաև ազգային ստադիոնի կառուցման հարցը։ Այս հարցերը պետք է իրականացնող կառույց լինի, որը նախապատրաստումից մինչև իրավական բուն գործընթացն ու քաղաքի կառավարումը կիրականացնի»,- ասել է նախարարը։
Թեմայի առնչությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշմամբ նոր էջ է բացվում երկրի պատմության համար: «Սա ամենակարևոր և ռազմավարական ներդրումն ու ծրագիրն է, որը, իհարկե, մենք դեռ պետք է իրականացնենք: Պետք է ասեմ, որ իրականում շատ խոր քննարկումներ են տեղի ունեցել: Մեզ վախեցրել են, որ եթե պարզվի՝ սխալ քայլ ենք անում, ունեցածը կկորցնենք։ Փորձել ենք համոզվել, որ ճիշտ բան ենք անում։ Տեղաբաշխումը նույնպես շատ կարևոր է։ Մի քանի քննարկումներից հետո, ընդ որում՝ ՀՀ-ի կրթության ոլորտի 2030 թվականի ռազմավարության մշակման ընթացքում կողմնորոշվեցինք, ու քաղաքը կտեղակայվի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մարզի հատման կետում»,- ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, երկար փնտրտուքների արդյունքում ակադեմիական քաղաքի տեղակայման ամենադիպուկ վայրն է ընտրվել՝ կոմունիկացիոն և բոլոր առումներով:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաջողվել է քաղաքի կառուցման համար ՀՀ-ում գտնել 300-ից ավելի հեկտար տարածք, որը պետական հող է։ «Հիմնադրամի առաջին գործառույթը կրթական քաղաքին անհրաժեշտ կոմունիկացիաները մոտեցնելու մասն է: Հաջորդը՝ կստեղծենք գլխավոր հատակագիծը և հընթացս կոնկրետ բուհերը։ Բաց առաջարկով կդիմենք բուհական շրջանակներին՝ արձանագրելով, որ ՀՀ-ում կլինի 8 բուհ, որոնք կֆինանսավորի պետությունը: Մեր նպատակադրումն այն է, որ այդ բուհերը որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար: Մենք որոշ ժամանակ քննարկումներ կիրականացնեք բուհերի հետ: Երեք կլաստերի հետ կապված կողմնորոշված ենք. առաջինը՝ «Հայֆիլիմի» տարածքում կունենանք արվեստների համալսարան և արվեստների ավագ դպրոց: Սա նշանակում է, որ կունենանք բուհ և ավագ դպրոց, որտեղ արվեստի բոլոր ուղղությունները մի տեղում կլինեն: Նաև կունենանք ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող արվեստների ավագ դպրոց:
Հաջորդ կլաստերը՝ սպայական ավագ դպրոցն է և սպայական համալսարանը: Մենք պետք է գնանք այդ լուծման՝ կրթության ինչ-որ մի հատված սպայական բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչները պետք է մի տեղում նախանական կրթություն ստանան: Սա ոչ միայն կրթական, այլև պետական հարց է, որովհետև առիթ ունեցել եմ ասելու, որ սպայական դասը ցանկացած պետության ողնաշարն է: Մենք Հայաստանի Հանրապետությունում նպատակադրված և գաղափարաբանորեն սպայական դաս ձևավորելու հարցում լիարժեք մոտեցումներ և գործիքներ չենք ունեցել:
Ակադեմիական քաղաքը պետք է լինի մի տարածք, որը նաև իր կոլորիտով և գրավչությամբ պետք է լինի առանձնահատուկ: «Հաֆիլիմի» տարածքում նախատեսում ենք ունենալ ունիվերսալ համերգասրահ, որը միևնույն ժամանակ կլինի և՛ թատրոնի, և՛ օպերայի բեմ, և՛ կինոթատրոն, որպեսզի ուսանողներն իրենց պրակտիկ աշխատանքն իրականացնելու հնարավորություն ունենան»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. կհատկացվի 2 մլրդ 729 մլն դրամ
Գործադիրի որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին կհատկացվի 2,729,670.0 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, կառավարության հերթական այս որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2021, 2022 և 2023 թվականների սուբվենցիայի 42 ծրագիր:
Մասնավորապես իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը. Արագածոտնի մարզում՝ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի «Կակաչ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ, Արարատի մարզում՝ Վեդի համայնքի Գինեվետ, Նոր Ուղի, Արալեզ, Այգավան և Փոքր Վեդի բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ, Արտաշատ համայնքի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառում, Արաքսավան, Դիմիտրով և Հովտաշեն բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում/նորոգում, Արարատ համայնքի Սուրենավան, Արմաշ և Երասխ բնակավայրերի գազատարի կառուցում, Սուրենավան բնակավայրի փողոցների վերանորոգում ասֆալտապատմամբ, Վեդի համայնքի 2 բնակավայրի փողոցների ասֆալտապատում, Արմավիրի մարզում՝ Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի Թումանյան, Վ.Մամիկոնյան, Իսահակյան փողոցների գազաֆիկացում, Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի 1 թաղամաս 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ շենքերի վերելակների փոխարինում, Վարդանաշեն, Այգեշատ, Եղեգնուտ բնակավայրերում 3200 գծմ գազատարի կառուցում, Գեղարքունիքի մարզում՝ Գավառ համայնքի Գավառ բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգում, Սևան համայնքի Սևան և Գագարին բնակավայրերի շենքերի բակային տարածքների 35000քմ ընդհանուր մակերեսով ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, Լոռու մարզում՝ Տաշիր համայնքի Սարչապետ բնակավայրի մշակույթի տան 597 քմ հատվածի վերանորոգում, Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի կենտրոնական այգու 1920 քմ տարածքի վերանորոգում, Շնող բնակավայրի «Հեքիաթ» մանկապարտեզի բարեկարգում, Մեծավան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների կանոնավոր ձևի տուֆ քարով սալարկում, Թումանյան համայնքի Թումանյան, Դսեղ, Աթան, Քարինջ և Չկալով բնակավայրերի գիշերային լուսավորության ընդլայնում, Թումանյան բնակավայրի 4-րդ փողոցի սալարկում տուֆով, Ստեփանավան Արմանիս Կաթնաղբյուր Արմանիս և Կաթնաղբյուր բնակավայրերի մանկապարտեզների մասնաշենքերի հիմնանորոգում, Ալավերդի Ճոճկան Ախթալա Ալավերդի համայնքի Ճոճկան և Ախթալա բնակավայրերի ավտոկայանատեղիների կառուցում, Ալավերդի Շամլուղ Ալավերդի համայնքի Շամլուղ բնակավայրի 1-ին փողոցի 7-րդ, 7-րդ փողոցի 1-ին, Ախթալա բնակավայրի Աբովյան 19, Գնունի 1 և Օրջոնիկիձե 1 ԲԲՇ-ների էներգաարդյունավետության բարձրացում, Կոտայքի մարզ ում՝ Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Ռոսիա փողոցի ջրահեռացման համակարգի անցկացման աշխատանքներ, Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի 700 գծմ խմելու ջրագծի հիմնանորոգում, Եղվարդ բնակավայրում ջրահեռացման ցանցի կառուցում, Պռոշյան բնակավայրի Մայիսյան 4-րդ նրբանցքի, Գևորգ Չաուշի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ նրբանցքների 1,6 կմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ, Արագյուղ, Եղվարդ, Քասախ, Պռոշյան, Զովունի, Բուժական բնակավայրերի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցում, Գառնի բնակավայրի խմելու ջրի համակարգում քլորակայանի, Գեղարդ, Հացավան և Գեղադիր գյուղերում ջրագծերի կառուցում, Մրգաշեն բնակավայրի 7-րդ փողոցի /2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ շենքեր/ ջրահեռացման ցանցի կառուցում, Շիրակի մարզում՝ Աշոցք Սիզավետ Ցողամարգ Գոգհովիտ Արփենի Մուսայելյան Փոքր Սարիար Սալուտ Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ, Սյունիքի մարզում՝ Գորիս համայնքի Ավանգարդ 5-րդ թաղամասի մոտեցման ճանապարհների հիմնանորոգում, Քաջարան համայնքի կարիքների համար մեքենասարքավորումների և տեխնիկայի ձեռքբերում, Կապան համայնքի Եղվարդ և Ծավ բնակավայրերի կենցաղի տների վերանորոգում, Տաթև համայնքի 4 բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրի կենցաղի տան տանիքին 24.96 դրվածքային հզորության արևային կայանի տեղադրում, Կապան համայնքի Սրաշեն և Կաղնուտ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ապահովում, Կապան բնակավայրի թիվ 10 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում և տարածքի բարեկարգում, Նորաշենիկ բնակավայրի վարչական շենքի նորոգում, Նորաշենիկ բնակավայրում մարզադաշտի կառուցում, Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր համայնքի Գլաձորյան փողոցի 380մ, Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքի 210մ, Մոմիկի փողոցի 1-ին նրբանցքի 270մ հատվածների ասֆալտապատում, Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում Սահրատի աղբյուր ջրաղբյուրի կապտաժի և ջրագծի արտաքին ցանցի 80գծմ հատվածի կառուցում, Տավուշի մարզում՝ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Անկախության փողոցի թվով 12 շենքերի բակերի և Ազատամարտիկների 2 շենքերի բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում:
Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է կատարվող աշխատանքների ծավալների աճի կարևորությունը. «Այս որոշմամբ ընդհանուր առմամբ 2 միլիարդ 729 միլիոն 670 հազար դրամ ենք հատկացնում, որը կառավարության մասնաբաժին է: Սա նշանակում է՝ այս թիվը մոտավորապես պետք է կրկնապատկել: Ճշգրիտ չէ, բայց կարող ենք ասել, որ սրանով, այս մի որոշմամբ արձանագրեցինք 5 միլիարդ դրամի աշխատանք: Այսինքն՝ այս մի որոշմամբ մենք մարզերում մոտավորապես 12.13 միլիոն դոլարի այս կոնկրետ աշխատանքներն ենք իրականացրել: 2018 թվականից մինչև օրս կառավարությունը մարզերում 1.2 միլիարդ դոլարի ներդրում է արել: Հայաստանի Հանրապետության մարզերում այս ծավալի ներդրում երբեք չի իրականացվել: Սա մենք պետք է արձանագրենք»:
Վարչապետը կարևորել է կատարված աշխատանքների վերաբերյալ մանրամասն և պատշաճ իրազեկումը, որի ապահովման համար տվել է համաապատասխան հանձնարարականներ:
Օրենսդրական այլ նախաձեռնություններ
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծին, որի մշակումը բխում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի քննության արդյունքում կայացվող որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսման, ինչպես նաև այդ ինստիտուտների կիրառության արդյունքում ծագած մի շարք գործնական խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
Նախագծի ընդունման արդյունքում սահմանվելու են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ներկայացվող հաղորդումներին ներկայացվող պահանջները: Օրինագծով նախատեսվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարցի քննության արդյունքով կայացվող որոշումների, ինչպես նաև դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումների բողոքարկման հնարավորություն: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը իրականացնելու է Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող Բարձրագույն դատական խորհրդի կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ: Կարգապահական վարույթ հարուցող մարմնի և Բարձրագույն դատական խոհորդի համար հնարավորություն է նախատեսվելու հարուցված կարգապահական վարույթները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված երկու և ավելի միջնորդությունները միավորելու մեկ վարույթում: Օրինագծով սահմանվում է նաև, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումներն ուժի մեջ են մտնելու հրապարակման պահից մեկ ամիս հետո: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է Բարձագույն դատական խորհուրդը՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկած անդամների կազմով: Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների դեմ բողոքի քննությունը իրականացնելու է նույն ընթացակարգով և երաշխիքների պահպանմամբ, ինչ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը: Վենետիկի հանձնաժողովի առաջարկությամբ հստակորեն սահմանվել է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշման օգտին կողմ են քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը::
Գործադիրը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Քննչական կոմիտեի քննիչներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը:
Հավանություն է տրվել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահույթի բաշխման հաճախականությունն ինքնուրույն որոշելու համար: Օրինագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ևև սահմանել, որ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ ընկերությունների համար կստեղծվի ձևավորված շահույթն իր մասնակիցների միջև առավել հաճախ բաշխելու հնարավորություն, ինչը կնպաստի ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նման կարգավորումը կնպաստի ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծմանը և դրանցում ներդրումների կատարմանը: Առաջարկվող կարգավորումը նաև խրախուսում է ՓՄՁ սուբյեկտների կողմից պատշաճ հաշվապահական հաշվառման իրականացումը և ներքին փաստաթղթերի վարումը:
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշոման մեջ. 5.4 մլն դրամ կհատկացվի 2020 թ. Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրումն ապահովելու նպատակով: Կառավարության որոշումներով սահմանված միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը՝ ամսական 300 000 դրամի չափով, ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. մարտի 10-ը: Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, ինչպես նաև գերեվարվածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:
Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Աջակցության վճարման ժամկետը երկու ամսով երկարացվելու արդյունքում 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար կպահանջվի լրացուցիչ 34,200.0 հազար դրամ:
Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում նպաստները կվճարվեն անկանխիկ
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ կառավարությունն ընդունել է որոշում: Օրենքով՝ սահմանվել են ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման անկանխիկ եղանակով վճարման համակարգին անցնելն ապահովող հիմնական կարգավորումները։ Մասնավորապես, նոր կարգավորումների համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարները վճարվում են անկանխիկ եղանակով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված սոցիալական ապահովության հաշվին կամ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, բացառությամբ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձանց, որոնց դիմումի հիման վրա կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև եռամսյակային հրատապ օգնության գումարների վճարումներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել օրենքին: Անկանխիկ վճարման համակարգի ներդրման համար սահմանվել են այն գործողությունները, որոնք կապահովեն փուլային եղանակով 2023թ. հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ. հունվարի 1-ից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում անկանխիկ եղանակով վճարումները: Մասնավորապես, այն դեպքում, երբ նպաստառուն չի ներկայացնի բանկի ընտրության դիմում, նրա փոխարեն բանկը կընտրի գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ պատահականության սկզբունքով, հաշվի առնելով այդ ամսում տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով նպաստի կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի համամասնություններն՝ ըստ վճարող բանկերի։ Ընդ որում, բանկը փոխելու նպատակով նպաստառուն ցանկացած ժամանակ կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ իր բնակության վայրի տարածքային կենտրոն։
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման նպատակով կիրականացվեն 15 խորքային հորի կոնսերվացման և 14 խորքային հորի լուծարման աշխատանքներ
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Հիմնավորման համաձայն՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները պատմականորեն հիմնականում օգտագործվել են խմելու և ոռոգման նպատակներով: 2006թ.-ից սկսած այնտեղ սկսել են գործել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ: Բավականին կարճ ժամանակահատվածում ձկնաբուծությունը դառնում է Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործումը: 2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցել է կայունության շեմը՝ տարեկան կտրվածքով սպառվում էր մոտ 1,6 անգամ ավելի ջուր, քան հասցնում էր ձևավորվել: Դա էլ պատճառ է հանդիսանում արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը, ինչի արդյունքում ստորերկրյա ջրերի քանակը կտրուկ նվազում է, իսկ որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքում են: Ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել կրճատել, կանոնակարգել և նորմավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը, որի համար նախատեսվում է իրականացնել խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքներ։ Որոշմամբ՝ «Արարատյան դաշտի ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով հորերի լուծարում և կոնսերվացում» միջոցառմանը կուղղվի 68 928,0 հազ. դրամ: Հատկացվելիք գումարի շրջանակում նախատեսվում է իրականացնել 15 խորքային հորի կոնսերվացման և 14 խորքային հորի լուծարման աշխատանքներ։ Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է խնայել շուրջ 235.0 լ/վրկ. ջրաքանակ։
Խրախուսվում են հերթական նորդրումային ծրագրերը
Կառավարությունը բավարարել է «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ծխախոտի արտադրության համար՝ իրականացնելով 176.3 մլրդ դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ մինչև 476 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 175 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8.6 մլրդ դրամ:
«Կառմել» ՍՊԸ-ն նույնպես կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ընդեղենի, ինչպես նաև չորացրած բանջարեղենի, մրգերի և համեմունքների արտադրության համար։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել։ Ընկերությունը կիրականացնի 1.2 մլրդ դրամի ներդրում արտադրական տարածքների ձեռքբերման և 81 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 215 նոր աշխատատեղ՝ մինչև 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 81 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլրդ դրամ:
Այլ որոշումներ
Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով Տավուշի մարզի Դիլիջանում պետական սեփականություն հանդիսացող գույքը նախատեսվում է ներկայացնել օտարման՝ մրցույթով: Գույքն իրենից ներկայացնում է վարչական շենք, որը ներկայումս չի շահագործվում և ունի հիմնանորոգման կարիք։ Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 343 800 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 64 242 420 դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 041 792 դրամը։
Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թ. պետբյուջեով նախատեսված միջոցներից կվերաբաշխվի 65,540.0 հազար դրամ, որն կուղղվի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի հանրապետական նշանակության «Ամրոց» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի հարակից տարածքում գտնվող քաղաքացիների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի ձեռքբերմանը: