Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը նախատեսում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության հասկացություն. այն կնպաստի անօրինական փոխադրումների կանխարգելմանը

22.06.2023

ևս 8 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարը խոսել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև ներկայացրել իրադրության լուծման Հայաստանի պատկերացումը:

Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ կառավարության նիստի ժամանակ գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը։

Կառավարության ղեկավարը նշել է. «Հարգելի գործընկերներ, երեկ երեկոյան հանկարծամահ է եղել Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, ով ներդրում ունի Հայաստանի Հանրապետության պետականության կայացման գործում: Նա եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, Լոռու մարզպետ, Ազգային ժողովի պետական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ և ի վերջո, ակտիվ հասարակական, քաղաքական գործունեություն է ծավալել ամբողջ կյանքի ընթացքում, նաև Խորհրդային միության ժամանակ պատասխանատու պետական պաշտոններ է զբաղեցրել և Ազգային ժողովի ընթացիկ գումարման պատգամավոր էր»:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրը հավանություն է տվել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ուղևորափոխադրումների ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնելու և անօրինական փոխադրումները կանխարգելելու նպատակով։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական կարգավորում չունի։ Բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում։ Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով ուղևորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ։ Փաստացի օնլայն հարթակները ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններ են, ընդ որում՝ գործունեությունն իրականացնում են առանց օրենսդրական կարգավորման։ Ոլորտում գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով։ Փաստացի ստեղծվել է անհավասար մրցակցային պայմաններ տաքսի ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչը նպաստում է անօրինական փոխադրումների կազմակերպմանը: Արդյունքում տուժում են օրինական դաշտում աշխատող փոխադրողները: Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն։ Հաշվի առնելով ոլորտում անհատ վարորդների մեծ ներգրավվածությունը, որոնք որևէ հարկային պարտավորություն չունեն և անհավասար մրցակցային պայմաններում են գտնվում ոլորտում օրինական գործունեություն իրականացնողների նկատմամբ՝ անհրաժեշտ է հարկային պարտավորություններ սահմանել տնտեսական գործունեություն իրականացնողների համար, կիրառելով նոր մեխանիզմներ և ապահովել օրինական ուղևորափոխադրող կազմակերպությունների համար բարենպաստ մրցակցային միջավայրը։ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Սահմանվում են կարգավորումների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախատեսվում է նաև հանել միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների պետական տուրք տալու պահանջը. «Կանոնավոր ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանցի գործընթացն ավելի արագացնելու ու զարգացնելու, ոլորտը ներդրումային առումով ավելի գրավիչ դարձնելու համար միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների համար առաջարկում ենք հարկային բեռը թեթևացնել և հանել միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների պետական տուրք տալու պահանջը»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերով նախատեսվող բարեփոխումների իրականացումը և այդ համատեքստում անդրադարձել արդեն իսկ կայացած որոշումներին. «Առաջինը՝ մենք դե յուրե որոշում կայացրեցինք օդանավակայանի տաքսի ծառայությունների վերաբերյալ, հիմա մենք այնտեղ պետք է ունենանք որոշակի ստանդարտի համապատասխանող տաքսի ծառայություններ: Հաջորդը՝ մենք Երևանի քաղաքապետարանի միջոցով ավտոբուսային երթուղի հիմնադրեցինք օդանավակայանից դեպի Երևան, և երկուսն էլ շատ կարևոր հարցեր են, այդ թվում՝ մեր երկրի իմիջի տեսակետից:

Օդանավակայանում համարյա քաշքշոցիի հասնող տաքսիստների որսը ուղևորների համար անընդունելի է, և այստեղ ես ակնկալում եմ, որ սկզբունքային աշխատանք կիրականացվի: Մենք պետք է այդ սկզբունքը պահենք՝ չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք ուղևորափոխադրում իրականացնել օդանավակայանից»:

Վարչապետը նշել է նաև, որ տաքսիների հետ կապված էլ կանխիկի շրջանառությունը պետք է կրճատել և միջնաժամկետում վերացնել: «Հիմա աշխարհում դա ընդունված է, որ տաքսիներում նաև պոս-տերմինալներ են տեղադրվում: Իհարկե, հիմա էլ անկանխիկ սմարթֆոնների հավելվածներով վճարելու հնարավորությունը կա, բայց սա էլ պետք է մեր հեռանկարում լինի: Այդ հարցում պետք է նաև շահառուներին օգնությանը դիմենք: Օրինակ՝ շահառուներին պետք է տանք իրավունքներ, որ եթե նրանք քարտով են երթևեկում, կանխիկ դրամ չունեն և եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարելու հնարավորություն, մենք պետք է իրենց որոշակի հնարավորություններ տանք: Դա, մեծ հաշվով, շահառուի պարտավորությունը պետք է չլինի, որ ինքը կանխիկ կամ էլեկտրոնային դրամ ունենա, այլ ծառայությունը մատուցողի պարտավորությունը պետք է լինի: Եթե չկա այդ ծառայությունը, ուրեմն շահառուին պետք է տանք իրավունք դե յուրե չվճարելու»,-ասաց նա:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկել բոլոր տարբերակները և անել հնարավորը, որպեսզի համակարգը սեպտեմբերի 1-ից լիարժեք գործի:

Հայաստանում աշխատավարձերը շարունակական բարձրանում են

Հայաստանում աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ է արձանագրել։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել վիճակագրական վերջին տվյալները։

«Կարևոր եմ համարում կառավարության նիստում հրապարակել Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի նոր ցուցանիշը: Մենք, բարեբախտաբար, հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ: 2018 թվականի մայիսի տվյալներով, կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 170 277 աշխատատեղ: Ընդ որում, նախորդ տարվա մայիսի համեմատ նույնպես աճ ունենք, ապրիլի համեմատ նույնպես աճ ունենք:

Շատ կարևոր է արձանագրել, որ նաև աշխատավարձի ֆոնդի էական, շոշափելի աճ ունենք: 2018 թվականի մայիսի համեմատ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի ֆոնդը, ըստ էության, կրկնապատկվել է, ավելացել է 106.6 տոկոսով, կամ 103 մլրդ 40 մլն դրամով: Այսինքն՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում աշխատող մարդիկ 103 մլրդ 40 մլն դրամով ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան 2018 թվականի մայիսին:

Շատ կարևոր է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը: Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը, այսինքն՝ մեկ մարդուն ընկնող աշխատավարձն ավելացրել է 2018 թվականի մայիսի համեմատ 101 629 դրամով, կամ 57.6 տոկոսով: Իսկ շատ կարևոր է նաև, որ աշխատավարձն աճել է 2023 թվականի մայիսի, նաև 2023 թվականի ապրիլի համեմատ, մոտավորապես՝ 4215 դրամով, կամ 1.5 տոկոսով: Իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ 40 323 դրամով, կամ 17 տոկոսով:

Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք և՛ քանակական, և՛ որակական որոշակի տվյալներ են տալիս, նաև աշխատավարձն է շարունակաբար բարձրանում Հայաստանի Հանրապետությունում: Ընդ որում, չափազանց կարևոր է գնաճի նկատմամբ առաջանցիկ տեմպերով: Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի տվյալներով՝ գնաճի էֆեկտը հանած՝ 6.3 տոկոսով աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է, ինչը կարծում եմ, շատ կարևոր և էական ցուցանիշ է:

Դրա համար, հարգելի գործընկերներ, մենք պետք է հետևողական շարունակենք բարեփոխումների մեր օրակարգը: Որևէ կասկած չպետք է լինի, որ սրանք մեծ մասամբ բարեփոխումների արդյունք են: Եվ ինչքան բարեփոխումները արդյունք են տալիս, այնքան ավելի պետք է մեծացնել դրանց տեմպը բոլոր ոլորտներում»:

Կարևոր փոփոխություն՝ Վերին Լարսի անցակետում 11-ի փոխարեն այսօր 39 անցուղի է

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է նաև Վերին Լարսի անցակետին, ուղևորափոխադրումների հետ էլ կապված նորություններին: «Հաճույքով արձանագրում ենք, որ մեր երկարատև խոսակցությունը ՌԴ-ի մեր գործընկերների հետ բերել է կոնկրետ արդյունքի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվել, թե որքան է ավելացել Վերին Լարսի անցակետի թողունակությունը և արդյոք կարող ենք ասել, որ հերթերի հարցը դրանով լուծվում է:

«2021թ.-ի վերջից, 2022 թ.-ի ընթացքում ու այս տարվա արդյունքներով անցակետում 11 անցուղիների թիվը դարձել է 39-ը: Դա շատ մեծ ու շատ կարևոր փոփոխություն է: Մենք 2020-2021 թթ.-ին ռեկորդը եղել է օրական 300 բեռնատար, այսօր մոտ 1500 է: Ընդ որում, երեկվա դրությամբ 409 մեքենայի համար ազատ անցուղի կար: 24-ը մարդատար մեքենաների համար է, որ քաղաքացիները կոմֆորտ ունենան: Ռուսական կողմում կա մեկ անցուղի ոչ մեծ մեքենաների համար, ինչը ևս կարևոր է, և ևս երկու անցուղի կա ավտոբուսների համար: Սա մի լուծում է, որը հայկական բեռների համար որևէ խոչընդոտ չպետք է առաջացնի: 11-ից 39 անցուղի դառնալը հնարավոր չէ, որ բացարձակ դրական արդյունքներ չառաջացնի: Ընդ որում` կարևոր է նաև, որ Վրաստանում էլ մինչեւ 2024 թ. վերջը 9-ից դառնալու է 15 անցուղի»,-պատասխանել է Մհեր Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հարցը մշտապես եղել է Ռուսաստանի նախագահի և ՌԴ վարչապետի հետ քննարկումների իր օրակարգում. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախագահ Պուտինին, և՛ վարչապետ Միշուստինին այս հարցում հետևողական աշխատանքի համար: Դա նաև Վրաստանի վարչապետի հետ մեր աշխատանքային օրակարգում է եղել, և վարչապետ Ղարիբաշվիլիին եմ ուզում շնորհակալություն հայտնել: Գիտեմ, որ շատ մեծ տեմպով աշխատանքներ են գնում: Այնտեղ նաև թունելի շինարարություն է: Իհարկե, սա գլոբալ լոգիստիկ վերադասավորումների հետ կապ ունի նաև»,-ընդգծել է վարչապետը:

Կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 31-ը

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը շարունակական դարձնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում։ Միջոցառման իրականացման նախորդ ժամանակահատվածի արդյունքներից ելնելով նպատակահարմար է գտնվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը: Ըստ հիմնավորման, ծրագրի մեկնարկի՝ 2022 թ. հուլիսի համեմատ 2023 թ. ապրիլին գործարքների թիվն ավելացել է 4.8 անգամ, ծավալները՝ 7.8 անգամ: Միջոցառման շահառուների թիվը 2022 թ. միջին ամսականը կազմել է 44031, իսկ 2023 թ. ապրիլին՝ 107926: 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսականը 2022 թ. կազմել է 2915 դրամ, իսկ 2023 թ. ապրիլին՝ 3281 դրամ: 2023 թ. հունվար-ապրիլ ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 1.2 մլրդ դրամ։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը՝ նշելով, որ այն հայեցակարգային առումով ռազմավարական նշանակություն ունի: «Բազմիցս եմ խոսել այն մասին, որ, երբ մի որոշում կայացնում ենք, պետք է որպես որոշման նպատակային թիրախ դիտարկենք ոչ միայն այն վերնագրի բովանդակությունը, որով ընդունում ենք, այլև պետք է աշխատենք այնպես անել, որ մեր որոշումները նաև հարակից դրական արդյունքներ ունենան: Սա այդ որոշումներից մեկն է: Առաջինը՝ սոցիալական շատ կոնկրետ ազդեցություն է ունենում: Մենք ասում ենք, որ նախորդ տարի կենսաթոշակները հանրապետությունում բարձրացրել ենք 2 անգամ, բայց ես համարում եմ, որ բարձրացրել ենք 3 անգամ՝ գումարած նաև այս արդյունքը»,- ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ կենսաթոշակները ևս մեկ անգամ պետք է բարձրացվեն հուլիսի 1-ից:

Որոշման ընդունումը կառավարության ղեկավարը կարևորել է նաև կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականության համատեքստում. «Ես ուզում եմ, որ այդ քաղաքականության դերը մեր տնտեսական դինամիկայի հարցում ընդհանարապես չթերագնահատենք: Իհարկե, մեր հարգելի թոշակառուներն այս հարցում հույս ունեմ, որ կշարունակեն մեզ օգնել: Չնայած, պետք է նաև ընդգծել, որ 595 հազար թոշակառուներից և նպաստառուներից առայժմ այս միջոցառումից օգտվում է 114 հազարը: Այսինքն՝ այստեղ էլ շատ մեծ ներուժ կա, որը պետք է օգտագործենք, իսկ դրա համար չափազանց կարևոր է, որ Կենտրոնական բանկի և ՊԵԿ-ի մեր գործընկերները շարունակեն հետևողական աշխատանքն անկանխիկ վճարումների համակարգն ընդլայնելու ուղղությամբ: Ճիշտ է՝ այս ընթացքում, նախորդ տարվա հուլիսից այս կողմ հանրապետությունում պոստերմինալներով հաշվիչ մեքենաների թիվը կրկնապատկվել է, բայց դա դեռևս մենք լիարժեք արդյունք համարել չենք կարող»:

Վարչապետը տեղեկացրել է, որ մտադրված են միջոցառումը ոչ թե մինչև տարվա վերջ շարունակել, այլ՝ ընդմիշտ իրականացնել. «Այսինքն՝ այլ բան, թե ֆինանսավորման ինչպիսի բանաձևերով, բայց այս մեխանիզմը անընդհատ պետք է իրականացնենք: Ընդ որում, հնարավոր է նաև բարդ որոշումների գնանք: Ասենք՝ հետագայում մենք կենսաթոշակների ավելացումը գուցե ինչ-որ բանաձևերով իրականացնենք միայն անկանխիկ տրամաբանությամբ, կամ ավելացումների հատվածն իրականացնենք անկանխիկ տրամաբանությամբ՝ ավելի խորացնելով կանխիկի շրջանառության կրճատման մեր քաղաքականությունը»:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր բանկերին, ովքեր այս ընթացքում գործընկերային դիրքորոշում են արտահայտել և մասնակցել ծրագրին: Այս պահին ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա։

«Անկեղծ ասած լավ չեմ հասկանում այն մյուս բանկերին, ովքեր այս սոցիալական պատասխանատվության թեմայից խուսափում են: Ընդ որում, այստեղ էլ բացարձակապես անհասկանալի է դա ինձ համար՝ ինչքան էլ ամենատարբեր բացատրություններ լինեն: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ մենք մեր քաղաքականությունները մշակելիս նաև ընկերությունների մասնակցությունը կառավարության սոցիալական ծրագրերին պետք է անպայման հաշվի առնենք»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է կենսաթոշակառուներին օգնել կառավարությանն այդ հարցում, քանի որ կանխիկի շրջանառության կրճատման հաջորդ հարակից արդյունքներից են ստվերի կրճատումը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը և այլն:

Անդրադառնալով կենսաթոշակները 3 հազար դրամներով բարձրացնելու հարցին՝ վարչապետը նշել է. «Ուրիշ բան է 595 հազար մարդու համար նախատեսված գումարը բարձրացնել, ուրիշ բան՝ 1000 մարդու համար: Ընդ որում, թոշակը բարձրացնելուց կառավարությունը պետք է հաշվարկի այնպես, որ ինքն այլևս հավերժ, առնվազն այդքան թոշակ պետք է տա: Այսինքն՝ դա ծախս է, որից այլևս երբեք կառավարությունը, ըստ էության, չի կարող հրաժարվել»:

Վարչապետը հանձնարարել է 3 ամսում գտնել լուծումներ բոլոր պետական հիմնարկներում կանխիկ վճարումները բացառելու ուղղությամբ

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով անկանխիկ վճարումների համակարգի ընդլայնման կարևորությանը, հանձնարարական է տվել 3 ամսում գտնել լուծումներ՝ բոլոր պետական հիմնարկներում կանխիկ վճարումները բացառելու ուղղությամբ:

«Ահազանգեր եմ ստանում, որ Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումներ են իրականացվում։ Փոխվարչապետներին կխնդրեմ, նաև մեր բոլոր նախարարներին և գործընկերներին բացառել որևէ կանխիկ վճարումների ընդունումը։

Մի ժամանակ տերմինալով վճարումը անկանխիկ էինք համարում, բայց դա ևս կանխիկ վճարում է։ Կանխիկ վճարումն այն է, որ մարդն այդ ընթացքում թղթադրամի հետ առնչվում է, եթե առնչվում է՝ նշանակում է կանխիկ վճարում է իրականացնում։

Հետևաբար, ժամանակ եմ տալիս՝ երեք ամսվա ընթացքում այս խնդիրները լուծել։ Բոլոր վճարումները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ Եթե որևէ պետական գերատեսչությունից լսեցի, որ այնտեղ քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս առնչվում է թղթադրամին ֆիզիկապես, դա նշանակում է, որ իմ հանձնարարականը կատարված չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Կկարգավորվեն խաղային հաշիվներին գումարների մուտքագրման հետ կապված հարաբերությունները

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Օրինագծերով առաջարկվում է կարգավորել խաղային հաշիվներին գումարների մուտքագրման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, սահմանել, որ ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով, արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով:

«Օրինագծերով նախատեսվում է սահմանել, մասնավորապես, առաջին՝ ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային, այդ թվում՝ քարտային հաշիվների միջոցով: Եվ երկրորդ՝ արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով», -նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունումը նախ և առաջ միտված է նրան, որ յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից և իրեն պատկանող հաշվի միջոցներից՝ սրանով էլ ավելի վերահսկելի դարձնելով իր վարքագիծը. «Մյուս կողմից խաղացողները, ովքեր չունեն սեփական բանկային հաշիվներ կամ իրենց պատկանող հաշիվների վրա կիրառված են արգելանքներ կամ հանդիպում են խոչընդոտների բանկային ծառայություններ իրականացման իմաստով, հնարավորություն չեն ունենա մասնակցել շահումով խաղերին, կատարել խաղադրույքներ կամ համալրել հատուկ խաղային հաշիվները»:

Թեմայի առնչությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա նույնպես կարևորագույն սկզբունքային բարեփոխումներից է, և այն իր համար ունի շատ երկար պատմություն, որը սկսվում է դեռևս 2015-16 թթ.-ից Կապանում բնակիչների հետ ունեցած հանդիպումներից: Կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջին փուլով մեծ դժվարությամբ լուծել են բոլոր գազալցակայաններում խաղային ավտոմատների գործունեության հարցը և արգելել այն: «Ընդ որում՝ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա: Այստեղ պատճառահետևանքային ուղիղ կապեր չունենք նաև կամ գուցե ունենք, դա վերլուծելու հարց է, բոլորս երթևեկում ենք մայրուղիներով, խնդրում եմ ուշադրություն դարձրեք գազալցակայանների հենց թեկուզ արտաքին տեսքին, թե վերջին հինգ տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, միայն ֆիզիկական տեսքին և մատուցվող ծառայություններին: Երբ այդ խողովակը փակեցինք, մարդիկ ստիպված էին մտածել ավելի քաղաքակիրթ բիզնեսի մասին: Այնտեղ հայտնվեցին ամենատարբեր ծառայություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հաջորդ փուլով, ըստ էության, փակվել կամ էականորեն սահմանափակվել են բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. «Ընդ որում՝ ուզում եմ հիշեցնել, որ երկու որոշումների կայացումն էլ ուղեկցվել է բողոքի ակցիաներով, որ տնտեսական հարված ենք հասցնում, աշխատատեղեր ենք կրճատում»:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ որոշակի կարգավորումներ, փոփոխություններ են արվել նաև շահումով խաղերով զբաղվող և խաղատների գործունեության հարկման տրամաբանության մեջ և հարկային որոշակի լրացուցիչ պարտավորություններ են դրվել, այդ թվում՝ պետական տուրք շրջանառությունների հետ կապված. «Սա, կարծես թե, այս բարեփոխման գործընթացի վերջին հանգրվանն է զուտ խաղադրույքներ իրականացնելու մասով, բայց մենք, իհարկե, խաղատնային գործունեության հետ կապված աշխատում ենք և լրացուցիչ հարկային կարգավորումներ նույնպես կիրականացնենք»:

Հաստատվել են մանկատների շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը և լրացումներ և փոփոխություններ կատարել մի շարք որոշումներում: Որոշման նպատակն է աջակցել մանկատան շրջանավարտներին ինքնուրույն կյանքի անցման փուլում։ Ըստ հիմնավորման՝ մանկատան շրջանավարտը ներկայումս չունի սեղմ ժամկետում սոցիալական երաշխիքներ ստանալու հնարավորություն։ Հաստատությունից դուրս գրվելուց հետո շրջանավարտի առաջնային կարիքներից է կացարանի և կեցության խնդիրները։ Վերջին տարիների մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովման (բնակարանի գնման վկայագիր, բնակարանի նվիրաբերության) գործող պետական ծրագրեր այժմ առկա չեն, իսկ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում անհատույց օգտագործման իրավունքով տրվող առկա կացարանների թիվը պակաս է, քան շահառուների թիվը, որի արդյունքում ձևավորվել է շահառուների հերթացուցակ։ Ուստի, մինչև պետական նոր ծրագրերի գործարկումը կամ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների թվի ավելացումն, առաջարկվում է մանկատան շրջանավարտներին տրամադրել բնակարանի վարձավճարի հատուցում։

Կառավարությունը նաև փոփոխություններ է կատարել ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման վերաբերյալ որոշման մեջ՝ գործընթացում դեռևս առկա որոշ խնդիրներ լուծելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել որոշման մեջ, որով կկարգավորվի բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտների և սաների բնակարան ձեռք բերելու ժամկետի հարցը՝ շուրջ 30 շահառու: Միջոցառման շրջանակում 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետբյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 286-ը։

Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման համար

Կառավարության որոշմամբ կապահովվի ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելու գործընթացը: Ըստ այդմ՝ առաջարկվում է գումար հատկացնել զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը 2023 թ. իրականացնելու համար:

Գործադիրը փոփոխություններ է կատարել նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության միջոցառումը և աջակցության տրամադրման կարգում: Ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում զինծառայողներին տրամադրվում է 500 000 դրամ միանվագ օգնությունը: Որոշմամբ առաջարկվող փոփոխություններով սոցիալական աջակցություն կստանան ոչ միայն ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները, այլ նաև դրանից հետո վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ այդմ՝ 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսը ներառյալ: Շահառուներին տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով:

Կպարզեցվի «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի հիման վրա վճարված դրոշմանիշային վճարի գումարներ վերադարձնելու գործընթացը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի հիման վրա վճարված դրոշմանիշային վճարի գումարներն օրենքով սահմանված անձանց վերադարձնելու գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն ապահովելու համար: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ժամկետային պարտադիր ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն յուրաքանչյուրն իր մասով հատուցման հիմնադրամին ներկայացնելու դիմում՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց վճարած դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Փոփոխություններով առաջարկվում է, մասնավորապես՝ հստակեցնել, որ դիմումի հիման վրա վերադարձվում են ոչ թե նախորդ տարվա ընթացքում վճարված, այլ նախորդ տարվա եկամուտներից վճարված դրոշմանիշային վճարի գումարները: Առաջարկվում է նաև հանել տարեկան մեկ անգամ դիմելու պահանջը, ինչպես նաև պարզեցնել հարկային մարմնից տեղեկանք ստանալու ընթացակարգը` վերացնելով հարկային մարմնին գործատուի տված համապատասխան տեղեկանք ներկայացնելու պահանջը: Կհստակեցվի նաև, որ դրոշմանիշային վճարի գումարները վերադարձվում են, եթե այդ գումարները փաստացի փոխանցվել են հատուցման հիմնադրամին: Միաժամանակ, առաջարկվում է` սկսած 2023 թվականի օգոստոսի 1-ից վերացնել դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու համար անհրաժեշտ` հարկային մարմնից վճարած դրոշմանիշային վճարի գումարների մասին տեղեկանք վերցնելու և Հատուցման հիմնադրամին ներկայացնելու պահանջը, իսկ վճարած դրոշմանիշային վճարի գումարների մասին տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալ ինքնաշխատ եղանակով` համապատասխան էլեկտրոնային հարցում կատարելու միջոցով: Արդյունքում՝ կպարզեցվի վճարված դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու գործընթացը, կբարելավվի գործընթացի արդյունավետությունը:

Վարժական հավաքներ՝ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ

Կառավարության որոշմամբ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Մասնավորապես՝ վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 2352 քաղաքացու, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետանային մասնագիտություններով:

Օրենսդրական այլ նախաձեռնություններ. կհստակեցվեն նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացները

Գործադիրը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնությունը դիմումի հիման վրա վճարել կանխիկ կամ անկանխիկ եղանակով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց։ Մասնավորապես՝ հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմանները օտարերկրյա քաղաքացի ծնողի համար և այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը: Օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակել, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինը։ Այս դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները սահմանելու է ՀՀ կառավարությունը:

Հավանություն է տրվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ։ Օրինագծի ընդունման արդյունքում՝ արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար ՀՀ կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Արդյունքում՝ արտաքին առևտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ:

Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի

Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում, որի նպատակն է նպաստել պարենային անվտանգության ապահովմանը, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանությանը: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա 2022 թվականին՝ 4700 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա, 2023 թվականին՝ 300 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։ Համաձայն նշվածի՝ ՀՀ-ում դեռևս առկա չէ այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։

Արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների արտահանումը

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ որոշմամբ նախատեսված ապրանքների արտահանման համար առաջարկվում է սահմանել վեցամսյա արգելք՝ 2023թ. հուլիսի 28-ից մինչև 2024թ. հունվարի 28-ը։ Այն պայմանավորված է սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության 2022թ.ին ընդունած որոշմամբ ժամանակավորապես՝ 6 ամիս ժամկետով, արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների (որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործելու պիտանելիությունը) արտահանումը։ Ըստ կանխատեսումների, երկրորդային հումքի վերամշակման հիման վրա արտադրություններ ստեղծելու և գործող արտադրություններն ընդլայնելու համար ընդհանուր ներդրումները կկազմեն մինչև 150 մլն դոլար, որի արդյունքում կստեղծվի 750-1000 նոր աշխատատեղ, տեղի կունենա սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների աճ՝ 70-75%-ով, հետագայում հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը շուրջ 350 հազար տոննայի։

«Տիրինկատարի» վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու համար հայտ կպատրաստվի

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշման մեջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում «Տիրինկատարի» վիշապաքարերի ընդգրկման հայտի պատրաստման նպատակով: Արդյունքում կապահովվի «Տիրինկատար» տարածքի վիշապաքարերի խմբի ընդգրկման հայտի բովանդակային մասի պատրաստումը, տարածքի վերաբերյալ կպատրաստվի նաև եռաչափ մոդելավորմամբ հոլովակ։ Ըստ հիմնավորման՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ՀՀ-ից գրանցված է 3 հուշարձանախումբ՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդավանքը և Ազատ գետի վերին հովիտը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի տաճարը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000թթ, որից հետո ՀՀ-ի կողմից որևէ նոր հուշարձան չի գրանցվել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 4 հուշարձանախումբ՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1995 թ։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացակարգերի՝ մինչև Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկվելը՝ անհրաժեշտ է, որ օբյեկտը ընդգրկված լինի նախնական ցանկում։ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկա Միջնաժամկետ ծախսային ծրագրում, սկսած 2024 թվականից, նախատեսել է առանձին միջոցառում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկերում ավելացվող հուշարձանների հայտերի պատրաստման համար, որի նպատակն է լրացնել ավելի քան 20 տարվա բացը՝ նախատեսելով միջոցներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման համար։ Միջոցները ծախսվելու են հայտերի պատրաստման, հուշարձանների կառավարման պլանների մշակման, թարգմանությունների, գիտական հիմքով բովանդակային հայտի լրացման, փորձագիտական խորհրդատվության և այլ ուղղություններով։

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այն կնպաստի երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցությունը զարգացնելուն, երկուստեք փոխշահավետ կապերի ընդլայնմանը: Համաձայնագրի ստորագրման արդյունքում երկու պետությունների համալսարանների և գիտահետազոտական կազմակերպությունների միջև կհաստատվեն անմիջական կապեր: ի հաստատմանն ու զարգացմանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է տարեկան մինչև 4 կրթաթոշակի տրամադրում մշակույթի, արվեստի, տեղեկատվական տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառելու համար: Մշակույթի բնագավառում հնարավորություն կընձեռվի իրականացնել ցուցահանդեսների փոխանակում, ստեղծագործական խմբերի եւ անհատ ստեղծագործողների կողմից աշխատանքների ներկայացում: Այն կխթանի նաև մշակութային նորարարության, նոր գաղափարների և նախաձեռնությունների համագործակցության ընդլայնմանը:

Այլ որոշումներ. 2.9 մլրդ դրամ միջպետական վարկ կտրամադրվի Լեռնային Ղարաբաղին

Գործադիրն ընդունել է որոշում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին՝ 2.9 մլրդ դրամի չափով:

Կառավարության որոշմամբ 64 մլն 800 հազար դրամ է նախատեսել «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Փոքր և միջին ջրամբարների կառուցում» միջոցառման շրջանակներում Շիրակի մարզի Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 129.6 մլն դրամ: Այն վճարվելու է փուլային տարբերակով՝ 1-ին կիսամյակում և ինն ամսում հատկացվելու է 20 տոկոս կանխավճար՝ 25 մլն 920 հազար դրամ, իսկ տարեկան՝ 50 տոկոս կամ 64 մլն 800 հազար դրամ։
 

← Վերադառնալ