Մամլո հաղորդագրություններ

Դատարանները բեռնաթափելու նպատակով գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը կհանձվի նոտարների քննությանը. Կառավարությունը հանդես է եկել համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ

16.06.2023

ևս 7 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարը խոսել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի սրման մասին, ինչպես նաև անդրադարձել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի քաղաքականությանը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ հիմնավորման՝ դատական պրակտիկայի ամփոփումը, ինչպես նաև քաղաքացիական գործեր քննող դատավորների շրջանում անցկացված հարցումները թույլ են տալիս եզրակացնել, որ ողջամիտ ժամկետներում քաղաքացիական գործերի քննության սկզբունքի խախտմանը հանգեցնող հիմնական պատճառներից է քաղաքացիական գործերի ահռելի քանակը։ Ինչպես նշել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ ներկայումս դատարանների ծանրաբեռնվածությունը մեծապես պայմանավորված է գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումների և վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումների մեծ ծավալով, մասնավորապես՝ 2020 թվականից 2022 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել շուրջ 441.128 հայցադիմում, որից 395,149-ը եղել են գումարի բռնագանձման պահանջի մասին: «Այսինքն, ստացվում է գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումները կազմում են Դատարան մուտքագրված հայցադիմումների ընդհանուր թվի 90 տոկոսը, որոնք, ըստ էության, իրենցից արդարադատություն չեն ներկայացնում»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ փոփոխությամբ դատարանները կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով:

Նշված գործերով մեծ թիվ են կազմում կապի, կոմունալ ոլորտների՝ գազի, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի, ապահովագրական կազմակերպությունների կողմից ներկայացված հայցադիմումները և դիմումները: Վերոնշյալ խնդիրների լուծման տարբերակ կարող է հանդիսանալ գումարի բռնագանձման պահանջներով գործերի լուծման այլընտրանքային արդյունավետ մեխանիզմների ներդրումը: Նախագծով առաջարկվում է գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը հանձնել նոտարների քննությանը՝ նախատեսելով հստակ չափանիշներ, որոնք թույլ կտան սահմանելու նոտարին ենթակա գործերի շրջանակը: Սահմանվել է նոտարների միջև գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումների բաշխման չափանիշը և կարգը: Այսպես, սահմանվել է, որ նոտարների միջև գործերի բաշխումը և վերաբաշխումը կատարվելու է հատուկ համակարգչային ծրագրի միջոցով՝ հնարավորինս ապահովելով նոտարների միջև գործերի համաչափ բաշխումը։ Սահմանվել են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ի թիվս այլ պահանջների, հստակ սահմանվել է, որ դիմումը նոտարին ներկայացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Սահմանվել են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի վերադարձման և մերժման հիմքերը: Առկա է նաև կարգավորում այն դեպքերի համար, երբ ներկայացված դիմումը չի բավարարում օրենքով ներկայացվող պահանջներին, նոտարը կայացնում է դիմումը վերադարձնելու մասին որոշում՝ հնարավորություն տալով դիմողին այն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դրանում մատնանշված թերությունները վերացնել և այն կրկին ներկայացնել: Սահմանվել են գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը վիճարկելու և չեղյալ ճանաչելու հիմքերը և ընթացակարգը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է օրինագծերով առաջարկվող բարեփոխման կարևորությունը և հույս հայտնել, որ այն արդյունավետ կաշխատի:

Կառավարությունը հավանություն է տվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին

Գործադիրը հավանություն է տվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վերջին տարիների ընթացքում Երևանում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևանը սնող գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ) և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունն այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար։ Գործող ենթակառուցվածքներից նոր գազասպառման համակարգերի միացման տեխնիկական պայմանների տրամադրումը կարող է խաթարել անխափան և հուսալի գազամատակարարման իրականացումը, ինչը և անհնար է դարձնում Երևանում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար գազամատակարարման առավել արդյունավետ տեխնիկական պայմաններ տրամադրելու գործընթացը։ Երևանում նոր գազասպառման համակարգերի միացման համար տեխնիկական պայմաններ տրամադրվում են Երևանի սահմաններից դուրս տեղակայված ԳԲԿ-ներ սնող բարձր ճնշման կողմնատար գազատարներից նոր ԳԲԿ-ների կառուցմամբ։ Յուրաքանչյուր կառուցապատողի առանձին տրամադրված գազիֆիկացման տեխնիկական պայմանների համաձայն շինհավաքակցման աշխատանքների կազմակերպումը նման հեռավորությունից տնտեսապես անարդյունավետ և գրեթե անիրագործելի է, ուստի խնդրի լուծման նպատակով առավել նպատակահարմար է իրականացնել նոր բարձր ճնշման կողմնատար գազատարների, ԳԲԿ-ների և ընդհանուր միջին ճնշման գազատարերի կառուցում, որոնցից հետագայում կմիացվեն կառուցապատողների նոր գազասպառման համակարգերը։ Գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով քաղաքաշինական ու տեխնիկական հնարավոր լուծումների համադրմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ուսումնասիրվել է տեղադիրքային առումով նույն ուղղությամբ շինարարություն իրականացնող կառուցապատողների աշխատանքները և մշակվել են 4 հիմնական ուղղություններով թվով 4 կողմնատար գազատարների, 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցների նոր ԳԲԿ-ների ու միջին ճնշման հիմնական սնող գազատարների կառուցման նախնական էսքիզային լուծումներ։ Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմելուց և վերջնական համաձայնեցումներից հետո աշխատանքները կիրականացվեն, համապատասխանաբար, հետևյալ փուլերով՝ Հյուսիս-Արևելյան, Հարավ-Արևմտյան, Հարավային, Արևելյան հատվածներ: Արդյունքում՝ հնարավորություն կտրվի կրճատել ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ իրականացվող ընդհանուր ծախսերը, նվազագույնի հասցնել կամ չեզոքացնել սակագնի վրա ազդեցությունը և ապահովել մատակարար ընկերության կողմից ստեղծված ենթակառուցվածքների պատշաճ շահագործումը։ Աշխատանքների արդյունքում ենթակառուցվածքներ կստեղծվեն Երևան քաղաքի ողջ տարածքում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Սա ներդրումային միջավայրի բարելավման առումով չափազանց կարևոր հարց է: Մենք արդեն երկար ժամանակ բախվում ենք իրավիճակների, երբ օրինակ՝ բազմաբնակարան շենքերը կառուցված են, պատրաստ են շահագործման, բայց, ըստ էության, չի ստացվում շահագործման հանձնել, որովհետև ենթակառուցվածքային պրոբլեմներ ունեն, այսինքն՝ բնական գազի, երբեմն լինում է նաև էլեկտրական էներգիայի, երբեմն լինում է խմելու ջրի հետ կապված: Ավելին՝ մենք շատ դեպքերում ունենք արդեն իսկ պատրաստի կամ եղած թաղամասերում նոր շենքերի ձևավորման պարագայում, երբ ծանրաբեռնվածությունը կտրուկ մեծանում է, որովհետև այդ խողովակաշարերը նախատեսված չեն նման բնակավայրերի համար: Եվ մենք նկատել ենք, որ սա ներդրումային միջավայրի բարելավման առումով շատ էական գործոն է: Նաև հաշվի առնելով այն, որ որոշակի հնարավորություններ են առաջացել՝ մենք քննարկել ենք և որոշել ենք, որ այդ հնարավորություններն օգտագործենք այդ ուղղությամբ, որը շատ լուրջ ռազմավարական ներդրում է Հայաստանի Հանրապետության և ներդրումային միջավայրի բարելավման և, ընդհանրապես, քաղաքացիներին պատշաճ ծառայություններ մատուցելու, ապահովելու առումով»:

Վարչապետն այս համատեքստում կարևորել է մարզերում նմանատիպ հարցերի վրա ուշադրություն դարձնելու հանգամանքը: «Մենք հարցը պետք է ուսումնասիրենք, իհարկե, այս փուլում ամենահրատապ խնդիրը Երևանն է, բայց ես կանխատեսում եմ, որ մենք շինարարական ծավալների մեծացման նմանատիպ զարգացումներ ունենալու ենք նաև այլ մարզելում, և հատկապես երևանամերձ մարզերում: Մենք այսօրվանից պետք է դրա մասին մտածենք, որպեսզի որևէ ձևով պոստֆակտում արձագանքելու անհրաժեշտություն չունենանք, այլ նախապես: Ընդ որում` շատ կարևոր է, որ մենք այս աշխատանքն իրականացնելիս սերտ համագործակցենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ստեղծել նոր թաղամասերի ստեղծման կանխատեսելիության դաշտ:

224 մլն դրամ կհատկացվի մարզերում 23 կրթական հաստատության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով

Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 224 մլն դրամ գումարի չափով, որը կուղղվի Վայոց ձորի և Տավուշի մարզերում կրթահամալիրների ստեղծմանը և դպրոցների կառուցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը: Այսպիսով՝ նախատեսվում է գումար հատկացնել ընդհանուր 23 հաստատության՝ 9 կրթահամալիրի ստեղծման և 14 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։ Արդյունքում՝ կապահովվի կրթական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խնայելով ժամանակային և ֆինանսական ռեսուրսները՝ որոշվել է նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերել առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ մեկ դպրոցի, որի համար անհրաժեշտ է անհատական նախագիծ: Նախարարը հիշեցրել է, որ վերջին ամիսներին մենք արդեն 3 նմանատիպ որոշում ենք կայացրել 107 հաստատությունների մասով, որոնցից 60-ը կրթահամալիրներ են, 47-ը՝ առանձին դպրոցներ: «Այս որոշմամբ հաստատությունների թիվը կդառնա 130, որտեղ կսովորեն շուրջ 40 հազար աշակերտ։ Առաջիկայում կներկայացնենք նմանատիպ նախագծեր Լոռու և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի համար՝ ամբողջ հանրապետությունը ծածկելով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ բնակավայրերում համապատասխան ենթակառուցվածքներ ունենալու կարևորությունը: «Ենթադրենք ունենք կրթահամալիր և կրթահամալիրի գոտում գտնվող բնակավայր, որտեղ բնակչությունը մեծ չէ: Մենք այդտեղ կրթության հնարավորությունը ստեղծում ենք, մեր հաջորդ միտքը պետք է լինի, որ այդտեղ ճանապարհի խնդիրը լուծենք: Ինչպես պայմանավորվել ենք՝ մեր հաջորդ խնդիրը պետք է լինի, որ այդտեղ առողջապահական ամբուլատոր ծառայությունները հասանելի լինեն նույն տրամաբանության մեջ: Մենք չենք ասում՝ ամեն գյուղում պետք է լինի ամբուլատորիա, բայց նորմալ ճանապարհով, նորմալ տրամաբանական հեռավորության վրա հասանելիություն պետք է ունենա նաև ամբուլատոր ծառայությունը: Հիմա մենք ճանապարհը կառուցում ենք, կրթահամալիրը ստեղծում ենք, ամբուլատորիան ստեղծում ենք, բայց գյուղում մենք ունենք շատ քիչ բնակչություն: Բնակարանների գնման վկայագրերով և բնակարանների կառուցման ծրագրեր ունենք, որ առաջարկում ենք քաղաքացիներին: Հիմա այն բնակավայրերում, որտեղ մենք պետական ներդրումներ ենք անում, բայց այդ բնակավայրերում բնակչության թվի խնդիր ունենք, այն մյուս ծրագրերը պետք է վերաձևակերպենք և ահա կոնկրետ անունով բնակավայերի պարագայում բոնուս ավելացնենք: Այսինքն՝ այդտեղ բնակարան ձեռք բերելը կլինի ավելի մատչելի շահառուի համար: Սա մեզ հնարավորություն կտա կոնկրետ այդ տարածքների համար համաչափ զարգացման մեր ծրագիրը դարձնել առավել ամբողջական»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ծրագրերը կարող են նաև գրավիչ լինել Սփյուռքի մեր հայրենակիցների համար՝ հայրենադարձության ծրագրերի իմաստով: «Հիմա, երբ այս ծրագրերն արդեն ընթացք են տրվում, այս գյուղերում, այս բնակավայրերում արդեն երկրորդ, երրորդ շերտի գործողությունները պլանավորելու մասին պետք է մտածենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ բնակավայրերում պետք է լուծվեն նաև այլ հարցեր ևս, մասնավորապես՝ ինտերնետի ապահովման, մարզասրահների, լողավազանների ստեղծման:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ բնակավայրերում առկա խնդիրներին ծանոթանալուն օգնում են նաև մարզային այցերը. «Այդ առումով ես ուզում եմ կարևորել մեր այցերը տարբեր բնակավայրեր, տարբեր գյուղեր, որովհետև շատ բան կա՝ այստեղից այլ կերպ է երևում, երբ գնում ես տեղում ես տեսնում՝ բոլորովին այլ կերպ է երևում: Մենք պետք է կարողանանք այս ծրագրերը զարգացնել՝ մարդկանց, քաղաքացիների պոտենցիալ շահառուների հետ անմիջական կապի և շփման արդյունքում»:

Օրենսդրական այլ նախաձեռնություններ

Առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ ապօրինի շինությունների իրավախախտումների համար. Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենսգրքի համապատասխան հոդվածներով վարչական պատասխանատվություն է սահմանված շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաև կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում (շինարարության թույլտվության ժամկետն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում՝ երկարաձգված ժամկետում) չավարտելու համար։ Ըստ հիմնավորման, Հայաստանում այդ իրավախախտումները դեռևս խիստ մեծ թիվ են կազմում։ Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ նշված իրավախախտումները կատարելուց և վարչական տույժի ենթարկվելուց հետո համապատասխան սուբյեկտները շարունակում են վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը, մի շարք դեպքերում վարչական իրավախախտում համարվող արարքները շարունակվում են նույնիսկ երկրորդ անգամ տույժի ենթարկվելուց հետո։ Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաև կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։ Առաջարկվում է նաև փոփոխել կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափերը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածում առաջարկվում է կատարել հետևյալ, մասնավորապես, հետևյալ փոփոխությունները. սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելու կամ վերակառուցելու կամ տեղադրելու կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու համար տուգանք սահմանել 700․000-1․500․000 դրամի չափով, որը ներկայումս կազմում է 500․000-1․000․000 դրամ։ Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելու հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝ սահմանել տուգանք 2․000․000-2․500․000 դրամի չափով, որը ներկայումս կազմում է 1․500․000-2․000․000 դրամ։ Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար սահմանել տուգանք 2․500․000-3․000․000 դրամի չափով, որը ներկայումս կազմում է 2․000․000-2․500․000 դրամ։ Նախատեսվում է, որ կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը կառաջացնի տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) 3 տոկոսի չափով՝ ներկայիս 1 տոկոսի փոխարեն։

Կկանոնակարգվի կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը. Կառավարությունը հավանություն է տվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչպես նաև միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացում առաջացած խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ։ Օրենքի նախագծով վերանայվում է կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը կանոնակարգող դրույթները։ Առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը փոխադրավարձի բարձրացման վերաբերյալ։ Մասնավորապես՝ միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում սահմանել փոխադրավարձը առանց մրցույթի։ Փոխադրավարձի վերանայման իրավասությունը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Սահմանվում է, որ միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության կամ միասնական երթուղային ցանցում նոր երթուղիների ձևավորման դեպքում փոխադրավարձի սահմանման, ինչպես նաև գործող երթուղիների սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է ՀՀ կառավարությունը։ Բացի այդ, վերանայվում է բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող տրանսպորտային միջոցները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցվածության պահանջը։

Բուհի ավարտական կուրսի ուսանողին գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու հնարավորություն կընձեռվի. Հավանության է արժանացել «Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արդյունքում՝ կընդլայնվի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համալրման հնարավորությունը: Ըստ հիմնավորման՝ համակարգողի պաշտոնին հաստատությունից կարող է հավակնել միայն տնօրենը կամ փոխտնօրենը, սակայն հաշվապահը կամ մանկավարժական այլ աշխատող, ինչպես նաև ղեկավարման փորձ չունեցող անձը չի կարող դիմել: Փոխարենը նվազեցվել են աշխատանքային ստաժի ժամկետները՝ հավակնորդների շրջանակը ընդլայնելու հնարավորություն ընձեռելով: Առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է, որ ուսուցչի պաշտոնին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալով՝ կստեղծվի մասնագետների բազա, որոնք անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում նախ կհիմնավորեն որակյալ մասնագետ լինելու փաստը և հետագայում կձգտեն մտել հաստատություններ՝ հաշվի առնելով վարձատրության բարելավման հնարավորությունը: Ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողին գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու հնարավորություն ընձեռելով կկրճատվի ուսուցչի թափուր տեղերի թիվը՝ նպաստելով սովորողի սահմանադրական իրավունքի իրացմանը: Ուսուցիչների գործուղման կարգի լիազորող նորմում ավելացվել է «մարզերի» բառը՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը: Միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները կամավոր ատեստավորման անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում իրավունք կստանան շարունակելու մասնագիտական գործունեությունն ինչպես տվյալ հաստատությունում, այնպես էլ այլ հաստատություն դիմելիս:

Հայաստանում կներդրվի Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ

Կառավարությունը սահմանել է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ կկանոնակարգվի ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները: Կարգի համաձայն՝ տնտեսվարողը պարտավոր կլինի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտին կից ներկայացնել համապատասխան ֆինանսական երաշխիքներ՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ փոխանցված գումարի տեսքով, հետագայում դրանք չշահագործելու պարագայում պետության կողմից այդ հորերի լուծարման կամ կոնսերվացման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ: Ջրային ռեսուրսների ոլորտի կառավարման գործընթացներում Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ ներդնելը կնպաստի Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի վիճակի վերականգնման, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման գործընթացների պատշաճ իրականացմանը։

Միջազգային համագործակցություն. ԵԱՏՄ-ում կստեղծվի առևտրային բանկերի ռեեստր

Գործադիրը հավանություն է տվել «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսված է, որ ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքներում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները անդամ-պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ։ Միաժամանակ, համաձայնագրով նախատեսվում է նաև, որ պետք է ստեղծվի առևտրային բանկերի ռեեստր, որտեղ կներառվեն այն բանկերը, որոնք կբավարարեն համաձայնագրով սահմանված պայմաններին։ Համաձայնագրի ստորագրման նպատակը մի անդամ-պետության տարածքում գրանցված հնարավոր մատակարարների (կապալառուների, կատարողների) համար մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցությանն անարգել հասանելիություն ապահովելն է: Մասնավորապես, ՀՀ-ում գրանցված տնտեսվարող սուբյեկտները կարող են ՌԴ-ում կազմակերպվող գնման գործընթացներին ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները։

Հավանություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրությունը վերաբերում է Միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը կարգավորող նորմերին։ Գործող նորմերում կատարվող փոփոխություններն ուղղված են անուղղակի հարկերի հարկային վարչարարության շրջանակներում կողմերի հարկային մարմինների փոխգործակցության օպերատիվության բարձրացմանը, ինչն իր հերթին դրական ազդեցություն կունենա հարկային հսկողության արդյունավետության և հարկ վճարողների կողմից ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման (ակցիզների վճարումից ազատման) օրինաչափությունը հավաստող փաստերի որակի վրա։ Արձանագրությամբ կատարվող փոփոխությունները վերաբերում են կողմերի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման պարբերականության կրճատմանը (տասնօրյա կտրվածքից անցում ամենշաբաթյա կտրվածքի)՝ հարկային տեղեկատվության ստացման և մշակման օպերատիվությունը բարձրացնելու համար։

Կառավարությունը հավանություն է տվել 2014 թ. հոկտեմբերի 14-ին ստորագրված ««Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման, կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսվում է առաջիկա տարիներին ստեղծել ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատություններում օտարերկրյա ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, ավտոմատացված հաղորդման և օտարերկրյա իրավասու մարմինների հետ փոխանակման, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտների կողմից օտարերկրյա պետությունների ֆինանսական հաստատություններում ունեցած հաշիվների վերաբերյալ օտարերկրյա իրավասու մարմիններից ստացվող տեղեկությունների օգտագործման համակարգ:

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կմիացվի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին

Կառավարության որոշել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով այն ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին: 2010 թ. ստեղծված ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունիսից:
Ընկերության կողմից գեներացնող ճառագայթման աղբյուրի օգտագործման միջոցով իրականացվում է ռադիոիզոտոպների արտադրություն և դրանց կիրառմամբ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ և ռադիոնուկլիդային հետազոտությունների կատարում: Ընկերությունն իր հիմնական գործառույթներով ներկա պահին միակն է ՀՀ առողջապահական բնագավառում, իսկ արտադրության գործառույթներով՝ միակը տարածաշրջանում։ Կենտրոնն ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 900 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա հետազոտություն: Կենտրոնն իր գործունեության սկզբից ի վեր սերտ համագործակցում է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ: Վերակազմակերպումը կնպաստի ուռուցքաբանական ծառայության բարելավմանը և շարունակական զարգացմանը։

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով առողջապահական օբյեկտների կառուցման, վերակառուցման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար ֆինանսական միջոցների հատկացում ըստ շինարարական օբյեկտների: Մասնավորապես՝ Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և բժշկական կահույքով հագեցում, ինչը հնարավորություն կստեղծի ՀՀ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի թվով 16 բնակավայրերի բնակիչների համար ապահովել բարձրորակ հասանելի և մատչելի բժշկական ծառայությունների մատուցում: Արմավիր ԲԿ-ի բժշկական սարքավորումների համար ֆինանսական միջոցների հատկացումն անհրաժեշտ է որպեսզի բժշկական հաստատությունների շահագործման հանձնման ժամանակ ապահովվի ծառայությունների լիարժեք մատուցումը:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կներկրվի քաղաքային նշանակության նոր 15 տրոլեյբուս

Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու թույլտվություններ են տրամադրվել «Երևանի էլեկտրատրանսպորտ» և «ԱԷՍ թրեյդ» ընկերություններին:

«Երևանի էլեկտրատրանսպորտ»-ը մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսում է տրոլեյբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 15 տրոլեյբուսներով։ Նախատեսվում է ներկրել YUTONG BUS ZK6128BEVG մակնիշի՝ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, 25+2 փափուկ նստատեղերի առկայությամբ և ոչ պակաս քան 85 ուղևորի տեղափոխման հնարավորությամբ, ինքնավար վազքով (հպակային ցանցից դուրս` առնվազն 60կմ ընթացք, 60կմ/ժ առավելագույն արագություն), սրահի տաքացման և սառեցման համակարգով օժտված թվով 15 անռելս տրոլեյբուս, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 5 երթուղիները համալրել նոր շարժակազմով և էականորեն ավելացնել վերգետնյա էլեկտրատրանսպորտի որակյալ ծառայություններից օգտվողների քանակը։ Տրոլեյբուսային ցանցի հնարավոր զարգացումը կբեռնաթափի նաև հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ՝ իրականացնելով բնակչության ապահով ու անվտանգ տեղափոխումն էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.1 մլրդ դրամի ներդրում տրոլեյբուսների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 196 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 311.8 մլն դրամ:

«ԱԷՍ թրեյդ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ՊՎՔ պրոֆիլների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքը իրացնել ՀՀ տարածքում, իսկ մնացած մասը արտահանել Վրաստան։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ արդեն իսկ իրականացնելով 30 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ մինչև 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 15 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 922 մլն դրամ:

Կխրախուսվեն այն ընտանիքները, որոնք հավաստագրի միջոցով անշարժ գույք ձեռք կբերեն այն բնակավայրերում, որտեղ պետական միջոցներով դպրոցներ, մանկապարտեզներ են կառուցվում

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում: Ծրագրի շրջանակում հունիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3,608 շահառու, որից շուրջ 750 հավաստագրի հիման վրա հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։ Հավաստագիր ստացած և այն կիրառած շահառուների այս տարբերությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ ծրագրով սահմանված կանխավճար վճարելու անհնարինությունը, ինչպես նաև աջակցության գումարի սակավությունը։ Փոփոխությունների արդյունքում կբարելավվի ծրագրի պայմանները, ինչպես նաև Վարչապետի հանձնարարականի համաձայն՝ կսահմանվեն արտոնություններ և կխրախուսվեն այն ընտանիքները, ովքեր հավաստագրի միջոցով անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն գյուղական ոչ սահմանամերձ բնակավայրերում (թվով 48), որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում արդեն իսկ կառուցված են և/կամ ներկայումս հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թթ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում և զբաղվածության ապահովում» ծրագիրը 2023 թ-ին ևս իրականացնելու նպատակով։ Ըստ հիմնավորման՝ 2022 թ. պետբյուջեից ծրագրի իրականացման համար փաստացի ծախսվել է 59,373.33 հազ. դրամ: Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ առկա մեծ պահանջարկը՝ որոշվել է, որ 2023 թ. ծրագիրը ևս իրականացվի 500 շահառուի մասով, որի համար կպահանջվի շուրջ 199,737.5 հազ. դրամ գումար։ Մասնավորապես, նախատեսվում է մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկել 153 անձի, 67 անձի համար կազմակերպել աշխատանքային փորձի ձեռքբերում, 280 անձի աշխատանքի ընդունելու պարագայում՝ գործատուին տրամադրել միանվագ աջակցություն։

Ադրբեջանի կողմից 2022 թ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թ.-ից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված անձանց զբաղվածության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ստեղծել լրացուցիչ հնարավորություններ նշված անձանց մուտքն աշխատաշուկա դյուրացնելու համար, մասնավորապես՝ ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։

 

← Վերադառնալ