Մամլո հաղորդագրություններ

«Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, քաղաքացիությունը, ապրելու և առաջ շարժվելու մեր կամքը. Նիկոլ Փաշինյան

28.05.2023

ևս 26 լուսանկար



Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, երրորդ տարին անընդմեջ տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Մրցաշարն անցկացվել է կանանց և տղամարդկանց 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խմբում եղել են 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, երկրորդ տարիքային խմբում՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:

Մրցաշարում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներն ստացել են նաև դրամական մրցանակներ: Ըստ այդմ՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցն ստացել է 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղը՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղը՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղը՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղերը՝ 50.000-ական ՀՀ դրամ:

Հաղթողներին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալագրեր և խրախուսական մրցականեր է հանձնել ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին:

Մրցաշարի 300-ից ավելի մասնակիցների թվում է եղել նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,
Պետական այրեր,
Հարգելի ներկաներ,
Հաղթողներ և մասնակիցներ,

Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հանրապետության օրվա առիթով: Պիտի ընդգծեմ, որ «Վարչապետի գավաթը» նաև մի մրցաշար է, որով մենք արձանագրում և ընդգծում ենք քաղաքացու և պետության կապը:

Այսօր Սարդարապատում ելույթ ունենալիս, ես ասացի, որ մեր ընկալումը հետևյալն է. պետությունը, երկիրը, Հայաստանի Հանրապետությունում ապրելը պետք է լինի հարմարավետ և շահավետ ՀՀ քաղաքացու համար: «Վարչապետի գավաթ» մրցաշարերի կարևորագույն իմաստներից մեկը հենց դա է՝ մենք ուզում ենք հնարավորինս շատ առիթներ ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն հաղթահարելու, ինքն առաջին հերթին իր հետ մրցելու առիթ ունենա և ապացուցի որպես քաղաքացի, որպես պետության իրավատեր, որ մեր կամքը՝ ունենալու ինքնիշխան, ազատ, ուժեղ, զարգացած, բարեկեցիկ և երջանիկ պետություն, անսասան է: Մեր ընթացքը դա պիտի ամեն տարի ցույց տա:

Ուզում եմ բոլոր մասնակիցներին հատուկ շնորհակալություն հայտնել, որ այս մրցաշարերով մենք ընդգծում ենք մեր պետականությունը, մեր դրոշը, մեր քաղաքացիությունը, ապրելու մեր կամքը, հաղթահարելու մեր կամքը, առաջ շարժվելու մեր կամքը:

Ուզում եմ ընդգծել, որ հաջորդ տարվանից մենք այս մրցաշարի՝ խճուղային հեծանվավազքի մասշտաբները կընդլայնենք: Մրցումը նախ կմիջազգայնացնենք, այսինքն՝ բոլորը, անկախ քաղաքացիությունից, մասնակցելու հնարավորություն կունենան: Մրցաշարը կլինի Սևանի շուրջը: Եթե անհրաժեշտություն լինի, մասնագետները կասեն, երկու օր կտևի հեծանվավազքը, և, իհարկե, մրցանակային հիմնադրամն էլ համապատասխան կկրկնապատկվի: Հույս ունեմ, որ այս ընդգծումով մենք ավելի կուժեղացնենք այս ավանդույթը, կընդգծենք նաև Գեղարքունիքի մարզը, կընդգծենք Սևանա լիճը: Մանավանդ՝ համոզված եմ, որ հաջորդ տարի Սևանի շուրջ բոլոր ճանապարհները կլինեն արդեն կատարյալ վիճակում, և մենք չենք ամաչի այդ ճանապարհներ նաև օտարերկրացիներ հրավիրելու:

Իսկ այս տարի մենք արդեն լողի «Վարչապետի գավաթը», կարծում եմ, կմիջազգայնացնենք, և մասնակցության հնարավորությունը կբացենք բոլորի համար, մանավանդ՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ ռելոկանտներ են ապրում Հայաստանի Հանրապետությունում, և նրանք նույնպես անընդհատ դիմում են և ասում, որ իրենք էլ մրցութային կարգով ցանկանում են մասնակցել:

Հարգելի ներկաներ,

Իսկ մյուս մրցաշարերի մասին արդեն կմտածենք: Իհարկե, խճուղային հեծանվավազքի սիրողական բնույթը կպահպանենք: Տեխնիկական շատ հստակ կանոններ կսահմանենք հեծանիվների համար, որպեսզի ամեն ինչ ճիշտ և արդար լինի:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Առողջապահության նախարարությանը: Էկոնոմիկայի նախարարությանը՝ հատուկ շնորհակալություն մասնակցության համար, որովհետև, այո՛, առողջ ապրելակերպը, նաև այս կարգի միջոցառումը Հայաստանում միջազգայնացման պարագայում առավել ևս տուրիզմը խթանելու շատ մեծ պոտենցիալ ունի: Կարծում եմ, որ ամեն անգամ մենք պետք է ուժեղացնենք այս ենթատեքստը, այս համատեքստը և ընդգծենք խճուղային հեծանվավազքի «Վարչապետի գավաթ» մրցաշարի կարևորությունը:

Շնորհակալություն և շնորհավորում եմ բոլորիս»:

 

← Վերադառնալ