Մամլո հաղորդագրություններ

Մեր խնդիրն այն է, որ լիարժեք քայլես, սովորես ու աշխատես. Վարչապետը հյուրընկալել է 44-օրյա պետարազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին

19.07.2023


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Արամի ծնողներին վարչապետը հանդիպել էր հուլիսի 17-ին՝ Արտաշատում, ովքեր բարձրացրել էին Արամ Արզումանյանի հաշմանդամության կարգը 1-ից 2-րդ տեղափոխելու հետ կապված հարց:

Նիկոլ Փաշինյանը լսել է Արամ Արզումանյանին, պատասխանել նրա հարցերին, իսկ նախարարը ներկայացրել է կարգի փոփոխության վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ, տեղեկացրել, որ Արամին տրամադրվել են ժամանակակից բարձրորակ պրոթեզներ, ինչը նպաստել է նաև նրա քայլելու հնարավորությանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հաշմանդամության կարգի տրամադրման քաղաքականությունը Կառավարությունը բերում է միջազգային ստանդարտի: «Կարգը նպատակ չէ, այն միջոց է՝ խնդիր լուծելու համար: Քաղաքականության իմաստը հետևյալն է. այդ մեթոդաբանությունն ասում է՝ մի գնահատի՝ մարդը ոտքեր ունի, թե՞ ոչ, այլ գնահատի՝ կարողանո՞ւմ է քայլել, որևէ ձևով նրա քայլելու ընդունակությունը վերականգնվե՞լ է, թե՞ ոչ: Եվ մենք համարում ենք, որ այդ քաղաքականությունը ճիշտ է: Մեր քաղաքականությունն անձի ֆունկցիաները վերականգնելն է: Բոլորս անընդհատ կենտրոնանում ենք կարգի վրա, սակայն կարգը նպատակ չէ: Պետք է գնահատել, թե ֆունկցիոնալությունն ինչքանով է վերականգնված: Պետք է կարգի տրամադրման մեթոդը փորձենք հասկանալ՝ ինչքանո՞վ է արդյունավետ և ի՞նչ պետք է անել, որ արդյունավետությունը բարձր լինի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը պետք է առավելագույնն անի՝ անձի ֆունկցիոնալությունը վերականգնելու համար: «Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր եղբայրներին և զավակներին պիտի ապահովենք լավագույն միջազգային ստանդարտներին համապատասխանող պրոթեզներով:

Մենք ուզում ենք, որ ոչ թե դուք և մեր մյուս զավակներն ու եղբայրները հաշմանդամության կարգ ունենան, այլ որ լիարժեք վերականգնվեք, կարողանաք կրթություն, աշխատանք ստանալ, այսինքն՝ լիարժեք գործունեություն ծավալել և ձեր գործունակությունը վերականգնվի: Այն դեպքերում, երբ սա չի հաջողվի, փորձաքննությամբ հաշմանդամության կարգը կսահմանվի, որը մեզ ազդակ կտա, որ ֆունկցիոնալության խնդիր կա»,- ասել է վարչապետը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ է ստացել ավելի քան 1400 զինծառայող:

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ հաջորդ տարվանից հանրապետությունում ներդրվելու է Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը: «44-օրյա պատերազմի հաշմանդամություն ունեցած անձանց հենց առաջին փուլում պետք է ընդգրկել այս համակարգում: Մեր խնդիրն այն չէ, որ ասես՝ այս ի՞նչ լավն է Կառավարությունը՝ ինձ առաջին կարգի հաշմանդամության կարգ տվեց: Մեր խնդիրն այն է, որ դու լիարժեք քայլես, վազես, սովորես, աշխատես, ապրես: Խնդրում եմ՝ մեզ նաև մի մղեք այն ուղղությամբ, որ հաշմանդամության կարգ տրամադրենք ու ասենք՝ այս ի՞նչ հարց լուծեցինք: Մեզ պետք է, որ դուք չունենաք հաշմանադամության կարգ: Մեզ պետք է այնպիսի ժամանակակից ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել, որը և հարմարավետ կլինի, և ֆունկցիոնալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Կառավարությունը շարժվելու է հաշմանդամության կարգ տամադրելու նոր մեթոդաբանության ստանդարտով:

Հանդիպման ընթացքում Արամ Արզումանյանը բարձրացրել է առողջության հետ կապված այլ խնդիրներ: Վարչապետը նախարար Մկրտչյանին հանձնարարել է և՛ Արամի, և՛ հաշմանադամություն ունեցող մյուս տղաների առողջության հետ կապված լրացուցիչ խնդիրների լուծման համար, ըստ անհրաժեշտության, ներկայացնել Կառավարության որոշման նոր նախագիծ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսների ընթացքում կազմակերպել նոր հանդիպում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող այլ տղաների մասնակցությամբ, քննարկել խնդիրներն ու դրանց լուծման հետագա քայլերը:

← Վերադառնալ